ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանի քաղաքական վերնախավն ապրում է իր կյանքով, ժողովուրդը` իր

Հայաստանի քաղաքական վերնախավն  ապրում է իր կյանքով, ժողովուրդը` իր
29.04.2014 | 00:51

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունեցավ իր հերթական` 12-րդ «ՈՒղիղ գիծ» հրապարակային հանդիպումը ռուսաստանցիների հետ: Նախապես երկրի ղեկավարին էր ուղղվել ավելի քան 2,5 միլիոն հարց. 1,8 միլիոն հեռախոսազանգ, 350 հազար իտերնետային հաղորդում, տասնյակ հազարավոր նամակներ: Մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում Պուտինը պատասխանեց 85 հարցի: Միջոցառմանը անմիջականորեն ներկա 200-ից ավելի անձանց մեջ էին լրագրողներ, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, չինովնիկներ, շարքային քաղաքացիներ և այլք:
Այս «թվաբանությունը» անհրաժեշտ է միջոցառման մասշտաբայնությունն ընդգծելու համար: Ամենահատկանշականն այն է, որ Պուտինը չի վախենում իր ժողովրդի հետ հրապարակային անբռնազբոսիկ շփումներից: Անշուշտ նման քայլի դիմում են նաև որոշ արևմտյան լիդերներ: Ֆրանսիայի նախագահ Օլանդը, օրինակ, նույնիսկ իր սեքսուալ սկանդալի օրերին չեղյալ չհամարեց նման հանդիպումը: Սակայն ձևաչափով, ծավալով ու բովանդակությամբ պուտինյան նախաձեռնությունը գերազանցում է բոլորին, եթե չասենք` միակն է: Ինչպես պատմեց նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, միջոցառումից մի քանի օր առաջ Պուտինը հետաձգում է իր բոլոր հանդիպումները և խորասուզվում ահռելի լրատվության ուսումնասիրման մեջ: Դա նրան հնարավորություն է տալիս իմանալու ինչով և ինչպես են ապրում ռուսաստանցիները, ձևակերպելու իր մոտեցումները:
Հայաստանյան մամուլը արձագանքեց Պուտինի ելույթին, մեջբերումներ էին արվում, մեկնաբանվում: Սակայն չէր նշվում ամենակարևորը, որն արտացոլվեց նաև հանդիպասրահում: Հատկապես Ղրիմի վերամիավորման իրադարձություններից հետո Պուտինի կողքը կանգնեց Ռուսաստանի գրեթե ողջ ժողովուրդը, իսկ պետության ղեկավարի հարգանիշը գերազանցեց 80-ի սահմանը: Աննախադեպ փաստ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ազգային ինքնագիտակցության նման հզոր զարթոնք, նախագահի գործունեության գնահատման, նրա շուրջ համախմբման նման բարձր մակարդակ թերևս առաջին անգամ էր նկատվում: Ինչպես նշեց հեռուստամեկնաբաններից մեկը, երկիրը միանգամից ուրիշ դարձավ: Նույնիսկ նրա բացահայտ ընդդիմախոսները, որոնց ևս Պուտինին դիմելու հնարավորություն ընձեռվեց, մոռացել էին «ավանդական» ագրեսիվությունը և նրբանկատ ու չափավոր էին իրենց հարցապնդումներում: Վ. Պուտինի ջանքերի շնորհիվ Ռուսաստանը կրկին վերադառնում է աշխարհի հզորագույն գերտերությունների շարքը, ինչը չի կարող հայրենասիրության եզակի վերելք չառաջացնել: Բոլորն են հասկանում, որ գլոբալացվող խելակորույս աշխարհում ինքնահաստատվելու գլխավոր նախապայմանը ուժն է:
Տևական ժամանակ ռուս նացիոնալիստները քննադատում էին Պուտինին այն բանի համար, որ երկրում չկա որևէ ազգային գաղափար` ընդունակ միավորելու համայն ժողովրդին։ Եվ հենց Պուտինի բազմակողմ արդյունավետ գործունեության շնորհիվ ծնունդ առած հայրենասիրությունը (ռուսասիրությունը), որ մենք նորեն մեծ ազգ ենք, հզոր տերություն, դարձավ միավորիչ ազգային գաղափար:
Սակայն փոքր-ինչ շեղվեցինք հիմնական թեմայից: Իմաստ ունի ընդգծելու ժողովրդի հետ Պուտինի «ՈՒղիղ գծի» ևս մի բնորոշ կողմ: Պուտինը, որպես կանոն, չի հրապուրվում անհարկի ու նյարդայնացնող գեղեցկախոսությամբ, կեղծ պաթետիկայով: Խնդրահարույց իրականություն, ռացիոնալ միտք: Իր իսկ նախաձեռնությամբ նա չի էլ խուսափում տհաճ հարցերից, նույնիսկ անձնական բնույթի (նախկին կնոջս կամուսնացնեմ, նոր ես կամուսնանամ): Եթե շահել ես սեփական ժողովրդիդ հարգանքը, կարող ես քեզ թույլ տալ նույնիսկ ազատ սրամտել: Ճիշտ կհասկանան:
Ահա և ուզում ես հարցնել` ինչո՞ւ Հայաստանի նախագահը, մյուս բարձրագույն ղեկավարները խուսափում են սեփական հպատակների հետ անմիջականորեն հաղորդակցվելու այս հեռուստաչափաձևից: Ի վերջո, տարիներ շարունակ, տվյալ դեպքում` Մոսկվայում, շփվելով Հայաստանից արտագաղթած ու արտագաղթող բազմաթիվ հայրենակիցների հետ, նկատում ես, որ սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակի հետ կապված պատճառների հետ մեկտեղ այդ մարդիկ հուսահատված են, որ իշխանություններից չեն ստանում իրենց հուզող շատ հարցերի պատասխանները: Հոգուս մեղք չեմ համարի ասել, որ արտագաղթածների մի զգալի մասը չի էլ ափսոսում, որ լքել է հայրենիքը, հայրենի տունը, հարազատ միջավայրը, այնքան է զզված ներհայաստանյան անարդար իրականությունից, այնքան է հուսալքված, թե այնտեղ կարող է որևէ բան փոխվել: Ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը… Ո՞վ կարող է հուշել, թե որն է հայ ժողովրդին միավորող ազգային գաղափարը: Ինչո՞ւ չի կարելի, թեկուզ և Պուտինի օրինակով, հայ հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչների, այդ թվում` արտագաղթողների մասնակցությամբ բաց, բոլորի աչքի առաջ քննության առնել երկիրը համակած «գաղջ» մթնոլորտը, օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունները, տալ պարզաբանումներ: Միգուցե նորանշանակ վարչապե՞տը փորձի դա անել: Թե ամեն ինչ կշարունակի մնալ այնպես, ինչպես Մոսկվայում հայտարարում են որոշ հայ իրավապաշտպաններ` Հայաստանի քաղաքական վերնախավն ապրում է իր կյանքով, ժողովուրդը` իր:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ