«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սրանից ազգային կառավարություն Հայաստանը չի ունեցել»՝ չզարմանաք, եթե մայրաքաղաքում ու մարզերում հայտնվեն պաստառներ այս հանճարեղ նախադասությամբ: Չէ՞ որ հեղինակը վարչապետն է: Միևնույն է, հազիվ թե գտնվեն մարդիկ նրա մերձավոր շրջապատում, որ ասեն՝ դա ոչ միայն մարազմ է, այլև ինքնասիրահարվածության գագաթնակետ, որտեղ ամեն ինչ մշուշվում է ու կորցնում իրականության հետ կապը: Մնում է իշխանությունը պահպանելու բնազդը: «Այո, գուցե նաև մեր մեղքով հանրությունը չի ընկալում ինչ ենք մենք իրականում անում և ինչի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թյուրըմբռնումներ չլինեն մեր գործունեւթյան հետ կապված»՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Դա ինքնապահպանության բնազդն է, որ ստիպեց վերադառնալ լայվերին:
Որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տանուլ է տալիս տեղեկատվական դաշտում, վաղուց Պոլիշինելի գաղտնիքն է: Նա գերադասում է անձամբ ներկայացնել բոլոր դրական քայլերը՝ պարբերաբար Ֆեյսբուքում ստատուսներ գրելով տնտեսական աճի, հիպոթեքի ու հայրենադարձության թվերի մասին: Այդ մեխանիզմն արդեն չի աշխատում՝ վարչապետի ստատուսները կորչում են թիմակիցների ռեալ թայմ քայլերում: Անձամբ վարչապետն էլ այլևս համոզիչ չէ տետ ա տետ հանդիպումներում՝ նախարարությունների շենքի առաջ՝ ցուցարարների հետ նրա խոսակցությունը երկու խուլերի հանդիպում էր: Կողմերից ոչ մեկը իր փաստարկներում համոզիչ չէր: ՈՒ դա միակ դեպքը չէ: Ի սկզբանե վարչապետը ամբողջ մամուլը բաժանել է 2 խմբի՝ սև/սպիտակի: Սպիտակը «Հայկական ժամանակն» է, սևը՝ մնացածը: Հիմք ընդունելով մամուլի ֆինանսավորման հիմնական աղբյուրները՝ նա, ելնելով իր խմբագրական փորձից, համարում է, որ ամբողջ մամուլը գործում է մի սկզբունքով՝ պատվիրատու-կատարող: Նոր պայմաններում՝ նրա գնահատականով պատվիրատուն «նախորդ հանցավոր ռեժիմն» է, կատարողը՝ բոլորը: ՈՒստի բոլոր հրապարակումներն ընկալվում են նեգատիվ ու մերժվում հընթացս: Դա սկզբունքային սխալ է, որի հետևանքը դարձավ Ֆեյսբուքը հիմնական քարոզչամիջոց դարձնելն ու միայնակ համակարգի դեր ստանձնելը: Դա ևս սկզբունքային սխալ էր, որ շատ ձեռնտու էր, իշխանությունից բացի, բոլորին:
Մեկուկես տարում իշխանությունը օր օրի ինքնապարփակվեց ու հեռացավ իրականությունից՝ իրեն համարելով մրցակցությունից վեր: Մրցակցության բացառումը դարձավ այն հենքը, որի վրա նախարարներն անում են իրենց կամայական քայլերը ու հարկ էլ չեն համարում բացատրել պատճառները: Կա առավել վատը՝ երբ բացատրում են, ավելի անհեթեթ վիճակում են հայտնվում, ինչպես եղավ Արայիկ Հարությունյանի դեպքում: Այսինքն՝ իշխանությունը չի գիտակցում իր ձախողումը, փորձում է մեղադրանքներն իրենից վանել: Ընդամենը: Որովհետև ամեն ինչի միայն մեկ պատասխան ունի՝ «Սրանից ազգային կառավարություն Հայաստանը չի ունեցել»: Նախ՝ դա գերչափազանցություն է՝ մեկ, և երկրորդ՝ հետո ի՞նչ՝ «Լավագույն մտադրությունները բացում են դժոխքի դռները»՝ ասում էր Շեքսպիրը: Եվ երրորդ՝ քարոզչությունը գիտություն է ու արվեստ, ոչ թե լայվերի լաբիրինթոս, որտեղ Արիադնայի կծիկն էլ կարող է կորչել, երբ տրվում ես պոպուլիզմի:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ոչ նախկինները, ոչ ներկաներն են որոշելու ապագան: Նրանք այնքան են տրված միմյանց հետ փոխհարաբերություններ պարզելու սակրալ առաքելությանը, որ անհրաժեշտությունը ձևավորելու է նոր ուժ, որը խելամտություն է ունենալու բացարձակապես չանդրադառնալ ընթացիկ իրավիճակին, այլ սկսելու է խոսել միայն հանրության համար և հանրության հետ, ներկայացնել իր տեսակետներն ու իր ճշմարտությունը: Ելնելով հանրության պահպանողական դիմադրությունից ու պոպուլիզմին հակվածությունից՝ այդ ուժը դժվարությամբ է առաջ շարժվելու, բայց դա միակ ճանապարհն է, որ երկիրը կհանի տեղապտույտից: Ոսկե կանոն է, որ ամենաապաշնորհ իշխանությունն անգամ, երբ ընդդիմություն է դառնում, սկսում է խելացի տեսակետներ հայտնել, իսկ ամենախելամիտ ընդդիմությունը սկսում է ստել ու անտրամաբանական քայլեր անել՝ իշխանության գալով: Այս կանոնի ժխտումը պետք է լինի ուղենիշ: Թեև այսօր ուղենիշների մասին խոսում են բոլորը՝ հին, նոր, նորագույն, հայտնի ու անհայտ, նոր համարյա ոչինչ չի ասվում: Մեծագույն սխալ է գաղափարական գրոհը ընտրությունների նախօրեին թողնելը, այդ դեպքում նորից է ստեղծվելու ընտրություն առանց ընտրության իրավիճակը, որի արդյունքներն ու հետևանքները մեկուկես տարում տեսնում ենք բոլորս:
Կարող են լինել և ֆորս մաժորներ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր Հայաստանում: Պաշտոնական տեղեկատվությունը փաստում է երկու երկրների հիանալի փոխհարաբերությունները, դա այսբերգի ցուցափեղկային հատվածն է, որտեղ ամեն ինչ պիտի գործընկերություն վկայի:
Այսբերգի գործնական հատվածը երբեք տեսանելի չի լինում հրապարակային մակարդակում: Իրադարձությունների զարգացումը պարզում է՝ ինչ կարող էր լինել, ինչ չեղավ ու ինչ է կատարվում: Երևան այցից առաջ ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է «Մեդիամաքսի» հարցերին՝ գրավոր հարցերի գրավոր ստանդարտ, պաշտոնական պատասխաններ: Մի քիչ վիճակագրություն, մի քիչ դիվանագիտություն: Իսկ Ազգային պատկերասրահում Մեծ հայրենականի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսում ասել է. «Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը, որն ամրապնդվել է դաժան ռազմական փորձություններով, երաշխիք է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության և դաշնակցության հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, Անդրկովկասում ու մեր ողջ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար»: «Հույս ունեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կհասնի 2 միլիարդ դոլարի» երեկ Լավրովին էր դիմում Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա պատասխանում էր. «Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում»: Նա ընդհանրապես լավատես է, բայց կա մի հարց, որտեղ լավատեսությունը հարցականի տակ է: Արցախի հարցը: Ակնհայտ է, որ քննարկումների առանցքում եղել է հենց Արցախը: Պատահական չէր երեկ Նիկոլ Փաշինյանը Գորիսում հանդիպել Բակո Սահակյանին: Լավրովը Մեդիամաքսին հարցազրույցում ասել էր. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»: Եթե հաշվի առնենք «Վալդայ» ակումբում ու դրանից առաջ նրա բարձրաձայնած տեսակետները, ամենայն հավանականությամբ, նրա օրակարգում են հենց սուբստանտիվ բանակցությունները, որ համընկնում են Ադրբեջանի երազների հետ: Ի վերջո, փաստ է, որ Հայաստան Լավրովի վերջին այցին հաջորդած իրադարձությունների մեջ էր և հայկական թավշե հեղափոխությունը, որի հիմքում իշխանափոխություն էր: Դավադրապաշտական ոչ մի տեսության տուրք չտալով՝ արձանագրեմ. չափազանց հեշտ իշխանափոխության հիմքում պետք է չափազանց դժվար որոշում լիներ, որի հեշտ ձևակերպումն էր. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»:
Ընդամենը մի քանի ամիս առաջ Աբովյան փողոցով անհույս կապույտ 06 գլորող Նիկոլ Փաշինյանը հանկարծ դառնում է ցանցային հեղափոխության նախաձեռնող ու հաղթում է Գյումրիից ոտքով Երևան գալով: Կոտրում է Ռադիոպետկոմում մի դուռ, գրոհում է փշալարերի վրա ու… իշխանությունը հանձնվում է: Այդ հետո պիտի գտնվեր ձևակերպումը, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէր, որ մարտի 1 ու ապրիլի 12 սարքեր: Որ համաժողովրդական շարժում էր, և այլն, և այլն: Եվ, այնուամենայնիվ, ինչու՞ հանկարծ Նիկոլ Փաշինյանը մի առավոտ արթնացավ, ընտանիքի հետ խորհրդակցեց ու որոշեց հեղափոխություն անել: Ի՞նչն էր պակասում նրան: «Ելքը» մտել էր խորհրդարան, նորմալ աշխատում էին: Իսկ գուցե ամբողջ խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն էր ու իր վարչապետ չդառնալու խոստումը դրժելը, այլ ուրիշ խոստում էր դրժվել, որ տրվել էր նույն Սերժ Սարգսյանին: Եվ նրան մնում էր գեղեցիկ հեռանալ: Չլուծելու համար Արցախի հարցը այն սկզբունքներով, որ անձամբ 10 տարի բանակցել էր: Բոլորն էլ հիշում են, որ հենց հեղափոխության օրերին Ռուսաստանը մի վերջին փորձը նախաձեռնեց իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու՝ վստահ լինելու, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու: Բայց դա չէր մտնում Սերժ Սարգսյանի ծրագրի մեջ, այդ դեպքում նրա հրաժարականն իմաստազրկվում էր: Եվ հիմա Լավրովը եկել էր Երևան՝ պարզելու նոր իշխանության դիմադրունակությունն ու ռեսուրսները: ՈՒ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնում, ճիշտ է՝ Էմանուել Մակրոնի հետ պաշտոնական հանդիպում չունենալով ծրագրում: Թե ինչ պատասխան է Լավրովը ստացել, կարող եք մոտավոր պատկերացնել՝ համադրելով Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանի ելույթն ու ասուլիսը՝ նոյեմբերի 10-ին, Շուշիում «Ես հող հանձնող չեմ» ռեֆրենով: Բոլորովին պատահական չէ, որ նրա այցից առաջ Սերժ Սարգսյանը, որ այս ընթացքում ոչ մի անգամ Մոսկվա չի գնացել, հանդիպում է ԱՄՆ դեսպանին, իսկ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Սպուտնիկ-Արմենիային» ու հայտարարում. «Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն: Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը»: ՈՒ եզրակացնում է, որ «այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով»: Սա, մեղմ ասած, ադրբեջանական տեսակետն է, որ հնչում է ՀՀ նախկին նախագահի շուրթից՝ իբրև գին Ռուսաստանի իրեն աջակցության: Ով-ով, 10 տարի բանակցած Ռոբերտ Քոչարյանն այնքան փորձառու է, որ գիտի՝ կան ճշմարտություններ, որ երբեք չեն ասվում, կան իրավիճակներ, որ համաձայնում ես՝ իմանալով, որ հակառակ կողմը դեմ է լինելու, կա ստատուս քվոն պահելու ու պատերազմը կանխելու խնդիր, և էլի հարցեր, որոնց մասին գրել չի կարելի: Եթե այդքան անկեղծացել է, գուցե բացատրի՝ ինչու՞ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից կամ ինչու՞ էր իր իշխանության տարիներին ժխտվում, որ եղել է Մեղրիի տարբերակ: Նա փաստացի ոչ թե Նիկոլ Փաշինյանին է մեղադրում, այլ բացատրում է՝ ինչու՞ հեռացավ Սերժ Սարգսյանը: Եվ՝ ինչու՞ է Սերժ Սարգսյանն ազատության մեջ, իսկ ինքը ռուսներին հարցազրույցներ է տալիս կալանավայրից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. «Հնարավոր համարու՞մ եք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը առանց ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու, և Ռուսաստանը պատրա՞ստ է դեր խաղալ» Մեդիամաքսի հարցին Լավրովը պատասխանել է. «Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009-ին», հիմա էլ՝ «պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին»։ Կարդացեք՝ «Ամեն ինչ կանենք, որ այդ հարաբերությունները երբևէ չկարգավորվեն»։ Դա է պահանջում ՌԴ ազգային շահը, իսկ Հայաստանում «ավելի ազգային կառավարություն երբեք չի եղել»։ ՈՒ՝ ի՞նչ։