ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պրեդնեստրովիա-Օդեսսա-Կիևյան Ռուսիա

Պրեդնեստրովիա-Օդեսսա-Կիևյան Ռուսիա
26.02.2024 | 17:01

Բեկումնային տարի է:

Արևելյան Եվրոպայում քաղաքական քարտեզը հիմնովին փոխվում է:

Երկու տարի առաջ այս օրերին Ռուսաստանը «Հատուկ օպերացիա» անվան տակ ներխուժեց ՈՒկրաինա՝ գրավելով Դոնեցկի, Լուգանսկի մարզերը և հարակից շրջանները:

ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախություն հռչակելու ժամանակ ՈՒկրաինան ուներ 603,549 հազար քառ. կմ տարածք (Ռուսաստանը չհաշված, Եվրոպայի՝ տարածքով ամենամեծ պետությունը):

2014 թվականին, երբ գրավվեց Ղրիմը, այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 576,6 հազար քառ. կմ-ի:

2023 թվականի տարեվերջին «Հատուկ օպերացիայի» արդյունքում այդ թիվը ևս կրճատվեց՝ հասնելով 467,8 հազար քառ. կմ-ի:

Այս պահի դրությամբ այդ թիվը պրոգրեսիվ աճով կրկին նվազում է:

Պատերազմը շարունակվում է:

Կարծես ռուսական ռեսուրսները չեն սպառվում, իսկ ՈՒկրաինայի հույսը բացառապես Արևմուտքից ստացվող ռազմական օգնությունն է:

Արևմտյան մի շարք երկրների ղեկավարներ անկեղծանում են, որ սպառազինություն տրամադրելն արդեն իսկ իրավիճակը չի փոխում:

Անգամ չեն հավատում, որ ՈՒկրաինան կարող է հետ բերել կորցրածի գոնե չնչին մի մասը:

Տպավորություն է, որ այս ամենից Եվրոպան էլ է հոգնել:

Իսկ ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը.

ՌԴ-ն վստահեցնում է, որ եթե ժամանակին Կիևը հետամուտ լիներ Մինսկի համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածություններին, ապա պատերազմը վաղուց ավարտված կլիներ:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի Կիև այցելությունից հետո ուկրաինական իշխանությունները կտրականապես ու վերջնականապես մերժեցին այդ պայմանավորվածությունների կատարումը՝ ցանկանալով շարունակել պատերազմը:

Չբանակցելու մասին հրովարտակ ստորագրեց նաև Զելենսկին, ըստ որի բացառվեց, անգամ արգելվեց ցանկացած ֆորմատով բանակցությունները Ռուսաստանի հետ:

Այդ հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ-ն շարունակեց ռազմական գործողությունները՝ ընդլայնելով նրա աշխարհագրությունը:

Բացի այդ, ՌԴ-ն անկախ վերոնշյալ հանգամանքներից, այդուհանդերձ չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից:

Նախ՝ Ռուսաստանը երբեք չի համաձայնի հրաժարվել նոր տարածքներից:

Եվ հետո՝ Ռուսաստանը երբեք չի համաձայնի զիջել այն տարածքները, որոնք իրեն հաջողվել է գրավել մարտի դաշտում։

Ավելին՝ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Օդեսան ևս պետք է միացվի Ռուսաստանին:

«Ժամանակն է, որ Օդեսան վերադառնա տուն, Ռուսաստանը նրան սպասում է»,- հայտարարել է նա։

Ավելին՝ «ՈՒկրաինայի համար ընտրությունն այսպիսի տեսք ունի՝ կա՛մ նորմալ կյանք՝ Ռուսաստանի հետ ընդհանուր պետության մեջ, կա՛մ, ամեն դեպքում, ընդհանուր պետությանը մոտ ինչ-որ սկզբունքով, կա՛մ անվերջ պատերազմ։ Նրանք իրենց համար պետք է կատարեն այդ ընտրությունը»:

Իհարկե, սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ սպառնալիք, ոչ միայն օկուպացնելու Օդեսսա քաղաքը, այլ նաև ողջ ՈՒկրաինան:

Սա Կիևին ուղղված ուլտիմատում է:

Սա նշանակում է ՈՒկրաինայի կապիտուլյացիա ու պետականության կորուստ:

Այս համատեքստում ևս մի ուշագրավ իրադարձության ականատեսն ենք դառնում.

ըստ ռուսական աղբյուրներում տարածվող տեղեկությունների՝ փետրվարի 28-ին Մերձդնեստրը կդիմի Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով։

Հետևաբար, փետրվարի 29-ին հնարավոր է լսենք, թե ինչպես Պուտինը կհայտարարի Մերձդնեստրը Ռուսաստանի կազմ մտցնելու որոշման մասին լուրը:

Այս տեղեկատվությանն արձագանքել է Մոլդովան՝ ակնարկելով ռազմական գործողության մեկնարկը, եթե Մերձդնեստրը հայտարարի ՌԴ կազմ մտնելու մտադրության մասին։

Ինչ խոսք, իրավիճակը կարող է այլ պատկեր ստանալ:

Մերձդնեստրում է գտնվում ռուսական ամենամեծ ռազմաբազան Եվրոպայում:

Այնտեղից նոր ճակատ բացելը կարող է նշանակել ՈՒկրաինային հարավից ամբողջովին կտրել Սև ծովից:

Տիրասպոլից Օդեսսա ուղիղ 100 կմ է, իսկ այնտեղից Խերսոն՝ 200 կմ:

Օդեսսան գրավելուց հետո, ճանապարհին միակ ուկրաինական քաղաքը մնում է Նիկոլաևը:

Երկու կողմից հարձակվելու դեպքում չի բացառվում, որ քաղաքը հայտնվի ռուսական վերահսկողության տակ:

Իսկ դա խիստ հավանական է, մանավանդ երբ հարավից՝ որպես հավելյալ օգնություն այնտեղ հայտնվի ռուսական սևծովյան Ղրիմի նավատորմը:

ՈՒկրաինային կմնա քաղաքի պաշտպանությունն ապահովել բացառապես հյուսիսից:

Այս սցենարի իրակագործման պարագայում՝ ՈՒկրաինան ընդհանուր առմամբ կհայտնվի շրջափակման մեջ:

Հարավը գրավված կլինի, Արևելքն արդեն իսկ գրավված է, հյուսիսում էլ՝ Բելոռուսն է:

Միակ պատուհանը մնում է արևմուտքը:

Դե իսկ կոնկրետ Մոլդովայի համար ծանր իրավիճակ կստեղծվի:

Մերձդնեստրը Ռուսաստանի կազմ հայտարարելուց անմիջապես հետո չի բացառվում պատերազմը:

Բայց դա ավելի իրատեսական է այն պարագայում, երբ Ռուսաստանը գրավված լինի Օդեսսան և ցամաքային կապ ստեղծի ու անմիջական սահմանակից դառնա Մոլդովային:

Իսկ եթե ոչ, ապա ցամաքային ռազմական գործողությունները տեղի կունենան Մերձնեստր-Մոլդովա սահմանին՝ մոլդովական կանոնավոր բանակի և Մերձդնեստրում տեղակայված ռուսական բազայի միջև:

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պատերազմական օջախի ստեղծման:

Ի դեպ, ախորժակը ուտելիս է բացվում:

«Կիևյան Ռուսիան» միայն ժամանակակից ՈՒկրաինան չէ, այն նաև Բելոռուսիան է, իսկ «Բատյան»՝ ոչ ապահովագրված է և ոչ էլ հավերժական:

Այս տեմպերով որ գնա, ոչինչ չի բացառվում:

Իսկ աշխարհը…

Աշխարհը սկզբում չի հանդուրժի, կընդդիմանա, բայց հետո կհարմարվի ու կհամակերպվի:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ