ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Դրսից ոչ ոք մեզ չի փրկելու

Դրսից ոչ ոք մեզ չի փրկելու
06.08.2023 | 11:21

Երևանցին իր խնդիրներն ունի, վանաձորցին՝ իր, գորիսեցին՝ իր, ու մեկը մյուսին նման չի, մեկը մյուսից գերակա չի, մեկը մյուսից կարևոր կամ անկարևոր չի։ Պարտավո՛ր ենք մտածել մեր խնդիրների մասին, պարտավո՛ր ենք աշխատել, պայքարել, ի վերջո, պարտավո՛ր ենք ապրել:

Բայց էս կենցաղային պայքարների ու ապրումների մեջ յուրաքանչյուր հայրենատեր հայի կոկորդ (անկախ նրանից՝ գրու՞մ է էդ մասին ֆբ-ում, թե չէ) սեղմում է Արցախը, 120.000 հայը, 30.000 մանուկը, Արցախի դատարկ խանութներն ու ամառվա տապին պաղպաղակի մասին երազող փոքրիկների թաց աչքերը։ Կոկորդդ խեղդում է էն անզորության, անճարության զգացումը, որով շահամոլ աշխարհը պաշարել է քեզ, ու մնում է, զսպաշապիկ հագած խելագարի պես, փորձես քեզ պատեպատ տալ, փնտրել ելքեր, լուծումներ, ու նորից ու նորից հասկանաս, որ ձեռքերդ ինչ-որ մեկ-երը կապել են՝ շատ ավելի վերևներից։

Ու սկսում ես թերթել սեփական պատմությանդ էջերը, որի յուրաքանչյուր տողից լսվում են տառապանքի աղաղակներ, օգնություն կանչող ճիչեր ու դուդուկի արնոտ ելևեջներ։ Տառերը կենդանանում են ու սկսում նեղված բողոքել, թե ոնց խաբեցին մեզ մե՛կ բյուզանդացիք, մե՛կ ռուսները, մե՛կ վրացիք, մե՛կ պարսիկները, մե՛կ թուրքերը... Տառերը կենդանանում են ու պատմում, որ 1878 թ․ Սան Ստեֆանոյից մինչ էս կողմ հազար ու մի պայմանագիր եղավ, հազար ու մի կառույցում Հայոց հարց բարձրացվեց, հազար ու մի կառույցում ասին՝ «Հայեր, դուք լավն եք, Հայաստանն աստվածատուր երկիր է, ձեր հյուրասիրությունն էլ լավն է․․․», ասացին ու թողեցին մեզ մենակ՝ յաթաղանները կախված գլխներիս, կամ էլ գլուխներս շոյելով ու թմրեցնելով՝ սկսեցին կտրատել մեզ՝ սրան-նրան «շաբաշ» տալով․․․

Տարիներ շարունակ ամեն Ապրիլի 24-ին սպասում էինք, թե ԱՄՆ-ը նախագահի շուրթերով ինչ է ասելու, ոնց է ցավակցելու մեզ (ինչքա՜ն ենք սիրում մղկտալ), ու իրար հարցնում՝ «Հը, ասե՞ց «ցեղասպանություն» բառը», հետո տխրում, որ՝ չէ՜, էլի խաբեցին մեզ․․․ Հետո մեկն ասաց էդ բառը, խիղճներս հանգստացավ, ժպիտ եկավ դեմքներիս, բայց ամեն ինչ էդքանով էլ ավարտվեց։ Հիմա էլ ոչ ոք շնչակտուր չի սպասում, ոչ ոքի էլ չի հետաքրքրում՝ ով ինչ բառով կցավակցի մեզ, որովհետև հասկացանք, որ բառերն ընդամենը օդի ալիք են՝ ուղղորդված շուրթերի ժամանակավոր դիրքով, ոչինչ ավելի։

Ու հիմա ՝ էս օրհասական պահին, մերօրյա տեքստերը գրվում են տառերի կամաց փսփսոցների ներքո. «Էլի սպասում են, որ ինչ-որ երկիր կամ կառույց կլուծի իրենց հարցը, ինչ-որ երկրի նախագահ բռունցքով կխփի սեղանին ու կասի՝ հետ տվեք հայերի հողերը, էլի իրար միս են կրծում, իրար մեղադրում․․․»։

Դրսից ոչ ոք մեզ չի փրկելու, եթե փրկեց էլ՝ դա կլինի միայն իր տիրապետության ներքո ստրկացնելու համար, ի՛ր համար, իր շա՛հի համար։ Մեր փրկությունը մենք ենք, ես ու դու, նախկինն ու ներկան, տերն ու ծառան, սպիտակն ու սևը, հավատացյալն ու հեթանոսը, առաքելականն ու ավետարանականը, աշխատողն ու գործազուրկը, քաղաքացին ու գյուղացին, երևանցին ու ստեփանակերտցին, բոլո՛րս, բռունցքված ու ձեռք-ձեռքի տված։

Դիմացի՛ր, Արցա՛խ, համբերի՛ր կյանքիդ թերևս ամենակարևոր ու վտանգավոր փորձությանը՝ վստահ լինելով, որ ազգը կանգնած է թիկունքիդ, ու դու մենակ չես, ու որքան էլ ապրենք մեր առօրյայով ու մեր հոգսով, միևնույնն է, դու մեր սրտում ես, մեր մտքում, մեր հոգում, որովհետև մենք մեկ ենք, ու մենք պետք ենք իրար:

Ու երանի շուտ գա այն օրը, երբ հասկանանք, որ զոհի կարգավիճակով մեզ միշտ հասնելու են միայն սեղանի փշրանքներն ու սեղանի գլխին խրախճանք անողների կարեկցական դատարկ խոսքերը։ Մեզ պետք է բռնել հզորացման ու առաջընթացի դանդաղ, բայց հաստատուն քայլերը, ու վստահ լինել, որ հենց մե՛նք ենք վերականգնելու արդարությունը։

Դիմացի՜ր, Արցա՜խ, քո դիմանալը մեզ էլ է պետք, գուցե՝ մեզ ավելի շատ:

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ