Հաղթում ենք
02.10.2020 | 00:39
«Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»։
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Ամեն պատերազմ ունի իր յուրօրինակությունը, սկիզբն ու ընթացքը, ավարտի նախապայմանները: 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվածը առանձնահատուկ պատերազմ է դարձնում ոչ միայն փաստը, որ մենք մենակ կռվում ենք Թուրքիայի (բնակչությունը 2019-ին՝ 83154992) ու Ադրբեջանի (բնակչությունը 2019-ին՝ 10490428) դեմ, այլև պատերազմի նպատակը: Առաջին հայացքից՝ խնդիրը Լեռնային Ղարաբաղն է: Իրականում ամեն կողմն ունի իր նպատակները:
Ադրբեջանը կռվում է, որ Բաքվում շարունակի իշխել Ալիև-Փաշաևների դինաստիան, բայց պատերազմի ավարտին Ադրբեջանը կարող է այլևս չլինել, դա կանի Էրդողանը: Թուրքիան կռվում է, որ վերջին սոցհարցումներով բնակչության մեծամասնության աջակցությունը կորցրած Էրդողանը 2023-ին վերընտրվի: Տնտեսական անկման ու լիրայի արժեզրկման (Արցախում պատերազմին Թուրքիայի մասնակցության պատճառով լիրան նորից «թեթևացավ») պայմաններում Էրդողանն ունի մեկ ռազմավարություն՝ ներքին խնդիրները լուծել արտաքին քաղաքականության մեջ, բայց Շոյգուն հայտարարեց, որ Սիրիայից ամբողջությամբ վտարված է ԻՊ-ը, թարգմանաբար՝ թուրքերն անելիք չունեն Սիրիայում, Ֆայեզ Սարաջը հրաժարական տվեց Լիբիայում, Էրդողանը կորցնում է Միջերկրականում ջրային սահմանների փոփոխության շանսը: Արտաքին պատերազմներում Թուրքիան տանուլ է տալիս բոլոր ճակատներով՝ այդ թվում՝ Արցախի: Էրդողանին 1000 տարի պետք չեն Ադրբեջանի «օկուպացված» շրջանները, նրան Հայաստանն է պետք՝ տարածաշրջանի գերտերություն դառնալու իդեա ֆիքսով: Էրդողանը պետք է սպառի պատերազմի «բիոզանգվածը»՝ իր շահած-պահած վարձկաններին, որ Մերձավոր Արևելքում կորցրել են պահանջարկը, իսկ Անկարան այլևս փող չունի նրանց պահելու: Ի՞նչ է մեզ համար հաղթանակը: Մի կողմ թողնելով պաթոսը, Բաքու հասնելու կոչերը, պրագմատիզմը պահանջում է արձանագրել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հաստատված տարածքների պահպանումը՝ նվազագույն կորուստներով ու թշնամուն առավելագույն կորուստներ պատճառելով՝ լինելու է 2020-ի սեպտեմբերյան պատերազմի հաղթանակը:
Անկարան ու Բաքուն մերժել են ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Ռուսաստանի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, Հռոմի պապի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, տասնյակ երկրների նախագահների, վարչապետերի, խորհրդարանների հրադադարի հորդորը: Նրանք չեն դադարեցնում կրակը: Թեև կոչերը պարիտետային են՝ ուղղված երկու կողմերին, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երբ հարձակվողը շարունակում է կրակել, պաշտպանվողը չի կարող կրակը դադարեցնել: Դա սպանության կվերածվի՝ մի կողմից, ինքնասպանության՝ մյուս:
Առաջին շոկից հետո ուրվագծվեցին մի քանի իրողություններ.
1. Հայ ժողովրդի միասնությունը քաղաքական չէ, կուսակցական չէ, վերահսկելի չէ, կանոնակարգվող չէ, ինքնաբուխ է ու համատարած:
2. Ապարդյուն են համախմբումը այս ու այն կուսակցության դրոշի տակ խցկելու փորձերը, այս ու այն երկրին կապելու ջանքերը:
3. Ժողովուրդը բնազդով կամ հավաքական իմաստնությամբ ոտքի է ելնում, երբ պետք է պաշտպանել հողը, պետությունը, ինքն իրեն ու իր ազատությունը:
Բոլոր նրանք, որ այս պարզ ճշմարտությունները չեն հասկանում, իզուր են աղմկում քաղաքական ասպարեզում:
Ի՞նչ վտանգներ կային անցած օրերին.
1. Բանակն Արցախում կնահանջի՝ լավ ծրագրված հարձակմանը չկարողանալով դիմակայել:
2. Ադրբեջանը կամ Թուրքիան երկրորդ-երրորդ ճակատ կբացեն՝ հարձակվելով Հայաստանի Հանրապետության վրա:
3. Կարող է սկսվել խուճապ:
Բանակը դիմակայեց՝ երկրորդ բլիցկրիգը ձախողվեց, Զաքիր Հասանովի «22 րոպեն» վաղուց սպառվել է, երրորդ օրը Հայաստանի վրա հարձակվելու փորձեր եղան, ստացան արժանի հակահարված, խուճապի հետք չկա:
Հայաստանում այս օրերին ամենից շատ խոսող պաշտոնյան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է, նրա հարցազրույցները օրեցօր դառնում են կոնկրետ: Եթե առաջին օրերին ասում էր, որ հայկական կողմերը պատրաստ են փոխզիջումի և հարցի լուծումը տեսնում են խաղաղ բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, BBC Newshour-ի կոնկրետ հարցին՝ «Որքանո՞վ եք մտահոգված, որ այս հակամարտությունում կարող է լինել թուրքական ֆիզիկական միջամտություն» պատասխանում էր. «Դա ավելի մեծ ռիսկ է, որը լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար. դա ողջունելի չէ այս տարածաշրջանում»: Ճշտող հարցի՝ «Եվ ինչպիսի՞ն կլիներ Ձեր պատասխանը, եթե դա պատահեր»՝ պատասխանն էր. «Այդ դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ»: Դիվանագիտական լեզվով սա սենսացիա է, որը նշանակում է՝ Հայաստանը «Հաղթելու ենք» մտադրությունից անցել է «Հաղթում ենք» փաստին: Արցախում այս օրերին ամենից շատ խոսող պաշտոնյան նախագահ Արայիկ Հարությունյանն է: Սեպտեմբերի 29-ին նա ասաց՝ որ դեպքում պատերազմը կավարտվի. «Մենք պետք է կարողանանք հակառակորդին զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես ունեցել ենք 92-94-ին, այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական կոմպրոմիսների, զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»: «Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պետք է պարտադրենք զինադադար»՝ հայտարարեց Արցախի նախագահը, և սա այն ելակետն է, որտեղից Հայաստանը կվերադառնա բանակցությունների սեղան: Այլապես՝ չկա երաշխիք, որ ամեն երկրորդ ամիս նույնը չի կրկնվի:
Պատերազմի երրորդ օրը հստակ շեշտադրումներ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանը այս պահին ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում, չի դիտարկում Արցախ խաղաղապահների մտցնելու հնարավորությունը, այս պահին մերժում է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով հանդիպումը, քննարկում է Արցախի Հանրապետությունը ճանաչելու հնարավորությունը: Սա շրջադարձ է՝ պատերազմների ու հետպատերազմյան բանակցությունների պատմության մեջ՝ թելադրված նոր իրավիճակով ու նոր պայմաններով: Նախ՝ այս ամբողջ ընթացքում ՌԴ նախագահը չզանգահարեց Էրդողանին կամ Ալիևին, ոչ էլ ՌԴ ԱԳ նախարարը պատասխանեց Չավուշօղլուի հայտարարություններին, իմա՝ Մոսկվան իր դերը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա շրջադարձ է դեպի կոնֆլիկտի կարգավորման հարթությունում համանախագահների հավասար ազդեցություն: Նրանք պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը և դադարեն դատարկ հայտարարություններով գլուխ ազատել՝ Թուրքիան իր մոջահեդներին վաղն իրենց երկրներ է ուղարկելու:
Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ անդամները դռնփակ քննարկեցին Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեդին Ալթունը նիստից առաջ Թվիթերում հույս էր հայտնել որ ԱԽ-ն ունակ է կոնֆլիկտի լուծման հիմք ստեղծել և Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին վերադարձնել «օկուպացված տարածքները»: Թե ինչ է դա նշանակում, ավելորդ է բացատրել, Անկարա-Բաքու տանդեմն ակնկալում էր կապիտուլյացիայի կոչ Հայաստանին: Չստացավ: ՄԱԿ-ի ԱԽ-ն խստորեն դատապարտում է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց նախապայմանի: Հակամարտության հրատապ քննարկում է եղել և ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ 57 երկրների մասնակցությամբ: Խորհրդի նախագահող երկրի` Ալբանիայի դեսպան Իգլի Հասանին տագնապ է հնչեցրել իրավիճակի սրման և շարունակվող բախումների առնչությամբ ու կոչ արել անհապաղ վերջ տալ իրավիճակի սրմանը: Ընդամենը: Երկուշաբթի Ֆրանսիան հայտարարել էր. «Առաջիկա օրերին մենք զարկ կտանք Մինսկի խմբի գործունեության համակարգմանը` պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, ով է մեղավոր, փորձելով ելքեր գտնել»: Մակրոնը տագնապած է Թուրքիայի «չմտածված ու վտանգավոր հայտարարություններից» և՝ «Ես ասում եմ Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան կկատարի իր դերը»: Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճերը սկսած Թրամփը, որ «լավ բարեկամներ ուներ» տարածաշրջանում պատերազմը կանգնեցնելու» դեռ լուռ է: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեն Թուրքիայի դեմ: Վերջապես լսվեց և Իրանի ձայնը՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, անդրադառնալով լուրերին, որ «PPK-ի, Փեժակի ահաբեկիչներ», Սիրիայից վահաբական ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս, հայտարարել է. «ԻԻՀ-ն ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը»: ԱՄՆ-ից Եվրոպա ու Արևելք՝ ԶԼՄ-ները գրում են Թուրքիայի միջամտության մասին՝ հաստատելով, որ Անկարան ամսական 1000-1500 դոլար վարձավճարով մոջահեդներ է Սիրիայից փոխադրել Ադրբեջան: Անկարան ու Բաքուն հերքում են, բայց կարևորը փաստի ընդունումն է՝ քանի Թուրքիայի նախագահն է միջազգային ահաբեկիչ ու սադրիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, աշխարհում խաղաղությունն ու կայունությունը վտանգված են:
Շնորհիվ Անկարա-Բաքու նոր արկածախնդրությանը հայկական բանակի ՀԱՄՈԶԻՉ ու ԱՆԵՐԿԲԱ պատասխանի՝ ունենք նոր իրողություն,
1. Աշխարհը լսում ու ընկալում է Արցախի հարցում հայկական դիրքորոշումը:
2. Հայկական դիվանագիտությունը հաղթում է թուրք-ադրբեջանական տանդեմին:
3. Ռուսաստանը փոխում է Արցախի հարցում իր դիրքորոշումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Երբ ՄԻԵԴ-ից ՄԱԿ, ԱՄՆ-ից ԵՄ որոշումներ են կայացնում, որ կրակը պիտի դադարեցվի, իսկ Էրդողանն ու Ալիևը իրենց մոջահեդներով ու յաշմաներով շարունակում են կրակել՝ սպանվել ու սպանել, ժամանակն է, որ աշխարհը հասկանա՝ Հայաստանն ու Արցախը չեն հանձնվելու: Եթե Թրամփից Պուտին, Մակրոնից Ցզին Պին, իրենք իրենց հարգում են, պիտի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը՝ իբրև պատասխան Էրդողան-Ալիևին: Մնացածը խաղեր-խաղիկներ են՝ ներսում ու դրսում, երբ ոմանք հուզմունքից խզված ձայնով պատմում են, որ ՌԴ Պետդուման հարցը քննարկեց, բայց չեն ասում, որ Ժիրինովսկին առաջարկեց Ղարաբաղը վերցնել Ռուսաստանին, ոմանք էլ ՀԱՊԿ-ին են Հայաստան կանչում, որ իրենց շահերը պաշտպանի, ոչ թե Հայաստանը: Իսկ զինվորները, որ ոչ միայն զենքը ձեռքին են կռվում, այլև ամենուր հողը Հայրենիք են պահում, ժամանակ չունեն նրանց խաղեր-խաղիկներին ուշադրություն դարձնելու՝ նրանք գործ են անում: Մենք հաղթում ենք: ՈՒ մենք շատ ավելի շատ ենք, քան մեզ հաշվում ենք, մենք երկնքում ունենք միլիոնուկես սրբադասված զինվոր, երկրի վրա՝ նրանց ժառանգներին: Ողջ լերուք: Հաղթում ենք: Հին-նոր, սև-սպիտակ, կաշառակեր ու կաշառատու, կոռուպցիոներ ու հանցագործ, նախորդ ու ներկա՝ պատերազմի ժամանակ զինվոր են բոլորը: Այս մի քանի օրը ապացուցեց՝ ինչքան շինծու էր մեր օրակարգը, ինչքան սխալ էին գերակայությունները, երբ գլխավոր խնդիրը պետք է լիներ տնտեսության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը: Եվ հիշեք՝ 2021-ին լրանում է Կարսի պայմանագրի 100 տարին, պայմանագիրը պետք է վերանայվի…ՈՒ Թուրքիան այլևս այն պետությունը չէ, որ որոշում է հայի ու Հայաստանի ճակատագիրը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ