Ժպտացեք
13.12.2019 | 00:13
«Ամեն ինչ ունայն է՝ քամու աշխատանք»՝ Ժողովող: ՈՒ մենք ծնվում ու ապրում ենք «ունայնի» մեջ, փորձում երջանիկ լինել, ապրել ու հիշատակներ թողնել: Մեզ կարող են հիշել մեր հարազատներն ու մտերիմները, հիշատակը ընդհանրական է՝ հանրային գիտակցության փաստ: Եվ ուրեմն՝ ժպտացեք:
Ժպտացեք, որ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը. «Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Սպասում ենք ձեզ»: Ոչինչ, որ առաջին նախադասության մեջ ձեզ դիմում են եզակիով, երկրորդում՝ հոգնակիով, խառն են, շփոթել են եզակին ու հոգնակին: Իսկ ընդհանրապես՝ նրանք անում են իրենց գործը, ձեր գործն է ընդունել կամ մերժել հրավերը: Ընդունել կամ մերժել, որ նրանք տարբեր են, լավն են, թե վատը՝ ընկալման հարց է, բայց տարբեր են: Օրինակ՝ առաջ նոր տարին ընկալվում էր ընտանեկան տոն, հիմա՝ ընդհանրական: Վարչապետը բացատրում է, որ ծախսերն արվում են, որ մարդիկ իրենց լավ զգան՝ Հայաստանի բոլոր հատվածներում, որ սոցիալապես անապահովները փողոցում նոր տարին անեն՝ բոլորի հետ միասին ուրախանան: Կստացվի՞: Թող ստացվի: Չի՞ ստացվի: Բայց իրենք ամեն ինչ արել են, որ ստացվի: Մտածողության հարց է: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը համոզում է, որ Գորան Բրեգովիչը բարեգործություն է անում՝ Երևանում 65000 եվրոյով երգելով իր նվագախմբի հետ: Իսկ դեկտեմբերի 21-ին տոնածառի լույսերը վառելու արարողությունը «կլինի հայաֆիկացված, համաշխարհային ամանորյա հիթերով, որի վրա մեծ խումբ է աշխատում»։ «Այս ձևաչափը կլինի շատ հետաքրքիր, հանդիսատեսը հնարավորություն կունենա հայ էստրադայի աստղերին տեսնել ոչ միայն որպես երգիչ, այլ նաև մյուզիքլի արտիստի կերպարում։ Սա կլինի բովանդակային բարձրակարգ միջոցառում»։ Քաղաքապետարանն էլ ամանորյա ծախսերը չի ավելացրել: Կառավարությունն է ավելացրել, ու դա ոչ թե ծախս է, այլ ներդրում: Կառավարությունը տնօրինում է հանրապետության բյուջեն ու եթե այդ բյուջեից մասհանում է անում մայրաքաղաքի համար, ի՞նչ են շահում մարզերը: Վարչապետը բացատրում է, որ շահում են՝ զբոսաշրջիկներ են գալիս, փող են ծախսում, փողը մտնում է գանձարան, ու՝ այդպես: Հավատում եք, թե ոչ, ձեր գործն է, բայց նաև ձեր գործն է հասկանալ, թե Երևանից Էջմիածին գնալու համար՝ ինչու՞ է ընտրվում Երևան-Թբիլիսի-Երևան-Էջմիածին երթուղին: Թբիլիսին պայմանական, կարող էր՝ լինել Երևան-Թեհրան-Երևան-Էջմիածին: Ժպտացեք:
ՈՒ ժպտալով 2020-ի հունվարի 1-ից ոչ մի քայլ առանց ՀԴՄ-ի: 2019-ի հունվար-նոյեմբերին 2018-ի հունվար-նոյեմբերի համեմատ դուրս է գրվել 106609299 ՀԴՄ կտրոն ավելի՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. «Սա աստղաբաշխական թիվ է և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է 303 միլիարդ դրամի ավել առևտրաշրջանառություն: Սա, իհարկե, շատ լավ է, և մենք բավականին լավ վիճակ ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով»: 2020-ից «հացի փող» աշխատող քաղաքացիները մտավախություն չունեն ՀԴՄ-ի հարցում՝ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվում են հարկերից: «2020-ի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա լինի»,- ասաց վարչապետը: ՀԴՄ կտրոն չտրամադրելու յուրաքանչյուր դեպքի պատճառով իրական ստվեր է գոյանում նաև խոշոր ձեռնարկություններում, և եթե բոլորը առանց բացառության ՀԴՄ կտրոն տրամադրեն, խոշոր բիզնեսներում ստվերը կդառնա անհնար: «Գալու է 2020-ը` Նոր տարին, և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ: Այն մարդիկ, որոնք ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- ասաց նա:
Վարչապետին քանի՞ ՀԴՄ է ներկայացվել ԱԺ այգում մաքուր գորգեր լվանալու համար: Թե՞ այդ գորգերն ուղարկվեցին բանակ՝ «զինվորի համար»: Վարչապետին քանի՞ ՀԴՄ են ներկայացրել պատգամավորները՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, որ օդում ավելի շատ ժամանակ են անցկացրել, քան ԱԺ-ում: Թե՞ նրանք պետության համար ռազմավարական խնդիրներ էին լուծում, որ բխում է ազգային շահից: Կամ՝ «զինվորի համար»: Միանշանակ՝ ՀԴՄ կտրոնը պարտավորություն է, որ պիտի կատարվի, բայց մի՞թե Հայաստանի ամբողջ տնտեսական իրականությունը պտտվում է կտրոնի շուրջ: Հա՞ որ: Ե՞րբ է վարչապետի տնտեսագիտական մակարդակը ՀԴՄ-ից բարձրանալու: Ժպտացեք:
Ժպտացեք, երբ հունվարի 31-ից սկսեք պահել ՍԴ ոչ թե 1 չաշխատող դատավորի, այլ 1+… Աժ-ն առաջին, հետո երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ո՞վ էր կասկածում: Եթե ՍԴ դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020-ի հունվարի 31-ը հրաժարական տան, մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը կստանան աշխատավարձի չափով կենսաթոշակ: Ժպտացեք: Իսկ ընդհանրապես.
1. ՀՀ իշխանական քաղաքական ու իրավական միտքը չգտավ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման այլ տարբերակ՝ բացի իր քաղաքացու գրպանը մտնելը: Ավելին՝ այդ միտքը չբանաձևեց՝ ո՞րն է ՍԴ ճգնաժամը, ընդամենն արձանագրեց հասարակական անվստահությունը: Անվստահությունը դատական համակարգի կոնկրետ մեկ օղակի նկատմամբ վերացնելու պատճառները հոդաբաշխ չհիմնավորվեցին, մտանք պոպուլիզմի ու դեմագոգիայի դաշտ՝ թե իշխանության, թե ընդդիմության կողմից: Ժպտացեք:
2. Օրինագծի ընդունումը հարց չի լուծում՝ ոչ գործնական, ոչ իրավական, ոչ բարոյական: Գործնականում՝ ոչ ոք չի կարող ասել, որ ՍԴ դատավորները կամավոր հրաժարական կտան, կամ՝ քանի՞սը կտան: Իրավականորեն՝ որքան էլ միջազգային փորձ ու Վենետիկի հանձնաժողով է մեջբերվում, սա ալոգիկ լուծում է: Բարոյական՝ կա՞ վստահություն, որ եթե բոլոր անցանկալի դատավորները մեկ մարդու պես հեռանան ու հայտնվեն նորերը, ՍԴ-ի նկատմամբ լինելու է հասարակական վստահություն, թե՞ հաստատվելու է նույն մտայնությունը՝ առաջ ՍԴ-ն հին, հիմա նոր իշխանության գրպանում է: Եվ որքանո՞վ է բարոյական ՍԴ անդամներին մի կողմից խարույկ հանելը, մյուս կողմից՝ ձեռքներին դրոշակ տալն ու չգիտես ուր, չգիտես ինչի համար կռվի ուղարկելը, երբ իրենք իրենց կռիվը չկռվեցին: Ժպտացեք:
3. Բացահայտորեն խախտվեց իշխանության տարանջատման սկզբունքը՝ գործադիրն ու օրենսդիրը խառնվում են դատական իշխանության գործերին ու ճնշում են գործադրում: ՍԴ լեգիտիմության հարցի լուծումը պահանջում է հայեցակարգային փոփոխություն: Անձերի փոփոխությամբ հարց չի լուծվում, եթե խնդիրը իսկապես դատական անկախ, արդյունավետ համակարգ ունենալն է: Իրավիճակային լուծումը ստեղծելու է նոր իրավիճակ՝ դարձյալ անընդունելի՝ իրավիճակի փոփոխության դեպքում: Սահմանադրական փոփոխություններ են պետք: ՍԴ-ի իրավասությունների փոփոխություն: Ժպտացեք:
4. Փաստացի սոցիալական փաթեթը մնացել էր միակ ճանապարհը՝ հաջորդը լինելու է քրեական կամ կարգապահական հետապնդումը: Եթե հրաժարական տվողներ չլինեն, հայտնվելու ենք քրեական ու կարգապահականի շրջանակներում՝ կան, թե չկան հիմքեր: ՈՒ դա լինելու է ժողովրդավարակա՞ն: Ժպտացեք:
5. ՍԴ պատմությունը սրվեց հընթացս երկրորդ նախագահի դատավարության, բայց դա նախորդ իշխանությունների ՍԴ-ից ձերբազատվելու միակ պատճառը չէ: Իշխանության օրակարգում կան բազում նախաձեռնություններ, որոնց կասկածելի սահմանադրականությունը պետք է հաստատի ՍԴ-ն, ու դա կարող է անել միայն սեփական ՍԴ-ն: Ժպտացեք:
6. Իշխանությունը պնդում է, որ թոշակը պատվով հեռանալու տարբերակ է, այդ պատիվը, հարկավ, կասկածելի է, բայց իշխանությունը անպատասխան է թողնում հարցը՝ հանրության վստահությունը չվայելելու համար խրախուսու՞մ են, թե՞ պատժում: ԱԺ-ում ԲՀԿ+ԼՀԿ-ն դեմ էին, նրանց ելույթներն ընդունվում էին բացարձակ անհանդուրժողականության մթնոլորտում: Ինչու՞: Ընտրություններում ստացած 72 տոկոս ձայները նրա համար էին, որ այսօր ՍԴ 7 դատավորներն ուղարկվեն պատվավոր կենսաթոշակի՝ 630 մլն դրամով՝ ամսական Հրայր Թովմասյանը ստանա 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրը ամսական ստանա 1 մլն 031 հազար 784 դրամ: Անաշխատ եկամտի օրինականացման օրենք չէ՞ Հրանտ Նազարյանի, Արայիկ Թունյանի, Ալվինա Գյուլումյանի, Աշոտ Խաչատրյանի, Արևիկ Պետրոսյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրայր Թովմասյանի համար: Իրավիճակային ու իրադարձային: Իրավիճակի փոփոխությունը փոխելու է օրենքը: Հետևաբար՝ ոչ միայն գործազուրկ, այլև անթոշակ են մնալու: Ժպտացեք:
7. Դուք դեռ հիշու՞մ եք վեթինգը: ՍԴ-ն վկայում է վեթինգի նոր մեկնաբանություն Հայաստանում՝ բարեվարքության մեր այբուբենով՝ ոչ մեծ ծախսեր կլինեն, ոչ մեծ աղմուկ՝ իշխանությանը հնազանդ դատավորները կպաշտոնավարեն, անհնազանդներից կազատվեն՝ տարբեր մեթոդներով: Գուցե մի օր էլ ՔՊ-ն ԲՀԿ+ԼՀԿ պատգամավորներին առաջարկի ստացած աշխատավարձի տասնապատիկի դիմաց վար դնել մանդատներն ու անցնել վաստակած հանգստի: Ինչու՞ ոչ: Չէ՞ որ ունեն ժողովրդի վստահության քվեն: Ժպտացեք:
Եթե այսքան ժպտալուց հետո ձեր դեմքը չի ծամածռվել, շարունակեք ժպտալ: «Ամեն ինչ ունայն է, քամու աշխատանք»: Բայց մենք ծնվել ու ապրում ենք ոչ թե հիշողությունների, այլ հիշատակվելու հույսով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Մոսկովսկի կոմսոմոլեցում» հոդված է գրել Գարեգին Նժդեհի մասին ու նրան անվանել հերոս՝ առաջին աշխարհամարտի տարիների գործունեության ու Թուրքիայի դեմ պայքարի համար, որ արդարացիորեն չի վստահել բոլշևիկներին. նրանք պայմանավորվել էին Աթաթուրքի հետ, Թուրքիային տվել Կարսը, Արդահանը, այլ տարածքներ: Խոսքը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի մասին է, որոնց 100-ամյակը մոտենում է: 100 տարի հետո կամ պետք է վերակնքվեն, կամ կորցնում են ուժը: Հայաստանի ինքնիշխան ու հպարտ քաղաքացիները չեն գիտակցում՝ ի՞նչ է դա նշանակում: Ի տարբերություն Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի: Բաքվում խոսում են Նախիջևանի մասին, Բաքվում Անկարայի դեսպանատան խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանը, որը որոշվել է 1921-ի պայմանագրերով, Հայաստանի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանը «ազատի Ղարաբաղը», ճանաչի Թուրքիայի հետ սահմանը, հրաժարվի տարածքային ու այլ պահանջներից: Վստահաբար՝ խնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականությունն է, ու՞մ համար է գաղտնիք, որ Թուրքիան ու Ադրբեջանը կազմավորվել են Հայաստանից խլված տարածքների վրա: ՀԴՄ, ՍԴ, Ամանոր՝ վերջապես բացեք ձեր աչքերը ու շուրջներդ նայեք: Ազգային օրակարգում պետության ու ժողովրդի խնդիրներ պետք է լինեն, ոչ թե իշխանության ընթացիկ շահի սպասարկումը: Հա, մեկ էլ հիշեք, որ Ռուսաստանը Թուրքիայում «Ակկույու» աէկը կառուցելուց բացի բանակցում է Բաքվի հետ՝ Ադրբեջանում աէկ կառուցելու, մենք ոչ միայն նոր աէկի ու ատոմային էներգետիկայի նախարարության մասին չենք մտածում, այլևս էներգետիկայի նախարարություն չունենք: Ժպտացեք, եթե կարող եք: ՈՒ եթե հանդիպեք դեկտեմբերի 31-ին վարչապետին, ձեր ժպիտի դիմաց ՀԴՄ կտրոն պահանջեք: Երկիրը պիտի հեռանկար ունենա՝ նույնիսկ անցյալի մերժումն է ձախողվում, երբ ինքդ ավելին չես ստեղծում:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ