ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Շարունակվող լեհական ընթերցումներ

Շարունակվող լեհական ընթերցումներ
05.10.2024 | 20:26

Հարսանեկան հաճելի արարողություններից համեմատաբար ազատված՝ այսօր մեզ տվեցինք Սուվալկիի մերձակայքի ուսումնասիրությանը։ Շտապեմ ասել, որ ապշեցուցիչ եզերք է, անտառներով ու լճերով հարուստ։ Փաստացի գտնվում ես մի միջավայրում, որտեղ տարածքի լայնարձակության հետ շունչդ անկախ քեզնից բացվում է, դառնում լիաթոք, ընդգրկուն, խոհականության, խոհափիլիսոփայության բերող։

Զորօրինակ, ստորև բերվող նկարներից մեկում մի՞թե այնպիսի տպավորություն չէ, որ ասես Լև Տոլստոյն ու Անտոն Չեխովը րոպեներ առաջ գնացին՝ մեծիս թողնելով մտքերիս հետ մենակ։ Կամ էն մյուսը, որտեղ թառել եմ գերաններին։ Ինչո՞վ չի հիշեցնեւմ Շիշկինի հայտնի կտավը։ Մի՞թե տպավորություն չէ, որ արջերին լարել, ինքս եմ բազմել (հուսով եմ ընթերցողն ըմբռնումով կմոտենա ասածիս)։

․․․Այսօր երևի անցել ենք ավելի քան 100 կիլոմետր, ու բառացիորեն չկար մի թիզ տարածք, որ ծառ ու ծաղկունքով պատված չլիներ։ Օդի մաքրության մասին չեմ խոսում։ Անկախ ինձանից Բակունցն էր շուրթերիս իր հայտնի «Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ» նախադասություն-նկարագրությամբ։

Լեհաստանում առաջին իսկ պահից այն զգացողությունն է, որ գտնվում ես մեծ երկրում։ Հարկավ ես ավելի քան տիրապետում եմ այս տերությանը հատկապես քաղաքագետների, պետական գործիչների տված գնահատականերին ինչպես լավ, այնպես և վատ բնութագրումներով, սակայն ճիշտը մեկն է՝ ապավինիր քո տեսածին ու զգացածին, չափիր քո իմացությամբ ու զգացողությամբ, իսկ ինձ համար, գրողը տանի, Լեհաստանն Ադամ Միցկևիչն է ու Շոպենը, Բոլեսլավ Պրուսն է ու Հենրիկ Սենկևիչը, Ստանիսլավ Լեմն է ու Անջեյ Վայդան, Նիկոլայ Կոպեռնիկոսն է ու Մարի Կյուրին և էլի շատ նվիրական անուններ, որ համաշխարհային քաղաքակրթությունում բացառիկ ներդրում են ունեցել։

Օրվա շրջագայության կտրվածքով տպավորությունս անկրկնելի է։ Եղել եմ երկրի ամենամեծ խորությունն ունեցող լճում ու առհասարակ մի քանի լճերի համալիրում, մոտ մեկ տասնյակ կիլոմետր եմ կտրել անտառներում քայլելով, տեսել եմ պատերազմի նախաշեմին գերմանացիների կառուցած անչափ տպավորիչ զույգ կամուրջը, մեծ սառցադաշտի նահանջից հետո մնացած քարերը, Հայաստանի պայծառ ապագայի հետ կապված նվիրական երազանք պահել ու խորհրդանշական երազանք-քար դրել համապատասխան վայրում, տեսել սեզոնին ջրաշուշանների մեջ ծփացող լճերը, ուր երիտասարդ աղջիկները գալիս են իրենց ընտրյալ երիտասարդի հետ ապագայում զույգ կամելու երազանք պահելով ու լճից ջրաշուշան տանելով․․․

Հիշատակած վայրերի առանձին լուսանկարեր փորձել եմ տեղադրել նյութի ֆոտոբաժնում, այնպես որ դրանք էլ վայելեք, որքան էլ դրանք որոշակիորեն անձնականացված են։

Բնականաբար, այս նյութն էլ ամբողջն ու ամբողջականը չէ ունեցած տավորությունների, ուստի կփորձեմ հաջորդող հրապարակումներում շտկել բացթողումը։

Առաջն Աստված։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ