ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դեպի ինքնորոշում, դեպի ինքնակազմակերպում, դեպի հայրենի երկիր

Դեպի ինքնորոշում, դեպի ինքնակազմակերպում,  դեպի հայրենի երկիր
30.05.2014 | 00:45

Չգիտեմ ում ինչպես, բայց Հայաստանի առաջին Հանրապետությունն ինձ հիշեցնում է վաղո՜ւց, շա՜տ վաղուց սպասված զավակ, որ ծնվեց տկար ու չկարողացավ ապրել: Ավելի ճիշտ` խեղդեցին խանձարուրում ու փոխարենը մեկ այլ նորածին դրեցին հայերիս համար ամենաթանկ օրորոցում: Նոր մանուկը մեծացավ ու բավականին հասուն տարիքում հեռացավ կյանքից, բայց բոլորիս մեջ մնաց առաջնեկի մահվան դառը, անանց, կսկծուն ցավը, որ գաղտնի պահելու էինք պարտադրված, որովհետև տասնամյակներ առաջնեկին հիշելը հավասար էր մահվան դատապարտվելու: ՈՒ մենք մեր պատմությունը ստիպված էինք պահել փակ գզրոցում ու սրտի ամենափակ անկյունում, որտեղ հիշողությունը ոչ թե աղոտանում, այլ ժամանակի մեջ ավելի էր պայծառանում` ինչպես որդան կարմիրով հյուսված գորգ, որ բավական է թափ տաս, ու շողալու է իր բոսոր, արնածոր կարմիրով:
Սիմոն Վրացյանը «Հայաստանի Հանրապետություն» 703-էջանոց գրքում այնքան պատմական վկայություններ ու փաստաթղթեր է թողել, որ նույնիսկ ուրիշ ոչինչ չկարդալու պարագայում, անցյալ դարասկզբի իրադարձությունները պարզ ու հստակ են դառնում: «Մայիսի 26-ի կեսօրին ցրվեց Սեյմը, իսկ հինգ ժամ վերջը, նույն սրահում գումարվեց Վրաց ազգային խորհրդի նիստը` Ն. Ժորդանիայի նախագահությամբ, որ և բեմադրեց Վրաստանի անկախության հայտարարության ծիսակատարությունը: …Վրացիների վարմունքը սարսափելի կացություն ստեղծեց հայերի համար: Հայ հասարակության վրդովմունքը անսահման էր: …Հայ գործիչների մեջ միաձայնություն չկար այդ օրերին: Մայիսի 26-ի նիստին մասնակցող Հ. ազգային խորհրդի և Սեյմի անդամները` Ա. Ահարոնյան, Ս. Մամիկոնյան, Տ. Բեգզադյան, Ա. Բաբալյան, Ռ. Տեր-Մինասյան և սոցիալիստ-հեղափոխականները վճռական կերպով դեմ էին արտահայտվում անկախությանը: Խ. Կարճիկյանը, Ս. Հարությունյանը, Ա. Շահխաթունյանը, Ս. Վրացյանը, Ա. Երզնկյանը և ուրիշներ այլ ելք չէին տեսնում, բայց եթե Հայաստանի անկախության հայտարարությունը և, առանց ուշացնելու, հայկական իշխանության կազմակերպումը: …Սեյմի լուծարման օրն իսկ, մայիսի 26-ի երեկոյան, տեղի ունեցավ Հ.Հ.Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի ու թաղային կոմիտեների արտակարգ նիստը: Ս. Վրացյանի զեկուցումից հետո տեղի ունեցավ բուռն վիճաբանություն և ձայների ճնշիչ մեծամասնությամբ ընդունվեց հետևյալ բանաձևը. «Նկատի ունենալով այն, որ Անդրկովկասյան Սեյմի ինքնացրումից և Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո լուծվելու է Անդրկովկասի կառավարությունը, և հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին` ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայության կենտրոնում` ստանձնելով կառավարական ֆունկցիաները, օժտված դիկտատորական իրավունքներով հայ կյանքի բոլոր երևույթների և գործերի նկատմամբ»:

Շատ ճիշտ էր վայրկյանի գնահատությունը, դեպի ինքնորոշում, դեպի ինքնակազմակերպում, դեպի հայրենի ժողովրդի գիրկը: …Մայիսի 29-ին գումարվեց Հ.Հ.Դ Արևելյան և Արևմտյան բյուրոների, Հ.Հ.Դ. Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի և Սեյմի ու Ազգային խորհրդի դաշնակցական հատվածների միացյալ նիստը, ուր մի անգամ ևս քննության առնվեց քաղաքական կացությունը և որոշվեց Հայաստանը հայտարարել անկախ հանրապետություն, կազմել կառավարություն միջկուսակցական հիմքերով, մինչև օրենսդրական ժողովի գումարումը: Ազգային խորհուրդն ու կառավարությունը տեղափոխել Երևան, որը պետք է դառնար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: Նույն ժողովում Հ. Քաջազնունին նշանակվեց վարչապետի թեկնածու: Այս ժողովից հետո միայն Ազգային խորհուրդը արավ վճռական քայլ և մայիսի 30-ին հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձավ այդպիսին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ազրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարության բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:
Հայոց ազգային խորհուրդ, 1918 թ. մայիսի 30, Թիֆլիս»։
Այսպիսով, Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն, այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում:
…Մայիսի 30-ին, Բաթումում, սկսվեցին բանակցությունները օսմանյան և հայկական պատվիրակությունների միջև: Մի շարք նիստերից հետո կողմերը եկան համաձայնության, և հունիսի 4-ին, օսմանյան և հայկական պատվիրակությունները, հանդիսավոր նիստում, ստորագրեցին հաշտության դաշնագիրը Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև:
…Ըստ Բաթումի դաշնագրի, Հայաստանը դառնում էր անկախ պետություն: Ահ ու դողով մտնում էր նա ինքնիշխան ազգերի համակեցության մեջ, իբրև ազատ անձնավորություն միջազգային իրավունքի: Նրա հողի տարածությունը մոտավորապես 12000 քառակուսի կիլոմետր էր, բնակչության թիվը գաղթականներով միասին` մոտ մեկ միլիոն: Եվ… մայրաքաղաքից յոթ կիլոմետր հեռու երևում էին թուրքական թնդանոթները»: Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետության» 159-164 էջերից այս ընտրական մեջբերումը այնքան խորհրդանշական է մեզ համար` առաջին հանրապետությունը հռչակում ենք Թիֆլիսում, մայիսի 30-ին, տոնում ենք 28-ին, երկրորդ հանրապետությունը տոնում էինք նոյեմբերի 29-ին, մինչդեռ Կարմիր բանակը Հայաստան էր մտել դեկտեմբերի 2-ին: Նիկոլ Աղբալյանի ձեռամբ գրված «Հայտարարությունը», սակայն, ամենախոսուն ախտորոշումն է մեր ճակատագրի ու բնավորության, փաստորեն, մենք անկախացել ենք, որովհետև արդեն անկախ էին Վրաստանն ու Ադրբեջանը, և մենք մնացել էինք պատմական ու քաղաքական վակուումի մեջ` Անդրկովկասյան Սեյմի ինքնալուծարումից հետո: Բայց այս մանրամասները ընդամենը մանրամասներ են ազգային դիմագծի, եթե հաշվի առնենք` ինչ ճանապարհ անցանք հետո երկու տարում ու առայսօր: Իսկ դուք համեմատեք: Արդիակա՞ն է այսօր Սիմոն Վրացյանի կոչը` «Դեպի ինքնորոշում, դեպի ինքնակազմակերպում, դեպի հայրենի ժողովրդի գիրկը», թե՞ արդեն ժամանակավրեպ է: Այսօր` 96 տարի անց: Մի շտապեք պատասխանել: Չորս տարի կա մինչև կոչի հարյուրամյակ:
Ինչո՞վ է այսօր զբաղված հայ հասարակական միտքը` դնե՞լ, թե՞ չդնել Անաստաս Միկոյանի արձանը: ՈՒ եթե նույնիսկ ոչ արձան, այլ արձանաշար դրվի, կամ Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն Աղասի Խանջյանի արձանը դրվի, մեր ազգային ինքնագիտակցության մեջ որևէ փոփոխություն կլինի՞: Մենք կսկսե՞նք հասկանալ ինքներս մեզ ու մեր կարգավիճակը: Կպակասի՞, թե՞ կավելանա մեր տեսակի մեջ լիսկայականը, որ համարյա հավակնում է հավերժականի: Կպակասի՞, թե՞ կավելանա մեր տեսակի մեջ պատեհապաշտականը, որ հենց այն տարում, երբ տպագրվում է Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը», նախագահի մրցանակի արժանի գործ չի գտնվում Հայաստանում ու չի ներկայացվում մրցանակաբաշխության: Դեռ ինչքա՞ն են մեր քայլերը թելադրված լինելու պարտադրանքով` հանգամանքների, որ երբեք մեր օգտին չեն ու միշտ մեր դեմ են, որովհետև մենք ոչ մի կերպ չենք սովորում, մենք, ինչպես կրակից, փախչում ենք առաջին քայլն ինքներս անելու հանդգնությունից: Սա արդեն ոչ թե պրագմատիզմ է, ոչ թե խելամտություն, ոչ թե ողջախոհություն, սա պարզապես բաց ու հրապարակային նահանջ է` պարտություն ինքներս մեր առաջ, որից հետո որևէ այլ հաղթանակ կամ պարտություն ընդամենը պատահականություն է: Երևանի ամենակարճ փողոցը Սիմոն Վրացյան անվանակոչելով, իսկ ուղղահայացը` Հովհաննես Քաջազնունի, փակել ու մոռացե՞լ ենք նրանց գրած էջերը:
«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին»,- երեք օր առաջ հայտարարեց ՀՀ նախագահը ու ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրեց Հայաստան: 2015-ի ապրիլի 24-ին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան»: «Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք, և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե որն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, պարզ է, որ Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին նա չի լինի, որովհետև արդեն հաջորդ օրը հարկադրված կլինի մտածել` ինչպե՞ս է վերադառնալու ու ինչպե՞ս է պատճառաբանելու իր արդարամտությունը, և ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Իսկ մենք նստելու ենք ու սպասենք` ո՞ր երկիրը կճանաչի, ԱՄՆ նախագահը եղե՞ռն կասի, թե՞ գենոցիդ, Թուրքիան ի՞նչ կասի: Նախապես ենթադրելու ենք, հավարտ` հիասթափվելու կամ հուսավառվելու: Հարյուր տարին բավարար ժամանակ չէ՞ր հասկանալու, որ օտարները ինչ էլ ասեն ու անեն, ճակատագրականն ու վճռորոշը մեր քայլն է լինելու: Իսկ այդ որակի ու այդ մակարդակի քայլ անել կարող ենք միայն հավասարը հավասարի պես հարաբերվելու պարագայում: Հայաստանի առաջին Հանրապետությունը կորցրինք Կարմիր բանակի հաղթական երթով: Հայաստանի երկրորդ Հանրապետությունը կորցրինք ԽՍՀՄ-ի փլուզումով: Հայաստանի երրորդ Հանրապետությունը փլուզում ենք ինքներս, իսկ կողքից օգնում են նրանք, ովքեր ուզում են կառուցել իրենց պետությունը: Անկարան, այո, կիսաքայլեր է անելու, որոնք կարող են աննախադեպ լինել ձևի մեջ, սակայն, բովանդակությամբ կրկնել ժխտողական քաղաքականությունը, խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատել անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը Թուրքիայի դեպքում կարող է Հայոց ցեղասպանության ճանաչումը լինել, իսկ մեզ համար... Ե՞րբ ենք մեր մասին մտածելու: Ո՞րերորդ հանրապետության ժամանակ: Ո՞ր Հայաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Երկու օր առաջ առաջին հանրապետության օրն էր: Առանձնապես տոնական չէր: Ցավոք: Երբ Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, Ահմեդ Դավութօղլուն Սերգեյ Լավրովին ասել էր. «Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում սառեցված հակամարտությունները կարգավորելու օգտին: Այդ տարածաշրջանը շատ մոտ է Թուրքիային և Ռուսաստանին, սառեցված հակամարտությունները վտանգներ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար» և հույս էր հայտնել, որ Ռուսաստանը կօգնի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ու ավելացրել էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, մենք կարծում ենք, որ հիմա շատ լավ հարթակ է ստեղծվել»: Ո՞րն է այդ հարթակը և հերթապահ չե՞ն այս ու համանման տասնյակ այլ արտահայտություններ, որ հնչում են տարբեր ձևաչափերով: Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվելուց հետո ո՞ր Հայաստանում արթնացանք մայիսի 30-ին: Իսկ ՌԴ դեսպանին թվում է, որ Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքը դոլա՞ր է կրակելու, ու այդ բիզնեսից հայերը միայն պիտի ուրախանան, որ իրենց ռազմավարական դաշնակիցը փող է աշխատում, իսկ իրենք այդ զենքով սպանվում են: Իրա՞վ Ռուսաստանը մտադիր է Եվրասիական միությունում Հայաստանն ունենալուց հետո զորք մտցնել Ղարաբաղ և կիսել, իսկ ի տրիտուր Թուրքիան չի հրաժարվի «Հարավային հոսքից», ինչպես այլ երկրներ: Նորի՞ց ռուս-թուրքական սցենարով են հայկական հարցերը լուծվելու: Որքա՞ն է ռեալ Ադրբեջանի ու Թուրքիայի հայտնվելը Եվրասիական միության կազմում: Այդ շրջապատում ի՞նչ է մեզ սպասում: Ի վերջո, ո՞վ է լինելու Հայաստանի երրորդ հանրապետության Սիմոն Վրացյանը, ում հաստափոր գիրքը գուցե հարյուր տարի հետո ինչ-որ մեկը կարդա ու ինձ նման անհեթեթ հարցեր արդեն չտա իր ժամանակակիցներին:

Դիտվել է՝ 2127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ