ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կմտնի՞ կորոնավիրուսը Հայաստան

Կմտնի՞ կորոնավիրուսը Հայաստան
24.02.2020 | 10:22

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում երկու անգամ մեծացել է: Հարավային Կորեան Չինաստանից հետո երկրորդ տեղում է վարակվածների թվով: Շաբաթ օրը Հարավային Կորեան հայտարարեց 229 նոր վարակվածների մասին, ընդհանուր թիվը հասել է 433-ի: Առողջապահության փոխնախարար Կիմ Գան Նիպը հայտարարել է, որ վարակի տարածումը լուրջ մակարդակի է հասել: Երկրում արդեն երկու մահացու դեպք կա: Իշխանությունները մտահոգվում են, որ նրանց թիվը կարող է մեծանալ: Նոր դեպքերի մեծ մասը կապված է Չխոնդոյի հիվանդանոցի և աղանդի հետ, որ Տեգու քաղաքում է:


Չինաստանում շաբաթ օրը վարակվածների թիվը հասել էր 76288, նրանցից 2345-ը մահացել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս՝ 26 երկրներում գրանցվել է հիվանդության 1200 դեպք: Մահացության դեպքեր են եղել Իտալիայում (2 մարդ) և Իրանում (5 մարդ): Իտալիայում վարակվածների թիվը անցել է 100-ը: Ճապոնիայի ափերի մոտ «Դայմոնդ Պրինցես» կրուիզային զբոսանավի վրա կա 600 վարակակիր: Շաբաթ օրը Ճապոնիայից Ռուսաստան են վերադարձել 8 ռուսներ, որ եղել են «Դայմոնդ պրինցես» զբոսանավում: Նրանցից 3-ը հիվանդ են՝ հաղորդել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, որ գլխավորում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Տարհանվածներին տեղափոխել են Կազան: «Մյուս քաղաքացիները հրաժարվել են ԱԻՆ-ի հարմարավետ չվերթից»՝ տեղեկացրել է Գոլիկովան: Զբոսանավի վրա եղել է ՌԴ 24 քաղաքացի: Նրանցից երեքը հիվանդ են և հոսպիտալացվել են Ճապոնիայում: Հինգշաբթի ՌԴ դեսպանատունը հաղորդեց, որ ափ են իջել 6 ռուսներ, որ չեն հիվանդացել: «Բոլոր տարհանվածները 14 օր Կազանում կարանտինի մեջ կլինեն՝ հատուկ հիվանդանոցում»՝ ասել է Գոլիկովան: Նրա խոսքով՝ 3 հիվանդների վիճակը թեթև է և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:


Չինաստանի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ կորոնավիրուսով վարակվածների և մահվան դեպքերի թիվը նվազել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը տագնապած է, որ հիվանդության նոր դեպքերը ուղից կապ չունեն Չինաստանի կամ արդեն հաստատված ախտորոշումների հետ: Նրա խոսքով՝ վարակի համար ամենախոցելին հիմա նվազ զարգացած առողջապահական համակարգով երկրներն են, հատկապես Աֆրիկայում:
Շաբաթ օրը Հարավային Կորեան հայտարարեց 142 նոր դեպքերի մասին, բայց մի քանի ժամից թիվը հասավ 229-ի: Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ 229 նոր հիվանդներից 95-ը Չխոնդոյի հոգեբուժարանից են: Հիվանդների մեծ մասը տարեց մարդիկ են: Շաբաթ օրվա տվյալներով՝ 102 վարակվածներ կան և հիվանդանոցի 9 աշխատակիցներ:
Բրիֆինգի ժամանակ ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Գեբրեյսուսը հաղորդել է, որ կազմակերպությունն աշխատում է աֆիկյան երկրների կառավարությունների հետ՝ բուժաշխատողների վերապատրաստման և անհրաժեշտ սարքերի ապահովման հարցով, որ կպահանջվի կորոնավիրուսին առնչվող հիվանդությունների ախտորոշման ու բուժան համար:
BBC


Հ.Գ. Փետրվարի 1-ից մարտի 31-ը ժամանակավորապես կասեցված է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը: Թեհրանում արդեն հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից: Վարակվածների մեծ մասը Քոմ քաղաքում են, որտեղ չինական ընկերությունն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Չի բացառվում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որ հաճախ են լինում հայրենիքում: Երեկվանից ժամանակավորապես դադարեցվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ»։


Առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը գտնում է, որ մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն: Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը Իրանում և սահմանը փակելու կոչերին` Ֆեյսբուքի ուղիղ եթերում նա հիշեցրեց` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում. «Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը, և իմաստ էլ չկա, բայց այսօր և վաղը քննարկելու ենք նման հնարավորությունը, ինչպես արեցինք Չինաստանի դեպքում` հանելով ազատ վիզային ռեժիմը, և փաստացի մենք այսօր Չինաստանի քաղաքացի գրեթե չունենք Հայաստան մտնող»,- հայտարարեց նախարարը:
Կորոնավիրուսով վարակվածության դեպքում հիվանդը 14 օր կարող է ոչ մի ախտանիշ չունենալ, բայց վարակակիր լինել՝ Արսեն Թորոսյանը դա գիտի, բայց առաջնորդվում է չին պաշտոնյաների սկզբունքով՝ խուճապ չտարածել: Փոխարենը նախարարը գոնե պարտավոր է տեղեկացնել՝ ի՞նչ է արվել վարակը կանխելու, իսկ տարածման դեպքում բուժելու համար՝ բացի Ռուսաստանից մի քանի ախտորոշիչ տեստ ստանալը: Հայաստանը Չինաստան չէ, որ մի քանի օրում մի քանի հիվանդանոց կառուցի ու հիվանդներին կարողանա ամեն ինչով ապահովել՝ բուժման համար: Ծխախոտի դեմ պայքարը կարելի է առժամանակ դադարեցնել ու զբաղվել շատ ավելի վտանգավոր հիվանդությամբ, որի բուժման միջոցը դեռ նոր է փորձարկվում: Սեզոնային գրիպների տարածումն արդեն իսկ չափազանց շատ է: Կորոնավիրուսը Հայաստանի դեպքում կդառնա ազգային անվտանգության խնդիր: Եվ ոչ միայն առողջապահության նախարարությունը, Ազգային անվտանգության խորհուրդը պետք է արդեն ծրագիր ունենար ու ներկայացներ հանրությանը՝ ինչ է արվում կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար, և ինչ է արվել հիվանդության դեպքերի գրանցման դեպքում՝ պատրաստվածության համար՝ հիվանդանոցի առանձնացում, բուժանձնակազմի վերապատրաստում, դեղամիջոցներ, ոչինչ, որ մեկ ամիս ոմանք գուցե պարգևավճարներից զրկվեն՝ այս դեպքում ֆինանսական ծախսերը տեղին ու անհրաժեշտ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ