Եթե դեռ վերջերս լրատվամիջոցներում առավելապես քննարկվում էին զանազան գունավոր հեղափոխություններ հրահրելու ամերիկյան տեխնոլոգիաները, ապա Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո մասնագետները ուշադրությունը կենտրոնացրին պուտինյան շռնդալից «տեխնոլոգիայի» վրա` ինչպե՞ս նրան հաջողվեց հաշված օրերի ընթացքում իրականացնել աշխարհաքաղաքական նման փայլուն օպերացիա: Ընդ որում, ամենահետաքրքրականը և՛ բուն Ռուսաստանում, և՛ դրսում դարձավ այն հարցը, թե Պուտինը նախապե՞ս էր պլանավորել այդ գործողությունը, թե՞ գործեց հանպատրաստից: Բանն այն է, որ տպավորություն էր ստեղծվել, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի ղեկավարությունն անտարբեր է ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, այնտեղ ապրող միլիոնավոր ռուսների ճակատագրի և առհասարակ այդ պետության հակառուսական (ուկրաինացման) քաղաքականության նկատմամբ: Սոչիի օլիմպիադայի ժամանակ էլ ռուսական ոչ լիբերալ թերթերը բացահայտ ընդվզում էին այն բանի դեմ, որ Պուտինը, իբր, իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է մարզական միջոցառման վրա և մոռացության մատնել ՈՒկրաինայում փոթորկվող իրադարձությունները, նույնիսկ հանդես չի գալիս որևէ հայտարարությամբ: ՈՒ հանկարծ սրընթաց, հաղթական արդյունքի մեջ անտարակուսելի, Ռուսաստանի ներկա իրական կարողությունների սահմանագծման նախաձեռնություն: Բացարձակ քաղաքական հաղթանակը երբեք երկնքից չի ընկնում` հավաստում է ռուսական թերթերից մեկը:
Մայդանի «փթթման» ամիսներին հատկապես այստեղ, ի պատասխան ՈՒկրաինայում ծավալված անսանձ հակառուսական քարոզչության, շատ էր գրվում այն մասին, որ անկախ ուկրաինական պետությունը այդպես էլ չկայացավ, ու այդպես էլ չձևավորվեց ուկրաինական ազգը: Երկրի արևմտյան ու հարավարևելյան հատվածներն իրար խորթ մնացին ազգային-հոգեբանական, Ռուսաստանի նկատմամբ կողմնորոշման իմաստով: Իսկ ահա այդ առումով Ղրիմը նույնիսկ թերակղզի չէր, այլ իսկական ռուսական կղզի: Պարզ էր, որ եթե ռուս-ուկրաինական հարաբերություններում արմատական բեկում տեղի ունենար, ապա դա կսկսվեր հենց Ղրիմից: ՈՒրեմն, բնականաբար, պետք էր պատրաստվել ու սպասել ուկրաինական քաղաքական վարչակարգի փլուզմանը:
Սակայն Ռուսաստանի քաղաքական բարձրագույն խավի մեջ զգալի կշիռ ունի լիբերալ խավը, որն անթաքույց կողմնորոշված է դեպի Արևմուտք և ամեն ինչ կանի՝ թույլ չտալու հակաուկրաինական, ասել է՝ հակաեվրոպական ու հակաամերիկյան քայլեր: Հետևաբար, ամեն մի պլան պետք է մշակվեր գերգաղտնի պայմաններում: Ռուս փորձագետներից մեկի կարծիքով, իրազեկված շրջանակը կարող էր լավագույն դեպքում սահմանափակվել 5-6 մարդով: Մինչև իրադրության կրիտիկական հասունացումը Ռուսաստանը չպիտի դրսևորեր ոչ մի ակտիվություն: Այստեղից էլ Պուտինի «քար» անտարբերությունը: Ի դեպ, այդ օրերին ռուս նացիոնալիստների կողմից ինչ անվայել, հայհոյական ածականներ ասես հնչում էին ՈՒկրաինայում Ռուսաստանի դեսպան Զուրաբովի հասցեին՝ ապաշնորհ, դավաճան, ոչնչություն և այլն: Մինչդեռ այսօր կարելի է համոզված ասել, որ նա էլ է գիտակցված լռել (դե, խորամանկ հայ է, կասեն Հայաստանում): Մի խոսքով, Պուտինը պատրաստ է եղել իր «աստեղային» ժամին:
«Իրո՞ք եղել է տևական նախապատրաստություն, թե՞ ամեն ինչ որոշվել է մի քանի օրում» հարցը չի շրջանցում նաև եվրոպացիներին ու հատկապես ամերիկացիներին: Ինչո՞ւ վերջիններս այդքան անփառունակ ձևով հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ (պետք էր միայն տեսնել Օբամայի շփոթահար դեմքը): Եթե նրանք գաղտնի «ունկնդրում էին» իրենց մերձավորագույն դաշնակիցների լիդերների հեռախոսազրույցները, ապա ինչպես կարող էին աչքաթող անել ռուսներին:
Իհարկե, ամերիկացիներն իրենց ռազմական արբանյակներով հետևել են զորքերի տեղաշարժերին, վերահսկել նրանց կապի միջոցները: «Ամերիկացիները գրանցել էին ռուսաստանյան զորքերի կուտակում Ղրիմից հավանական հարված հասցնելու հեռավորության վրա,- նշում են իրազեկ աղբյուրները,- սակայն մասնագետները չեն կարողացել «բռնել» այնպիսի մի խոսակցություն, որը վերաբերեր Ղրիմը գրավելու պլաններին»:
Առհասարակ, ծանոթանալով արևմտյան մամուլի որոշ «խոստովանություններին», անհիմն չես համարում ամերիկյան հետախուզության «խայտառակ» պարտության վերաբերյալ մեղադրանքները: Մի բան է, երբ ՈՒկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարն է հայտարարում, որ իրենք չգիտեն, թե ինչ է անցնում Պուտինի մտքով և ինչպիսին կլինի նրա հերթական որոշումը, և այլ բան է, երբ ամերիկացիներն իրենք են ընդունում, որ Ռուսաստանի իրավասու ղեկավարների` իրենց գրանցած խոսակցություններից և ոչ մեկում չի եղել որևէ տեղեկություն այդ թեմայով: Իսկ բուն Ղրիմում ռուս սպաները ապշեցուցիչ կարգապահություն են դրսևորել ռադիոյով և բջջային հեռախոսներով հաղորդակցվելիս: Ավելին, ամերիկացիներին առայժմ չի էլ հաջողվել պարզել, թե ռուսներն ինչպես են իրենց ռազմական պլանները զերծ պահել ամերիկյան լրտեսական միջոցներից:
Ահա և նրանք գլուխ են ջարդում` ռուսները նպատակադրվա՞ծ են խուսափել ներխուժման վերաբերյալ խոսակցություններից, թե՞ գտել են ամերիկյան լրտեսական սարքավորումներից խուսափելու ձևերը: Կամ, գուցե Պուտինը Ղրիմը գրավելու որոշումն ընդունել է վերջին պահին և, անմիջական կատարողներից բացի, այդ մասին որևէ մեկին տեղյակ չի պահել: Կամ էլ զավթելու պլանները մանրազնին պատրաստվել էին նախապես և դրանք քննարկելու հարկ չի եղել:
Եվ սա էլ դեռ ոչինչ: Երբ ռուսներն արդեն ռազմական վերահսկողության տակ են առել Ղրիմը, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունից շտապ կապ են հաստատել ռուս գործընկերների հետ, սակայն նրանցից շատերը նույնիսկ զարմանք են հայտնել կատարվածի կապակցությամբ: Արի իմացիր` խա՞ղ է սա, թե՞ իրողություն:
Ինչպես ասում են, և դա սազում է Պուտինին, նախկին հետախույզ չի լինում…
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա