ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երուսաղեմը չի վաճառվում, թեև գնորդները շատ են

Երուսաղեմը չի վաճառվում, թեև գնորդները շատ են
30.01.2020 | 10:14

Դոնալդ Թրամփի «դարի գործարքը» միակողմանի հաշվի է առնում Իսրայելի շահերը, իսկ պաղեստինցիների պահանջները հազիվ թե ուշադրության են արժանանում: Խոստացված պաղեստինյան պետությունը շատ սահմանափակ ինքնիշխանություն ունի՝ գրում է Անդրեա Շպալինգերը Շվեյցարիայի Neue Zürcher Zeitung-ում: Թրամփը վերջապես ներկայացրեց իր «դարի գործարքը», բայց խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Այդպիսի ծրագիրը պիտի ենթադրեր, որ երկու հակամարտող ճամբարները պայմանավորվեին կոնֆլիկտի քաղաքական կարգավորման մասին, կամ ծայրահեղ դեպքում մոտենային այդ լուծմանը: Բայց գործարքը, հակառակ խոստումներին, փոխադարձ զիջումների վրա չի հիմնվում: Թրամփն օգտագործում է լավ հարաբերությունները Բենյամին Նետանյահուի հետ ոչ նրանից զիջումներ ստանալու համար, ավելի շուտ միակողմանի ընդունել է նրա դիրքորոշումը և հազիվ թե հաշվի է առնում պաղեստինցիների պահանջները:


Նետանյահուի հետ ծրագրի համատեղ ներկայացման ժամանակ շատ անհայտներ մնացին, իսկ Թրամփը քանիցս ինքն իրեն հակասել է կարևոր հարցերում: Այնուհանդերձ, պարզ է, որ չնայած պարծենկոտ հայտարարություններին, Ջարեդ Կուշների մշակած համաձայնագիրը ամրապնդում է իրերի այսօրվա վիճակը: Հաստատվում է Երուսաղեմի կարգավիճակը՝ իբրև Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք, իսկ պաղեստինցիներին խոստացվում է միայն սիմվոլիկ ներկայություն քաղաքի արևելյան հատվածում: Թեպետ Իսրայելը պետք է դադարեցնի բնակավայրերի կառուցումը, Հորդանանի արևմտյան ափին գոյություն ունեցող բնակավայրերը պետք է ճանաչվեն Իսրայելի տարածք, ինչպես Հորդանանի դաշտավայրը: Թեպետ ճանաչվում է սեփական պետություն ունենալու պաղեստինցիների իրավունքը Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Թրամփը մամլո ասուլիսում քանիցս կրկնեց «լուծումը երկու պետությունների համար», Պաղեստինի պետության ինքնիշխանությունը չափազանց սահմանափակ է: Սահմանային վերահսկողության ու անվտանգության համար առաջվա պես պատասխանատու է Իսրայելը: Պաղեստինի վարչակարգը պետք է ճանաչի Իսրայելը ու զինաթափի արմատական խմբավորումները, օրինակ, ՀԱՄԱՍ-ը: Համաձայնագիրը չի նախատեսում պաղեստինցի փախստականների վերադարձը: Միով բանիվ՝ իսրայելցիները ստանում են ամբողջ կարկանդակը, պաղեստինցիները՝ փշրանքները: Ինչու՞ պիտի պաղեստինցիները ընդունեն այդ գործարքը: Ծրագիրը խաղաղություն չի բերի: Հակառակը: Նոր լարում կհարուցի և կարող է նույնիսկ նորից ինտիֆադայի հասցնել: Պաղեստինի վարչակազմը արդեն սպառնացել է դադարեցնել համագործակցությունը անվտանգության ոլորտում: Ճնշման այլ խաղաղ միջոցներ Պաղեստինը չունի: Հակառակ Թրամփի պնդումների՝ հարևան արաբական երկրները, նախևառաջ Հորդանանը, հազիվ թե աջակցեն միակողմանի լուծմանը: Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ծրագրի հրապարակման ընտրված ժամանակը՝ Իսրայելում խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, ստիպում է ենթադրել, որ Թրամփն իր նախաձեռնությամբ նպատակ ունի ոչ թե խաղաղության հասնել Մերձավոր Արևելքում, այլ՝ նպաստել իր բարեկամ Բենյամին Նետանյահուի վերընտրությանը: Խաղաղ կարգավորման ծրագիրն արտացոլում է իսրայելցի աջերի ամենանվիրական երազանքները և կարող է որոշիչ դեր ունենալ իշխանություն վերստանալու հարցում:
Անդրեա Շպալինգեր, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 28-ին հրապարակված ծրագրի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալայում՝ Աբասը նշել է, որ Թրափի ծրագիրը «չի անցնի»: «Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է նա: «Երուսաղեմը չի վաճառվում: Մեր իրավունքները չեն վաճառվում և նախատեսված չեն առևտրի համար»,- հավելել է նա՝ նկատի ունենալով, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք դարձնելու պահանջից: Աբասը նախազգուշացրել է, որ պատրաստ է Իսրայելի հետ մերձավորարեւելյան կարգավորման թեման քննարկել մերձավորարեւելյան քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) միջնորդության պայմանով, ոչ թե միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ: Բենյամին Նետանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը, նա պատրաստ է անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ:


Հազարավոր պաղեստինցիներ ցույց են կազմակերպել Գազայի հատվածում, մինչ իսրայելցի զինվորականներն ամրապնդել են իրենց դիրքերը Արևմտյան ափին:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել Դոնալդ Թրամփի ծրագիրը: «ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին է: Անեքսիայի պլան է՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնատիրմանը և երկու պետությունների գոյության գաղափարի ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի է գնել փողով»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «Երուսաղեմը կարմիր գիծ է Անկարայի համար». «Մենք թույլ չենք տա Իսրայելի օկուպացման ու բռնության օրինականացմանն ուղղված քայլեր»: Թուրքիան նաև հայտարարել է, որ ինքը «չի պաշտպանի որևէ պլան, որ չի ընդունի Պաղեստինը»: «Մերձավոր Արևելքում խաղաղություն ձեռք չի բերվի, եթե վերջ չդրվի բռնազավթման քաղաքականությանը»,- նշվում է հայտարարության մեջ: Տարօրինակ հայտարարություն է, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան նույն հաջողությամբ փորձում է զավթել սիրիական հողերը ու արդեն մեղադրում է Ռուսաստանին՝ Իդլիբում Ասադին աջակցությունը չդադարեցնելու մեջ և սպառնում զենքի դիմել:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ պաղեստինցիները ժամանակի ընթացքում հավանություն կտան Մերձավոր Արևելքում կարգավորման Վաշինգտոնի նոր պլանին։ Բեն Շապիրոյին հարցազրույցում նա ասել է. «Պաղեստինցիները պետք է որոշեն՝ ցանկանում են այսուհետ ևս ապրել այն դժվար պայմաններում, որոնցում ապրում են այսօր»։ Նա նշել է, որ հավանության դեպքում պաղեստինցիների առջև «փայլուն ապագա» կբացվի։ «Հիմա նրանց ընձեռվել է այդ հնարավորությունը։ Նրանք պարտավոր չեն դա անել այսօր կամ վաղը»,- ասել է Պոմպեոն։ «Ես համոզված եմ, որ պաղեստինցի ժողովուրդը հաջորդ շաբաթներին ու ամիսներին կհասկանա, որ այդ հնարավորությունը նրանց համար լավագույնն է, իսկ մենք նրանց տալիս ենք 4 տարի։ Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը: Իրականում Թրամփը ոչ միայն ցանկանում է հեշտացնել Բենյամին Նետանյահուի 2020-ի մարտին Կնեսետի ընտրություններում հաղթանակը Բենի Գանցի նկատմամբ ձայների այնպիսի առավելությամբ, որ վերջապես կարողանա կառավարություն ձևավորել, այլև 2020-ի նոյեմբերին իր վերընտրությունը, որն ապահովելու համար ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության մեջ են հաղթանակներ պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ