ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհը փոխվում է անվերադարձ

Աշխարհը փոխվում է անվերադարձ
22.12.2023 | 08:18

Մարդկանց այնպիսի հիմնարար հատկությունները, ինչպիսիք են պասիոնարությունը, էգոիզմը, ալտրուիզմը, անձնազոհությունն ու քաջությունը, տարբեր պայմաններից կախված, կարող են փոփոխության ենթարկվել տարբեր արագություններով։

Սովորաբար, այդ հիմնարար բնույթի մարդկային հատկությունները, համեմատած արտաքին պայմանների կտրուկ փոփոխությունների հետ, շատ ավելի դանդաղ են փոփոխության ենթարկվում։

Դրանից բացի, նույնիսկ եթե այդ հատկությունները, պայմաններից կախված, դանդաղ դրեյֆում են ինչ-որ նոր ուղղությամբ, ապա անկախ նրանից, որ դրանք կարող են արդեն լուրջ փոփոխություններ կրած լինել, կյանքը ընթանում է հին պարադիգմի հունով։

Նման պայմաններում մարդկանց հիմնարար հատկությունների փոփոխությունների ինդիկատորի կամ դետեկտորի դեր է կատարում գլոբալ մասշտաբի պարադիգմային փոփոխությունը, և պարզվում է, որ մարդկանց ու հասարակությունների մենթալիտետային իներցիան խանգարել է տեսնել այդ փոփոխությունները, որոնք վաղուց արդեն կան։

Հաճախ այդ հատկությունների կրողներն անգամ չեն զգում այդ փոփոխությունները, մինչև արտաքին պայմանների պարադիգմային փոփոխությունը։

Եվ այս ամենը ամենավճռական ազդեցություն կարող է ունենալ գլոբալ պատմական պրոցեսների ընթացքի վրա։

Իսկ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ կոնֆլիկտը Ուկրաինայում տեղի ունեցող պրոքսի պատերազմի տեսքով՝ ասվածների իլյուստրացիան։

Նայեք, թե ինչ քանակության ու տարբեր մասշտաբների երկկողմ, եռակողմ և բազմակողմ սխալներ ու թյուրիմացություններ են պարզվել կոնֆլիկտի սկսվելուց հետո։

Այդ սխալներն ու թյուրիմացություններն էլ հիմնականում կենտրոնանում են երեք հարցերի շուրջը.

1․ Կողմերի սխալ գնահատականներն ու պատկերացումները հակառակորդի զինուժի ու տեխնիկական հզորության մասին:

2․ Փոխադարձ սխալ գնահատականներն ու սպասելիքները մարդկային գործոնի, այսինքն, հակամարտ կողմերի պասիոնարության իրական չափի գնահատման հետ կապված:

3․ Աշխարհքաղաքական մակարդակի սխալ պատկերացումներն ու դրանց վրա հիմնված թյուրիմացությունները, որոնց մեջ հատկապես առանձնանում են Գլոբալ Հարավի հետ կապված ոչ ճիշտ գնահատականներն ու սպասելիքները։

Բայց, մյուս կողմից էլ, տեսեք, թե ինչքան անփոփոխ է այսպես կոչեցյալ քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը անմեղ զոհերի նկատմամբ, լինեն նրանք Արցախում, թե Գազայում։

Նման անտարբերության արմատն էլ շատ խոր է ընկած, և որը աշխարհքաղաքական շահի բացարձակ գերազանցությունն ու գերակայությունն է համեմատած մարդկային տառապանքի հետ։

Հումանիզմ ասածը աշխարհի բախտը չորոշողների սարքած հեքիաթներից մեկն է, որը, կարիքի դեպքում, ձեռնտու է նաև աշխարհի բախտը որոշողներին։

Հեռու գնալ պետք չէ, համեմատեք փիսիկի կամ շունիկի թաթիկը ցավեցնելու դեպքում քաղաքակիրթ աշխարհի զգայուն սրտի մղկտոցը և նույն սրտերի բացարձակ անտարբերությունը անմեղ մարդկային կյանքերի մասսայական ոչնչացման դեպքում։

Ասում էր, չէ՞, երջանկահիշատակ Գուրգեն Մահարին, «Հում, հում, հումանիզմ»։

Աշխարհը փոխվում է անվերադարձ, իսկ թույլերն ու միամիտները դեռ շարունակում են ապրել այդպես էլ չհասկացված հին պարադիգմի ստանդարտներով և, բնականաբար, շատ հեռու են նաև եկող պարադիգմի էությունը հասկանալուց։

Մարդիկ ու ազգեր էլ կան, որոնց իներցիան անվերջ է, պարադիգմեր են գալիս-գնում՝ առանց նմանների վրա որևէ հետք թողնելու։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ