«Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է», ասում էր Վիլյամ Սարոյանը, բայց չէր ասում` ինչն է սխալ, փոխարենն անընդհատ փորձում էր ասել` ո՞րն է ճիշտը: Իսկ ո՞վ էր հասկանում: Ընդհանրապես ո՞րն է ճիշտը: Մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում, որ ստատուս քվոյի իր կարգավիճակից, կարծես, սահուն դուրս է գալիս: Պատրվակը ուկրաինական իրադարձություններն էին և այդ իրադարձությունների հետևանք Ղրիմի հանրաքվեն: Տասնյակ փաստարկներ կան, թե ինչու Ղրիմի հանրաքվեն և ԼՂ հանրաքվեն չեն կարող զուգահեռվել, և՛ Ղրիմի հանրաքվեից հետո ԼՂՀ-ի հարցում որևէ փոփոխություն լինել չի կարող: Բայց հակամարտության կարգավորման խնդիրը միշտ էլ եղել է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղը, այլ գերտերությունների շահերը, այդ շահերի հակադրությունը և համադրման հնարավորությունը: Որքան էլ Հայաստանը փորձեց չեզոքություն պահպանել ուկրաինական իրադարձությունների շուրջ, այնուամենայնիվ, պաշտոնապես ճանաչեց Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իմա` հանրաքվեն: Ինքնին այս փաստը առանձնապես ոչ մեկին չհուզեց:
Ստացվեց, որ Ռուսաստանին իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Դա էլ մեծ հայտնություն չէր: Մաքսային միության անդամներն ու անդամության ամենաեռանդուն թեկնածուն: Ի վերջո, հենց այս երեք երկրներն են հետխորհրդային տարածքում ՌԴ-ի առավել հետևողական դաշնակիցները: Ղազախստանն աջակցությունը կարող է օգտագործել հետագայում` իր նախաձեռնություններին սատարում ստանալու համար, իսկ որ Ղազախստանը ջանում է ամրապնդել դիրքերը Կենտրոնական Ասիայում, վաղուց գաղտնիք չէ: Բացի այդ, Մաքսային միության մեջ ռուս-ղազախական բազում տնտեսական խնդիրներ կան, որ զուտ ֆինանսական գին ունեն: Բելառուսի համար հարևան ՈՒկրաինայի իրադարձությունները կարող են խիստ վարակիչ դառնալ` մասնավորապես ավանդաբար նշվող «Ազատության օրը» ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Մինսկում: Ցույցի 3000 մասնակիցները դատապարտել են «Ղրիմում ռուսական սադրանքը»` զորակցություն հայտնելով ՈՒկրաինային:
Ոստիկանությունը, բնականաբար, բերման է ենթարկել հակառուսական կարգախոսներ հնչեցրած ցուցարարներին: Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ամբողջական ՈՒկրաինայի կողմնակիցն է, սակայն Ղրիմը դեֆակտո Ռուսաստանի տարածքն է: Հայաստանը, որ չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ¥իսկ պատկերացնո՞ւմ եք` ճանաչեր, քանի րոպե պետք կլիներ Միխայիլ Սաակաշվիլուն` ճանապարհները փակելու համար¤, Ղրիմի դեպքում այդ արգելակը չուներ: Գործելով ռուսական ուղեգծում` Հայաստանը ստեղծված պայմաններում ամենավտանգված երկիրն է դառնում. Արևմուտքը կարող էր փոխել վերաբերմունքը բոլոր այն խնդիրներում, որոնց լուծման կամ գործող կարգավիճակի պահպանման հարցում չեզոք էր: Ինչո՞ւ Ռուսաստանն առաջինը սկսեց քարոզչական հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Ռուս քաղաքագետները չափից դուրս շատ ու հաճախ են տեսակետներ արտահայտում Հայաստանի անկախության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա ճակատագրի վերաբերյալ: Տեսակետներ, որ սահմանակցում են սպառնալիքներին, որևէ կապ չունեն ո՛չ դարավոր բարեկամության, ո՛չ ներկա համագործակցության ու ռազմավարական հարաբերությունների հետ:
Եթե նրանց ազգանունները վերջանային «զադե»-ով, ամեն ինչ իր տեղը կընկներ, բայց ռուսների բացահայտ ադրբեջանամետությունը գերազանցում է նույնիսկ ադրբեջանցիներին: Ի՞նչ է սա նշանակում: Ինչի՞ց է Ռուսաստանը զգուշանում: Ինչո՞ւ տարաստիճան պաշտոնատարներն իրենց սրբազան պարտքն են համարում հայտարարել, որ Հայաստանը անկախ երկիր չէ, իսկ եթե փորձի անկախանալ, պիտի մոռանա Ղարաբաղը: Դուգինականների շղթայի հերթական օղակ դաձավ Մաքսիմ Շևչենկոն: Նա ավելի ցինիկ ու հետևողական եղավ նախորդներից: Շևչենկոն որոշեց սկսել անցյալից ու գնալ ապագա: Սկզբում նա հայտարարեց, որ ԼՂ-ի ստատուս քվոն ձևավորվել է Ղարաբաղի պատերազմի արդյունքում, որի ընթացքում սպանվել են հազարավոր մարդիկ, իսկ տասնյակ հազարավորները ստիպված լքել են հարազատ վայրերը, որտեղ ապրել են դարերով: Ղրիմում չկար էթնիկ զտում` ի տարբերություն Ղարաբաղի: Ղրիմը բացարձակ խաղաղ տարածք է, որը կառավարության լեգիտիմության կորստից հետո անիշխանության իրավիճակում որոշել է ինքնորոշվել այդ ձևով: ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն հանճարեղ հայտնագործություն է արել, որ Ադրբեջանի ժողովուրդը բաղկացած է ոչ միայն թուրքերից, այլև Կովկասի աղվանական ծագմամբ ժողովուրդներից և Ղարաբաղի խանությունը նրանց բնիկ տարածքն է, ովքեր հետագայում ձևավորել են ադրբեջանցի ազգը և իրենց անվանում են ադրբեջանցի: Հասկացա՞ք: Ադրբեջանցիները աղվաններ են, աղվաններն էլ Ղարաբաղում բնիկներ են, և եթե այսօր Ղարաբաղում աղվաններ ¥այսինքն` ադրբեջանցիներ¤ չկան, հայերը հանցագործ են: «Ղարաբաղից նրանց արտաքսումը հանցագործություն է, և միայն նրանց` հայրենիք վերադարձից հետո կարելի է խոսել ինչ-որ հանրաքվեի մասին: Առանց փախստականների Ղարաբաղ վերադարձի` ցանկացած հանրաքվե անօրինական կլինի»: Թե ինչո՞ւ է Շևչենկոն սկսել հին երգերը վերաերգել, հարցի մի կողմն է, ավելի կարևոր է նրա հայտարարության երկրորդ մասը, այսինքն` կարգավիճակի որոշարկման հեռանկարային հանրաքվեն անօրինական է լինելու, քանի դեռ աղվանները չեն վերադարձել բնիկ տարածքներ: Ինչո՞ւ Մաքսիմ Շևչենկոն բացարձակապես չի նկատել Ղրիմի հանրաքվեի ընթացքում թերակղզում ռուսական զորքերի առկայությունը: Չգիտի՞, որ Ղրիմում բնակվում են և դարերով բնակվել են ոչ ռուսներ: Միջազգային իրավահարաբերություններում որևէ պետության տարածք զորք մտցնելը և այդ տարածքն անջատելը կոչվում է անեքսիա: Նույնիսկ եթե հետո այդ տարածքում հանրաքվե է անցկացվում` նախապես հայտարարված արդյունքով: Անեքսիան մնում է անեքսիա: Բայց ոչ պատմական, ոչ ներկա տարբերությունները որևէ նշանակություն չունեն Ռուսաստանի համար. պահանջված պահին կասվեն պահանջված ստերը: Բացի այդ, նույն Շևչենկոյի շուրթերով հավաստվում է, որ ՀԱՊԿ-ը գործում է, եթե հարձակումը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում է: Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում, այդ պատճառով դեյուրե պատերազմը Ղարաբաղում նախադեպ չէ ռուսական զորքերի` Ադրբեջան մտնելու համար: Միակ տրամաբանական եզրակացությունը ¥եթե դեռ ներելի է տրամաբանություն որոնելը¤` անհիմն են լուրերը, թե Ռուսաստանը մտադիր է միջամտել ԼՂ հակամարտությանը Ղրիմի բռնակցումից հետո: Շևչենկոն հիշել է, որ ռազմական առումով Ռուսաստանն ավելի կապված է Հայաստանի, քան Ադրբեջանի հետ, քանի որ Գյումրիում են տեղակայված ռուսական ռազմակայանները, սակայն Ռուսաստանը երաշխավորն է տարածաշրջանում պատերազմի բացակայության:
Պատկերն ավելի քան պարզ է. Շևչենկոն այդ մասին ոչինչ չի ասել ու չի ասելու, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբում վերստին ստանձնել առաջին ջութակի դերը ¥Մեդվեդևի եռամյա ձախողումից հետո¤, և հիմա անել այն, ինչ չհաջողվեց նախկինում` տարածաշրջանում, հակամարտության պատրվակով, ընդլայնել սեփական ներգործությունն ու ներկայությունը: Իսկ գուցե Ղրիմը պատրվակ է` բարձրաձայնելու հերթական անեքսիայի մտադրությունը: Տեղին է հիշեցումը, որ Գյումրիում ռուսական զորքեր են նստած` այդ տրոյական ձիուն մենք ենք բերել մեր երկիր: Հիշելով Ստեփանակերտի պատվիրված հրճվանքը Ղրիմի հանրաքվեի առիթով, սցենարը սկսել է գործել: Հենց այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հիշեց, որ հակամարտությունը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև է: Հայաստանը դուրս է բերվում աշխարհաքաղաքական խաղի՞ց: Թե՞ Հայաստանը ինքն է իրեն խաղից դուրս վիճակում դրել: Եվ ոչ այսօր. առաջին նախագահը ստորագրեց ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայելու համաձայնագիրը, երրորդը երկարաձգեց մինչև դարակես: Երկրորդը Հայաստանը, իբրև գույք` պարտքի դիմաց, վաճառեց Ռուսաստանին ու հերթով փոխանցեց տնտեսական լծակները: Հայաստանի քաղաքական անկախությունը սկսեց երերալ 1999-ի հոկտեմբերի 27-ին, 21-րդ դարը եկավ ոչ թե Հայաստանի անկախ Հանրապետություն, այլ մի երկիր, որը շոկի մեջ էր ու մինչև հիմա չի հաղթահարել 20-րդ դարավերջի ոճրագործության հետևանքները ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական կյանքում: Առավել ևս բարոյահոգեբանական հարթության մեջ` հաշվի առնելով դատավարության ընթացքը և ոճրագործության չբացահայտվածությունը, հավելած 27-ի գործով վկաների բնական և անբնական մահերը երկրում ու երկրից դուրս:
Պատահական չէ, որ ռուսներն իրենց քարոզչամեքենան ողջ հզորությամբ գործարկում են «բացահայտելու», որ Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչումը Երևանի կողմից հարուցել է Արևմուտքի սուր քննադատությունը, ի հետևանս` Արևմուտքը փոխելու է վերաբերմունքը Ղարաբաղի հարցում: Հենց այս կետում է Ռուսաստանը շտապում բարձրաձայնել, որ Հայաստանը չի կարող հույս դնել Մոսկվայի աջակցության վրա: Այսինքն` ՌԴ-ն Հայաստանում պաշտպանում է իր ռազմական ներկայացվածության անվտանգությունը, բայց ոչ Հայաստանի, և իր համար անհրաժեշտ պահին կարող է հրահրել հակամարտության կողմերի ռազմական բախում ու պահելով պարիտետը` իր համար բիզնես անել: Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ն, ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է, բայց ոչ ԼՂՀ-ի: Ամեն ինչ այլ կլինի, եթե ԼՂՀ-ն ցանկանա մտնել Ռուսաստանի կազմի մեջ ¥չկասկածեք, որ հերթական պատվիրված հանրաքվեն կկազմակերպվի մի քանի օրում¤: Իհարկե, ընթացքում նորից ու նորից կասվի, որ միայն բանակցությունները, միայն փոխընդունելի փոխզիջումն են ելքը: Քաղաքականության մեջ խոսքերը գործողությունները հիմնավորելու համար են: Քաղաքական ու տնտեսական մեկուսացումը Կրեմլի համար լավագույն ժամանակն է այլևս անթաքույց գործելու:
Ի՞նչ կփոխվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ժամանակ: Հանդիպումից կողմերից ոչ մեկը դեռ չի հրաժարվել: Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովում Մեծամորի ԱԷԿ-ի հարցով թեթև հրաձգությունը նրանց միջև վկայում է, որ փոխզիջում չի լինելու, իսկ գուցե իրոք ժամանակն է, որ Ղարաբաղի իշխանությունները խաղի մեջ մտնեն: Պայմանով, որ տեր են լինելու իրենց արդեն կայացած հանրաքվեի արդյունքներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Երեք հիշեցում: Առաջին` իր տարեկան զեկույցում Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2014-ին կարող է կրճատվել 1,8 տոկոսով` ԱՄՆ-ի և ԵՄ տնտեսական պատժամիջոցների պատճառով, առանց պատժամիջոցների տնտեսական աճը 1,1 տոկոս կկազմի: Երկրորդ` ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը շատ հեռու են մի շարք ապրանքների, մասնավորապես, նավթի և գազի ազատ առևտրի շուրջ ընդհանուր տեսակետներ ունենալուց. կողմերը ցանկանում են դեռ մի քանի տարի պահպանել նավթի, գազի, ալկոհոլի, ծխախոտի և դեղերի առևտրի սահմանափակումները: Եվրասիական տնտեսական տարածքը, փաստորեն, մնում է ապրիորի չունենալով ոչ աշխարհագրություն, ոչ ժամանակագրություն: Երրորդ` ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, բայց եթե մարդկությունը դեռ գոյություն ունի, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան նաև ճիշտ է: Ճշտի ու սխալի մեր միջակայքը չափազանց մեծ է` կոնկրետանալ է պետք: Մենք Լուկաշենկոյի պես չենք կարող ասել, որ կողմ ենք ՈՒկրաինայի ամբողջականությանը, բայց Ղրիմը ռուսական տարածք է: Ոչ էլ Նուրսուլթան Նազարբաևի պես «Ես քեզ, դու ինձ» ենք ի վիճակի խաղալ: Ի վերջո, միշտ էլ յուրաքանչյուր երկիր ինքն է իր անվտանգությունը ապահովում: Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կարող է ոչինչ չկատարվել, բայց այս հարցը կարող է մանրադրամ դառնալ գլոբալ խնդիրների լուծման մեջ: Ռուսաստանին հայերը պետք չեն ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում, Կրեմլին պետք է այս տարածքը ոչ միայն իբրև ֆորպոստ, այլև նոր իրավիճակում քաղաքական շանտաժի ու քաղաքական փոխզիջումի հնարավորություն: Սա վտանգ է թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի համար: