Աշխարհն այժմ զբաղված է շատ ավելի կարևոր հարցերով։ Սիրիայի հետ կապված իրադարձությունները, այդ թվում՝ Սոչիի ռուս-թուրքական հուշագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի բարձրացրած աղմուկը ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին վերացնելու մասին ցայտուն են դարձնում ավելի խորքային քաղաքական և այլ գործընթացներ։ Օրինակ՝ Իրանի առաջին փոխնախագահ Էսհագ Ջահանգիրիի ուղևորությունը Տաշքենդ` մասնակցելու Համագործակցության Շանհայի կազմակերպության (ՀՇԿ) երկրների վարչապետների խորհրդի 18-րդ նիստին։ Իրանական ԶԼՄ-ները հատկապես ընդգծել են, որ Ջահանգիրին մեծ ուշադրություն է դարձնում «երկկողմ հարաբերությունների և համագործակցության մասին մտքերի խորացված փոխանակությանը ՈՒզբեկստանի առաջնորդների, այդ թվում՝ ՈՒզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի հետ»։ ՈՒշադրություն դարձնենք. Իրանն առայժմ ՀՇԿ-ի լիիրավ անդամ չէ, բայց արդեն պատրաստ է վճռական քայլերի այդ կառույցի շրջանակներում։ Այսօր կարծես ՀՇԿ-ի կողմն ավելի քիչ են նայում, քան առաջ, որովհետև այնտեղ գործընթացներն ավելի հանգիստ ու քիչ նկատելի են, քան Սիրիայում, Իրաքում կամ Լիբանանում, որտեղ ծայրահեղ սուր քաղաքական ճգնաժամեր են, և իրանցիները զբաղված են այնտեղ իրադրությունը «ձեռքով» կարգավորելով։
Ի միջի այլոց, Թեհրանում բացահայտորեն ծիծաղում են ԱՄՆ-ի նախագահի վրա և հենց Աբու Բաքր ալ Բաղդադիի մասին նրա հայտարարությունների կապակցությամբ։ ՈՒրախությանը միացել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որն իր վերջին հեռուստահարցազրույցներից մեկում Թրամփին նույնիսկ անվանել է «ԱՄՆ-ի լավագույն նախագահ»։ Իհարկե՝ հեգնական քմծիծաղով ու ժպիտով։ Մի շարք հայտարարություններից ու մեկնաբանություններից, որոնք մենք կբերենք, ընթերցողներն իրենք կհասկանան, թե ինչից են ուրախանում Թեհրանում ու Դամասկոսում։ Նախ՝ ԱՄՆ-ի ղեկավարության հպարտանալը ԻՊ-ի ղեկավարի վերացման առիթով։ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ազարի-Ջահրոմին ԱՄՆ-ի նախագահի հիացմունքը կեղծ անվանեց. «Առանձնահատուկ բան չկա։ Դուք պարզապես սպանել եք ձեր իսկ ստեղծածը»։ Իսկ Իրանի խորհրդարանի միջազգային գործերով գլխավոր տնօրեն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ ԻՊ-ի առաջնորդն սպանվել է, որովհետև արդեն «մաշված նյութ» էր դարձել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի հովանավորած ահաբեկիչները դեռևս ակտիվ են սիրիական Իդլիբում և սպասում են հրամանի։ «Ամերիկա-իսրայելական խամաճիկները, իրենց տերերին պահելու համար, տարածաշրջանը վառել են սաուդյան նավթադոլարներով,- «Թվիթերում» գրել է նա հոկտեմբերի 27-ին։- Ամերիկյան ալ Բաղդադիի ժամկետը լրացել էր»։ Մոտավորապես այդպիսին էին Մոսկվայից ավելի ուշ արված հայտարարությունները. Մոսկվան հիշեցրել է Թրամփին, որ և՛ նա, և՛ Հիլարի Քլինթոնը նախկինում խոստովանել էին, որ ահաբեկչական խմբավորումն ամերիկացիներն ստեղծել էին Ռուսաստանի և Իրանի դեմ։ ՈՒրեմն ինչու չհրճվեին իրանցիներն ու սիրիացիները։ Չէ՞ որ պարզ է, որ եթե ԻՊ-ի առաջնորդն է իսկապես սպանվել, ապա դա նաև այն բանի շնորհիվ է, որ Սիրիայում ԻՊ-ի վրա դրված հույսը չի արդարացել, «արաբական գարունն» այնտեղ խափանվել և սկսել է խեղդվել իր իսկ արյամբ։ Եվ պլանը կամ «խաղը» խափանողների թվում են Սիրիայի և Իրանի իշխանությունները։ Իզուր չէ, որ իրանական ԶԼՄ-ները նշել են, որ հենց Թրամփն է մի քանի անգամ խոստովանել, որ ԻՊ-ն «ամերիկյան արտադրանք է»։ 2016 թ. օգոստոսին Թրամփը հայտարարել է, որ Բարաք Օբաման է հիմնել ԻՊ-ը, և խմբավորումը պատվում է նրան։
Բացի դրանից, իրանական ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել Ռուսաստանի թերահավատությանը, մասնավորապես, մի քանի օր անընդհատ հիշեցնում էին, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը կասկածում է, թե ալ Բաղդադին զոհվել է գիշերային օդային հարձակումից, որովհետև ռուս զինվորականները նշված շրջանում չեն արձանագրել ամերիկյան օդուժի որևէ գործողություն, իսկ «ալ Բաղդադիի զոհվելու հանգամանքների մասին պատմությունները ծայրահեղ հակասական են»։
Երկրորդ. այժմ Իրանում դարձյալ հիշեցնում են Իրանի խորհրդարանի պատգամավորներից մեկի հոկտեմբերի 20-ի հայտարարությունը. «ԱՄԷ-ն ազատել է Իրանի 700 մլն դոլարի սառեցված փողերը,- հայտարարել է օրենսդիր Աքբար Թորքին՝ չներկայացնելով լրացուցիչ տեղեկություն։- Իրանի հետ ԱՄԷ-ի տարադրամային հարաբերությունները բարելավվել են, և Դուբայում իրանական որոշ փոխանակման կետեր վերականգնել են իրենց գործունեությունը։ ԱՄԷ-ն վերանայել է Իրանի հետ իր հարաբերությունները, նաև հասկացել, որ արևմտյան երկրներն ու Սաուդյան Արաբիան ներկա պայմաններում չեն կարող ապահովել իր անվտանգությունը։ ԱՄԷ-ն ներկայանում է որպես Մերձավոր Արևելքի Շվեյցարիա, բայց այդ երկրի առևտուրը, բանկային գործը, էներգետիկան և ավիացիան կախում ունեն անվտանգությունից, և նա գիտի, որ չի կարող հաջողության հասնել առանց անվտանգության»։ Իրանական այլ պաշտոնական դեմքեր նույնպես նշել են Իրանի և ԱՄԷ-ի հարաբերությունների բարելավումը։ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հայտարարել է, որ «Էմիրաթցիները նախաձեռնություն դրսևորեցին Իրանի հետ խնդիրների լուծման մեջ»։ Բացի դրանից, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հոկտեմբերի 14-ին մամուլի կոնֆերանսում հայտարարել է, որ «վերջին ամիսներին Իրանի և ԱՄԷ-ի միջև կապեր են հաստատվել։ ԱՄԷ-ի որոշ պաշտոնական դեմքեր ժամանել են Իրան, իսկ իրանցի որոշ պաշտոնյաներ մեկնել են այնտեղ։ Վերջին ամիսներին Թեհրանի և Աբու Դաբիի հարաբերությունները լավացել են»։
Եթե նկատենք, որ փոխվում է նաև Սաուդյան Արաբիայի հռետորաբանությունը, ապա նախագահ Ռոհանիի, նրա աշխատակազմի ղեկավար Վայեզիի և պատգամավոր Թորքիի ասածները վկայում են, որ Պարսից ծոցի իրադրության և արաբական միապետությունների հետ Իրանի հարաբերությունների մեջ ճեղքում կա։ Եվ եթե ճիշտ է, որ ԱՄԷ-ն Իրանին վերադարձրել է «սառեցված» 700 մլն դոլարը (ԱՄՆ-ի հրամանով, իհարկե), ապա բացառված չէ, որ աշխարհը դառնում է մոլորակի այդ մասում հակաիրանական ուժերի պարտության վկան։ Այսինքն՝ ամբողջությամբ Արաբական թերակղզում։ Եվ այդ ժամանակ սարերի հետևում չեն, օրինակ, Եմենի տարածքի մի մասի օկուպացիայի վերացումը, ահաբեկչական խմբավորումների, նույն ԻՊ-ի պարտությունը Եմենում և այլն։
Սակայն մենք ուզում ենք նշել, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրադրության վերլուծությունը չպետք է շեղի Արևմուտքի և Իրանի, հատկապես ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների սրման հիմնական պատճառից։ Դա այն նույն հարցն է՝ Իրանի միջուկային ծրագրի գծով գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) ճակատագիրը։ Չեմ վախենա պնդելուց, որ 2019 թ. նոյեմբերի դրությամբ հենց դա է համաշխարհային ռազմավարության առանցքային հարցը, ոչ թե, օրինակ, Արցախի հարցը կամ քրդերի հետ թուրքերի հարաբերությունները։ Այն օրից, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարեց ԳՀՀՊ-ից Վաշինգտոնի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մասին, Իրանը մերժում է ցանկացած բանակցություն ամերիկացիների հետ մինչև նրանց վերադառնալը 2015 թ. ամռանը կնքված այդ փաստաթղթի շրջանակները և ԱՄՆ-ի ու եվրոպացիների կողմից ԳՀՀՊ-ի գծով պարտականությունների իրենց մասի անշեղ կատարումն սկսելը։ Իսկ դա բոլոր պատժամիջոցների անվերապահ չեղարկումն է և Արևմուտքում Իրանի բոլոր միջոցների «ապասառեցումը»։ Այդ պատճառով ԱՄԷ-ի վերոնշյալ քայլը ոչ միայն պարզապես ոգեշնչեց իրանցիներին, այլև համոզեց, որ Իրանի ղեկավարությունը ճիշտ մարտավարություն է ընտրել Արևմուտքի հետ հարաբերություններում։ Հիշեցնենք. և՛ այդ նույն եվրոպացիները, և՛ Ռուսաստանն ու Չինաստանը, որպես ԳՀՀՊ-ի կատարման կարևորագույն երաշխավորներ, միասնաբար դատապարտել են ԱՄՆ-ին և Իրանին մշտապես խնդրել, որ առայժմ չկորցնի տոկունությունը և շարունակի կատարել ԳՀՀՊ-ի գծով իր պարտավորությունները։ Բայց 2019-ի ամառվանից Մոսկվան ու Պեկինն արդեն այլ բան են հայտարարում. որ Ռուսաստանն ու Չինաստանը «լիովին հասկանում են», թե Իրանն ինչու է սկսել աստիճանաբար կրճատել 2015 թ. «միջուկային գործարքի» գծով իր պարտավորությունները։
Ինչ-որ պահից սկսեց պարզ դառնալ, որ Իրանի կողմից իր պարտավորությունների աստիճանական կրճատման մարտավարությունն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ինչ-որ համատեղ խորհրդակցությունների արդյունք է։ Նրանց միացյալ ջանքերն ու քայլերը նկատելի էին նաև այլ ոլորտներում. իզուր չէր, որ սեպտեմբերին Իրանի իշխանությունները հայտարարեցին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում առաջիկա եռակողմ (Իրան-ՌԴ-Չինաստան) ռազմածովային զորավարժությունների մասին։ Այժմ արդեն նկատելի է, որ հոկտեմբերին ՌԴ-ն և Իրանը լրջորեն պատրաստվում էին համաձայնեցված գործողությունների ինչ-որ ծրագրի։ Եվ ի՞նչ։ Դեռ ինչքա՞ն պետք է սպասեն ոչ միայն Իրանը, այլև Ռուսաստանն ու Չինաստանը, որ ԱՄՆ-ը, պատկերավոր ասած, «խելքի գա»։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ, AEOI) ղեկավարի տեղակալ Ալի Ասղար Զարեանը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ երկու շաբաթում շահագործման է հանձնվելու Արակի ծանր ջրի ռեակտորի երկրորդ նախագիծը։ Նա ասել է, որ միջուկային արդյունաբերությունը կարևոր դեր ունի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, և միջուկային գործունեության 100-տոկոսանոց ցիկլին հասնելը երկրում դարձել է մատչելի։ Ըստ նրա՝ ցենտրիֆուգների արտադրության մեջ երկիրն ինքնաբավ է դարձել, իսկ իրանցի մասնագետներն արտադրում են դեղին քեկ (նստվածք քամիչում), որն անհրաժեշտ է ուրանի հարստացման համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանը չի ձգտում միջուկային ռումբերի արտադրության՝ համաձայն Իսլամական հեղափոխության առաջնորդի կարգադրության։
Զարեանը նաև նշել է, որ Արակի միջուկային ռեակտորը կարող է արտադրել մինչև 25 տոննա ծանր ջուր, որը կարող է արտահանվել. «Թեև որոշ երկրներ մեզ մեղադրում էին, թե Արակի ռեակտորի հզորության մասին մեր ասածը փչոց է, այժմ նրանք դարձել են մեր ծանր ջրի գնորդներ»։ Դարձյալ ըստ նրա՝ Ֆորդոյի և Նաթանզայի միջուկային հարթակներում տեղադրված է ուրանի հարստացման 1044 և մոտ 5000 ցենտրիֆուգ, իսկ Արակի ծանր ռեակտորի երկրորդ մասի աշխատանքները կավարտվեն 2021 թ. սառնարտադրողականության փորձարկումներից հետո։ Համոզված ենք, որ Զարեանի հայտարարությունները մասնագետներին շատ բան են ասում։
Արդեն հոկտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հաստատեց Իրանի այն դիրքորոշումը, որ Թեհրանը պատրաստ է 2015 թ. միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հաջորդ քայլն անելու, եթե գործարքի մյուս կողմերը ԱՄՆ-ի պատժամիջոցներից Իրանը պաշտպանելու գործողություններ չձեռնարկեն։ «Մենք հույս ունենք, որ կդառնանք ԳՀՀՊ-ի գծով մյուս երկրների հատուկ գործողությունների ականատեսը, հակառակ դեպքում Իրանը պատրաստ է անելու «չորրորդ քայլը»,- հայտարարել է Մուսավին։ Նա հավելել է, որ «չորրորդ քայլի» մեխանիզմն արդեն մշակված է, և այդ քայլը կլինի նոյեմբերի սկզբին։ Ինչպես հայտնում են Թեհրանից, հաջորդ փուլում Իրանը մտադիր է սահմանափակելու ԱԷՄԳ-ի միջուկային տեսչական ստուգումները։ Մուսավին նաև ասել է, որ իր պարտավորությունները կրճատելու Իրանի գործողությունները ԳՀՀՊ-ի շրջանակներում են, այնպես որ եվրոպացիներն ու բոլոր մյուսները իրավունք չունեն բողոքելու դրանց դեմ. «Եթե նրանք անհանգստացած են, ապա պետք է կատարեն իրենց պարտավորությունները, որպեսզի Իրանն էլ վերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը»։ Մուսավին նաև հայտնել է, որ Իրանը դեռ չի համաձայնել ԳՀՀՊ-ն փրկելու վերաբերյալ Ֆրանսիայի և Ճապոնիայի առաջարկներին։ Բացատրենք. հոկտեմբերի 20-ին համաշխարհային ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆրանսիան ու Ճապոնիան Իրանին առաջարկել են ավելի քան 18 մլն դոլարի կրեդիտ, եթե Թեհրանը լիովին վերադառնա ԳՀՀՊ-ի կատարմանը։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ