ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԼՈՌՎԱ ՁՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՐՎԱՃԱՌ

ԼՈՌՎԱ ՁՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՐՎԱՃԱՌ
02.11.2010 | 00:00

Արցախում կազմակերպված նկարչական փառատոնի մասնակիցները վերջին շրջանում ստեղծագործական շատ երկար ճանապարհ են անցել։
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը նկարչական փառատոն է անցկացնում Լոռիում։ Այդ օրերին մտահղացվեց ընդլայնել փառատոնի շրջանակները` ընդգրկելով Հայաստանի տարբեր մարզերը, ինչպես նաև Ջավախքն ու Արցախը։ Մտահղացումը իրականություն դարձավ օրեր առաջ, երբ տասը նկարիչներից կազմված խումբն սկսեց ստեղծագործական որոնումները Արցախի Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում։ Մենք առիթ ունեցանք մեկ-երկու օր հետևելու փառատոնի ընթացքին և տպավորություններ կիսելու մասնակիցների հետ։ «Մեզ համար Արցախում գտնվելու օրերը ստեղծագործական վերելքի շրջան են,- ասաց Գագիկ Ավետիսյանը։- Առաջին անգամ չեմ Արցախում, բայց այս անգամ նորովի հաղորդակցվեցի և իմ զգացածը կտավին փոխանցեցի։ Մտերմությունը, ջերմությունը հայրենի հողի և հիշատակների հետ նորովի է իմաստավորվել»։
Նկարիչները Սարսանգի ջրամբարի ափերին և հարող տարածքներում են։ Ամեն մեկը գտել է իր ստեղծագործության հենման կետն ու ծնունդ է տալիս մի նոր կտավի։ «Այստեղ բնական գույներն ու երանգներն այնքան շատ են, որ փնտրելու կարիք ամենևին էլ չկա,- մեր զրույցը շարունակում է Վարդան Ավետյանը,- այն անընդհատ գալիս է ու գալիս, կարող ես արագ և ճիշտ ընտրություն կատարել, և քո կտավը կծնվի նոր գույներով ու նրբերանգներով»։
Բնական է, որ փառատոնի օրերին նկարչական հրապարակներն անընդհատ փոխվում են` բնաշխարհին փոխարինում են պատմաճարտարապետական հուշարձանները, բնակավայրերերին` մարդկանց կերպարները։ Շատերն առաջին անգամ են Դադիվանքում։ Րոպե անգամ չեն ուզում հապաղել. Դադիվանքը ո՛չ ավելի, ո՛չ պակաս` կերպար է, այն պետք է կարողանալ ամբողջական ներկայացնել։ «Դարեր շարունակ օտար տիրապետության տակ են գտնվել մեր պատմական հուշարձանները, բայց պահպանել են իրենց ինքնությունը,- մեր զրույցին խառնվում է Սրապիոն Դանիելյանը։- Հենց այդ ինքնությունը պետք է ներկայացնել վրձնահարվածների տեսքով` որպես հույսի և հավատի տաճար` երբեք ծնկի չեկած, մեջքը չծռած»։
Նկարիչները ձգտում են անպայման տեսնել և կտավին հանձնել շրջապատող բնաշխարհը` իր վեհությամբ ու հզոր լիցքերով։ Այստեղ բնությունը, կարծես, ձուլվում է մեր ազգային ինքնությանը։ «Այն տպավորությունն ունեմ, որ այստեղի բնությունը խոսուն է, վկայում ու պատմում է մեր լինելության, ինչո՞ւ չէ` նաև մեր հավերժության մասին,- ընդգծում է Սուրեն Խորենյանը։- Իմ բնապատկերները հենց այդպիսի փիլիսոփայություն ունեն»։
Ստեղծագործական արահետները փառատոնի մասնակիցներին տանում են Քարվաճառի հեռավոր վայրերից մեկը` կաթողիկոսանիստ Ծար գյուղը, ուր միակ եկեղեցին, այլադավաններին որպես կացարան ծառայելով, պահպանել է քրիստոնեական տաճարի իր վեհությունն ու հմայքը։ «Այստեղ մեզ համար ամեն ինչ հետաքրքիր և նոր է, նաև հուզումնալից,- ընդգծում է Կարեն Դարբինյանը։- Ամեն մեկս փորձում է նկարչական ինքնատիպ պատկերներ տանել այստեղից, իսկ այդ պատառիկն իր մեջ և՛ պատմություն է կրում, և՛ մերօրյա հպարտություն, և՛ ապագայի հավատ»։
Այստեղ եկած նկարիչները բնակիչների համընդհանուր ուշադրության կենտրոնում են։ Գալիս են, հարցուփորձ անում, ուշադիր հետևում նկարի ծնունդին։ «Այսօր մեր այս հեռավոր գյուղում տոն է, և մենք մոռացված չենք,- ասում է գյուղացիներից մեկը։- Նաև այս կերպ ենք համոզվում, որ պետք է պինդ ու ամուր կառչել մայր հողից, այստեղ վերականգնել հայոց ոգին»։ Երբեմնի կաթողիկոսանիստ գյուղը պիտի ծաղկի և շենանա։ Այստեղ ավելի ակտիվ են գյուղի երեխաները, չնայած նրանց թիվն այժմ այնքան էլ շատ չէ` երկու տասնյակից մի փոքր ավելի։
Նկարիչներին թողնելով Ծար գյուղում` լեռնային ճանապարհով իջնում ենք դեպի Թարթառի հովիտը։ Այստեղ էլ ստեղծագործական որոնումներ են, պրպտումներ, ամբողջացող նկարներ։ «Առաջին անգամ եմ այս կողմերում։ Բնությունն ինձ ցնցել է, անհատնում գույներ ու երանգներ է տալիս,- ասում է Սևադա Սարգսյանը։- Լույսի խաղն այնքան արագ է կատարվում, որ դժվարանում ես այդ ամենը որսալ»։ Նկարիչ Հովիկ Մեծ-Գևորգյանը հովտից վեր է բարձրացել և լուսանկարիչ որդու հետ փորձում է այս բնաշխարհը հասկանալ մոտակա բարձունքից, ուր, բնությանը ներդաշնակված ու ձուլված, բազմել է մի եկեղեցի-մատուռ, որի համար որպես դռան երկու կողմ և վերնաքարեր ծառայում են խաչքարերը։ Դժվար է ասել` այս ամենը կառուցողների՞ մտահղացումն է, բայց որ այդպես պահպանվել են ինքնատիպ խաչքարերը, փաստ և իրողություն է։
Հովիկ Մեծ-Գևորգյանը ստեղծում է եկեղեցի-մատուռի կերպարը։ «Խոսելով հայկական ինքնության, ազգային արմատների մասին, հեռու չպետք է գնալ, դարավոր լուռ վկան հենց այս ինքնատիպ, իր նմանը չունեցող եկեղեցին է։ ՈՒրախ եմ, որ այն արդեն ուխտատեղի է դարձել բնակիչների համար։ Այստեղ վրձնած կտավն ինձ համար բարի հիշատակ կդառնա»։ Այնուհետև իջնում ենք Նոր Վերիշեն։ Այստեղ ևս նկարիչների գալուստը հետաքրքրություն է առաջացրել։ Փոքրիկ Արսենը դեռ չգիտի, թե ինչ է դառնալու, բայց այնպիսի մասնագիտություն կընտրի, որ գյուղ վերադառնա։ «Ես այստեղ հետաքրքիր կերպարներ տեսա,- ասում է նկարիչ Սամվել Չիբուխչյանը,- ափսոս, չեմ կարող այդ ամենը վրձնել»։ Այստեղի ամեն մի բնակիչ մի-մի կերպար է` հայրենի եզերքի պատիվն ու արժանապատվությունն իմացող, հողն ու ջուրը հարգող և գնահատող։ Չգիտեմ` նկարիչներն առիթ ունեցա՞ն հանդիպելու Նոր Վերիշենի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանի հետ, բայց 12 զավակ ունեցող այդ մարդը, իսկապես, հետաքրքիր և ինքնատիպ կերպար է։ Նա և՛ մտավորական է, և՛ հողի մշակ, հարկ եղած դեպքում նաև զինվոր` ծառայության մեջ գտնվող զինվոր` զավակի կողքին։ Ամենափոքրը մեկուկես տարեկան Հերմինեն է` թոթովախոս լեզվով, պայծառ ու ջինջ հայացքով։ «Արդեն բոլորը գիտեն, որ Քարվաճառի բնակավայրերում և Թարթառի հովտում նկարիչներ են աշխատում,- ասում է Շահեն Մարգարյանը։- Հավատացեք, նրանց հետ շփումներն այստեղ մեծ ոգևորություն են առաջացրել։ Մարդիկ ուզում են գալ, տեսնել։ Չնայած մենք այստեղ պատկերասրահ չունենք, բայց կցանկանայինք որևէ կերպ այստեղ նկարված կտավները ցուցադրել կա՛մ դպրոցներում, կա՛մ բացօթյա ցուցահանդես ունենալ։ Գուցե հեռավոր երազանք է, բայց կարելի է և պատկերասրահ հիմնել։ Ես գիտեմ, որ մեր նկարիչ տղաներն առաջինն իրենք կարձագանքեն և նկարներ կնվիրեն»։
Ոգևորված է նաև Քարվաճառի քաղաքապետ Հայասեր Գաբրիելյանը. «Տարիներ առաջ, երբ այստեղ եկավ մեր լավ բարեկամ Սերգո Երիցյանը, մենք ասացինք, որ պարախումբ ունենք, բայց համապատասխան տարազներ չկան։ Մեր խնդրանքն անպատասխան չմնաց։ Հիմա էլ նա իր նկարիչ-ընկերների հետ պատրաստ է սկիզբ դնելու Քարվաճառի պատկերասրահին, մտածենք, թե ինչպես կարելի է դա անել։ Ի՞նչ է եղել, ինչո՞ւ մեր քաղաքն իր փոքրիկ պատկերասրահը չունենա։ Ամենակարևորը, որ մենք ուշադրության կենտրոնում ենք, և այս փառատոնի մի փուլն այստեղ անցկացնելը դրա վկայությունն է»։
Առիթ ունեցանք հանդիպելու նկարչական փառատոնի կազմակերպիչներից մեկին` «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանին, որը Քարվաճառ էր եկել նկարչական փառատոնի փակման արարողությանը մասնակցելու։ «Այնպես է ստացվել, որ Քարվաճառի ու Թարթառի հովտում ապրող մարդկանց հետ երկար տարիների բարեկամություն ունեմ,- ասում է նա։- Այստեղ տեսաֆիլմեր և հաղորդումներ եմ նկարահանել, օգնել և աջակցել դպրոցներին, վերջին հաշվով, շատ երեխաների կնքահայրն եմ։ Նրանք մկրտվել են Դադիվանքում, այդ թվում` իմ զավակները։ Երբ մտահղացվեց այստեղ փառատոն կազմակերպել, ավելի ոգևորվեցի և այսօր ուրախ եմ, որ առկա է արդյունքը. ավելի քան 100 նկար` Արցախի աշնանային գույներով։ Այն մեկ-մեկուկես ամիս հետո ցուցահանդես է դառնալու և ներկայացվելու է Երևանում ու Ստեփանակերտում»։
Մենք դիմեցինք նաև կազմակերպիչներից «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանին։ «Կարծում եմ` նման նկարչական փառատոները կարևոր հասարակական և մշակութային իրադարձություն են, ինչպես տարբեր տարածաշրջանների, այնպես էլ արվեստագետների համար,- ասաց նա։- Նախ, նկարիչների համար հասանելի են դառնում հեռու-մոտիկ բնակավայրերը, բնության անկրկնելի անկյունները, պատմաճարտարապետական հուշարձանները, իսկ հասարակությունն էլ տեսնում է այն ուշադրությունը, որ ունեն արվեստագետները իրենց նկատմամբ։ Մենք արդեն արձագանքներ ունենք Արցախից և, իսկապես, հասարակական կյանքում սա լուրջ իրադարձություն է։ Դրանք նաև շփումների, փոխհարստացման հնարավորություն են։ Նման փառատոները միայն նկարիչների այցելություններով չեն ավարտվելու, դրանց հետևելու են ցուցահանդեսները։ Այս դեպքում մենք ցուցահանդես կունենանք Երևանում, Ստեփանակերտում, ինչո՞ւ չէ` նաև Մարտակերտում ու Քարվաճառում։ Սա մեզ համար ծրագիր է դառնում, որն իր շարունակությունը կունենա Հայաստանի տարբեր մարզերում ու Ջավախքում»։
Վերադարձին նկարիչները եղան Դրմբոնում, որտեղից մեկնարկել էր փառատոնը։ Դրմբոնի «Բեյզ Մետալզ» ընկերությունը մեկ ամբողջ շաբաթ հյուրընկալել էր արվեստագետներին։ Ստեղծագործական որոնումների թիրախ էր դարձել նաև Դրմբոն գյուղը, այստեղ գտնվող հանքահարստացուցիչ ֆաբրիկան, այնտեղ աշխատող մարդիկ, շրջակա բնությունը։ Փառատոնի մասնակիցներին Երևան ճանապարհեց «Բեյզ Մետալզ» ընկերության ղեկավար Արթուր Մկրտումյանը։ «Մենք սիրով հյուրընկալեցինք նկարչական փառատոնի մասնակիցներին,- ասաց նա։- Նկարիչները հետաքրքրվեցին ոչ միայն Դրմբոնի բնությամբ, այլև մեր հանքերով, այնտեղ աշխատող մարդկանցով։ Կարելի է ասել` մի հետաքրքիր բարեկամության, գուցե համագործակցության հիմք դրվեց, որն ապագայում իր շարունակությունը կունենա։ Մենք մեծ սիրով կմասնակցենք բացվելիք ցուցահանդեսին։ Եթե ցանկություն կա, նկարիչներին կհյուրընկալենք նաև գալիք տարի»։
Փառատոնն ավարտվեց։ Սկսված են ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Վստահ ենք, որ «Արցախի աշնանային գույները» խորագրով ցուցահանդեսը Երևանում և Ստեփանակերտում տպավորիչ և ինքնատիպ կլինի, կարտահայտի մեր ազգային ոգին, էությունն ու նվիրական երազանքները։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2906

Մեկնաբանություններ