Հայոց 2014-ը զարմանալիորեն նմանվում է հայոց 1914-ին: 100 տարի անցավ, հայոց ճակատագրում ոչինչ չի փոխվում: Քեսաբը եկավ հիշեցնելու, որ մեր ճակատագիրը անդառնալիորեն կապված է Սիրիային, ու մեր ճակատագրում անփոփոխ է թուրքական գործոնը: Ինչպիսին էլ լինի Թուրքիան` քեմալական, եվրոպական, քաղաքակիրթ, աշխարհիկ, ինչ անուն էլ ինքն իրեն տա: Կիլիկյան Հայաստանի վերջին բեկորը նորից կրկնում է 1915-ը: Մեր թվարկությունից առաջ Քեսաբի տարածքում ապրած հայերը նորից գաղթում են, ու նրանց ճակատագրում նորից թուրքերն են: Սիրիական պատերազմի այս շրջադարձում Հայաստանից հեռու Փոքրիկ Հայաստանը թուրք սահմանապահների լիակատար աջակցությունն ունեցող զինյալների առաջ նահանջեց Լաթաքիա, բայց վերադառնալու վստահությամբ: Սիրիան հայերին վերաբերվում է հարազատի պես: Տասը հայկական գյուղերն ապրում են հայկական կյանքով` հավատից դպրոց, միություններ ու կուսակցություններ: Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբից երևում է Մուսա լեռը: Այս բոլոր մանրամասները առ ոչինչ են Լաթաքիայում ապաստանած հայ փախստականների ճակատագրի անորոշության առաջ: «Քեսաբը պատառ մը Հայաստան է», ասել է Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը: «Պատառ մը Հայաստանի»-ի իրավիճակը այսօր ստիպում է անդրադառնալ հայերիս ճակատագրի հավիտենական հարցին` մեր դիմադրունակությանը: Ինչո՞ւ ու ինչպե՞ս է մեր դիմադրունակությունը զրոյանում այն պահերին, երբ պետք է ամենաբարձրը լինի: Հայոց 1914-ը հենց այդ պահերից էր` 1912-ին բարենորոգումները ձախողվեցին, 19-րդ դարավերջից սկսած կոտորածները պարբերաբար կրկնվեցին տարբեր հասցեներով, ու Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ պատեհ պահ, որ Թուրքիան ձեռնարկի հայոց ցեղասպանությունը` նախապես 1908-ի երիտթուրքական հեղափոխության էյֆորիայի մեջ զինաթափելով ֆիդայիներին: Ինչո՞ւ ու ինչպե՞ս: Կամավորական բանակի կազմավորումը, ՀՅԴ Թիֆլիսի ու Պոլսի կոմիտեների ներհակ որոշումները և անզեն բնակչությունը: Մենք իրապես չգիտենք կամ չենք ուզում իմանալ 1915-ին նախորդած ու հաջորդած տարիների մասին ողջ ճշմարտությունը: Պատմությունը գրում են հաղթողները, և նրանց գրած պատմության մեջ ապրում է նրանց սահմանած ճշմարտությունը: 100 տարի անց այս ամենը չի կորցրել արդիականությունը: Դարձյալ ու դարձյալ մեր ճակատագիրը գտնվում է օտարների ձեռքում, ու մեր խոսքը մնում է մեր երազանքի կարգավիճակում: Քեսաբի իրադարձություններին արձագանքեցին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը և ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: ԱՄՆ-ը խորապես մտահոգված է քեսաբահայերի վիճակով, Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ գրոհայինների հանցագործությունները:
«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը` նրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից»,- հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը: «Այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»: Հարֆը հիշեցրել է գրոհայինների հավաստիացումները, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն: Թիրախն ուրիշ ինչպե՞ս է լինում: ԱՄՆ-ը կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում` հայերին: Թուրքերի` Սիրիայում պատրաստվող սադրանքների սկանդալը Հարֆը չի մեկնաբանել: Վերջ: «ՌԴ արտգործնախարարությունը մտահոգություն հայտնելով Սիրիայի` Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հրետանու և ծանր զինտեխնիկայի օժանդակությամբ իրականացված հարձակման կապակցությամբ և վճռականորեն դատապարտելով ահաբեկչություններն ու խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, հստակորեն նշում է, որ տանկերը գործի են դրվել Թուրքիայի տարածքից: Ծայրահեղականների կողմից Քեսաբի գրավումը և խաղաղ բնակիչների տեղահանումն արդեն իսկ դատապարտել է ողջ աշխարհի հայ հանրությունը, Երևանում տեղի են ունեցել ցույցեր ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև` Սիրիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունները դադարեցնելուն միտված գործողությունների պահանջով: Հայաստանի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնել սիրիական իշխանություններին` հայ բնակչությանը պաշտպանելու համար», արձանագրում է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունը: Վերջ: Իսկ Հայաստանը մասնավոր այցով վեց պատգամավոր է ուղարկում Քեսաբ: Նրանց ընդունում են Սիրիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահն ու հոգևոր առաջնորդը` հավաստիացնելու, որ հայերի ճակատագիրը իրենց ճակատագիրն է, ու քեսաբցիները կվերադառնան իրենց տները: Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Քեսաբի իրավիճակի վերաբերյալ խոր մտահոգություն հայտնեց Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ և նշեց, որ Թուրքիայի տարածքից հայաբնակ Քեսաբի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման պատճառով տարհանվել է քաղաքի բնակչությունը, ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել են զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները: Հետո՞: Քեսաբցիներին հանդիպած պատգամավորները վերադարձան, լաթաքիացիները պահում են քեսաբցիներին, սիրիացիները փորձում են զինյալ խմբավորումներից ազատել Քեսաբը: Հետո՞:
1921 թ. (1337) մարտի 16-ին կնքվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համաձայնագիր, որին 1921 թ. հոկտեմբերի 13-ին հաջորդեց հայտնի Կարսի պայմանագիրը, որ հիմնականում կրկնում էր նախորդ համաձայնագիրը: «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետությունը և Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի կառավարությունը, կիսելով ազգերի եղբայրության սկզբունքները և ժողովուրդների ինքնորոշման իրավունքները, նշելով իրենց միջև գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ պայքարում հավասարապես, ինչպես և այն փաստը, որ տարատեսակ դժվարությունները, որ ստեղծվել են երկու ժողովուրդներից մեկի համար, վատացնում են մյուսի վիճակը, և ամբողջությամբ ոգեշնչվելով միմյանց միջև մշտական սրտանց փոխհարաբերությունների ու անխախտ իսկական բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որ հիմնված է երկու կողմերի փոխադարձ շահերի վրա, որոշեցին կնքել պայմանագիր բարեկամության ու եղբայրության մասին և իրենց լիազոր ներկայացուցիչներ նշանակեցին.
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունից Գեորգի Վասիլևիչ Չիչերինին` արտաքին գործերի ժողովրդական կոմիսար և Համառուսական Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, և Ջելալ Էդդին Ղորխմասովին` Համառուսական Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի կառավարությունից Յուսուֆ Քեմալ բեյին Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի Ժողովրդական տնտեսության ժողովրդական կոմիսարին, նույն ժողովի պատգամավոր Կոստամունիին, դոկտոր Ռիզա Նուր-բեյին` Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի լուսավորության ժողովրդական կոմիսարին, նույն ժողովի Սինոպի պատգամավոր և Ալի Ֆաուդ փաշային` Ազգային մեծ Ժողովի արտակարգ և լիազոր դեսպանին, նույն ժողովի անդամ Անգորայից»: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կնքված պայմանագրով, որ ունի 16 հոդված և 1 հավելված 4 ենթակետերով, պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը համաձայնում էր չճանաչել որևէ այլ խաղաղ համաձայնագիր կամ միջազգային ակտ, որի ընդունմանը մյուս կողմը հարկադրվել է ուժով: ՌՍՖՍՀ կառավարությունը համաձայնում էր չընդունել Թուրքիային վերաբերող միջազգային ակտերը, որոնք չէր հաստատել Թուրքիայի ազգային կառավարությունը, որին ներկայացնում էր Ազգային մեծ ժողովը: Իբրև Թուրքիա պայմանագրով ընդունվում էր տարածքը, որ ներառված էր 1336 թ. (1920) հունվարի 28-ի Ազգային թուրքական համաձայնագրում, որ մշակել և հռչակել էր պատգամավորների Օտտոմանյան պալատը Կոստանդնուպոլսում, հրապարակել մամուլում ու հաղորդել բոլոր պետություններին: Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանագիծը սկսվում էր Սարպ գյուղից, որ Սև ծովի ափին է, անցնում էր Խեդիս-Մտա սարով, ջրբաժանը Շևշեթ և Քանի Դաղ սարերի միջև էր, ապա սահմանագիծն անցնում էր Արդահանի և Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանով, Արփաչայ և Արաքս գետերի տալվեգով (հնահուն, ջրի ամենացածր կետը) մինչև Ներքին Քարա-Սուի ակունքը: Պայմանագրին կցվում էր տեղանքի քարտեզը` սահմանագծով: Պայմանագրով Թուրքիան համաձայնում էր Վրաստանին զիջել Բաթում քաղաքի և նավահանգստի սյուզերենիտետը: Նշված տարածքի բնակչությանը տրվում էր լայն վարչական ինքնավարություն, որ յուրաքանչյուր համայնքի համար ապահովում էր նրա մշակութային ու կրոնական իրավունքները, բնակչությանը իրավունք էր տրվում ընդունել հողային օրենք: Թուրքիան ստանում էր ազատ տրանզիտ բոլոր ապրանքների համար, որ ուղարկվում էին Թուրքիա կամ Թուրքիայից Բաթումի նավահանգստով, առանց հարկման և ուշացման: Պայմանավորվող կողմերը համաձայնում էին, որ Նախիջևանի շրջանը ձևավորում է ինքնավար տարածք Ադրբեջանի հովանավորության տակ, պայմանով, որ Ադրբեջանն այդ իրավասությունը չի զիջում որևէ երրորդ պետության: Պայմանագրի չորրորդ հոդվածով «Պայմանավորվող երկու կողմերը, արձանագրելով Արևելքի ժողովուրդների ազգային ազատագրական շարժման և Ռուսաստանի աշխատավորների նոր սոցիալիստական կարգի համար պայքարի ընդհանրությունը, հանդիսավորապես ընդունում են այդ ժողովուրդների ազատության ու անկախության իրավունքը, հավասարապես իրենց ցանկությամբ կառավարման ձև ընտրելու իրավունքը»: Պայմանագիրը մյուս հոդվածներով սահմանում էր տնտեսական հարցեր, հարկավ նաև քաղաքական` անվավեր հռչակելով նախորդ պայմանագրերը: Այսպես մենք կորցրինք Կարսն ու Արդահանը, Ադրբեջանը ստացավ Նախիջևանը, Վրաստանը` Բաթումը: Ազգային դիմադրունակության զրո կետում: Իբրև ուղղակի հետևանք 1915-ի և հանկարծակի սկսված ռուս-թուրքական «սրտանց» հարաբերությունների: 2012-ին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը հարկադրել էր Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական Airbus A-320-ին վայրէջք կատարել Անկարայում` ռազմական բեռ տեղափոխելու կասկածով, ռուսական Lenta.ru-ում հայտնվեց հետաքրքիր հաղորդագրություն. «Թուրքիան սեղմում է օղակը Սիրիայի շուրջը` ունենալով ԱՄՆ-ի աջակցությունը, հանդգնում է հարձակումներ գործել Ռուսաստանի կողմը: Սա առաջին դեպքն է, որ Թուրքիան, ռազմական սպառնալիքով, վայրէջք է պարտադրում Ռուսաստանից թռչող ինքնաթիռին: Չճշտված տվյալներով, որոնց պետք է զգուշությամբ վերաբերվել, անանուն աղբյուրները հաղորդում են, որ ի պատասխան Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության, Ռուսաստանը պատրաստվում է խզել Կարսի և Մոսկվայի համաձայնագրերը, որոնց արդյունքում Թուրքիան կարող է կորցնել իր տարածքի 30 %-ը: Մոսկվայի պայմանագիրը (1921) ռուս-թուրքական համաձայնագիր է` կնքված 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և ՌՍՖՍՀ կառավարության միջև: Պայմանագրի համաձայն` Կարս և Արդահան քաղաքներն անցան Թուրքիային: Արարատ սարը նույնպես հայտնվեց Թուրքիայի տարածքում: Պայմանագրի համաձայն` Ռուսաստանը յուրաքանչյուր 25 տարին մեկ այն երկարացնում է, հիմա հենց պայմանագրի հերթական ստորագրման ժամկետն է մոտենում, ինչը Ռուսաստանը կարող է չանել օրինական հիմքերով: Այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի վերադարձնել վիթխարի տարածքներ: Հարկ է հիշեցնել, որ հայկական այդ հողերը Թուրքիայի կազմում մնում են անմարդաբնակ 1853-1923 թթ. հայկական ցեղասպանությունից հետո, քանի որ Թուրքիան միշտ դիտարկել է դարասկզբին օկուպացրած հողերի վերադարձի հավանականությունը, այդ պատճառով էլ այնտեղ ներդրումներ չեն արվել և ժամանակակից ինֆրակառույցներ չկան»: Կա՞ մեկնաբանությունների կարիք, թե՞ ամեն ինչ պարզ է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Մոսկվայի և Կարսի պայմանագրերից անցել է, հիշեցնեմ, 93 տարի, բայց հողերի վերադարձի բումերանգը Մոսկվան հավասարապես պահում է թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի գլխին: Ինչպես անցյալ դարում, այնպես էլ մեր, ոչինչ անհատույց չկա Լուսնի տակ: Չասեմ, չէ՞, որ ապրիլի 1-ը ոչ մի կապ չունի այս ամենի հետ: Համենայն դեպս, ազգային դիմադրունակության տեսակետից: Ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի ոչիշխանական ուժերի պահանջը ևս դիտարկեք այս շրջագծում: