Հայաստանում միակ կայացած արժեքը, ցավոք, բանակն է:
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
…Եվ կանցնի 100 տարի ու 1000 տարի, ու աշխարհը կհիշի, որ 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին պատերազմ Արցախի ու Հայաստանի դեմ, և Արցախն ու Հայաստանը հաղթեցին: Մնացածը մանրամասներն են, որ կարևոր են այսօր, բայց ժամանակի մեջ մնալու է ֆանտաստիկ հաղթանակը:
Պատերազմի 10-րդ օրը ակնհայտ է՝ սեպտեբերի 27-ից անցանք մի քանի փուլեր, որ չարձանագրեցինք, բայց ամեն փուլ նշանավորում էր պատմական զարգացում ոչ միայն մեզ՝ հայկական երկու պետությունների, այլև տարածաշրջանի ու աշխարհի համար: Առաջին 3 օրը սպասման փուլն էր՝ աշխարհը սպասում էր հաղթողին: Հաղթողը մենք ենք՝ միջազգային մակարդակով արձանագրված է, որ Բաքուն չունի տարածքային ձեռքբերում: Երկրորդ փուլում աշխարհը փորձեց դադարեցնել պատերազմը ու պարտվեց, Բաքուն ու Անկարան մերժեցին: Երկրորդ փուլը ևս սպասման ժամանակ էր՝ Ադրբեջանին ու Թուրքիային ժամանակ տրվեց, որ ավարտեն արկածախնդրությունը, նրանք շարունակեցին: Երրորդ փուլում մենք մենակ ենք ու համարյա չենք սպասում, որ աշխարհը կանգնեցնելու է Էրդողան-Ալիև զույգին՝ նրանք հասկանում են ուժի լեզուն, աշխարհը հապաղում է իր իմացած ուժի միջոցները գործադրել: Եվ ուրեմն այս պատերազմը.
1. Քաղաքակրթական արժեքների պատերազմ է: Բայց ոչ մեզ համար: Մենք մեր արժեքները մի թեթև տարտղնել, բայց պահել ենք կայուն ու հաստատուն՝ հայրենիք, ընտանիք, լեզու: Սա քաղաքակրթական արժեքների պատերազմ է մեզնից դուրս աշխարհի համար: Արևմուտքը պիտի վերանայի իր պատմական արժեքները՝ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու տեսակետից ու նախ և առաջ իր համար պատասխանի հարցին՝ ունա՞կ է հաղթել, թե՞ շարունակելու է տանուլ տալ բազմամշակութայնության կեղծ քաղաքականությանը, որ սպանում է իր գենը: Քաղաքակրթական արժեքների պատերազմը առաջին հայացքից դարձել է երկու կրոնների հակադրման պայքար, բայց կրոնները իրար չեն հակադրվում ու չեն հակասում: Հակադրվում ու հակասում են քրիստոնեության ու մահմեդականության կեղծ մեկնաբանությունները: Ղուրանը մուսուլմանին չի ասում՝ սպանիր, ասում են արմատական ջիհադական տեսությունները, ազդեցության համար պայքար են մղում պայքարի այլ ոլորտներում տանուլ տված նրանց տերերը: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է. «Մենք զօրուգիշեր պայքարում ենք, որ մեր պետությունն իր արժանի տեղը գտնի այս աշխարհակարգում: Մենք օգնում ենք ճնշվածներին՝ Սիրիայից մինչև Լիբիա, Միջերկրականից մինչև Կովկաս»: Այդ պատճառով էլ օգնում են Ադրբեջանին, որովհետև «ճշված երկիր» է։ Երկու նախադասությամբ Թուրքիայի նախագահը աշխարհին է ներկայացնում իր «քաղաքակրթական արժեքները»՝ պատերազմ, ահաբեկչություն, շանտաժ՝ հանուն աշխարհակարգում արժանի տեղի: Ընդունու՞մ է աշխարհը: Փաստացի՝ այո. լռում էր, երբ Թուրքիան ֆինանսավորում էր ԻՊ-ի ջիհադականներին, նրանց նավթը փոխադրում ու վաճառում, որ զենք գնեն ու շարունակեն պատերազմել՝ ընդլայնելու իրենց խալիֆաթը: Քաղաքակիրթ աշխարհը շարժվեց, երբ Թուրքիան սկսեց փախստականներ «արտահանել» Եվրոպա, շանտաժով ԵՄ-ից միլիարդներ պոկելով, որ Բրյուսելը հաճույքով տալիս էր՝ առանց մտածելու, որ պետք է ոչ թե հետևանքը վերացնել, այլ պատճառը: ՈՒ ոչ միայն Եվրոպան: Նույնն էր անում ԱՄՆ-ը: Նույնն արեց Ռուսաստանը՝ միջամտելով Սիրիայում 2011-ին սկսված պատերազմին, բայց չփակելով Թուրքիայի ճանապարհը: Այդպես Անկարայի վերահսկողության տակ մնացին Աֆրինը, Իդլիբը, այն տարածքները, որ ավանդաբար կոչվում են նավթի ճանապարհ, իսկ երբ թեթևակի փակեց ելքը դեպի Միջերկրական, Էրդողանը որոշեց մտնել Կովկաս: Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը մի նպատակ ունի՝ թուրքական հրամանատարության տակ գտնվող ադրբեջանական բանակը՝ Սիրիայից բերված մոջահեդների աջակցությամբ, պետք է հարվածեր Արցախի հյուսիսին ու հարավին, շրջափակեր ու կտրեր Իրանից ու Հայաստանից՝ հերթական էթնիկ զտումն իրականացնելով, իմա՝ սպանելով կամ արտաքսելով հայերին իրենց հայրենիքից:
Տիպիկ թուրքական ձեռագիր՝ այդպես դատարկվեց Արևմտյան Հայաստանը, այդպես դատարկվեց Նախիջևանը: Զորավարժությունների անվան տակ Ադրբեջան բերված թուրքական զինուժն ու զինտեխնիկան, պերմանենտ ընտրություններում Իսրայելի դատարկված բյուջեն Ադրբեջանի հաշվին լցնելու Բենիամին Նեթանյահուի ագահությունը, Բելառուսի նախագահի «Շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքը, Վրաստանի անհասկանալի պահվածքը դարձան այն հենքը, որ Էրդողանն ու Ալիևը հավատան հաջողությանը: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված պատերազմը հայելի է աշխարհի առաջ, որտեղ յուրաքանչյուրը տեսնում է՝ ի՞նչ քաղաքակրթական արժեքների է դավանում՝ դեֆակտո: Եվ ինչի՞ է հանգեցրել իր «դավանանքը»: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են անում, իսկ Էրդողանը ասում է, որ նրանք իրավունք չունեն հայտարարություն անելու, հարց է առաջանում՝ ո՞վ է Էրդողանին այդ իրավունքը տվել: Ո՞չ Դոնալդ Թրամփը, ում «սիրած» բռնապետներից է Էրդողանը և փորձում է նրան օգտագործել, բայց օգտագործվում է ինքը: Ո՞չ Անգելա Մերկելը, որ տնտեսական կայունությունն ու գերմանացիների բարեկեցությունը բարձր է դասում ցանկացած արժեքից: Ո՞չ Վլադիմիր Պուտինը, որ Էրդողանին ներեց ոչ միայն ռուսական կործանիչը խփելը, այլև ՌԴ դեսպան Յուրի Կառլովի սպանությունը փաստացի ուղիղ եթերում՝ հանուն Ս-400-ներ վաճառելու ու իբր Էրդողանին ԱՄՆ-ից ու ԵՄ-ից կտրելու: Ո՞չ Ֆրանսիան, որ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբում պասիվ դիտորդի դերում էր: Էրդողանը աշխարհին փաստի առաջ է կանգնեցրել, բայց դա չի նշանակում, որ նրա բլեֆը հաջողությամբ է ավարտվելու հերթական անգամ: Այս անգամ Էրդողանը բախվել է հայկական հարցին, որ Թուրքիան երբեք չի մարսել:
2. Այս պատերազմը հայրենական պատերազմ է հայկական երկու պետությունների համար: ՈՒ հենց հիմա ու հենց այստեղ են զտվում մեր դաշնակիցներն ու թշնամիները: Հենց հիմա ու հենց այստեղ է որոշվում, թե ինչ զարգացումներ են լինելու տարածաշրջանում առաջիկա տասնամյակներում: Քաղաքական, ռազմական, տնտեսական: Ամենակարևորը՝ քաղաքակրթական: Պատերազմը ավարտվելուց հետո թե Թուրքիայում, թե Ադրբեջանում սկսվելու են քաղաքական գործընթացներ, որոնց հետևանքները ոչ ոք չի կարող կանխատեսել: Ալիևը երկրի կառավարումը հանձնել է Էրդողանին, Ադրբեջան լցված ու դեռ չսպանված մոջահեդները իրենց կարգերն են հաստատելու, գահավիժած լիրան ու մանաթը իրենց խնդիրներն են դնելու: Էրդողանը վստահ էր հաջողությանը, բայց սխալվեց, և 2023-ին ընտրության ժամանակ այդ սխալը դառնալու է ճակատագրական: Նա այլևս պետք չէ աշխարհին, անգամ կորոնահարված Դոնալդ Թրամփի վերընտրության դեպքում: Թուրքիային սպասում են պերմանենտ իշխանափոխություններ ու անկայունության տարիներ: Նույնը՝ Ալիևին, որ վիրտուալ «գրավեց» Մատաղիսն ու Մեխակավանը: Փոխարենը հարված ստացավ Գանձակին, բայց ավիաբազային, ոչ խաղաղ բնակչությանը: Միջազգային իրավունքի բոլոր նորմերի ոտնահարումով, պատերազմական ոճիրների համար Էրդողանն ու Ալիևը կանգնելու են միջազգային տրիբունալի առաջ՝ պատասխանելու հարցին, թե ինչու՞ էին գնդակոծում խաղաղ բնակչությանը Ստեփանակերտում ու Մարտակերտում, Շուշիում, ինչու՞ էին արգելված զինատեսակներով թիրախավորում քաղաքացիական բնակչությանը ու ենթակառուցվածքները: Մեր պատերազմը հայրենական է դարձել, որովհետև մեր հայրենիքը իր սահմանները չի հաշվում Հայաստանով ու Արցախով, մենք կռվում ենք ամբողջ սփյուռքով: Կորոնավիրուսի պայմաններում անգամ սփյուռքահայերը փողոց են դուրս գալիս ցեղասպան Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, ու նրանց քաղաքական, ֆինանսական աջակցությունը հզոր նեցուկ է: Անգամ իսրայելահայերը 50000 դոլար են հավաքել Արցախի համար: Կես միլիոն դոլար է փոխանցել Հայ առաքելական եկեղեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ նույն նպատակով, որտեղ արդեն 24 միլիոն դոլար է հավաքվել: Հայերը փողոց են դուրս գալիս Լոնդոնից Լոս Անջելես, ու նրանց ճանապարհը ոչ ոք չի կարող փակել՝ հայրենական պատերազմում բոլորը զինվոր են: Իսկ հայ զինվորը հաղթում է, որպես կանոն:
3. Սա այլևս հաղթական պատերազմ է, որովհետև մենք ինքնիշխան ենք ու հզոր բանակ ունենք: Հիմա հայ դիվանագիտության հաղթանակը կլինի, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ սահմանվեն պատժամիջոցներ՝ ի պատասխան մարդկության դեմ գործած ոճիրի: Հայ զինվորի ու հայ դիվանագետի հաղթանակը կլինի Արցախի Հանրապետության ճանաչումը՝ ի պատասխան պատերազմը դադարեցնելու կոչերին՝ ավելի ծանր զինատեսակներով պատերազմը շարունակելու Էրդողանի սադրանքի: Եթե նույնիսկ քաղաքակիրթ աշխարհը նորից գնա նավթի ու գազի «արժեքների» հետևից, նորից տրվի Անկարայի շանտաժին, դա ոչինչ չի նշանակում՝ մենք պահել ենք Արցախը, մենք պահել ենք Արցախի ինքնիշխանության իրավունքը ու հայի էքզիստենցիալ անվտանգության ապահովումը փաստ է, որի հետ աշխարհը չի կարող հաշվի չնստել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի միջնորդությամբ Հունաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Արևելյան Միջերկրականի հարցում, որից հետո Անկարան նորից հարձակվել է Սիրիայի վրա, իսկ Էրդողանը պահանջել է … Երուսաղեմը: Իմա՝ շատ արագ գործարկվելու է «Մեկ ազգ, մի քանի պետություն» սկզբունքը: Ալիևը պահանջում է, որ Մակրոնը զրպարտության համար ներողություն խնդրի իրենից, բայց չի պահանջում Պուտինից, թեպետ ՌԴ ԱԳՆ-ն էլ հաստատել էր մոջահեդներ Ադրբեջան բերելը: Իլյուշը սպասում է, որ Հայաստանը ներկայացնի զորքերի դուրսբերման ժամանակացույց, որ պատերազմը դադարեցնի: Հաջորդ հայտարարությունը երևի Էրդողանն է անելու, որ հայերը հեռանան Հայաստանից…
Մենք անցնում ենք պատերազմի փորձությունը, շատ ավելի դժվար է լինելու խաղաղության փորձությունը: Մենք առաջին անգամ չենք հաղթում Ադրբեջանին, հիմա ու այստեղ այսքան ծանր ու դժվար հաղթանակը, որ մեծացրեց Եռաբլուրը, իրավականորեն ամրագրելու անհրաժեշտություն ունի: Մենք պետք է վերանայենք մեր անվտագության համակարգը՝ իրական ու անիրական դաշնակիցներին զատենք իրարից և դիվերսիֆիկացնենք մեր ռազմական համագործակցությունը այն երկրների հետ, որ այս օրերին մեր կողքին էին: Հայաստանը իր անվտանգությունը կարող է ու պիտի ապահովի երկկողմ համաձայնագրերով: Բայց նախ և առաջ Հայաստանը պիտի հզորացնի իր տնտեսությունը՝ մի կողմ դնելով տարատեսակ «պայքարները», «բնապահպանությունը» ու վիրտուալ պատկերացումները: Մեզ սպասում են վերականգնումի դժվար տարիներ, երբ պետք է նորից կառուցել Ստեփանակերտն ու Մարտակերտը, Շուշին, վերականգնել ավերված բնակավայրերը ու մարդկանց համար ապահովել նորմալ կենսապայմաններ, որ չբռնեն սփյուռքը արհեստականորեն մեծացնելու հեշտ ճանապարհը: ՈՒ շատ մեծ հարց է, եթե առաջին հաղթանակից հետո Հայաստանի իրարահաջորդ իշխանությունները կարողանային զարգացնել տնտեսությունը՝ ոչ թե երկնիշ աճ ապահովելով շինարարության ու սպասարկման ոլորտի հաշվին, այլ արտադրության զարգացմամբ, որքա՞ն կլիներ այսօր Հայաստանի բնակչությունը, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի տնտեսությունը և ի՞նչ ռիսկով մեզ վրա կհարձակվեին Թուրքիան ու Ադրբեջանը: Բայց դրա համար մեր ազգային օրացույցում չպիտի լիներ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Խաղաղության աղավնին իրականում գիշատիչ թռչուն է, որ պահանջում է պատերազմ խաղաղության համար, մանավանդ մեր գիշատիչ հարևանների կողքին ու մեր գիշատիչ ժամանակներում, որ 100 տարի ու 1000 տարի հետո չեն հիշվելու իրենց դժվարություններով, հիշվելու են ՀԱՂԹԱՆԱԿՈՎ: Եվ փաստով, որ հայ ԶԻՆՎՈՐԸ մեր ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊՆ է, բայց պարսպից այս կողմ պետք է հզոր տնտեսություն ՝ հաղթելու համար: Ողջ լերուք: