ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Երկու մեծ քաղաքակրթություններ», որոնք առաջ են մղում մարդկությանը»

«Երկու մեծ քաղաքակրթություններ»,  որոնք առաջ են մղում մարդկությանը»
10.12.2013 | 00:09

Կոնֆուցիոսը պնդում էր. «Հաղթանակի ճանապարհը հարթում է վստահությունը»։ Չինաստանի և Եվրոպայի հարաբերությունների երկարատև պատմության ընթացքում եղել են շատ բարդ, երբեմն էլ պարզապես մութ էջեր և վստահության չափազանց քիչ առիթներ։ Բայց ժամանակները փոխվել են, «ափիոնային պատերազմները», Բռնցքամարտիկների ապստամբությունը, Հոնկոնգի և Մակաոյի օկուպացումը, եվրոպական առևտրական ընկերությունների նվաստացուցիչ ու կողոպտչական թելադրանքը վաղուց պատմության գիրկն են անցել։ Հիմա արդեն Չինաստանն է նոր տնտեսական ու քաղաքական դիրքերից որոշում՝ փող պիտի ներդնի՞ Եվրոպայում, թե՞ ոչ, և ինչպե՞ս նոր հարաբերություններ կառուցի։ Եվ նրանք, դատելով ըստ ամենայնի, ներկա նորացված «Եվրոպայի ճանապարհը» մտադիր են գցել Մեծ ուսուցչի պատգամների համաձայն։ Ասենք, սա շատ հարմարավետ տեղավորվում է նաև արևմտյան մի շարք քաղաքական փորձագետների նոր աշխարհակարգի վերջին մոդելներում, ուր ՉԺՀ-ին առաջատար դեր է վերապահվում։
Այսպես, Պեկինում վերջերս կայացած Չինաստան-ԵՄ 16-րդ գագաթնաժողովում կողմերը պայմանավորվեցին իրացնել «ՉԺՀ-ԵՄ համագործակցության մինչև 2020 թվականի ռազմավարական պլանը», համատեղ ջանքեր գործադրել երկկողմ առևտուրը մինչև մեկ տրիլիոն դոլարի հասցնելու ուղղությամբ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2012 թ. ցուցանիշը։ Որոշվեց նաև բանակցություններ սկսել ներդրումային համաձայնագրի կնքման շուրջ, ուսումնասիրել ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը, ընդլայնել միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող շփումներն ու գործակցությունը։ Ինչպես նկատեցին համաժողովի մասնակիցները, դա «վիթխարի» և աննախադեպ պլան է և ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ սկսած տիեզերքից ու ծովահենության դեմ պայքարից, վերջացրած քաղաքակենտրոնացմամբ ու էներգետիկայով։ Պեկինն ու Բրյուսելը մտադիր են սերտորեն համագործակցելու տրանսպորտի, գիտատեխնիկական նորամուծությունների և էներգիայի նոր աղբյուրների մշակման ասպարեզում։ Վերլուծաբանների կարծիքով, հիմա Չինաստանն ու Եվրոպան անցնում են երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր ու առանցքային փուլ, իսկ ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանն ընդգծել է, որ ռազմավարական այս ծրագիրը, ընդգրկման առումով, աննախադեպ է։
Ի դեպ, այդ միջոցառումն առաջինն ու վերջինը չէր. տարեսկզբից տեղի են ունեցել մի ամբողջ շարք երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ։ Մեկ ամիս առաջ Բրյուսելում տեղի ունեցավ առևտրատնտեսական խնդիրների շուրջ ՉԺՀ-ԵՄ բարձր մակարդակի չորրորդ երկխոսությունը։ Իսկ նոյեմբերի վերջին սպասվում է Չինաստանի վարչապետի այցը Բուխարեստ, որտեղ նա կմասնակցի Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Տարբեր մակարդակի հանդիպումների նման խտությունը հաստատում է կողմերի վճռականությունը՝ միմյանց էլ ավելի պետքական դառնալու գալիք նոր համաշխարհային ձևաչափում։
Նկատենք՝ այսօրվա դրությամբ Եվրամիությունը Չինաստանի խոշորագույն առևտրական գործընկերն է, իսկ ՉԺՀ-ն Եվրամիության համար՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո։ 2012 թ. նրանց միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել էր 546 մլրդ դոլարի, ընդ որում, չինական արտահանությունը ներմուծումից երկու անգամ ավելի էր։ Այդ նույն ժամանակ ՉԺՀ-ի տնտեսության մեջ եվրոպական ներդրումների ծավալն աճել էր 23 %-ով և 20 %-ով գերազանցում էր երկրի ներգրաված բոլոր արտասահմանյան կապիտալները։ Իհարկե, ԵՄ երկրներում չինական ներդրումների ծավալն էլ էր, փաստորեն, կրկնապատկվել, թեև, փորձագետների կարծիքով, այն դեռ ցածր է և կազմում է եվրոպական տնտեսության մեջ բոլոր օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 2 %-ից փոքր-ինչ ավելին։ Բայց միաժամանակ աճի մեծ հնարավորություն ու միտում կա, հատկապես նկատի ունենալով ՉԺՀ-ի քաղաքականությունը՝ արտասահմանում ներդրումներ կատարելու տեղական ընկերությունների խրախուսման առումով, և այդ ուղղությամբ կատարվող շատ ակտիվ քայլերը։ Այնպես որ, համարձակորեն կարելի է կանխատեսել մոտ ժամանակներս այդ ցուցանիշի բավական արագ աճ։
Անշուշտ, այդ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են լինում։ Այսպես, այս տարվա մայիսին Չինաստանը Եվրամիությանը նախազգուշացրեց առևտրական պատերազմի հնարավորության մասին։ Այն ժամանակ ԵՄ-ն ու Չինաստանը վիճաբանում էին առևտրի ոլորտի մի քանի հարցերում։ Բրյուսելը Չինաստանին մեղադրում էր այն բանում, որ նա Եվրոպայի տնտեսությանը վնաս էր հասցնում չինական ընկերությունների կողմից գործադրվող դեմպինգի (ցածրագին վաճառք) կամ իր արդյունաբերությանը պետական մեծ աջակցության միջոցով, և մտցրել էր չինական ճենապակու և սեղանի ու խոհանոցի խեցեգործական այլ արտադրանքի մշտական պաշտպանական բարձր մաքսատուրքեր։ Այնուհետև «կռիվներ» սկսվեցին Չինաստանում արտադրվող արևային մարտկոցների վահանների շուրջ։ Եվրահանձնաժողովն այն ժամանակ համարում էր, որ դրանք եվրոպական շուկայում վաճառվում են ինքնարժեքից ցածր գնով, ինչը հնարավոր էր միայն պետության կողմից արտադրության սուբսիդավորման շնորհիվ։ Դրա հաշվին այդ արտադրանքի գները մոտավորապես 45 %-ով ցածր էին լինում եվրոպական արտադրության համեմատ։ Սակայն վեց շաբաթ տևած բանակցություններից հետո կողմերին հաջողվեց համաձայնության գալ Եվրոպայում վաճառվող չինական վահանների նվազագույն գների, ինչպես նաև դրանց ներմուծման ամենամյա ծավալների շուրջ։ Այնպես որ, «պատերազմը» հերթական անգամ հետաձգվեց։
Շատ հետաքրքրական ու հատկանշական է, որ Եվրամիության արագ և անխուսափելի փլուզման շարունակվող վայնասունի պայմաններում Չինաստանը, թեև արդեն ներդրումային առանձին արձանագրություններ ունի Եվրամիության մի շարք երկրների հետ, հիմա մտադիր է, այդ բաժան-բաժան պայմանավորվածությունները ԵՄ-ի հավանությանն արժանացած մեկ համաձայնագրի մեջ միավորելով, ամրապնդել Եվրոպայում իր հարաճուն ներդրումների պաշտպանությունը։ Նույն բանը նկատվում է նաև առևտրում. եթե երկար տարիներ Չինաստանը կենտրոնանում էր Եվրամիության առանձին երկրների, բայց ոչ երբեք ամբողջ Եվրամիության հետ ամուր առևտրային հարաբերությունների պահպանման վրա, ապա հիմա իրադրությունը փոխվում է։ Ի դեպ, փողը զանգվածաբար Արևելքից Արևմուտք սկսեց հոսել մի յոթ-ութ տարի առաջ։ Ե՛վ ԵՄ-ն ամբողջությամբ, և՛ նրա մասնակից պետությունները գոհ են Չինաստանից կատարվող ներդրումների ներհոսքից, որոնց շնորհիվ աճում է եվրոպական տնտեսության արտադրողականությունն ու արդյունավետությունը։ Նրանց համար դա հատկապես կարևոր է արտաքին ճգնաժամի և տնտեսական ոչ լավագույն հեռանկարների պայմաններում։ Իհարկե, չինացիներն այդ ամենը եվրոպացիների «սիրուն աչքերի» համար չէ, որ անում են. չէ՞ որ Եվրոպայում ճգնաժամի շարունակվելը, առավել ևս խորանալը լուրջ վտանգ է չինական արտահանության համար։ Իսկ Չինաստանում արտադրության ցանկացած նվազում հղի է սոցիալական լարվածության աճով։ ՈՒստի այն, որ չինական կողմը պատրաստ է ընդլայնելու մասնակցությունը Եվրոպայի պարտքերի խնդրի հաղթահարմանը և մտադիր է սերտ հարաբերություններ ունենալ եվրոպական կողմի ու ֆինանսական հաստատությունների հետ, փոխշահավետ երևույթ է։
Ավելին, փորձագետների կարծիքով, Եվրամիության և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը պետք է հանգեցնի քաղաքականության մեջ փոխվստահության ամրապնդմանը, և այս հանգամանքը, կարծես, իրողություն է դառնում։ Անշուշտ, պատահական չէ և լիովին համապատասխանում է «մեղմ ուժի» արտքաղաքական հայեցակարգի ոգուն այն, որ երեք նախագահների (ՉԺՀ-ի՝ Սի Ցզինպինի, Եվրախորհրդի՝ Հերման Վան Ռոմպեյի, և Եվրահանձնաժողովի՝ Ժոզե Մանուել Բառոզուի) հանդիպման ժամանակ հյուրընկալը հայտարարեց, որ Չինաստանը՝ որպես աշխարհի խոշորագույն զարգացող երկիր, և ԵՄ-ն՝ որպես «զարգացած պետությունների աշխարհի խոշորագույն ընկերակցություն», եղել և մնում են «մոլորակում խաղաղության պահպանման երկու առաջատար ուժեր»։ Սին նաև կողմերն անվանեց «երկու մեծ քաղաքակրթություններ», որոնք առաջ են մղում մարդկությանը, չին ազգի մեծ վերածնության գաղափարը համեմատեց եվրոպական ինտեգրման հետ՝ որպես Եվրոպայի ժողովուրդների երազանքի, որոնք ձգտում են երկարաժամկետ խաղաղության և մի քանի դար ենթադրող բարգավաճման։
Մինչդեռ շարունակում են հրատապ մնալ մարդու իրավունքների հարցերը, որոնք, փաստորեն, Պեկինի գագաթնաժողովին զուգընթաց քննարկվում էին Սիչուանի նահանգի Չենդու քաղաքում, որտեղ տեղի ունեցավ Չինաստանի սոցիալ-տնտեսական խորհրդի և ԵՄ սոցիալ-տնտեսական կոմիտեի կլոր սեղանի 8-րդ նիստը։ Սակայն, ինչը հատկապես պետք է ընդգծել, այդ թեման քննարկվում էր ներդրումային հարաբերությունների հարցերի հետ համատեղ, իսկ դա, համաձայնեք, շատ նրբին ու պերճախոս հանգամանք է։ Այնպես որ, այլախոհների սրտաճմլիկ պնդումներում, թե «Չինաստանում մարդու իրավունքների հարցը եվրոյով են փոխանակում», ճշմարտության մաս կա։ ՈՒ Եվրոպան, ամենայն հավանականությամբ, այսուհետ կփորձի «անհարմար թեմայով» խոսակցությունը վարել Վան Ռոմպեյի կոռեկտ, բայց շրջահոսելի խոսքի համաձայն. «Մենք բարեկրթորեն, բայց հստակորեն կընդգծենք մեր անդամների մտահոգությունը Չինաստանում մարդու իրավունքների որոշ հարցերի առնչությամբ»։
Իսկ ընդհանուր առմամբ գագաթնաժողովին Չինաստանի ու Եվրոպայի համագործակցության հեռանկարների առնչությամբ պետք է եզրահանգել, որ Պեկինն ու Բրյուսելը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ արդի աշխարհում գլխավորը իրատեսությունն է, իսկ համակրանքներն ու բարեկամական կապերը հաճախ երկրորդ պլան են մղվում։ Եվ, իհարկե, ընդհանուր շահերով և ընդհանուր անելիքներով միավորված կողմերի համար ամենևին պարտադիր չէ բոլոր հարցերում միակարծիք լինել, առավել ևս մտածել ու գործել միանման։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ