Հայաստանի իրավապահ մարմինները թեև ձևականորեն ապաքաղաքական են, սակայն իրականում, ինքնակամ թե հարկադրաբար, քաղաքական պոռնիկի կարգավիճակում են, հաճախ երկակի ստանդարտներով առաջնորդվող և իշխանությունների քաղաքական պատվերները կատարող գործիք են: Պոռնիկը երբեք չի ասում, որ ինքը պոռնիկ է, նույնն է նաև քաղաքական պոռնիկների և այդ կարգավիճակում գտնվող «ապաքաղաքականների» պարագայում։
Ի սկզբանե ընդգծեմ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մեղմ ասած, իմ աչքի լույսը չէ, միայն Թովմասյանի «քավորությամբ» մշակված ու 2015 թ. դեկտեմբերին «ընդունված» Սահմանադրությունը լիովին բավարար է նրա առնչությամբ այս դիրքորոշումն արտահայտելու համար (մնացած պատճառների մասին էլ չնշեմ), սակայն երբ նրա հանդեպ իրավական պաճուճանքով, սակայն էությամբ ակնհայտորեն հակաիրավական ու քաղաքական հետապնդում է իրականացվում կամ դրա հիմքը դրվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական գործ հարուցելով, չի կարելի լռել։
Ինչպես արդեն հայտնի է ՀՔԾ-ի հրապարակած տեղեկատվությունից, «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին»:
Արման Բաբաջանյանն իր վերոնշյալ հաղորդման մեջ, Hayeli.am-ի տեղեկացմամբ, իրավապահների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը ՍԴ անդամ դառնալուց առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել, յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, ինչի մաս են դարձել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։ Ըստ Բաբաջանյանի, ՀՀԿ-ի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թ. ապրիլի 9-ից առաջ, մինչև 2015 թ. փոփոխված Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը։ Հենց այդ նպատակով էլ լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հրաժարական է տվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հայտնի բան է, որ, քրեական իրավունքի համաձայն, ենթադրությունների հիման վրա չի կարելի անձին ոչ մեղադրանք առաջադրել, ոչ դատապարտել, դրա համար անհերքելի փաստեր, համապատասխան ապացույցներ են անհրաժեշտ: Սակայն առանձնապես չեմ զարմանա, եթե ՀՔԾ-ում Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվի առանց նշված ապացույցների, առանց իրավական հիմքերի (էլ չեմ խոսում այդ հիմքերի բավարար լինելու մասին), քանի որ ՀՀ այսօրվա իշխանությունները, ներառյալ իրավապահ մարմինները, արդեն վաղուց դուրս են եկել մեր երկրի օրենսդրության, օրինականության ու նույնիսկ ողջախոհության սահմաններից:
Իրոք, չափազանց մեծ հարց է, թե ինչպես է Թովմասյանի կողմից իշխանության յուրացման դրույթն ապացուցվելու, բայց եկեք մի պահ պատկերացնենք, թե ՀՔԾ-ն ապացուցելու է դա, ինչով նաև հերքելու է այժմ մեծ տարածում ունեցող այն կարծիքը, որ ՍԴ-ի նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այդ դեպքում, սակայն, ուրիշ խնդիր է առաջանում: Այդ խնդրի էությունը հակիրճ ներկայացնելու համար, մեջբերենք Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արփինե Հովհաննիսյանի կողմից ՀՀ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին ս. թ. հոկտեմբերի 20-ին հրապարակայնորեն ներկայացված հաղորդումը հանցագործության մասին.
«Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը և Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչև իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
Բացատրե՞մ, թե՞ կհասկանանք` սա ինչ է նշանակում։
Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում»։
Հանցագործության մասին իր հաղորդման մեջ Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության, նշել է մի խումբ պաշտոնյաների կողմից իշխանությունը յուրացնելու կամ զավթելու մասին (եթե Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր դառնալը մինչև իր պատգամավորական լիազորությունների դադարումը, համարվում է իշխանության յուրացում), սակայն դա հավանաբար բավարար համարելով, չի անդրադարձել իշխանության բռնազավթմանը` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի դարձյալ նույն` 300-րդ հոդվածի 1-ին մասով: Մի՞թե Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից իշխանության բռնազավթում չէր 2018 թ. ընթացքում տեղի ունեցածը: Ի՞նչ է` ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մոռացե՞լ է այդ ամենը… Եթե մոռացել է, առաջարկում եմ բազմաթիվ փաստերից, տեսաձայնագրություններից ընդամենը մեկին ծանոթանալ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավայրը և ՀՀԿ պատգամավորների տների ելքն ու մուտքը շրջափակելու մասին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը նույն պատգամավորների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի (ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդված) նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք չէ՞… Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իշխանությունը զավթելը նաև բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ Ազգային ժողովի, կառավարության լիազորություններին տիրանալն է:
ՈՒ՞մ հայտնի կամ պարզ չէ, որ եթե Հրայր Թովմասյանը չունենար սկզբունքային դիրքորոշում և իշխանությունների քաղաքական պատվերը կատարողը լիներ, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ հայտնի որոշումն ընդունած չլիներ, եթե իշխանությունները համոզված լինեին, որ Թովմասյանը և ՍԴ-ի անդամները համասեռամոլների և մյուս այլասերվածների համար լայն իրավունքներ, հնարավորություններ ապահովող Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական չեն ճանաչելու, ապա այսօր Թովմասյանի նկատմամբ ոչ միայն քրեական հետապնդում չէր լինի, այլև իշխանական շրջանակներից, ինչպես ասում են, նրա թանին թթու ասող չէր լինի։
Լավ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իրավաբան կամ փաստաբան չէ, կարող էր և չգիտենալ, որ իր հաղորդման մեջ նշածի պարագայում (այն արարքների, գործողությունների, որոնք իբրև թե կատարել են Թովմասյանը և ուրիշներ) Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով («Իշխանությունը յուրացնելը») նախատեսված հանցանք կատարելու, տվյալ դեպքում՝ իշխանությունը զավթելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, որովհետև այդ գործողություններով նա պարզապես չէր կարող ՍԴ լիազորություններին տիրանալ ու դրանով իշխանությունը յուրացնել: Բայց իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյա՞նն էլ դա չգիտեր… Իսկ եթե գիտեր, ապա Բաբաջանյանի հաղորդումը ստանալուց հետո ինչու՞ որոշում չի կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ, դրա փոխարեն, հաղորդումը համապատասխան մակագրությամբ կամ կից գրությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Ո՞վ կարող է հավատալ, որ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ չգիտեր, որ Հրայր Թովմասյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ պատգամավորի վերոնշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելը (հարուցումը մերժելու որոշում ընդունելու փոխարեն), մեղմ ասած, անհեթեթություն է։ Մնում է եզրակացնել, որ գիտեր, բայց, դրանով հանդերձ, չի խորշել այն բանից, որ իր ղեկավարած ծառայությունում վերոնշյալ նյութերով ՀՀ քր. Օր.-ի 300-րդ հոդվածով քրեական գործ հարուցվի և ուղղակի վկայությունը լինի Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման։ Հիմա պարզաբանենք, թե խոսքն ինչի մասին է, նախ և առաջ, բառացիորեն և ամբողջությամբ մեջբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը.
«1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Ինչպես ակնհայտ է, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն։ Մի պահ ենթադրենք, թե այն, ինչ գրել է Արման Բաբաջանյանն իր հաղորդման մեջ, և այն, ինչ պարզել են ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում՝ Հրայր Թովմասյանի և այլոց կողմից ինչ-ինչ արարքների, գործողությունների առումով, իրականություն է։ Բայց չէ՞ որ այդ դեպքում խոսք կարող է լինել Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով միմիայն Սահմանադրական դատարանի նախագահի, և ոչ թե՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու մասին: Մինչդեռ օրենսդիրը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալու համար քրեական պատասխանատվություն չի նախատեսել։
Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը («Նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանումը»), որի համաձայն, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` ելնելով նորմատիվ իրավական ակտում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այսինքն` եթե ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասում գրված է «սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը», ապա դա պետք է մեկնաբանել ու հասկանալ հենց այդպես, միա՛յն այդպես, և ոչ թե ՍԴ-ի նախագահի լիազորություններին տիրանալը համարել ՍԴ-ի լիազորություններին տիրանալ, նույնացնել դրա հետ: Դա անթույլատրելի է:
Եթե մտքից կաղացող անձինք վերոնշյալ բացատրությունից հետո էլ չհասկացան տվյալ պարագայում 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու անթույլատրելիությունը, ավելի պարզ բացատրեմ. Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարան չէ, ՍԴ-ի նախագահի լիազորությունները բնավ նույնական չեն ՍԴ-ի լիազորությունների հետ, Սահմանադրական դատարանի լիազորությունների համեմատ դրանք շատ սահմանափակ են։ Հարկ է նկատի ունենալ նաև, որ ՍԴ-ի նախագահն ընդամենը ՍԴ-ի անդամ է, նա ՍԴ-ի մյուս անդամներից տարբերվում է սոսկ կազմակերպչական լիազորություններ ունենալով, քանի որ քվեարկությունների, որոշումներ ընդունելու ժամանակ ընդամենը մեկ ձայն ունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եթե իրեն պատկերացնում է ՀՀ կառավարություն և յուրացրել է կառավարության լիազորությունները, եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն պատկերացնում է ՀՀ գլխավոր դատախազություն և յուրացրել է գլխավոր դատախազության լիազորությունները, եթե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իրեն պատկերացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և յուրացրել է ՀՔԾ լիազորությունները, եթե վերը նշվածը, իրոք, այդպես է, ապա դա բնավ չի նշանակում, որ ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն նույնացրել է ՍԴ-ի հետ և յուրացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Ավելին. եթե կառավարության ներկայիս անդամները վարչապետին կարող էին թույլ տալ վերը նշվածը, եթե Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի աշխատակիցները դա կարող էին թույլ տալ իրենց ղեկավարներին, ապա ՍԴ-ի ներկայիս անդամները Սահմանադրական դատարանի նախագահին դա թույլ չէին տա, եթե վերջինս նույնիսկ այդպիսի ցանկություն, ձգտում ունենար։
«Իհարկե, կլինեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվող հետապնդումն արդարացնողներ, ավելին՝ արկածախնդիր խորհրդատուներ, սակայն, եթե անգամ դա ողջ հանրության սրտով լինի, միևնույն է՝ չկա ոչ մի արդարացում, էլ չեմ խոսում որևէ խելամիտ իրավական հիմնավորվածության մասին,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։- Բարեկամաբար ակնկալում եմ լինել ողջախոհ, սա երբեք չի կարող ընկալվել իբրև պատժի անխուսափելիության դրսևորում, որևէ աղերս չի ունենա դատական իշխանության նկատմամբ վստահության ձևավորման հետ։ Մտահոգող է դեպքերի զարգացման ժամանակագրությունը»:
Եթե փաշինյանական Հայաստանում նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտպանված չէ պետական մասշտաբով իրականացվող քաղաքական հետապնդումից, որը վաղը կարող է վերածվել ռեպրեսիայի, ապա անհնազանդ պողոսների ու մյուսների վիճակը դժվար չէ պատկերացնել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հոկտեմբերի 17-ին պետական իշխանության յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը, որը, ըստ էության, ուղղված կամ առաջնահերթորեն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը գործում է երկակի ստանդարտներով, պաշտոնապես, դեյուրե լինելով ապաքաղաքական, իրականում օրվա իշխանությունների քաղաքական պատվերները կատարող հարճը կամ գործիքն է:
Կյանքը կարուսելի է նման, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմնացին իրենց պաշտոններին, այսօր նրանք զուրկ են իրենց նախկին լիազորություններից ու կարողություններից: Անգամ Վազգեն Սարգսյանը հիշատակ դարձավ: Ժամանակավոր է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Փաշինյանն էլ չի մնալու, բայց չէ՞ որ հետո գալու է պատասխանատվության պահը: Հենց ՀՀ գլխավոր դատախազության, ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի համապատասխան պաշտոնյաների շահերից է բխում այս մասին հիշելը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ