ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պուտինը ձեռքը զարկերակին է պահում, ի՞նչ է անելու Ռուհանին

Պուտինը ձեռքը զարկերակին է պահում, ի՞նչ է անելու Ռուհանին
16.11.2020 | 10:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Լեռնային Ղարաբաղում միջգերատեսչական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որտեղ ներառված են ԱԻՆ-ի, ԱԴԾ-ի, ԱԳՆ-ի և դաշնային գործադիր իշխանության այլ օրգանների ներկայացուցիչներ, իսկ կազմակերպական և այլ հարցերի լուծումը դրված է ՌԴ ՊՆ-ի վրա: Ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում գրեթե ավարտվել է, ստեղծվում են 16 դիտակետեր, որոնց օգնությամբ զինվորականները հետևելու են հրադադարի պահպանմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Մոսկվայում ստացվում են խաղաղապահների առաջին հաշվետվությունները Ղարաբաղից: Ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ «Շփման տարածքում կասեցվել են բոլոր ռազմական գործողությունները, մենք այսօր կրակոցներ չենք լսում, իրավիճակը կամաց կայունանում է»: Խաղաղապահները տեղակայվում են «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության գոտիներում: «Հարավում» են Ստեփանակերտի, Աղդամի, Լաչինի բնակավայրերը: Հյուսիսում՝ Թերթերի ու Աղդամի շրջանների մի մասը և Մարտակերտը:


Ղարաբաղի պատերազմի սկզբից Մոսկվան մեծ ուշադրություն էր հատկացնում իրադարձությունների զարգացմանը, հետևելով իրավիճակի զարգացումներին շփման գծում, արձանագրելով ու վերլուծելով միջազգային ղեկավարների բոլոր հայտարարությունները՝ արված «տարբեր երկրներից բարձր մակարդակում»: Ինչ-որ փուլից սկսվեց Ղարաբաղի հարցով համաձայնագրի նախապատրաստումը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ եղել են «լարված աշխատանքի շատ օրեր» և համաձայնագրի ստորագրման մեջ Պուտինն առանցքային դեր է ունեցել: Նա հեռախոսով բանակցել է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ, «և դա տևել է ոչ մեկ օր»:

Գուցե ինչ-որ ժամանակ պատմաբաններին հասանելի լինեն այդ նյութերը, որ թույլ կտա որոշարկել ու պարզել ղարաբաղյան պատերազմում ձևավորվող իրավիճակի ողջ դրամատիզմը, երբ մինչև վերջին պահը չէին դադարում կատաղի կռիվները: Այդ առումով բազում հարցեր են ծագում կոնֆլիկտի կողմերի պայմանների հիմքերի մասին խաղաղության համաձայնագրում: Բայց գործն արված է և հիմա գլխավորը ձեռքբերվածն ամրապնդելն է, որ այլ արտաքին խաղացողներ չկարողանան եթե ոչ ջարդել, գոնե իրենց շահերի հանգույն վերախմբագրել նոր իրավիճակը Անդրկովկասում: Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո համաշխարհային ու հետխորհրդային շատ ԶԼՄ-ներ քննարկում են պատերազմի արդյունքները՝ հիմնականում հաշվի առնելով թուրքական գործոնը: Միայն վերնագրերը ինչ ասես արժեն: ԱՄՆ, The National Interest՝ «Թուրքիան ու Ռուսաստանը պայքարում են Հարավային Կովկասում իշխանության համար», Մեծ Բրիտանիա Financial Times՝ «Թուրքիան Ռուսաստանի հետնաբակում». Ֆրանսիայի Le Monde՝ «Էրդողանի նոր պատմական քաղաքականության հաղթանակը», Սերբիայի «Печат»՝ «Թուրքական անակոնդայի կովկասյան մարտը», Գերմանիա, Die Welt՝ «Լեռնային Ղարաբաղ՝ Էրդողանի նոր պատերազմը և նրա դիմակայությունը Պուտինին: Այս և այլ հրապարակումներում արձանագրվում է Բաքվին Թուրքայի ակտիվ աջակցության փաստը պատերազմի ընթացքում՝ առաջին: Երկրորդ՝ հաստատվում է, որ Թուրքիան, ոչ թե Մոսկվան, իբր թե սկսել է իր «նոր ազգային վեպը» գրել, մկաններն է ցուցադրում ի գոտում, որ Ռուսաստանի պատմական ազդեցության արեալում է և այս ամենը մատուցվում է իբրև «քաղաքական սենսացիա»:


Բայց Անկարան վաղուց էր համագործակցում Ադրբեջանի հետ ամենատարբեր ոլորտներում, ներառյալ պաշտպանականը, նրա հայտնությունը այդ տարածաշրջանում վաղուց է եղել: Այլ հարց է, որ ակտուալացել է ղարաբաղյան պատերազմի նախապատրաստման ժամանակ և ընթացքում, Թուրքիան Ադրբեջանի կողմից էր մի իրավիճակում, որ ինչպես Die Welt-ն է նկատել, «Անկարան դարձել է ոչ միայն Բրյուսելի «անհարմար» դաշնակից, այլև հակառակորդ, և հեռանկարում կարող է այդ ճանապարհին ներքաշել և Ադրբեջանին»:

Պատահական չէ, որ Թուրքիան ջանում է ամրապնդել իր ներկայությունը Անդրկովկասում իբրև ղարաբաղյան կարգավորման մասնակից, բայց՝ Ռուսաստանի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում էր Անդրկովկասում ստեղծել հենակետային ռազմավարական «շախմատային տախտակ»՝ Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի ու Էգեյան ծովերի պես, որպեսզի գոնե մեկում հաղթի: Սակայն Թուրքիայի գլխավոր շտաբի սցենարիստները, որ նախապատրաստել էին ղարաբաղյան պատերազմը և ենթադրում էին Ադրբեջանի լիակատար վերահսկողության հաստատումը կորցրած շրջաններում, հազիվ թե մտածում էին, որ կպահպանվի կիսատված ղարաբաղյան անկլավ ու այնտեղ կհայտնվեն ռուս խաղաղապահները: Ստացվեց, որ Մոսկվան ու Բաքուն խաղարկեցին թուրքական խաղաքարտը և Անկարան հայտնվեց, ինչպես գտնում է The National Interest-ը, «երկիմաստ վիճակում», երբ իր ազդեցությունը Անդրկովկասում գործիք դաձավ և Մոսկվայի ու Բաքվի միջև «անակնկալ սկսվեց «սողացող մերձեցման» գործընթաց»: Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է՝ Մոսկվան ու Երևանը ռազմական դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում: Եթե Հայաստանը ենթարկվեր հարձակման, Ռուսաստանը պարտավոր կլիներ պաշտպանել: Դա չեղավ, ինչպես և թուրքական ռազմական ներկայության աճի մոդելի պրոյեկտումը Անդրկովկասում: Ի՞նչ են անելու թուրք զինվորականները Ադրբեջանում, եթե նրանց երբեք չի սպառնացել Ռուսաստանը, իսկ հիմա անհետացել է հնարավոր սպառնալիքը Հայաստանի կողմից՝ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով: Այլ հարց է, որ Ալիևին պետք է չնեղացնել Էրդողանին: Պուտինն էլ իրեն շատ զգույշ է պահում Թուրքիայի նախագահի նկատմամբ՝ ընդունելով նրա քաղաքականության հաջողություններն ադրբեջանական ուղղությամբ:


Աշխարհաքաղաքական իրավիճակը Անդրկովկասում սկզբունքորեն փոխվում է՝ գրում է Hürriyet-ը, «Թուրքիայի ներխուժումը Կովկասի աշխարհաքաղաքականություն՝ ինչպես արեց Մոսկվան՝ 2015-ին մտնելով սիրիական պատերազմի մեջ, չկայացավ»: Այնուհանդերձ, Անկարան գտնում է, որ իր տարածաշրջանային մանևրի տարածքը նեղացված չէ, թեպետ Hürriyet-ը համարում է, որ «Ադրբեջանը ստացավ իր ցանկացածի նշանակալից մասը» «բայց գնի մի մասը դարձավ ռուսական ազդեցության ոչ թե նվազումը, այլ՝ մեծացումը սահմանների ներսում»: Այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առաջնային չէ, և ինչ-որ տեղ դա է իրադարձությունների զարգացման ոչ հրապարակային տրամաբանություը: Սկզբունքորեն Թուրքիան կարող է սողոսկել արդեն Իրանի շահերի գոտի, որտեղ բացվում է «հնարավորությունների պատուհան» և կարող է բարդ պար սկսվել Անկարա-Բաքու-Թեհրան եռանկյունում՝ գրում է Yeni Şafak-ը՝ մատնանշելով Իրանական Ադրբեջանում հայրենասիրական տրամադրությունների վերելքը ղարաբաղյան պատերազմի ժամանակ և այն, որ «հայտնվել է Իրանին սպառնալիքի գործոն իր հյուսիսային սահմանի ողջ երկայնքով»: «Իրանն այլևս սահման չունի Լեռնային Ղարաբաղի հետ, այլևս չպետք է սահման լինի Իրանի ու Հայաստանի միջև, իսկ ճանապարհը դեպի Միջին Ասիա Թուրքիայի համար պետք է բացվի, և հիմա Թուրքիան կարող է Իրանին պարտադրել իր շահերը»: Կկարողանա՞ Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր պարտիան խաղալ Էրդողանի ու Ալիևի հետ եռանկյունում, ինչպես Պուտինը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ռուս փորձագիտական շրջանակում ընդունված է իրենց վերաբերող ամեն ինչ դարձնել նշանակալից, բայց դա չի վերաբերում նրան, որ եռակողմ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ներկայացվում է իբրև խաղաղության համաձայնագիր, իսկ դա նշանակում է, որ Մոսկվան մտադիր է 5 տարով այդ հարցը պահել փակուղում՝ պահպանելու իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում ու Արցախում, զուգահեռ՝ անսահմանափակ քաղաքական ազդեցությունը Հայաստանում ու մասնակի՝ Ադրբեջանում: Այո, Պուտինը շախ արեց շախմատի տախտակի վրա Էրդողանին՝ դուրս մղելով Բաքվից ու հաստատվելով Ադրբեջանի ու Արցախի տարածքում, բայց Էրդողանի համար միշտ էլ պահպանվում է մատի հնարավորությունը Սիրիայում ու Լիբիայում: Ինչ-որ պահից Ալիևը դավաճանեց Էրդողանին Պուտինի հետ, որովհետև ադրբեջանական բանակը արդեն շնչահեղձ էր լինում, իսկ Պուտինը դավաճանեց Փաշինյանին՝ Ալիևի հետ՝ պարտադրելով իր ձեռքով գրված համաձայնագիր, որի 9-րդ կետը նվեր էր Էրդողանին, որ նա էլ չհեռանա Մոսկվայի շրջագծից: Պատահակամ չէ Yeni Şafak-ը հայտարարում, որ «Իրանն այլևս սահման չունի Լեռնային Ղարաբաղի հետ, այլևս չպետք է սահման լինի Իրանի ու Հայաստանի միջև, իսկ ճանապարհը դեպի Միջին Ասիա Թուրքիայի համար պետք է բացվի, և հիմա Թուրքիան կարող է Իրանին պարտադրել իր շահերը»: Այս պատերազմի պարադոքսերից մեկն էլ Իրանի դիրքորոշումն էր: Փաստացի՝ Իրանը ևս անցավ Անկարայի ու Բաքվի կողմը, թերևս ցանկանալով փոխարենն ամրապնդվել Սիրիայում՝ Անկարան միշտ դեմ է եղել Թեհրանի ներկայությանը այնտեղ: Բայց դավաճանությունը մնում է դավաճանություն, ու Անկարան նույն մանրադրամով է վճարելու Թեհրանին: Ժամանակի հարց է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ