ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ուրվապատկերին

«Նեոօսմանացման» ծրագիրը լավ է ներդաշնակվում ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք»  աշխարհաքաղաքական ուրվապատկերին
20.12.2013 | 00:05

Թուրքական «Հուրիեթ» թերթը դեկտեմբերի 9-ին հաղորդեց, որ, մեկնաբանելով 2014 թ. պետբյուջեն, խորհրդարանական քրդամետ «Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը» (ԽԺԿ­) օգտագործել է «Թուրքական Քրդստան» բառակապակցությունը արևելյան և հարավարևելյան Անատոլիայի առավելապես քրդերով բնակեցված տարածաշրջանների առնչությամբ և բանավեճ ծավալել այդ հարցի շուրջ։ Բնականաբար, այդ քայլն աղմուկ է առաջացրել թուրքական խորհրդարանում։ Ընդ որում` շատ լուրջ։ Ինչը և ապացուցեց, որ Թուրքիան և թուրքերը չեն փոխվում։ Իսկը ժամանակն է ամփոփելու քրդական խնդրի զարգացումը Թուրքիայում և սահմանակից երկրներում։
Ինչպես հայտնի է, մայիսի 8-ից սկսվել է Թուրքիայի քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ­) զինված ջոկատների դուրսբերումը թուրքական բոլոր տարածքներից։ «Մենք գիտենք, որ նրանք են սկսել շարժումը»,- այն ժամանակ հայտարարեց այդ գործին ակտիվորեն մասնակցող քրդամետ ԽԺԿ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Սելահետտին Դեմիրթաշը «Ֆրանս պրես» գործակալության հետ հարցազրույցում։ Այո, նա պաշտոնատար երկու անձի և ԽԺԿ-ից խորհրդարանի պատգամավորների հետ մասնակցել և մասնակցում է Իմրալի կղզու բանտում ցմահ ազատազրկված ՔԱԿ առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ բանակցություններին, որոնք վերականգնվել են Թուրքիայի կառավարության և Թուրքիայի MIT հատուկ ծառայության հետ, ինչպես նաև քրդական հարցի լուծման «Իմաստունների խորհուրդ» անվանումը կրող և ոչ այնքան հայտնի խորհրդատվական կառույցի գործունեությանը։ Այդ խորհուրդը նախաձեռնել է անձամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Սակայն կան որոշ գործոններ, որոնք թույլ չեն տալիս նույնիսկ Դեմիրթաշին ընդունել իբրև իրականորեն և մանրամասնորեն իրազեկված քուրդ գործչի։ Կասկածի տեղիք է տալիս նրա իրազեկությունն այն մասին, թե ով ուր և, ինչը պակաս կարևոր չէ, ինչու է առաջնորդում Թուրքիայի ժամանակակից քրդերին, որոնք բնակվում են, ինչպես հայտնի է, հենց Արևմտյան Հայաստանում, Միջագետքում և Հայկական Կիլիկիայում։ Համապատասխանաբար, դժվար է ենթադրել, թե և՛ Դեմիրթաշը, և՛, բնականաբար, Օջալանը, էլ չենք խոսում Թուրքիայում նոր «քրդական խաղի» մյուս մասնակիցների մասին, կարող են պատկերացնել, թե քրդական հարցի լուծման և, իհարկե, քրդական ստվարաթիվ ցեղերի ու կլանների մերձակա քաղաքական ու ֆիզիկական ամբողջ ապագայի համար ինչպիսի ուղղություններ են նախապատրաստել վերջին 10-20 տարում քրդական հարցի լուծման ամենագլխավոր հովանավորները` ԱՄՆ-ը և Իսրայելը, որոնց ձեռքին կույր գործիք է Թուրքիան։ Եթե զուգահեռ անցկացնենք, ապա կարելի է ասել` ինչպես առաջին աշխարհամարտում հայերի դեպքում։
Ի դեպ, իրենք թուրքերը իրենց լրատվամիջոցների տարբեր հրապարակումներում և իրենց արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտնություններում արդեն առնվազն վերջին հինգ տարում չեն թաքցնում, թե ինչի համար է իրենց պետք քրդական հարցի լուծումը. իսկ նրանց դա պետք է կոնկրետ թուրքերի հանդեպ և, ինչպես արդարացիորեն նշում է Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, հայերի հանդեպ, այսինքն` կովկասյան ուղղությամբ ձեռքերի ազատություն ստանալու համար։ Եվ ձեռնամուխ է լինում «նեոօսմանիզմի» և հսկայական աշխարհագրական ու աշխարհաքաղաքական տարածքների «նեոօսմանացման» պլանների իրագործմանը. դեպի արևմուտք (Բալկաններ և Կիպրոս­), դեպի հարավ-արևմուտք (Սիրիա, Լիբանան­) և դեպի հարավ-արևելք և անգամ` արևելք (Իրան, Իրաք­)։ Էրդողանյան «Արդարություն և զարգացում» կուսակցության արևմտականացած, այսպես կոչված, «չափավոր թուրքական իսլամականները» ընդհանուր ոչինչ չունեն ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների արմատական շահերի հետ (գոնե Մերձավոր Արևելքի, Իրաքի և Իրանի մահմեդականների­)։ Փոխարենը նշված տարածքների «նեոօսմանացման» ծրագիրը ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից վերահսկվող թուրքական կեղծ-իսլամականների ձեռքով առավելագույնս լավ է ներդաշնակում հույժ ամերիկա-հրեական «Գլոբալ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ուրվապատկերին։
Հենց այդ նախագծի կապակցությամբ դեռ 20-րդ դարի 90-ականների վերջերին արևմտյան, թուրքական և քրդական լրատվամիջոցներում շրջանառվում էին քարտեզներ, որոնցով վերջնականորեն ջնջվում էր վերը հիշատակված տարածքների որևէ առնչություն հայ ժողովրդի պատմությանը։ Քանզի այդ տարածքներում (իսկ հրապարակված որոշ քարտեզներում նաև Հայաստանի Հանրապետության, Արցախի, Նախիջևանի և այլ հողերի ընդգրկմամբ­) հռչակվում էր մի ինչ-որ աներևակայելի «Մեծ Քրդստան». ԱՄՆ-ի և Իսրայելի պլաններով` մի շարք տարածաշրջաններում իրենց աշխարհաքաղաքական կամքի նորագույն կատարող, ինչպես նաև, երևի Կովկասի և Իրանի ուղղությամբ քայքայիչ գործողությունների ծավալման նորագույն հենահրապարակ։ Եվ համեմատաբար վերջերս (2013 թ. մարտի 23-ին­) մի ոչ այնքան հայտնի թուրքական կայք կրկնօրինակել էր Անկարայի` առնվազն 2008-2012 թթ. թուրքական առաջատար «Միլիեթ» և «Հուրիեթ» թերթերում հրապարակված հանրահայտ սպառնալիքները, իհարկե, շեշտադրելով «նեոօսմանյան» Թուրքիայի ստրկության մեջ Հունաստանի և հունական Կիպրոսի Հանրապետության հայտնվելու անխուսափելիությունը։
Բայց Անկարայից հնչող ակնարկների ու մեկնաբանությունների երանգները գալիս են վկայելու, որ թուրք հեղինակները և երբեմն անուղղակիորեն լրագրային հրապարակումները հաստատող այս կամ այն թուրք պաշտոնական անձինք չեն թաքցնում, որ «նեոօսմանիզմի» ծրագրերի իրացման իրենց հույսերը շաղկապում են հենց այն փաստի հետ, որ Թուրքիայում քրդական հարցի վերջը միաժամանակ կդնի թուրքերի ու քրդերի ռազմաքաղաքական համակեցության հետ կապված հերթական գործընթացի սկիզբը։ Իսկ դա, եթե լրջորեն խոսենք, սպառնալիք է առաջին հերթին Հայաստանի և հայ ազգի համար, քանի որ թուրքերի ու քրդերի ահա այդպիսի համակեցությունն էր հենց, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հանգեցրեց մի հսկայական տարածքում հայերի ցեղասպանությանը։ Այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն ու Իսրայելը «Մեծ Քրդստան» են տեսնում, իսկ բրիտանական Լոնդոնում էլ որոշ շրջանակներ դեռ 4-5 տարի առաջ թուրքերի ու քրդերի ռազմաքաղաքական դաշինքի վերականգնում կամ թուրք-քրդական դաշնության կամ համադաշնության նման մի բան էին ծրագրում ստեղծել։ Մեկ էլ ընդգծենք` դրանք Արևմտյան Հայաստանի, Միջագետքի ու Հայկական Կիլիկիայի տարածքներն են։
Բացառված չէ, որ «Մեծ Քրդստանի» ստեղծման «բրիտանականացված» վարկածը Մերձավոր Արևելքի, Կովկասի ու Իրանական լեռնաշղթայի վերաձևման ամերիկա-իսրայելական ծրագրի իրագործման միջանկյալ փուլերից մեկի ուրվագծումն է միայն։ Բայց, այսպես թե այնպես, Թուրքիայի և քրդական ազգային ազատագրական շարժման զինված խմբավորումներից մեկի` քրդական աշխատավորական կուսակցության միջև տեղի ունեցող բանակցությունների պարբերականության ու տեմպերի հենց միայն պարզ դիտարկումը հասկանալ է տալիս, որ, ավաղ, ԱՄՆ-ը և Իսրայելը, բնականաբար նաև պաշտոնական Անկարան, ձեռնամուխ են եղել Մերձավոր Արևելքի և շրջակա մի շարք տարածաշրջանների վերաձևման վիթխարի ու մարդատյաց ծրագրի իրականացման ավարտական փուլին։ Այդ թվում, մեկ էլ ընդգծենք, Անդրկովկասի։ Ահա թե ինչու 2008-09 թթ. էլ, երբ նույն Էրդողանը իրեն կտրտում էր մի ինչ-որ «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման համար, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես այն ժամանակ թվում էր, բավական անսպասելիորեն առաջադրեց, այսպես կոչված, «ֆուտբոլային նախաձեռնությունը», ինչը, ի վերջո, ավարտվեց ի տեր հանգուցյալ, այսպես կոչված, «հայ-թուրքական արձանագրություններով», և առաջ, 2003-06 թթ., երբ դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Երևանի ու Անկարայի միջև կուլիսային լուրջ բանակցություններ էին ընթանում ԱՄՆ-Շվեյցարիա տանդեմի հովանու ներքո (կազմված էր նույնիսկ փորձագետների շատ տարօրինակ մի ինչ-որ «հայ-թուրքական հանձնաժողով­) մշտապես հետապնդում էր այն զգացողությունը, որ Արևմուտքի և Իսրայելի վերն արդեն նշված ուժերը Հայաստանը հրում են զարգացման ամենաաղետալի (հայ ազգի համար­) սցենարի։
Որոնք են այդ սցենարի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի վերաձևման ամերիկա-իսրայելական ծրագրի խորքային, քողարկված վերջնանպատակները, սույն հոդվածում մենք չենք փորձի գուշակել։ Սակայն, հայ ինտելեկտուալների միջավայրում եղած ցանկացած «կուսակցություն», ինչ դրոշի ներքո էլ աղոթելիս լինի, պետք է միարժեքորեն ու հստակորեն պատկերացնի, որ ցանկացած տեսքով թուրք-քրդական դաշինքի վերականգնումը ո՛չ Հայաստանի Հանրապետությանը, ո՛չ ամբողջ հայ ժողովրդին չի կարող բերել ոչ մի նույնիսկ ոչ թե լավ, այլ անգամ, պատկերավոր ասած, չափավոր վատ բան։ Մի ինչ-որ կեղծ օսմանյան պետական դաշինքի վերականգնումը անգամ ամենակարճագույն պատմական ժամանակամիջոցով, Անդրկովկասի այսօրվա երկու հայկական հանրապետությունների համար էլ հղի է այն նույն տխրահռչակ «հայկական հարցի վերջնական լուծմամբ», ինչի մասին երազել են և շարունակում են երազել Թուրքիայի օսմանիզմի-նեոօսմանիզմի բոլոր կողմնակիցները։ Եվ, ի դեպ, ավելորդ չէր լինի դեպի Արևմուտք կամ միայն թուրքասիրություն կողմնորոշված հայերի տարբեր շրջանակներին հիշել, որ «Իթթիհադ-վե-թերեքքի» ֆաշիստական կուսակցությունը, այսինքն` երիտթուրքերը, նույնպես հենց հայկական հարցն էր լուծում և ոչ թե քրդականը, և լուծում էր հայերին «օսմանացնելու» փորձերի դիրքերից, իսկ նրանց, ովքեր չէին ենթարկվում «օսմանացման», ոչնչացման ու տեղահանման միջոցով։ Այսպես էլ, ըստ էության, տեղի ունեցավ 1914-23 թթ. հայերի ցեղասպանությունը Թուրքիայում (ասենք նաև` Անդրկովկասում­)։
Հիմա թուրք-քրդական բանակցությունների ընթացքի մասին, որին, ինչպես արդեն նշեցինք, բացի ԱՄՆ-ից ու Իսրայելից, կան նաև այլ միջնորդներ (իհարկե, Թուրքիան պաշտոնապես մերժեց Իսրայելի միջնորդությունը, հանուն որի Թել Ավիվը Անկարայից ներողություն էր խնդրել միջազգային մարդասիրական տորմիղի նավի վրա թուրքական քաղաքացիների սպանության հայտնի միջադեպի առթիվ­) հենց քրդերի շրջապատից։ Խոսքը արդեն հիշատակված թուրքական ԽԺԿ խորհրդարանական կուսակցության, Իրաքի Ինքնավար Քրդստանի տարածաշրջանային կառավարության` Բարզանիի կլանի գլխավորած ղեկավարության և տարածաշրջանի մի շարք այլ կուսակցությունների ու կազմակերպությունների մասին է։ Այդ բանակցություններին այդքան շատ և առաջին հերթին քրդական դերակատարների մասնակցությունը բացահայտորեն վկայում է այն մասին, որ տարածաշրջանում նոր «Մեծ խաղի» գինը բնավ էլ թուրք-քրդական զինված հակամարտությանը և հենց Թուրքիայում քրդական հարցի լուծմանը վերջ դնելու ձգտումը չէ։ Հետաքրքիր է, որ միաժամանակ Անկարան մերժել է ոչ միայն Իսրայելի, այլև Մեծ Բրիտանիայի միջնորդությունը, իսկ որոշ տվյալների համաձայն` նաև Եվրամիության։ Բայց որ Թուրքիայի և Իսրայելի իսկական փոխհարաբերությունները խորապես քողարկված են ու գաղտնի են պահվում, Գազայի պաղեստինցիների դեմ իսրայելական «Ձուլված կապար» գործողությունից հետո համաշխարհային հանրությունը բազմիցս նախազգուշացվել է (մասնավորապես Իրանի և մի շարք լիբանանյան քաղաքական կուսակցությունների կողմից­)։ Հասկանալի բան է. Իրանի նախազգուշացումը «չեն լսում» Արևմուտքում, ինչպես նաև մի շարք սուննիական արաբական միապետություններում, որոնց Արևմուտքն ու Իսրայելը ներառել են Մերձավոր Արևելքի վերաձևման գործում։ Իսկ Թուրքիան, ընդհակառակը, միշտ արձագանքում է Թեհրանի մեղադրանքներին ու նախազգուշացումներին, ընդ որում ոչ այլ կերպ, եթե ոչ «համամահմեդական գործին» հավատարմության հրապարակային երդումների ձևով, ինչպիսին տարածաշրջանում ավանդաբար համարվում են Պաղեստինի պետության անկախության համաշխարհային ճանաչումը և Ալ Կուդսի, այսինքն` Երուսաղեմի, ազատագրումը «սիոնիստական օկուպացումից»։
Բայց Անկարայի դիրքորոշումը պարզ հասկանալ է տալիս, որ թուրքերը պարզապես չեն ուզում (մերժելով բրիտանացիների կամ ամբողջ միացյալ Եվրոպայի «օգնությունը»­) էլ ավելի մեծ կախման մեջ ընկնել արտաքին գործոններից, կոնկրետ` օրեցօր թուլացող Եվրամիությունից, և ուզում են միաժամանակ պահպանել ԱՄՆ-ի և Իսրայելի աշխարհաքաղաքական ծրագրերում հենց «քրդական խաղաքարտի» խաղարկման շրջանակներում գոնե հարաբերական ինքնուրույնության մնացորդները։ Այդ իրավիճակը վկայում է, որ Անկարան շատ ավելին գիտի քրդական հարցի առթիվ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակների մասին, քան, հնարավոր է, կցանկանային իրենք ամերիկացիներն ու իսրայելցիները։ Այս առումով անչափ կարևոր են Հյուսիսային Իրաքի քրդերին ամերիկացի հայտնի դիվանագետ-հետախույզ Փիթեր Գելբրայթի հղած կոչերը, որը «փառաբանվել» է դեռ 2012 թ. վերջին Բալկանյան թերակղզու ժողովուրդների ողբերգությանը անմիջական մասնակցությամբ։ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հավատարմատարը համարյա աղաչում էր Բարզանիի և Աթ-Թալաբանիի կլաններին` թքեք վիճելի տարածքների վրա և գնացեք Հյուսիսային Իրաքի, այսինքն` Իրաքյան Քրդստանի լիակատար անկախության։ Բանն այն է, որ Իրաքի քրդական կենտրոնի` Էրբիլի, և Բաղդադում իրաքյան կենտրոնական կառավարության միջև վիճելի տարածքների շարքում են հիմնականում Կիրկուկի, Մոսուլի նավթագազաբեր տարածքները և Հյուսիսային Իրաքի էլի մի շարք տարածքներ։ Գելբրայթը քրդերին խորհուրդ էր տալիս սահմանադրական բանակցություններ վարել Բաղդադի հետ, ձգտելով հասնել լիարժեք անկախության, և իր կոչն ուղեկցում էր շատ հետաքրքրական մի «կրկներգով»։ «Անկախ լինելն ավելի լավ է, անգամ տարածքներ կորցնելու գնով, քան Իրաքում առհավետ լռվելը։ Փոքր անկախ Քրդստանն ավելի լավ է, քան Իրաքում լռվելն առհավետ։ Միգուցե սահմաններ ունենալը կարևոր էր 19-րդ դարում, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, ու սահմաններն այլևս կարևոր չեն։ Ահա թե ինչու կարևոր է, որ թե՛ Բաղդադը, թե՛ Էրբիլը համաձայնության գան այդ հարցում»։
(շարունակելի­)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ