ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շարժման ելքը՝ առանց «եթե»-ների

Շարժման ելքը՝ առանց «եթե»-ների
31.05.2024 | 11:11

Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ։

Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։

Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալիևի պահանջները։ Հարյուր հազարավոր մարդկանց համար անհնար է դառնում ապրել մի երկրում, որտեղ վերջին հարյուրամյակի ամենախոշոր կորուստներից ու պատմական աղետից հետո այդ աղետի հեղինակ իշխանությունը ուժով և մանիպուլյացիաներով պահում է իր իշխանությունը, որտեղ նվիրական բոլոր երազանքները զրոյացվում են, որտեղ Արցախից բռնի տեղահանված քաղաքապետերի են կալանավորում, որտեղ բերետավորները ոհմակով հարձակվում են ընդվզող մարդկանց վրա, որտեղ Վեհափառի մուտքը կարող են ինչ-որ «միլիցեք» փակել, և քաղաքական ու գերատեսչական ղեկավարությունն արդարացնի դա, որտեղ պաշտոնյաները կարող են դոշ տալ ու «մեծարգո»-ով դիմել այն վարչապետին, որի օրոք անհաշվելի կորուստներ ենք ունեցել և ունենում։ Իմ ընկեր, դեսպան Վ. Մելիքյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել հարևանների ֆուռերը սպասարկող քարվանսարայի՝ աներազանք, անիմաստ։

Հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ չեն համակերպվելու այս սցենարի հետ, ու սա լինելու է մեր ժողովրդի պատմության մեջ խոշորագույն ու ողբերգական մի գաղթ։

Նիկոլին սա ձեռնտու է, չէ՞ որ պետությունը, նրա պատկերացմամբ, միայն լավ ապրելու համար է։ Ինքը լավ կապրի, մի փոքր խումբ լավ կապրի, մնացածը կդառնան քարվանսարայի աշխատողներ։

Հարյուր հազարավոր մարդիկ չեն կարողանալու ապրել մի երկրում, որտեղ պետության և «լավ ապրելու» նշաձողը իջեցված է շատ ուտելու մակարդակին։

Այս տրամաբանությամբ մարդկության պատմության մեջ զրկանքների գնով արված բոլոր գյուտերը, հայտնագործությունները, արվեստի ստեղծագործությունները, համաշխարհային արժեքների ստեղծումն անիմաստ էին, որովհետև, Ջորդանո Բրունոյից սկսած, բոլորը պետք է մտածեին միայն լավ ապրելու մասին։ Իսկ Վան Գոգը, սոված գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն, պետք է լավ ռոճիկով մալյար աշխատեր հարևանի տանը՝ ըստ Նիկոլի։

Գործող իշխանության աշխարհընկալումը ռեստորանի մենյուի շրջանակներում է։ Նրանց Աստվածաշունչը և Սահմանադրությունը երկրի մենյուն է։

Հարյուր հազարավոր մեր քաղաքացիների ընտանիքների համար «մեծարգո»-ի աշխարհընկալումը և նրան մահակով, մանդատով կամ գրչով պաշտպանող զանգվածը դառնում է օրգանապես անընդունելի։ «Եթե»-ն իրոք շատ հստակ է։ Շարժման հաղթանակը երկրում նոր բարքերի ու նոր մթնոլորտի հաղթանակն է՝ ներքին հաշտության մեծ հնարավորությամբ։ Հակառակ պարագայում պարզապես չենք կարողանալու այստեղ ապրել։

Այնպես որ, այս պայքարը իշխանության համար չէ, այլ՝ Հայաստանում ապրելու հնարավորության։ Սա նշանակում է, որ Շարժումը «եթե» իսկապես չի կարող ունենալ։ Պատրաստվեք համառ ու գրագետ պայքարի՝ անհատապես բոլորիս անմիջական մասնակցությամբ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5467

Մեկնաբանություններ