Մարտի 21-ին Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր տեղեկություններ են տարածվում: Հայերը առավելապես գրում են, թե` հայ-հարայ հասեք, մերոնց կոտորում են, և այս ամենը անում են բավականին ակնհայտ հակաթուրքական տրամադրություններով` քեսաբահայերի տարհանումը զուգահեռելով 1915-ի ցեղասպանությանն ու կատարվածը բացատրելով ապրիլի 24-ի մոտենալով: Հայերի զգացմունքների վրա «յուղ են լցնում» ռուսական որոշ կայքեր` նույնպես հակաթուրքական հնչերանգներով և փորձում են Ռուսաստանին հայերի փրկչի դերում ներկայացնել: Քեսաբի մասին գրում է և արևմտյան մամուլը` բավական զուսպ, բայց փաստերն արձանագրող ու դատապարտող: Քեսաբի մասին գրում են և թուրքերը:
Այս ամենում ամենաանհասկանալին հայկական կայքերի դիրքորոշումն է: Նախ` քեսաբահայերը հայտարարեցին, որ ավանի տարհանման ժամանակ զոհեր չեն եղել, և ուրեմն այն լուրերը, թե թուրքերը հայերին կոտորել կամ կոտորում են, սուտ է: Խոսվել է միայն այն մասին, որ ավանում մի քանի տարեցներ են մնացել և ծեր կանանց գրոհայինները բռնաբարել են: Երկրորդ` դրանք ոչ թե թուրքերն են, այլ Ալ Քաիդայի և այլ իսլամիստական կազմակերպությունների կողմից հովանավորվող ապստամբները, ովքեր ոչ թե մարդկանց տեղահանում են նրանց ազգության համար, այլ նրանք անհանդուրժող են ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ: Երրորդ` որևէ մեկն իրեն հարց տվե՞լ է, թե Թուրքիան ինչու պետք է Սիրիայում մի հայաբնակ ավան դատարկելու կամ հայերին ոչնչացնելու ծրագիր ունենար: Որ ի՞նչ: Այսինքն` մերոնց թվում է, թե Թուրքիայի ղեկավարությունը դիվանագիտությունից հեռու մի խմբավորում է, որը հարյուր տարի անց նոր կոտորած է սարքում հայերի գլխին` դեռ իր նախորդների թափած արյունը «չմարսա՞ծ»: Մի պահ ընդունենք, որ այդպես է: Ի՞նչ է շահելու դրանից Թուրքիան: Ի դեպ, թուրքական որոշ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում Քեսաբում տեղի ունեցածը վերագրեցին վարչապետ Էրդողանին, որի դեմ կոշտ պայքար էր գնում նույն Թուրքիայում` կապված արդեն տեղի ունեցած ընտրությունների հետ: Արդյո՞ք դա կոնկրետ Թուրքիայի հասարակության աչքին Էրդողանին ոչնչացնելու մի փորձ չէր: Այսինքն` ստացվում է, որ Քեսաբի դեպքերը, որոնք ակնհայտորեն կապված չեն ավանի բնակչության ազգային պատկանելության հետ, օգտագործվում են շատերի կողմից, իսկ հայերը պարզապես դրանց տուրք են տալիս` առանց վերլուծելու դրանց աղբյուրներն ու այդ աղբյուրների քաղաքական շահերը:
Այլ հարց է ընդհանրապես սիրիահայության խնդիրը և այս համատեքստում այս պահին տարրական պայմաններից զուրկ քեսաբահայութոյն վիճակը: Եթե սա ենք քննարկում, ապա ուրիշ երկրին հղում անելու կարիքը չունենք: Խնդիրը մեր մեջ է ու մեր երկրի գործող ղեկավարության դիրքորոշման: Շատերն են, ի դեպ, կոչ անում քեսաբահայերին տեղափոխել Հայաստան կամ Ղարաբաղ: Քեսաբահայերը, սակայն, իրականում Հայաստան գալ չեն ցանկանում: Նրանք նախընտրում են վերադառնալ իրենց տները: Եվ ոչ այն պատճառով, որ ամեն մարդ իր տունն է ուզում, այլ նաև, որ Սիրիայի եռամյա պատերազմի ընթացքում բազմաթիվ սիրիահայեր եկան հայրենիք, հետո նրանց մի մասը վեադարձավ Սիրիա, մի մասը մեկնեց այլ երկրներ, և միայն եկածների մեկ երրորդը մնաց Հայաստանում: Հայաստանը, ցավոք, իր անկախության 24 տարիների ընթացքում չդարձավ այն հայրենիքը, որն իր շուրջ կհավաքեր համայն հայությանը, որը կկարողանար ոչ միայն խաղաղ երկինք, այլև կենսական անհրաժեշտ պայմաններ ապահովել իր զավակների համար: Այսքանից հետո քեսաբահայերը ինչպե՞ս գան հայրենիքում հաստատվելու: Եվ մի վերջին նկատառում. հայաստանյան մամուլում Քեսաբում տեղի ունեցածը թուրքերին վերագրելու փորձերը հարցն ակնհայտ տանում են այլ ուղղությամբ և հայության ուշադրությունը շեղում Հայաստանի` հայերի մի հատվածի հետագա ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունից:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ