ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Էմանուել Մակրոն. ՆԱՏՕ-ն կոմայի մեջ է

Էմանուել Մակրոն. ՆԱՏՕ-ն կոմայի մեջ է
09.11.2019 | 13:42

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուղեղային մահվան մեջ է՝ ընդգծելով, որ հիմնական պատճառը հիմնական երաշխավորի՝ ԱՄՆ-ի նվազող աջակցությունն է: Economist-ին հարցազրույցում նա նշել է նաև Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը՝ առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու: Մակրոնը կասկածում է, որ ՆԱՏՕ-ն այսօր ապահովում է ալյանսի անդամների հավաքական անվտանգությունը: ՆԱՏՕ-ն դեկտեմբերին նշում է իր ստեղծման 70-ամյակը Լոնդոնում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ի պատասխան Մակրոնի հայտարարել են, որ ալյանսը ամուր է, ինչպես երբեք: «Հիմա մենք գործ ունենք ՆԱՏՕ-ի հետ, որի ուղեղը մահացած է»՜ ասել է Մակրոնը Economist-ին: Նա նախազգուշացրել է Եվրոպայի ՆԱՏՕ մտնող երկրներին, որ նրանք այլևս չեն կարող հույս ունենալ, ոչ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը իրենց օգնության կգա:


ՆԱՏՕ-ն ստեղծվել է սառը պատերազմի սկզբին՝ Արևմտյան Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի անվտանգությունն ապահովելու համար: ՆԱՏՕ-ի խարտիայի հինգերորդ հոդվածում ասվում է, որ ալյանսի մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների վրա:
Էմանուել Մակրոնն ասել է, որ կասկածում է այդ երաշխիքների իրական լինելուն: «Ալյանսը կարող է գործել միայն այն դեպքում, եթե նրա հիմնական երաշխավորը իր դերը լուրջ ընդունի: Ես կարծում եմ, որ պետք է վերանայելՆԱՏՕ-ի ֆունկցիաները այն անվստահության պատճառով, որ վերաբերում են ԱՄՆ գործողություններին»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա կոչ է արել Եվրոպային իրեն համարել աշխարհաքաղաքական ուժ, որ ինքը վերահսկի իր ճակատագիրը: Վերջին տարիներին եվրոպական քաղաքական շրջանակներում քննարկվում է ԵՄ սեփական բանակի ստեղծման գաղափարը:


Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերելու անսպասելի որոշումը լիակատար անակնկալ էր եվրոպացի դաշնակիցների համար: Թրամփի այդ որոշումը թույլ տվեց Թուրքիային, որ նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, ռազմական գործողություններ սկսել Սիրիայում: Թուրքիայի բանակն այդ շրջանից վտարեց քրդական աշխարհազորին, որ Վաշինգտոնի հիմնական դաշնակիցն էր ԻՊ-ի ջիհադականների դեմ պայքարում: Այն ժամանակ Էմանուել Մակրոնը քննադատեց ՆԱՏՕ-ին, որ ալյանսը չարձագանքեց Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում: Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատում է ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներին, որ բավարար գումար չեն ծախսում պաշտպանության համար և չափազանց կախված են ամերիկյան օգնությունից: Նախագահ Էմանուել Մակրոնը առաջադրում է պաշտպանության ծախսերի մեծացման գաղափարը:


Անգելա Մերկելը Բեռլինում խոսել է Մակրոնի ասածների մասին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա կարծիքով՝ Մակրոնը կտրուկ արտահայտություններ է արել, որ չեն արտահայտում նրա հայացքները ՆԱՏՕ-ի երկրների համագործակցության վերաբերյալ: Մերկելն ընդունել է, որ ՆԱՏՕ-ն ունի որոշակի պրոբլեմներ, բայց պետք չէ այդքան խիստ դատել ալյանսին: «ՆԱՏՕ-ն մեր անվտանգության անկյունաքարն է»՝ ասել է կանցլերը: Յենս Ստոլտենբերգն ասել է, որ ալյանսը ամուր է, նշելով, որ Եվրոպայի երկրներն արդեն մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը: «ԱՄՆ-ը ամրապնդում է իր ներկայությունը Եվրոպայում, մեծացնում է իր զորախումբը, ավելի շատ զորավարժություններ է անցկացնում: Մենք բոլորս միասին ենք աշխատում, մենք ամրապնդում ենք մեր ընդհանուր պաշտպանությունը: Մեզ Հյուսիսային Ամերիկայից հեռացնելու ցանկացած փորձ միայն թուլացնում է ալյանսը, թուլացնում է Եվրոպային»՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մակրոնի խոսքերն անվանել է ՆԱՏՕ-ի վիճակի ճշգրիտ նկարագրություն:
BBC


Հ.Գ. Մինչև ՆԱՏՕ-ի սամիթը մի քանի շաբաթ է մնացել, բայց Մակրոնի խոսքերը վկայում են, որ հանդիպումը շատ ներդաշնակ չի լինելու: Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը թիկունք է դարձրել Եվրոպային: «Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը բազում լուրջ հարցեր են առաջացնում,- ասել է Ֆրանսիայի նախագահը:- Ի՞նչ կկատարվի, եթե Սիրիայի կառավարական զորքերը վճռեն պատասխան տալ Թուրքիային: Ինչպե՞ս պիտի ՆԱՏՕ-ի Թուրքիայի դաշնակիցներն արձագանքեն»: «Թուրքիան ինչ ուզում՝ անում է»՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի կարծիքով՝ ալյանսը ներկա տեսքով այլև չի կարող լուծել այն խնդիրները, որոնց համար ստեղծվել է: Հարցը միայն Թրամփը չէ: ՆԱՏՕ-ի առաջ կան բազում մարտահրավերներ, որ ալյանսի տարբեր երկրները տարբեր են գնահատում: Թեպետ Մակրոնը բացահայտ ճշմարտություն է ասում, նրան միայն քննադատում են: «Մակրոնի մեկնաբանությունները իրական վնաս են հասցնում ալյանսին ու կարող են օգտագործել նրա ընդդիմախոսները, այդ թվում՝ Թրամփը» Financial Times-ին ասել է Վաշինգտոնի Բրուկինգի ինստիտուտի պաշտպանության հարցերով փորձագետ Թոմաս Ռայթը: «Մակրոնը շատ հաճախ է գործում իր նախաձեռնությամբ՝ առանց համաձայնեցնելու ԵՄ երկրների հետ ու տեղեկացնելու նույնիսկ սեփական կառավարությանն ու պաշտոնյաներին»՝ գրում է Ռայթը: Նա Ֆրանսիայի նախագահի հարցազրույցը համարում է «դիտմամբ սադրող»: «Մակրոնի հայտարությունից հետո, որ ՆԱՏՕ-ն կոմայում է, պարզ է դառնում՝ ինչպես է նա տեսնում ռազմավարական ինքնավարությունը՝ նրա համար դա Եվրոպան է առանց ՆԱՏՕ-ի»՝ գրում է գերմանացի վերլուծաբան Ուլրիխ Շպեկը: «Ես չեմ պատկերացնում՝ կարո՞ղ էր Մակրոնն ավելի ուժեղ վնասել ալյանսին Լոնդոնի սամիթից առաջ»՝ հայտարարել է Շաշանկ Ջոշին՝ Economist-ի խմբագիրը, ում հարցազրույց էր տվել Մակրոնը: Daily Telegraph-ում Մարկ Ալմոնդը գրում է, որ Մակրոնի մեկնաբանություններում կա ճշմարտության հատիկ: Թուրքիայի միակողմանի գործողությունների, Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների ու ԱՄՆ վարչակազմի սառը վերաբերմունքի համայնապատկերում ալյանսը իրոք բախվել է դժվարությունների: Մակրոնը կողմ է եվրոպական զինված ուժերի մեծացմանը՝ ռազմավարական ինքնավարության նպատակով, բայց գործնականում այդ դիրքորոշումը բախվում է ուժերի պակասին ու բրեկզիտից հետո եվրոպական անվտանգության կառուցվածքի փոփոխությանը: ԵՄ-ում հիմա, բացի Բրիտանիայից ու Լեհաստանից, միայն երկու երկրներ են պաշտպանության վրա ծախսում պահանջվածից ավելին՝ Հունաստանն ու Թուրքիան: Քննադատում են, թե համաձայն են Մակրոնի հետ այսօր, վաղը ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բախվելու են այն խնդիրների հետ, որ բարձրաձայնում է Մակրոնը: Փաստացի՝ նա է այսօր Եվրոպայի միակ ղեկավարը, որ պատրաստ է որոշումներ ընդունել ու իրագործել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ