ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գերմանական անոմալիա

Գերմանական անոմալիա
06.04.2020 | 12:32

COVID-19-ի պանդեմիայի պայմաններում Գերմանիան օրինակելի է եվրոպական երկրների մեջ: Ինչպե՞ս է Գերմանիային հաջողվում վերահսկել աննախադեպ սանիտարական ճգնաժամը, երբ երկրում կարանտինը մասնակի է: Փորձագետների կարծիքով՝ շնորհիվ զանգվածային տեստավորման և հիվանդանոցների բուժսարքավորումներով հագեցվածության: Ապրիլի 3-ի տվյալներով՝ COVID-19-ից մահացել է 1017 մարդ՝ 79 696 վարակակիրների դեպքում (մահացության մակարդակը՝ 1,3%): Ֆրանսիայում հիվանդանոցներում մահացել է 4503 մարդ, 884-ը՝ տարեցների տներում: Վարակակիրների հաստատված թիվը՝ 59 105 մարդ (մահացության մակարդակը՝ 7,6%):


«Գերմանիայում այդքան քիչ է մահացությունը (կորոնավիրուսի հետևանքների պատճառով) վարակակիրների թվի համեմատությամբ, որովհետև մենք զանգվածային լաբորատոր ախտորոշում ենք անցկացնում»՝ մարտի 26-ին ասել է Բեռլինի Charité հիվանդանոցին կից վարակաբանության ինստիտուտի տնօրեն Քրիստիան Դրոստենը: Գերմանիան, ի տարբերություն եվրոպական շատ երկրների, ընտրել է հարավկորեական մոդելը և իրականացնում է զանգվածային տեստավորում՝ 300-500 000 շաբաթական: ԱԳ-ն հայտարարել է, որ մտադիր են տեստավորվածների թիվը հասցնել օրական 200 000 և տեստավորել բոլորին, որ, գուցե, շփվել է COVID-19-ով վարակվածի հետ: «Մենք շատ տեստեր ենք անում և սկսել են տեստավորել համաճարակի տարածման վաղ շրջանից» Mediapart-ը մեջբերում է բեռլինցի միկրոկենսաբան Օլֆերտ Լանդտին: Նրա խոսքով՝ լաբորատորիաները «բավականաչափ շուտ» են տեստեր պատվիրել և պատրաստ էին զանգվածային տեստավորման: «Իշխանությունները հենվում են ամբողջ երկրում գործող անկախ լաբորատորիաների վրա: Հունվարից բոլոր լաբորատորիաները ստացել են տեստերի արտադրության մոդելներ»՝բացատրել է France Télévisions խմբի Գերմանիայի թղթակից Լորան Դեբոնեն: Համեմատության համար՝ Ֆրանսիայում տեստավորում են միայն լուրջ ախտանիշներով պացիենտներին: Երկրում չեն հերիքում տեստերը, որովհետև մեծ մասն արտադրվում է արտասահմանում: Մարտի 24-ին առողջապահության նախարար Օլիվիե Վերանը խոստացավ, որ ապրիլի վերջին Ֆրանսիայում կտեստավորվի օրական 50000 մարդ: Մարտի վերջի տվյալներով՝ օրական տեստավորվել է 12000 մարդ:


«Մենք ունենք հոյակապ առողւապահական համակարգ, գուցե լավագույններից մեկն աշխարհում»՝ հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ մարտի 18-ին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Գերմանիայում կա 28 000 վերակենդանացման բաժնի մահճակալ, 25 000-ը միացված է արհեստական օդափոխության համակարգերին: Աշխարհում այդ սարքերի երկու ամենամեծ արտադրողները Գերմանիայում են՝ Draeger-ը և Löwenstein-ը: Ֆրանսիայում կա ընդամենը 5000 նման մահճակալ, որով բացատրվում է վերակենդանացման բաժինների գերծանրաբեռնվածությունը: Փարիզի շրջանում 1500 տեղից 1300-ը արդեն զբաղված են: Էլզասի ծանրաբեռնված հիվանդանոցներից հատուկ գնացքներով հիվանդներին այլ հիվանդանոցներ են տեղափոխում: Գերմանիան ծանր հիվանդների է ընդունում Ֆրանսիայից ու Իտալիայից: Մարտի 28-ին Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարեց, որ իշխանությունները մտադիր են այդ մահճակալների թիվը հասցնել 14-14,5 հազարի: Փոխնախարար Ժերոմ Սալոմոնի խոսքով՝ դա հնարավոր է անել վիրահատական բլոկների կամ շտապ օգնության մեքենաների հաշվին: Մարտի 31-ին նախագահ Էմանուել Մակրոնը խոստացավ, որ մինչև մայիսի վերջ երկրում կարտադրվի թոքերի օդափոխության 10000 նոր սարք: Ֆրանսիայում ստեղծվել է նոր կոնսորցիում, որտեղ ընդգրկվել են Air Liquide, PSA (Peugeot Citroën) մեքենաշիական կոնցեռնը, Schneider Electric-ը և ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող Valeo-ն: Ֆրանսիայի առողջապահության համակարգը համարվում է աշխարհում ամենաարդյունավետներից մեկը, բայց պետական հիվանդանոցները աննախադեպ ճգնաժամ են ապրում արդեն մեկ տարուց ավելի և վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածության, ֆինանսավորման, սարքավորումների ու բուժաշխատողների պակասի մասին ահազանգերը սկսվել էին պանդեմիայից շատ առաջ:
RFI


Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան փառահեղ չէ՝ նախ նույնիսկ կանցլեր Անգելա Մերկելը ստիպված էր ինքնամեկուսանալ՝ կորոնավիրուսակիր բժշկի հետ շփումից հետո: Եվ բոլոր այդ տեստավորումները, ի տարբերություն Ֆրանսիայի, անվճար չեն արվում, պարզապես կենսամակարդակը թույլ է տալիս շատերին տեստավորվել: Խանութներից մթերքները չեն պակասել, բայց կարանտինային միջոցներ են ձեռնարկվել՝ մարդկանց կուտակումները կանխելու ու շփումները դադարեցնելու համար: Ուսումնասիրությունները վկայում են, որ Գերմանիայում վարակակիրները երիտասարդներն են, ու մասամբ դրանով է բացատրվում մահացության ցածր տոկոսը: Մասնագետները, սակայն, չեն բացառում, որ համաճարակի տարածման հետ մահացության թվերը Գերմանիայում էլ կարող են աճել: Հուսանք, որ նրանք սխալվում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ