Մենք վերապահում արեցինք ամենասկզբում, որ հոկտեմբերի 29-ը նշանակալի ամսաթիվ է։ Եվ ահա՝ երկրորդ պատճառը։ Աշխարհը վկա դարձավ, որ այդ օրն ԱՄՆ-ի խորհրդարանի (Կոնգրեսի) ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, ձայների ճնշող գերակշռությամբ հերթական անգամ բանաձև է ընդունում 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Հայաստանում իրարանցումն այնպիսին էր, որ համացանցով ուղիղ հաղորդումներ էին գալիս ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատից, «մոլեգնում» էին հայկական հեռուստաալիքները և այլն։ Մի՞թե պարզ չէ, թե ինչու։ Նշանակում է Հայոց եղեռնի հարցը կարևորություն է ստացել ԱՄՆ-ի համար, ինչպես նաև Հայաստանի ամերիկամետ քաղաքացիների ու քաղաքական խավի համար, որոնք կարծես «մոռացել» են հիշեցնել մարդկանց, որ այդ նույն Ներկայացուցիչների պալատն արդեն առնվազն երրորդ անգամ է ընդունում այդպիսի բանաձև։ Բայց ի՞նչ օգուտ։ Այնուհետև ամեն ինչ և միշտ, որ ընդունում էր Ներկայացուցիչների պալատը, շրջափակվում էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից։ Կամ էլ ԱՄՆ-ի այս կամ այն նախագահի անձնական միջամտությամբ ընդհանրապես երկար տարիներով «անհետանում» էր Կոնգրեսի օրակարգից։ Հայաստանում 2019-ի հոկտեմբերի 29-ին ոչ ոք դա «չհիշեց»։ Եվ իզուր։
Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը պետք է դիտարկել բացառապես այն աշխարհաքաղաքական իրողությունների լույսի ներքո, որոնց հորձանուտում Սիրիայի շուրջ ամերիկա-թուրքական վերջին դիվանագիտական տարաձայնությունները, Սպիտակ տան ղեկավարի քաղաքական վարքի «անտրամաբանությունը» խաղացին իրենց գլխավոր ու ամփոփիչ դերը։ Ավելի պարզ՝ դա «Թուրքիային պատժելու» ցուցադրական ու ակնհայտորեն թատերականացված գործողություն էր, այսինքն, պատասխան էր այն բանի, որ Թուրքիան արտաքուստ վերջնականորեն անցել է արևմտյան գործընկերների թույլատրած սխալմունքների «կարմիր գիծը»։ Բայց դա ավելի շատ այն է, ինչն աշխարհին, որպես «բացատրություն», կուզեին մատուցել հենց ամերիկացիներն ու թուրքերը։ Ստորև պարզ կդառնա, թե ինչու է արված այս վերապահումը։ Չնայած այն բանին, որ նման բանաձևի ընդունման հետաձգումը Վաշինգտոնի վերջին հաղթաթուղթը չէր, այնուամենայնիվ, նման քայլը կարող է նշանակել Էրդողանի հերթական մարտավարական թեքումը դեպի Կրեմլ, նույնիսկ Իրանի կողմը, և այդ դեպքում անպայման նոր «սակարկություններ» են լինելու ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև։ Բայց չէ՞ որ միշտ էլ այդպես է եղել։ Սոչիի վերջին հանդիպման ժամանակ պարտվեցին և Թուրքիան, և ԱՄՆ-ը, իսկ Սիրիայում ուժեղացան Ռուսաստանի և Իրանի դիրքերը։ Այո, թուրքական ինքնաբավության ցուցադրումը բազմաստիճան անհաջողություն կրեց, այդ պատճառով ճիշտ չէր լինի պնդել, թե Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն անպայման պետք է լիներ «հեղափոխական» Փաշինյանի կառավարման ժամանակ։ Ոչ, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նման քաղաքական, ավելի ճիշտ՝ քաղաքականացված որոշմանը Երևանը չի կարող արդյունավետ քաղաքական արձագանք տալ՝ գտնելով համարժեք ու սթափ գնահատականներ։ Ավելին, Երևանի նման սթափության բացակայության ու գերզգայուն ապակառուցողական ընկալման վրա էլ հաշվարկված է տվյալ բանաձևը։ Որովհետև այն ամենը, ինչը կարող էր խաղարկել սթափ դիվանագիտությունը, քաղաքական ու աշխարհաքաղաքական կեղծ կողմնորոշիչներով ղեկավարվող հայկական «թավշյա» կառավարությունը վերածում է զրոյի՝ ընթացիկ իրադարձություններին հատկացնելով ազգային շահերի նկատմամբ գերիշխող ապակառուցողական գործոնների դեր։
Այժմ Անկարան ակտիվորեն «վիրավորվածություն» է խաղարկում։ Թուրքիան ամբողջությամբ մերժում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը՝ ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Ամբողջությամբ մերժում ենք «Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը հաստատելու մասին» N 296 բանաձևը։ Այդ փաստաթուղթը նախատեսված է ներքին լսարանի համար և չունի որևէ պատմական և իրավական հիմնավորում»,- ընդգծել են Թուրքիայի ԱԳՆ-ում։- Այդ որոշումը Թուրքիայի կառավարության ու ժողովրդի համար ոչ մի նշանակություն չունի։ Քաղաքականապես հիմնավորված փաստաթուղթը ծառայում է հայկական լոբբիի և ԱՄՆ-ի հակաթուրքական շրջանակների շահերին, ոչ ավելի։ Պատմական իրադարձությունները դիտավորությամբ խեղաթյուրելը սարսափելի սխալ է»։ Ահա նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի զրպարտանքները։ Ըստ նրա, դրանով ԱՄՆ-ը «վրեժ է լուծել» այն բանի համար, որ Թուրքիան Սիրիայում իր «Խաղաղության ակունք» գործողությամբ խանգարել է ԱՄՆ-ի պլաններին։ «Նրանք, ում պլանները խափանվել են, դիմում են արդեն հնացած բանաձևերի։ Եթե նրանք հավատում են, թե այդպիսով վրեժ կլուծեն, սխալվում են։ Պատմությունը քաղաքականության մեջ օգտագործողների տվյալ խայտառակ որոշումը ոչինչ չի նշանակում մեր կառավարության ու ժողովրդի համար և իրավական որևէ ուժ չունի»,- «Թվիթերում» գրել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Թուրքիան Վաշինգտոնին կպատասխանի հակաթուրքական բանաձևի ընդունման կապակցությամբ։
Տարօրինակ է, բայց թուրք նախարարն ինչ-որ բանում ճիշտ է։ Բանաձևն անզոր է, այն օրենք չէ։ Այն չի նախատեսում Հայոց ցեղասպանության զոհերի անձնական ու գույքային ոտնահարված իրավունքների վերականգնում։ Բացի դրանից, դեռ հաստատված չէ ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր իշխանության կողմից։ Այստեղ մեզ փորձել են լկտիորեն խաբել, թե իբր պետք չէ Սենատի հավանությունը, բանաձևն իսկույն ուժի մեջ է մտնում։ Նախ, եթե Սենատը պետք չէ, ապա կոնգրեսմեններն ինչու սկսեցին Սենատին կոչ անել, որ ընդունի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Միայն երկու պալատների միաձայնության դեպքում է նախագահը հաստատում այս կամ այն որոշումը։ Երկրորդ, ընդունված որոշումը չի նախատեսում Ցեղասպանության զոհերի անձնական ու գույքային ոտնահարված իրավունքների վերականգնում։ Եվ ո՞վ կարող է նախօրոք ասել, թե այդ բանաձևը կհաստատեն գոնե Սենատում։ Մենք չենք կարող ասել «այո» կամ «ոչ»։ Եվ ամերիկացիներին բոլորովին չի անհանգստացրել ՌԴ պաշտպանության նախարարի ժամանումը Հայաստան։ Իսկ թե հենց ինչը, այժմ կդիտարկենք։
Լուծումը թաքնված է ՌԴ պաշտպանության նախարարի հոկտեմբերի 26-ի հայտարարության, ինչպես նաև այն բանի մեջ, որ Դոնալդ Թրամփը, պարզվում է, Ռոկֆելլերների ընտանիքի նավթային ընկերություններին «հրավիրել» է Սիրիայի նավթադաշտեր, որոնք սիրիացիներից՝ դրանց իրական տերերից պաշտպանելը ամերիկացիները ոչ մի կերպ չեն ուզում դադարեցնել։ Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հոկտեմբերի 26-ին հայտարարել է, թե ռուս զինվորականները հաստատում են ստացել այն բանի, որ ԱՄՆ-ի Պենտագոնը վերահսկել և մինչ օրս վերահսկում է Սիրիայի տարածքում նավթի հանույթն ու արտահանումը։ ՌԴ ՊՆ-ն տիեզերական հետախուզության լուսանկարներ է ներկայացրել, որոնցում երևում են Սիրիայի տարածքից ԱՄՆ-ի հատուկ գործողության ուժերի (ՀԳՈՒ) զինծառայողների և ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների (ՄՌՈՒ) աշխատակիցների պաշտպանության ներքո հեռացող նավթատար ավտոցիստեռնները։ Ռուսաստանի զինվորականները հրապարակել են նավթի հանքավայրերի քարտեզը և տիեզերական հետախուզության լուսանկարները, որոնք արվել են 2019 թ. սեպտեմբերին։ Ինչպես ընդգծել է Կոնաշենկովը, սիրիական նավթը ԻՊ-ի ահաբեկիչների ջախջախումից և՛ առաջ, և՛ հետո ԱՄՆ-ի զինծառայողների պաշտպանության ներքո Անդրեփրատում ակտիվորեն արդյունահանվել և բենզատարներով զանգվածաբար ուղարկվել է վերամշակման Սիրիայի սահմաններից դուրս։ Կոնաշենկովը նշել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայի նավթային հանքավայրերում պահպանական գործունեությամբ զբաղվելու օրինական իրավունք չունեն։ Կոնաշենկովի խոսքով, այն, ինչով այժմ զբաղվում է Վաշինգտոնը, այն է՝ Սիրիայի արևելքում նավթադաշտերը գրավելը և իր զինված հսկողության տակ պահելը, «պարզ ասած, միջազգային պետական բանդիտիզմ է»։ Նա ընդգծել է, որ «ո՛չ միջազգային իրավունքում, ո՛չ ամերիկյան օրենսդրությունում չի կարող որևէ օրինական առաջադրանք լինել ամերիկյան զորքերի համար, որ նրանք Սիրիայի ածխաջրածնային հանքավայրերը պաշտպանեն հենց Սիրիայից ու նրա ժողովրդից»։
Այսպիսին է մոլորակի այս շրջանում շարունակվող իրադարձությունների ընթացքը, և Սիրիայում «նավթային սկանդալ» է հասունանում ամերիկացի զինվորականների և ՄՌՈՒ-ների աշխատակիցների առավել քան տարօրինակ «պահպանական միջոցառումների» առնչությամբ։ Բայց թե ուր է գնում գողացված սիրիական նավթը, այստեղ տրամաբանությունը հետևյալն է. 1) կամ՝ Թուրքիա, 2) կամ՝ Իրաք, ավելի ճիշտ՝ Իրաքյան Քրդստան։ Երկրորդ տարբերակը ժամանակավորապես կարելի է ուշադրության չառնել, որովհետև Իրաքում անկարգություններ են տիրում առնվազն հոկտեմբերի սկզբից, իսկ իրաքյան Քրդստանի մերձակայքում՝ Խանակինում, «որտեղից որտեղ» կրկին հայտնվել են ԻՊ-ի ահաբեկիչները։ Այսինքն՝ նավթը գնում է Թուրքիա։ Իսկ ուրիշ ու՞ր կարող էր գնալ։ Հենց Թուրքիայից, թուրքական նավահանգիստներից է հնարավոր գողացված նավթը (Հյուս. Սիրիայից, թե Հյուս. Իրաքից) առավել արագ ու հեշտությամբ հասցնել այդ նավթի իսկական ստացողին՝ Իսրայելին։ Այստեղ անհասկանալի բան չկա։ Գողացված, հետևաբար շատ էժան նավթ է, որը չափազանց պետք է Իսրայելին։ Միջազգային հանրությունը հավանաբար հիշում է Պարսից ծոցում «նավթանավային պատերազմի» շուրջ ստեղծվող «անհասկանալի» շրջադարձերը, սաուդյան ՆՎԳ-ների վրա կատարվող «անհասկանալի» հարձակումները և այլն։ Բայց այդ դեպքում առկա են ոչ թե սիրիացի քրդերի պատճառով թուրքերի նկատմամբ ԱՄՆ-ի «ոխակալությունը», ոչ էլ հայ ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի կոնգրեսականների «հոգատարությունը». այստեղ առկա է ջուր պղտորելու ակնհայտ ձգտում, իբր Թուրքիան «նեղացած է» Ամերիկայից, և գողացված սիրիական նավթը Թուրքիայով չի հեռանում Սիրիայից։ Հավանաբար ամերիկացիներին, իսրայելցիներին ու թուրքերին թվում է, թե ամբողջ աշխարհում տխմարներ են, որոնք չգիտեն, որ հարավում Սիրիան սահմանակից է Հորդանանին և Իսրայելին, արևմուտքում՝ Լիբանանին, հյուսիսում՝ Թուրքիային, արևելքում՝ Իրաքին։ Որ Սիրիայի հյուսիսային Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգներից գրեթե անհնար է աննկատելիորեն տոննաներով նավթ տեղափոխել, այն էլ՝ ավտոցիստեռնների շարասյուներով, Սիրիայի հարավում գտնվող ամերիկա-անգլիական Էթ Թանֆ ռազմաբազա, երբ ավելի անվտանգ է գողացված նավթը դուրս տանել հյուսիսային ուղղությամբ, այսինքն՝ Թուրքիայով։ Մանավանդ, Էր Ռաքքայում և Ռաքքա նահանգում արդեն երրորդ շաբաթն է, ինչ գտնվում են սիրիական զորքերն ու ռուսական ռազմական ոստիկանությունը։ Ո՞վ կփորձի այդ տարածքով հանել գողացածը։ Իսկ ահա Թուրքիայով միանգամայն կարելի է։ Չէ՞ որ դեռ մոռացված չեն ԻՊ-ի զինյալների հետ նավթային գործարքներում նախագահ Էրդողանի ընտանիքի ներգրավվածության մասին սկանդալները։
Որպես ապացույց մեջբերում անենք համացանցային «ԹպրՑՌ.Րց» կայքի 2015 թ. նոյեմբերի 25-ի հոդվածից. «Նոր ապացույցներ են հայտնվել, որ ԻՊ-ի գոյությունը և Սիրիայի անկայուն իրադրությունը շատ շահավետ են թուրքական կառավարության և անմիջականորեն երկրի նախագահի ընտանիքի համար։ Ռեջեփ Էրդողանի որդի Բիլալը, ինչպես պարզվել է, սերտորեն շփվում է ԻՊ-ի զինյալների հետ, ընդհուպ մինչև այն, որ ուրախ ժպիտով լուսանկարվում է նրանց հետ։ Ընդ որում, հենց Բիլալ Էրդողանն է փաստացի վերահսկում Թուրքիայի նավթային հոսքերը և իսլամիստներից նավթ գնում ստվերային շուկայում։ Կրտսեր Էրդողանի նավագնացային ընկերությունները սեփական նավամատույցներ ունեն լիբանանյան Բեյրութի և թուրքական Ջեյհանի նավահանգիստներում, ուր մաքսանենգները հումք են հասցնում նավթանավերով։ Եվ դա գաղտնիք չէ ոչ մեկի, անգամ թուրքերի համար։ Հենց զինյալների նավթային պահեստների վրա ռուսական օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) հարվածները կարող էին վերջին կաթիլը լինել թուրքական իշխանությունների համար։ Անկարան պարզապես զգացել է, որ կորցնում է շահույթի աղբյուրը։ Գործարանների, թերթերի ու նավթերի տեր, համատեղությամբ՝ ԻՊ-ի դաշտային հրամանատարների մեծ բարեկամ։ Մի լուսանկարում նա ընթրում է ընկերների հետ, մեկ ուրիշում լսում է իմամին, ինչպես մյուս հավաքվածները։ Այդ ամենը՝ ոչինչ, բայց ամերիկյան զորքերի սև դրոշները լավագույն ֆոնը չեն թուրք առաջնորդի երկրորդ որդու համար։ Լուսանկարն արված 2013 թ. օգոստոսին, այն բանից մեկ տարի առաջ, երբ ԻՊ-ականներն սկսեցին ակտիվորեն տարածքներ գրավել»։
Հոկտեմբերի 26-ին ՌԴ ՊՆ-ն ամերիկացիներին և թուրքերին ապշեցնում է՝ հրապարակելով Սիրիայի շարունակվող կողոպուտի մասին տիեզերական հետախուզության լուսանկարները և դրանց կցում Կոնաշենկովի մեկնաբանությունները՝ միջազգային պետական բանդիտիզմի մեղադրանքներով։ Հոկտեմբերի 28-ին Թրամփը Ռոկֆելլերներին «հրավիրում» է սիրիական նավթադաշտեր։ Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունում իբր այն նույն բարեկամի դեմ, որն ԱՄՆ-ին օգնում է այդ նույն միջազգային պետական բանդիտիզմի, այսինքն՝ սիրիական նավթի կողոպուտի և արտահանման մեջ։ Ընդ որում, և՛ ԱՄՆ-ը, և՛ Թուրքիան վերջնահաշվում «աշխատում» են ի շահ Իսրայելի։ Աստված իմ, ինչ զգայացունց «հոգատարություն» է հայ ժողովրդի հանդեպ։
Բայց, բացի նավթից, կան նաև այլ, առայժմ քիչ նկատելի նրբություններ։ Ի վերջո, ո՞վ չի տեսնում, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդերին «հանձնել» է Անկարայի ողորմածությանը։ Առայժմ «չի հանձնված» միայն Իրաքի քրդերի՝ Բարզանիի կլանը։ Կարծում ենք, կգա ժամանակը, և աշխարհն ստիպված կլինի լրջորեն ուսումնասիրելու ամերիկացիների կողմից քրդերին հանձնելու պատճառը։ ԱՄՆ-ի կողմից հերթական անգամ, նույնիսկ դժվար է ասել, թե որերորդ, դիմելը «Հայկական հարցին» հազիվ թե տարածաշրջանին որևէ կայուն բան խոստանա։ Սիրիայի քրդերի աննախանձելի վիճակը տարածաշրջանի ժողովուրդներին ինչ-որ բան սովորեցնում է, թե ոչ, դժվար է հիմա ասել։ Հայաստանում մերթ ընդ մերթ սթափ ձայներ են հնչում, բայց դա սոցցանցերի «մշտադիտարկման» սիրահարների ուսումնասիրության նյութ է, ոչ թե այն հիմնական խնդիրն ուսումնասիրողների գործը, որի շուրջն արդեն յոթերորդ տարին չի հանդարտվում իրարանցումը։ Բայց նկատելի է, որ, փորփրելով պատմության խճողված ու փոշեպատ «պահեստը», ամերիկացի օրենսդիրները «Հայկական հարցը» դուրս են բերել այն բանից հետո, երբ Պենտագոնն ու պետդեպարտամենտը սիրիացի քրդերին հանձնել են թուրքերին։ Այսպիսով հենց ա՞յդ քրդերն այլևս պետք չեն Ամերիկային, թե՞ բոլոր քրդերն ամբողջությամբ։ Փնտրելու ենք ինչպես այդ, այնպես էլ այն հարցի պատասխանը, թե «Հայկական հարցի» հետ ինչ են որոշել անել ԱՄՆ-ում։ ՈՒ թեև մենք չունենք ապացույցներ, այլ կա միայն կանխազգացում, այնուամենայնիվ, քրդերի ու սիրիական գողացված նավթի գծով ԱՄՆ-ի ու Թուրքիայի վերը թվարկված բոլոր «միջոցառումները» կապենք Հայաստան և Ադրբեջան ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի այցերի հետ։ Չափազանց հետաքրքիր կոլաժ կստացվի։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ