Կորոնահամաճարակն ու դրա հետևանքները
01.05.2020 | 00:44
Մենք, ինչպես ողջ աշխարհը, գտնվում ենք կորոնահամաճարակի ու դրա հետևանքների ազդեցության տակ։ Որքա՞ն կշարունակվի այս ընթացքը, միայն ենթադրություններ կարելի է անել։ Ինչպիսի՞ն կլինեն այդ ազդեցությունները, դրանց խորությունն ու տևականությունը։ Ծանր, իհարկե, և դժվարություններով լի, բայց ոչ միայն։ Խնդիրները շատ են և ավելանալու են։ Առողջապահական և բարոյահոգեբանական խնդիրներին զուգահեռ ոչ պակաս լրջությամբ առարկայանում են նաև տնտեսական խնդիրները։ Դրանք վերաբերում են բոլոր երկրներին, բոլոր հասարակություններին։ Դրանց դիմակայելու, հաղթահարման ռազմավարությունը յուրաքանչյուրն իր համար ընտրելու է` ելնելով իր երկրի ֆինանսական, տնտեսական, մարդկային, աշխարհաքաղաքական, մտավոր ռեսուրսներից և դրանց տիրապետելու, կիրառելու ունակությունից։ Իհարկե հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն և խորքում բազմաթիվ հարցեր են ենթադրում, որոնց ամբողջական լուծումը միայն թույլ կտար դուրս գալ հիմնական խնդրի հարթություն, եթե իհարկե այդ ընթացքում չենք կորցնում սկզբնապատճառի գիտակցումը։ Դեռևս համաճարակի ընթացքում մենք կունենանք քաղաքացիների սոցիալական վիճակի բարդացում։ Կառավարությունը ինչ-որ միջոցներ (փաթեթային կամ հասցեական) ձեռք է առնում, բայց թե դրանք ինչ ազդեցություն կունենան այդ տագնապի առաջն առնելու գործում, ժամանակը ցույց կտա։ Մի բան պարզ է, որ կավելանա գործազրկությունը, կարիքավորների հոգսերը սովորականից շատ կլինեն։ Դրան ի հավելումն մենք ունենք նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ խնդիր, որի ազդեցության մեղմման ուղղությամբ կառավարությունը կարծես ոչ մի բան չի ձեռնարկում և պատրաստակամություն էլ չի դրսևորում։ Խոսքը անկախության տարիների մեր քրոնիկ հիվանդության, արտերկիր աշխատանքի և ապրուստի միջոց վաստակելու մեկնող մեր հայրենակիցների մասին է։ Հասկանալի է, որ անգամ համաճարակի ավարտից հետո դեռ երկար ժամանակ կպահպանվեն այլ երկրներ մուտքի-ելքի սահմանափակումները։ Այսինքն, այդ մարդիկ զրկված են լինելու աշխատանքի, հետևաբար նաև իրենց ընտանիքների ապրուստն ապահովելու հնարավորությունից։ Նրանց թվի մասին դատելու համար բավական է հայացք գցել այն դրամական փոխանցումների ծավալներին, որոնք տարիներ շարունակ, որպես նրանց աշխատանքի արդյունք, փոխադրվել են մեր երկիր։ Դա մոտավոր պատկերացում է տալիս, թե ինչ խնդրի հետ գործ ունենք։ Կարող ենք արձանագրել պարզապես, որ մեր աշխատունակ քաղաքացիների մի ստվար զանգված, որ սովորաբար դուրս էր գալիս երկրից, իշխանություններին ազատելով իր մասին մտածելու հոգսից, մնալու է տանը` բազմապատկելով գործազուրկների թիվը և չեղարկելով տրանսֆերտների մուտքը երկիր։ Պետությունը իր օժանդակության ծրագրերի կառուցման համար հենվում է սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքների արդեն հայտնի, արձանագրված տվյալների վրա։ Եվ մեծ հաշվով այս մարդիկ դուրս են մնալու այդ ծրագրերից, ինչն անկասկած սոցիալական լարվածության և դժգոհությունների առիթ է դառնալու։
Մեր կարծիքով` իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել այդ տագնապը փարատելու ուղղությամբ։ Նրանք մեր քաղաքացիներն են, և առաջացած խնդիրները նրանց ձեռքի գործը չեն։ Ավելին, երկար տարիներ իրենց արտագնա աշխատանքով նրանք իշխանություններին շատ հոգսերից են ազատել։
Թե ինչ կձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ մեր իշխանությունները, ժամանակը ցույց կտա։ Մենք մեր հերթին առաջարկում ենք մի ծրագիր, որը, մեր կարծիքով, ուշադրության արժանի է։ Հույս ունենք, որ պետական պատկան մարմինները ճիշտ կարձագանքեն և կընտրեն այդպիսի ճանապարհ։
Խնդրի լուծումը մենք տեսնում ենք երկրի ներսում նրանց աշխատանքով ապահովելու մեջ։ Այդ գործն անելու երկու տարբերակ կա։ Առաջին. աջակցել, որ նրանք ինքնուրույն ինչ-որ գործ նախաձեռնեն։ Երկրորդ. նախաձեռնել պետական ծրագիր, որը կլուծի պետության մի խնդիր, միաժամանակ գործազուրկ մնացած շերտն էլ կապահովի աշխատանքով ու կայուն եկամտով։
Ըստ ժամանակակից մտածողության (ինչը մենք չենք կիսում)` պետությունն ինքը աշխատատեղեր չի ստեղծում, պետությունն ստեղծում է միջավայր, որտեղ մասնավորը կարողանում է «գործ դնել»՝ դառնալով գործատու և իր նման մի խումբ մարդկանց նույնպես ապահովել աշխատանքով ու ապրուստի միջոցով։
Արդյո՞ք այդպիսի հեռանկարն իրական է։ Ըստ մեզ՝ ոչ։ Այդպիսի միջավայրի պարամետրերը հետևյալն են. առաջին՝ բավարար քանակով էժան և երկար փողեր, երկրորդ՝ գնողունակ շուկա։ Այլ կերպ ասած՝ շատ ցածր տոկոսներով և երկար ժամանակով տրվող փող և շրջանառու միջոցների արագ վերադարձելիություն։
Այն միջոցները, որ անհրաժեշտ են կայուն և շահութաբեր գործ հիմնելու հարցում, մեր պետական համապատասխան կառույցների համար հսկայական թվեր են և նրանք պատրաստ չեն այդպիսի գումարներ տրամադրելուն։ Կայուն և շահութաբեր գործ ասելով մենք նկատի ունենք այն գործը, երբ դրա տերը կախված չէ խոշոր ներկրող-արտահանողի քմահաճույքից և չի ընկնում նրա գնային քաղաքականության տակ։ Նման բիզնես հիմնելու համար անհրաժեշտ կլինի կեսից մինչև մեկուկես միլիոն դոլար։ Եթե ընդամենը հազար, հազար հինգհարյուր մարդ նման ցանկություն դրսևորի, պատկերացրեք, թե ինչ գումարների կարիք կառաջանա։ Մեր խորին համոզմամբ` ՀՀ կառավարությունը նույնիսկ դրա քառորդ մասին չի գնա երկրում իրական տնտեսական միջավայր ձևավորելու համար։ Խելացի գոմերի մակարդակի «տնտեսական» ծրագրերի համար որոշակի գումարներ կփոշիացնեն, արդյունքում վարկառուին թողնելով բանկերին՝ հոշոտելու, բայց դա ուրիշ թեմա է։ Քանի որ այդ գումարները փոքր չեն լինելու, պետությունը կհրաժարվի նաև դրանց տոկոսադրույքների սուբսիդավորումից։ Դա նշանակում է պատային վիճակ, այն, ինչ ունենք այսօր մեր մասնավոր բանկերի և իրական տնտեսության միջև։
Այս դեպքում ավելորդ է խոսել նաև գնողունակ շուկայի մասին, որպիսին ներսում մենք չունենք, իսկ դրսի հետ աշխատելու դեպքում դա նշանակում է լրացուցիչ ժամանակ և լրացուցիչ վարկային բեռ։
Մնում է երկրորդ տարբերակը, երբ պետությունն ինքն է ձեռնարկում մի ծրագիր, որը թույլ կտա այդ մարդկանց ապահովել աշխատանքով ու եկամտի աղբյուրով։
Այդպիսի ծրագրի նախաձեռնման համար պետությունը պետք է ունենա համապատասխան լծակներ։ Առնվազն պետական բանկային համակարգ, որը կարող է անկորուստ, առանց տոկոսադրույքները մասնավոր բանկերին բաշխելու, տնօրինել ներգրավված միջոցները։ Նման օրենսդրական քայլեր չենք կարող ակնկալել այս կառավարությունից, հետևաբար դա նույնպես գործող տարբերակ չի կարող լինել։
Այս դեպքում կա ևս մեկ տարբերակ, որը թույլ կտա պետությանը լուծել այդ խնդիրների հանգույցը՝ ունենալ փող կոնկրետ նպատակի համար, ապահովել մարդկանց գործով և եկամուտով, լուծել պետական կարևորության խնդիր։
Տարբերակը առևտրային բանկերից այդ ծրագրի համար անհրաժեշտ ծավալով ֆինանսական միջոցների ներգրավումն է։ Ինչ կերպ՝ կներկայացնենք քիչ հետո։
Այժմ ներկայացնենք այն ծրագիրը, որը, մեր կարծիքով, կարող է միավորել այդ խնդիրները և վստահաբար տանել լուծման։ Խոսքը շինարարության մասին է։ Գաղտնիք չէ, որ սեզոնային աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների առավելագույն մասը արտերկրում աշխատում է շինարարության ոլորտում։ Այսինքն շինարարությունը թույլ կտա մնալ տանը և աշխատել արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասին։ Գաղտնիք չէ նաև այն փաստը, որ մեր երկրում, չնայած երկրից արտագաղթածների մեծ թվին, շատ մեծ թիվ են կազմում բնակարանի կարիք ունեցողները, հատկապես` երիտասարդության շրջանում։ Հայտնի է նաև, որ նրանց մեծ մասին այդ կարևոր խնդրի լուծումն անհասանելի է կառուցվող «էլիտար» տների աներևակայելի բարձր գների պատճառով։
Այսպես ուրեմն, խոսքը բնակարանային լայնամասշտաբ շինարարության մասին է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, հատկապես՝ գյուղական համայնքներում։
Ինչ խնդիրներ պետք է լուծվեն այդ ծրագրի կատարումը երաշխավորելու համար։ Շինարարական ներուժ, այսինքն մասնավոր շինարարական կազմակերպություններ, որոնք նախ կարող են իրականացնել այդ ծավալի աշխատանքներ, երկրորդ՝ կիրականացնեն պետության առաջարկած պայմաններով։
Շինարարական ներուժ մենք ունենք, իսկ որակյալ կադրերի պակասը կլրացնեն նրանք, որոնց համար նախաձեռնվում է այս ծրագիրը։ Պետությունը, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, նաև, որ առանձնապես ծանր բեռ չի վերցնում իր ուսերին, շինարարների համար կարող է ստեղծել հարկային արտոնյալ պայմաններ։ Ասենք, ազատել նրանց շահութահարկից և սոցվճարներից։ Նույնիսկ՝ կիսել ԱԱՀ-ի դրույքաչափը։
Քաղաքացուն բնակարանը կարող է վաճառել 1 քմ-ի համար սահմանելով 200000 դր արժեք։
Հիպոթեկային վարկերը կարող են ձևակերպվել տասը տարով և անտոկոս։ Այսինքն, քաղաքացին կվճարի միայն մայր գումարը։
Ֆինանսական միջոցների ներգրավման մասին։ Պետությունը, իմ համեստ կարծիքով, առանց բարդությունների կարող է առևտրային բանկերի հետ համաձայնեցնել և հինգ տոկոս տարեկան տոկոսադրույքով ներգրավել վարկային միջոցներ։ Անհրաժեշտ գումարների տրամադրումը ողջ տարվա կտրվածքով նրանց համար նույնպես կլինի եկամտաբեր առաջարկ։ Ներգրավված գումարների տոկոսադրույքների վճարումը պետությունը կվերցնի իր վրա։
Այժմ ենթադրենք, որ պետությունը որոշում է գործարկել այս ծրագիրը և ներգրավում է 200 մլն դոլար գումար, տասը տարով, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։
Այդ գումարով հնարավոր կլինի կառուցել 500000 քմ բնակմակերես` առնվազն 6000 ընտանիքի հնարավորություն տալով մատչելի գնով ձեռք բերելու բնակարան։
ԱԱՀ-ի տեսքով պետական գանձարան կվերադառնա 20-40 մլն դոլար գումար, դրա միջոցով էլ հնարավոր կլինի կառուցել ևս 1000-ից ավելի բնակարան։ Սա արդեն` լրիվ պետության հաշվին և անհատույց՝ վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների համար։
Պետության վերահսկողությունը ծրագիրն իրականացնող շինարարական կազմակերպությունների վրա պետք է արտահայտվի շինարարության որակի խստագույն վերահսկողությամբ և աշխատակիցներին պատշաճ վճարման պահանջով։ Պետության բեռը կլինի տարեկան 10 մլն դոլար տոկոսադրույքի վճարումը տասը տարվա ընթացքում։
Արդյունքում պետությունը մեկ-մեկուկես տարվա ընթացքում նվազագույնը տասնհինգ հազար մարդու կապահովի աշխատանքով, գրեթե այդքան մարդ էլ կողքից կներգրավվի աշխատանքի մեջ։ Նույնքան ժամանակով շինարարները կծանրաբեռնվեն պատվերով։ Կլուծվի 7000 ընտանիքի բնակարանային խնդիր։
Առողջ եղեք։
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
Մեկնաբանություններ