ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները կհանդիպեն Լոնդոնում՝ նշելու ալյանսի կազմավորման 70-ամյակը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարցազրույցը The Economist-ին ռումբի պայթյուն էր:
«Ինչ հիմա մենք տեսնում ենք, կարելի է անվանել ՆԱՏՕ-ի ուղեղի մահ»՝ հայտարարեց Մակրոնը: Մակրոնի խոսքերը կարելի է ընդհանրացնել այսպես՝ ԱՄՆ-ը գործում է ինքնուրույն: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեջ չկա համակարգում: Սիրիայում մենք ունենք ընդհանուր շահեր, բայց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դիմում է ագրեսիվ գործողությունների՝ առանց մեզ հետ համաձայնեցնելու: ԱՄՆ-ը լքեց իր քուրդ դաշնակիցներին Սիրիայում ու վնասեց ՆԱՏՕ-ին: Էրդողանի անգրեսիան մեծ վնաս հասցրեց ՆԱՏՕ-ին: «ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ին վերաբերում է իբրև առևտրական կազմակերպության, որ ծառայում է իրեն: Ֆրանսիան դրա համար չի մտել ՆԱՏՕ»՝ ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն ասում է, որ չի ցանկացնում իրավիճակը ողբերագականացնել և գտնում է. «Եթե ԵՄ-ն անկախ չդառնա ռազմական ոլորտում, չի կարող իրեն ռազմավարական ուժ զգալ և ճանապարհ չի բացի Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության համար, աշխարհաքաղաքական առումով պարզապես կանհետանա»: Հարցազրույցը մեծ է, բայց հատվածներն էլ բավարար են, որ հասկանանք՝ ինչ է ուզում ասել Ֆրանսիայի նախագահը: Մեր առաջ Արևմուտքն է, որը կորցնում է իր միասնականությունը: ԵՄ երկրները շվարած են համաշխարհային նոր իրադարձությունների ու երևույթների առաջ: ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն, միջուկային, կլիմայական համաձայնագրեր՝ ցանկը երկար է և ՆԱՏՕ-ն այդ կետերից մեկն է: Հետայսու այդ ցանկից ոչինչ չի աշխատում ու չի բավարարում եվրոպացիների պահանջները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոշտ արձագանքեց ՆԱՏՕ-ի մասին Մակրոնի «արմատական» հայտարարություններին: Նա ասաց, որ համաձայն չէ Մակրոնի հետ այդ հարցում և տրանսատլանտյան գործընկերությունը բոլորի համար անփոխարինելի է: Մակրոնը չի ասում ՆԱՏՕ-ն պետք է լուծարել, նա ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ից պաշտպանելու կոչ է անում: Մի կողմից նա կողմնակից է անկախ եվրոպական զինուժի ստեղծմանը, մյուս կողմից, ինչպես Մերկելը, գտնում է, որ ՆԱՏՕ-ն իրենց պետք է:
Ընդամենը 20 օր առաջ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի խորհրդական Ժակ Ատալին, որ համարվում է Մակրոնի խորհրդատուն, նույնպես հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն մեռյալ է»: Ինչու՞: Որովհետև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանից գնել է С-400-ներ ու ինքնուրույն վարել է «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայում: «Թուրքիան այդ գործողությունը ձեռնարկել է առաց ՆԱՏՕ-ի թույլտվության,-ասել է Ժակ Ատալին:- Այդ դեպքում ՆԱՏՕ-ն մեռյալ է»: Մակրոնը նրա հետ փաստացի համաձայն է: «Ո՞րն է ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարությունը այսօր ու կա՞ ընդհանրապես»՝ հարցնում է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը, խոսելով ալյանսի 5-րդ հոդվածի մասին, որի համաձայն զինված հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա կդիտարկվի հարձակում բոլորի վրա, և ագրեսիայի զոհին օգնություն ցույց կտրվի, նշում է. «Ի՞նչ ենք մենք անելու 5-րդ հոդվածի հետ վաղը: Եթե Բաշար Ասադը փորձի հարձակվել Թուրքիայի վրա մենք միջոցներ ձեռնարկելու՞ ենք: Ահա հարց, որին պետք է պատասխանել»: Մեզ համար ՆԱՏՕ-ն արդեն կորցրել է ամբողջ իմաստը: Մենք դա գիտենք: Իսկ Մակրոնի՞, որ այդքան երեսպաշտ վերաբերմունք ունի 5-րդ հոդվածին: Ինչպե՞ս վերաբերվենք փաստին, որ Մակրոնը այդպիսի հարց է դնում՝ անտեսելով զինված հարձակումները մեր երկրի սահմանների վրա Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության / ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների կողմից, որոնց երկար տարիներ նրանք՝ ՆԱՏՕ-ի անդամները, սնում ու զինում էին:
Այո, Ֆրանսիան մեկ ոտքով կանգնած է Ասիայում, մյուս ոտքով՝ ատլանտյան ճակատում: Մակրոնը շարունակում է սահել մի կողմից մյուսը: Դեռ երեկ էր նա վերադարձել Չինաստանից: «Ռուսաստան» բառը նրա շուրթերից ցած չի իջնում: Ինչ նպատակով էլ Մակրոնը դա ասել է, նա նպաստել է մեզ համար ռեալ փաստի ամրապնդմանը՝ ատլանտյան ճակատը ՆԱՏՕ-ի ու մյուս ինստիտուտների հետ, եթե ԵՄ-ն համառորեն կառչի այդ ճակատից, ինքն է տրոհվելու: Ահա ինչ է Մակրոնն ասում: Մյուս կողմից՝ եվրոպացիները, որպեսզի դիմանան, իրենց հայացքները հառել են Ասիային, որտեղ նոր աշխարհ է ծնվում: Այնտեղ է արտադրությունը, տնտեսական զարգացումը, իրավահավասար մրցակցությունը: Ֆրանսիային ու Գերմանիային պետք են լինելու Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանն ու նույնիսկ Թուրքիան, որ սրընթաց պոկվում է Ատլանտիկայից և պատվավոր տեղ ունի Ասիայում: Միավորվելով իր հարևանների հետ, Թուրքիան խաղաղություն կբերի մեր տարածաշրջան և անպայման կանցնի արտադրողական էկոնոմիկայի:
Ալի Ռեզա Տաշդելեն, Aydınlık (Թուրքիա)
Հ.Գ. Ասեմ իսկզբանե՝ թարգմանել եմ հանուն վերջին մեկ նախադասության: Պաթոսն ու սուտը մի կողմ՝ ո՞ր հարևանների հետ է Թուրքիան միավորվելու՝ սահմանակից լինելով 8 երկրի՝ Հունաստան, Բուլղարիա, Վրաստան, Իրաք, Սիրիա, Հայաստան, Իրան, Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Հարցը հռետորական չէ: Հարևանին է վերաբերում: Ու՝ մեզ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ