Իրան, Մերձավոր Արևելք, Արևմուտք. երազելը վնաս չէ
10.03.2020 | 01:26
Երբ մենք մեր թերթի մարտի առաջին երկու համարում, ողջունելով Սիրիայի խորհրդարանի որոշումը Թուրքիայում Հայոց եղեռնի ճանաչման ու դատապարտման մասին, նշում էինք, որ Սիրիան դեռ երկար ժամանակ կլինի միջազգային կյանքի օրախնդիր քաղաքական թեմա, ազնվորեն խոստովանենք, նույնիսկ չէինք ենթադրում, թե ինչքան ճիշտ ենք։ Իսկ Թուրքիան նետվեց Սիրիայից վրեժ լուծելու, գուցե միաժամանակ «վախեցնելու» Ռուսաստանի և Իրանի՝ Սիրիայում տեղաբաշխված զինծառայողներին։ Բայց այդ հարցը, ցավոք, առայժմ հնարավոր չէ մինչև վերջ բացահայտել, թեև արդեն մարտն է, ոչ թե փետրվարը, երբ Սիրիան ճանաչեց թուրքական հանցագործությունները մեր ազգի նկատմամբ։ Գիտենք, որ մարտի 5-ին Էրդողանն այցելել է Մոսկվա, թեև իր գործընկերներ Պուտինին ու Ռոհանիին հրավիրում էր Անկարա՝ քննարկելու իրադրությունը Սիրիայում, հատկապես հյուսիսային Իդլիբ նահանգում։ Բայց երկուսն էլ կտրականապես հրաժարվեցին Թուրքիա գնալուց, և Էրդողանն ստիպված ընդունեց Պուտինի հրավերը, թեև տվյալ դեպքում դա ոչ թե հրավեր էր, այլ ավելի շատ իսկական զինվորական հրաման։ Եվ Էրդողանը չկարողացավ անտեսել այդ հրամանը. չէ՞ որ ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ Անկարային բացահայտորեն մեղադրեց ահաբեկիչներին պաշտպանելու մեջ։
Մարտի 4-ին ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է չկատարել Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրով իր ստանձնած պարտավորություններն ու զինում և աջակցում է Իդլիբի ահաբեկչական խմբավորումներին։ «Տեղի է ունեցել ահաբեկիչների ամրացված շրջանների սերտաճում փոխհամաձայնությամբ տարածված թուրքական դիտակետերի հետ»,- ասել է Կոնաշենկովը։ Նա հիշեցրել է, որ, ի պատասխան ահաբեկիչների զանգվածային հարձակման, «15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Սոչիի համաձայնագրերն ստիպված իրագործել են արդեն Սիրիայի կառավարական զորքերը»։ Այսինքն, «Աստանայի գործընթացի» 4 տարվա ընթացքում առաջին անգամ ռուս զինվորականները Թուրքիային մեղադրել են, որ նրա բանակը Սիրիայում ահաբեկիչների հրոսակախմբերի բաղկացուցիչ մասն է։ Էրդողանին ռուսական հրամանի երկրորդ բաղկացուցիչ մասը. Թուրքիայի և Բուլղարիայի աղբյուրները մարտի 4-ին հայտնել են, որ «Գազարդ» ընկերությունը շրջափակել է Բուլղարիայից ռուսական էժան գազի մատակարարումը Թուրքիային։ Կարծում ենք, որ դրանք պատահական համընկնումներ չեն։
Իսկույն ասենք. ի տարբերություն նախորդ դեպքերի, այժմ Հայաստանը (անգամ այսպիսի ոչ արհեստավարժ կառավարությամբ) ավելի ճիշտ է վարվում, քան նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Նախ՝ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտեց Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ագրեսիան։ Երկրորդ. ՀՀ ՊՆ-ն ցույց է տալիս, որ վերջապես հասկանում է, որ Մերձավոր Արևելքի իրադարձությունները և Այսրկովկասի օպերատիվ իրադրությունը փոխկապակցված են։ Մարտի 5-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ Սիրիայի իրադարձությունները կարող են անմիջականորեն ազդել Հարավային Կովկասի իրադրության վրա։ Պատասխանելով Սիրիայում մարտական գործողությունների պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների հավանական սրման մասին հարցին՝ գեներալն ասել է, որ Երևանն ուշադրությամբ հետևում է սիրիական Իդլիբի դեպքերին։ «Բացի դրանից, մշտապես կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ... Համագործակցում ենք տեղեկություններն առաջին ձեռքից ստանալու համար»,- ասել է Դավթյանը։ Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեությանը, ապա վերջին դեպքերից հետո նրա համար վտանգի աստիճանը չի բարձրացել։ Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ խնդիրներ ծագեն, ապա ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է իսկույն արձագանքելու դրանց։ Երրորդ. Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է հակաահաբեկչական գործունեության շուրջ Ադրբեջանի հետ տեղեկույթ փոխանակելուց։ Սրա հետևում շատ բան կա, բայց այդ մասին հետագայում կխոսենք ավելի մանրամասն։ Մոսկվայում Պուտինի և Էրդողանի բանակցությունների օրը (մարտի 5-ին) սիրիական բանակը կարողացել է ճակատի գիծը առնվազն ևս 3 կմ-ով հեռացնել Սերաքիբ բնակավայրից, որտեղ ամրացել է ռուսական ռազմական ոստիկանության հավաքական ջոկատը, և թուրքերը չեն համարձակվել դիմադրել։
Բայց պարզապես անհնար է չասել, թե ինչու է այդ ամենը փորձել սկսել Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Դարձյալ կրկնենք, որ չարի արմատը «թաղված է» 2020 թ. հունվարին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության խորքերում։ ԱՄՆ-ի և Իսրայելի այդ հանցավոր արարքը պայթեցրեց ողջ Մերձավոր Արևելքի իրադրությունը, ուստի մեր ընթերցողներին վերստին ներկայացնենք 2020 թ. հունվարի մի շարք կարևորագույն իրադարձությունների ընդարձակ վերլուծությունը. նրանցում է թաքնված փետրվարին և մարտի սկզբին կատարվածի բացահայտումը։ Ռուսական այսպիսի ասացվածք կա. «Երազելը վնաս չէ, վնաս է չերազելը»։ Հենց դա է գալիս մտքիդ, երբ մի հայացք ես գցում ողջ Արևմտյան Ասիայի, ինչպես նաև Միջերկրական ծովի մի շարք տարածքներին։ Օրինակնե՞ր են պետք, խնդրեմ. թվում էր, թե հունվարի կեսերին արծարծվում էին Պուտինի և Էրդողանի գերկարևոր բանակցությունների և, այդ կապակցությամբ, Լիբիայում մոտակա «անխուսափելի» զինադադարի թեման։ Հապա ի՞նչ, գործին ձեռնամուխ են եղել գործընկերները, գրեթե բարեկամները, վերջ Լիբիայի քաղաքացիական պատերազմին, դա ավելի կամրապնդի բարեկամությունը և, որ ավելի կարևոր է, փոխըմբռնումը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Բայց... Լիբիայում պատերազմ է։ Ճիշտ է, Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարն իսկապես հունվարին ժամանեց Մոսկվա, սակայն ներլիբիական զինադադարի մասին որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ «Ինչու» հարցը մանրամասն չենք քննարկի, որովհետև Լիբիայի իրադրությունը վաղուց գերակա չէ, իսկ ֆելդմարշալ Խաֆթարը ոչ միայն շարունակեց պատերազմը Լիբիայում, ընդ որում, նաև՝ Լիբիայում գտնվող թուրքական զորքերի դեմ և փետրվարին, և շարունակում է մարտին, նաև ամրապնդում է կապերը ռուսական Գլխավոր շտաբի հետ։
Ինչպես հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը (դեռ մինչև կառավարության հրաժարականը), ՌԴ-ն չի ուժեղացնում դրամատիզմն այն առնչությամբ, որ Մոսկվայի բանակցություններից հետո, հունվարի 13-ին, Խաֆթարը զինադադարի պայմանագիր չստորագրեց ու ժամանակ վերցրեց խորհրդակցությունների համար, իսկ դրա մեղավորը Թուրքիան և նրա «խնամարկյալներն» են։ Մոսկվան ևս մեկ համոզիչ ապացույց ստացավ, որ Անկարան, ակնհայտորեն, «ընկեր չէ» միջազգային գործերում։ Առաջին հերթին՝ հենց Մերձավոր Արևելքում, իսկ այնտեղ, 2019 թ. դեկտեմբերի 27-ից, հատուկ ուշադրություն են դարձնում «դասական» Մերձավոր Արևելքին, այսինքն՝ Իրանին, Իրաքին և Սիրիային։ Պատճառը պարզ է. Հորմուզի նեղուցի, Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերում «Ծովային անվտանգության գոտի» Իրանա-ռուս-չինական եռակողմ ռազմածովային զորավարժությունը խափանելու համար ամերիկացի զինվորականները պլանավորել էին խոշոր սադրանք։ Այն ժամանակ սադրանքը չհաջողվեց, բայց ամեն ինչ առավել քան «հաջողվեց», այդ թվում՝ ուկրաինական դժբախտ «Բոինգի» կապակցությամբ, որն աղետի ենթարկվեց Թեհրանից ոչ հեռու։
2020 թ. հունվարին կտրուկ սրվեց իրադրությունը Սիրիական անապատում և Իրաքի՝ նրան սահմանակից մի շարք նահանգներում, մասնավորապես՝ Անբար նահանգում։ Զանազան դիտորդներ հայտնում են, որ տեղի է ունենում ահաբեկչական ԻՊ խմբավորման յուրատեսակ «վերականգնում». այդ մասին առաջինը զգուշացրել են իրաքցի քրդերը և հյուսիսային Իրաքի նահանգների իշխանությունները։ Հունվարի 13-14-ին ԻՊ-ի ահաբեկիչները մի քանի անգամ հարձակվել են սիրիական բանակի և շիա աշխարհազորերի (և՛ Սիրիայում, և՛ Իրաքում) վրա։ Այդ հարձակումները հետ են մղվել, բայց սիրիացիներն ու իրաքցիները կորուստներ են կրում. ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ ընթացքում զոհվել է սիրիացի 15 զինծառայող, 2 իրաքցի աշխարհազորային, եղել են տասնյակ վիրավորներ։
Ավելին, այդ օրերին ակնհայտորեն զգացվել է, որ «ինչ-որ ուժեր» ձգտում են սպանել նաև ռուս զինվորականների։ Մասնավորապես, հունվարի 14-ին հրթիռային հարված է հասցվել Հոմս նահանգի սիրիական T-4 ռազմական ավիաբազային։ Լիբանանյան «Al-Masdar News» լրատվամիջոցի զինվորական աղբյուրը հայտնել է, որ ավիաբազայում պայթյուններ են լսվել, երբ մի քանի հրթիռ խոցել են իրենց թիրախները, իսկ մի քանի հրթիռ խփվել են սիրիական ՀՕՊ-ի կողմից։ Աղբյուրը ենթադրում է, որ հրթիռներն արձակվել են Իսրայելի ՌՕՈՒ-ի ինքնաթիռից, որը կառավարական շրջաններ է մտել ԱՄՆ-ի և նրա դաշինքի աջակցությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈՒ) վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ ՈՒստի բացառված չէ, որ օդային հարվածը հասցրել են ամերիկացիները։ Իսկ ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշնակիցները բացահայտորեն փախչում են տարածաշրջանից։ Միայն Ավստրալիան, կարծես, չի շտապում «փախչել» և հավատարմության երդում է տալիս ԱՄՆ-ին։ Գերմանիան «սակարկում» է՝ վերադառնա՞ Իրաք, թե՞ ոչ։
Լրատվամիջոցը նշում է, որ T-4 ավիաբազայում գտնվում են ինչպես իրանցի, այնպես էլ ռուս զինծառայողներ։ Նախկինում այն բազմիցս է դարձել Իսրայելի ՌՕՈՒ-ի թիրախ։ Նախօրեին T-4 բազայում վայրէջք էին կատարել իրանական 2 ինքնաթիռներ (թե ինչ բեռ էին բերել, անհայտ է)։ Հավանաբար այդ պատճառով է, որ սիրիական SANA կառավարական գործակալությունը պատասխանատվությունը բարդում է Իսրայելի ՌՕՈՒ-ի վրա, քանի որ ԱՄՆ-ի ցանկացած հակաիրանական արարքի գլխավոր պատվիրատուն Թել Ավիվն է, մեղադրվում է նաև Էթ Թանֆի ամերիկյան ռազմաբազան, որը գտնվում է Հորդանանի սահմանի մոտ։ Հաղորդվում է սահմանափակ նյութական վնասի մասին, Սիրիան էլ պնդում է, որ ոչ ոք չի զոհվել։ Իսրայելի ՊՆ-ն ոչինչ չի մեկնաբանել։ Բայց եթե SANA-ն ճիշտ է, և իսրայելցիները օդից հարվածել են T-4-ին՝ հիանալի իմանալով, որ այնտեղ հիմնավորված են Իրանի և ՌԴ-ի զինծառայողները, ապա մեր ենթադրությունը հաստատվում է. իսրայելցիների և ամերիկացիների նպատակներից է եղել նաև այդ բազայի ռուս զինծառայողների կանխամտածված սպանությունը։ Մենք կուզենայինք այդ առնչությամբ լսել ՌԴ իշխանությունների, թեկուզ ՊՆ-ի բացատրությունը։ Մոսկվան հասկանու՞մ է, որ առնվազն Իսրայելի կամ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հրամանատարությունը փորձում է Սիրիայում տեղաբաշխված ռուս զինվորականներին սադրել գոնե կարճատև տեղական, զոհերով «փոքրիկ պատերազմի»։ Եվ եթե՝ այո, ապա Ռուսաստանն ի՞նչ է մտադիր ձեռնարկելու Սիրիայում գտնվող ռուս զինծառայողների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի այդ սադրանքներին վերջ տալու ուղղությամբ։ Ավաղ, առանց որոշ միջոցառումների, այդ թվում՝ կանխիչ (օրինակ՝ մեկ-երկու ամերիկյան կամ իսրայելական ինքնաթիռ խփել. միայն այդ դեպքում նրանք կհասկանան, որ ռուսների համբերությունը փորձելու ժամանակն ավարտվել է), դա ակնհայտորեն անհնար է։ ԻՊ-ի ստեղծողներն ու ոգեշնչողները (հիշեցնենք, որ հենց ԱՄՆ-ն է Բարաք Օբամայի օրոք ստեղծել ԻՊ-ը, ինչը 2016-ին խոստովանել է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Թրամփը) կրկին պատերազմի մսաղացի մեջ են նետում ոչ այն է՝ նորակոչ սուննի իսլամականներին, ոչ այն է` հենց իրենց հատուկջոկատայիններին կամ զանազան «մասնավոր զինվորական ընկերությունների» «ծառայողներին», որոնք ծպտվում են իբրև սուննի ահաբեկիչներ, ինչը հստակ ցույց տվեցին Սիրիայի և Իրաքի դեմ հունվարի 13-14-ի հարձակումները։
Դամասկոսում ու Բաղդադում առավել կասկածելի են համարում այն, որ դրանից ոչ շատ առաջ Հորդանանի Աբդալա II թագավորը, որին համարում են տարածաշրջանում ԱՄՆ-ի և Անգլիայի տիպիկ գործակալ, «France 24» հեռուստաալիքով հայտարարել է, որ Իրաքի Անբար նահանգի Սիրիային սահմանակից շրջաններում վերջին տարիներին վերածնվել ու ամրապնդվել է ԻՊ-ը։ Նրա ասածից մեկ օր հետո ԻՊ-ն իր մասին հայտարարեց հանդուգն հարձակումներով Սիրիայում և Իրաքում։ Դրանք չեն կարող փոխկապակցված չլինել։ Տագնապահարույց են նույնիսկ ոչ այնքան մարտական կորուստները, որքան հարձակումների թափը` նշում են ռազմական փորձագետները։ Առաջին հայացքից դրանք այն նույն բանդիտներն են, որոնք հարձակվում էին ու փախչում անապատ, բայց իրականում 2017-ից հետո առաջին անգամ նրանք ոչ թե ցիրուցան «բջիջներ» են, այլ միասնական կենտրոնից ղեկավարվող ուժ։ Այդքան ընդարձակ տարածքում հարձակումները համակարգելու համար անհրաժեշտ է միասնական հրամանատարական կենտրոն, և, դատելով ըստ ամենայնի, ԻՊ-ն այն դարձյալ ունի։ Չի կարելի բացառել, որ ահաբեկիչների այդ բոլոր գործողությունները կառավարում են արդեն իրենք` և ամերիկացիները դրա համար օգտագործում են ՍԺՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները, իսկ ՍԺՈՒ-ում «առաջին ջութակը» քրդերի մի մասն է։ Իսկ ինչի՞ց է ձևավորվել ԻՊ-ն։ Հիշեցնենք. ինչպես վկայում էր իրանական «Tehran Times» թերթը դեռ 2014 թ. ամռանը, ահաբեկիչների կողմից իրաքյան Մոսուլը գրավելուց գրեթե անմիջապես հետո սույն ահաբեկչական կազմակերպությունն սկսել է ձևավորվել որպես քիչ նկատելի, քիչ նշանակալի, անհեղինակավոր, բայց քրդական իսլամական կազմակերպություն։ Կարծես դոմինոյի բոլոր քարերը դասավորվեցին, այնպես չէ՞...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ