ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու

Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու
12.04.2023 | 23:31

Եթե մի կողմ դնենք բոլոր տարաբնույթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշվով ունենք հետևյալը։

  • Մոտ 10 օր առաջ, առանց որևէ կրակոցի ու դիմադրության, Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի տարածք, գրավել բավական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիրաժեք վերահսկելով թե՛ Տեղ գյուղը, թե՛ հարակից գոտին։
  • Երեկ հենց այդ նոր գրաված հատվածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրա, օգտագործել են ծանր հրետանի և արդյունքում մեզ պատճառել նոր կորուստներ։
  • ՀՀ դեֆակտո պաշտպանության նախարարությունն ասում է, որ մենք երեկ դիրքային կորուստ չենք ունեցել։ Բայց չի ասում, որ ոչ թե դիրքային, այլ տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարավոր է դարձել երեկվա հարձակումը։
  • ՀՀ դեֆակտո կառավարությունը ոչ միայն չի կատարել իր վրա դրված գլխավոր պարտականությունը՝ մեր պետության սահմանների պաշտպանությունը, այլև ամենօրյա ռեժիմով կենտրոնացած է բացառապես իրենց ցանկացած ընդդիմախոսի վրա բռնաճնշումների և երկրորդային նշանակության հարցերի վրա (օրինակ՝ ինչ-որ փառատոներ, ակադեմիական քաղաքներ և այլն)։ Սա կոչվում է անարժան կառավարում։
  • Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ դե-ֆակտո կառավարությունն իրեն չի դիմադրելու։ Բաքվում և Անկարայում ամենօրյա ռեժիմով արձանագրում են, որ հայկական պետությունը ոչ մի էական գործ չի անում թուրք-ադրբեջանական առաջիկա հարձակումները չեզոքացնելու ու սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։ Բնականաբար, դա իրենց համար գլխավոր խթանն է՝ շարունակելու հարձակումները և աստիճանաբար, մանր-մանր քայլերով չհայտարարված պատերազմում նվաճել Սյունիքի մարզը։
  • Կից Հայկական ալիքի քարտեզն է, որտեղ կարմիրով նշված են միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից գրավված հատվածները։ Ադրբեջանը թիրախավորել է ողջ Սյունիքը և «կրծելով» առաջ է գնում։

Արդյունքում մենք ունենք.

- նոր տարածքային կորուստներ,

- նոր զոհեր

- հերթական հայաթափվող համայնքը Տեղ գյուղում և հարակից շրջաններում

- թշնամու շարունակաբար աճող ճնշում ու հարձակումներ

- Հայաստանի դեֆակտո իշխանություն, որն ունակ չէ ոչ միայն կանխատեսել առկա մարտահրավերները, այլև դրանց դիմագրավել։ Դա ապացուցվում է առնվազն 2020 թ. նոյեմբեր-2023 թ. ապրիլ ժամանակահատվածի բոլոր իրադարձություններով։

- ՀՀ դեֆակտո իշխանությունների բոլոր քաղաքական առաջարկներն ու ծրագրերը («հայելային հետքաշում», «խաղաղության դարաշրջան», «արդար լուծում» և այլն) լիարժեք տապալված են։

Այստեղից հարց. ինչո՞ւ պետք է ներկայիս դեֆակտո իշխանությունը հրաժարական չտա ու չհեռանա։

Պարզ պատասխան. որովհետև ՀՀ դեֆակտո վարչապետի ու իր գլխավոր ՔՊ-ական խմբավորման համար վերոնշյալ բոլոր խնդիրներից առավել կարևոր է սեփական իշխանությունը պահելը, նույնիսկ, եթե դա արժենում է տարածքային ու մարդկային կորուստներ։

Սա ոչ թե կուսակցական պայքարի կամ կենցաղային քաղաքականության հարց է, այլ իրական խնդիր, որը թակելու է ՀՀ ու Արցախի յուրաքանչյուր բնակչի դուռը, ինչպես որ թակել է Տեղ գյուղում կամ Ջերմուկում։

Հանրային մշտական ճնշման բացակայության պարագայում այս ամենն անխուսափելիորեն շարունակվելու է։

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ

Դիտվել է՝ 3461

Մեկնաբանություններ