ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երեք զուգահեռներ, որ մտադիր են հատվել

Երեք զուգահեռներ,  որ մտադիր են հատվել
22.11.2013 | 00:34

Նոյեմբերի 19-ին Վիեննայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Հանդիպեցին տևական ընդմիջումից հետո, որ պայմանավորված էր Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայից Ադրբեջան վերադարձով ու ազգային հերոս հռչակվելով: Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները դեռ վերականգնված չեն: Սաֆարովը ազատության մեջ է, բայց երկու նախագահները հանդիպեցին: Ակներևաբար` բոլորովին այլ օրակարգով, քան ադրբեջանահունգարական գործարքն է: Ժամանակն արագ է փոխվում և նույնքան արագ փոխում է օրակարգերը, թեպետ, կարծես, չի փոխում ձևակերպումները: Համենայն դեպս` պաշտոնական: Մենք արդեն ընտելացել ենք թե՛ հանդիպումների մասին տեղեկատվությանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների բովանդակային նույնությանը: Ընտելացել ենք այնքան, որ դիվանագիտական նրբություններն ու տարբերությունները կարող ենք չնկատել ու չհասկանալ: Լեզուն դիվանագետին տրված է լռելու համար:

Համենայն դեպս, երեք զուգահեռներ բացահայտ են ուրվագծվում այդ լռության մեջ: Վիեննայի հանդիպումն անցավ նորմալ` ՀՀ նախագահի գնահատականով: Մինսկի խմբի համանախագահներն արձանագրեցին, որ կողմերը համաձայնել են «թափ հաղորդել բանակցային գործընթացին»: Խոստումնալից ու բովանդակալից տեղեկատվություն է, տարիների փորձը վկայում է, որ թափ միշտ է հաղորդվում բանակցային գործընթացին, այլապես գործընթացն ընդհանրապես կդադարեր: Իսկ դա հնարավոր է երկու դեպքում. առաջին` սպառվում է բանակցության օրակարգը, կնքվում է համաձայնագիր, երկրորդ` սպառվում են բանակցային հնարավորությունները, ստեղծվում է նոր իրավիճակ (գուցե` պատերազմական): Բայց տարիների փորձը երաշխիք չէ, որ այս անգամ թափ չի հաղորդվի: Թեպետ նաև ոչ մի երաշխիք, որ համաձայնություն է ձեռք բերվելու ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ, ճանաչման և այդ ճանաչման սահմանների: Այնուհանդերձ, այս հանդիպմանը նախորդող ու հաջորդող իրադարձությունները բավականաչափ հետաքրքիր պատկեր են ձևավորում: Վիեննա մեկնելուց առաջ Հայաստանի նախագահը գնաց Արցախ, Ադրբեջանի նախագահը` Անկարա, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը` Վաշինգտոն, Թուրքիայի վարչապետը պատրաստվում է մեկնել Մոսկվա, հընթացս հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Բնականաբար, բոլորն ու ամենուր ԼՂՀ հարցով չէին զբաղված, աշխարհաքաղաքական հարթության մեջ այս կոնֆլիկտը կարևոր, բայց առաջնահերթ չէ, այնուհանդերձ, հարցը բոլոր հանդիպումների օրակարգում եղել է: Բանակցային գործընթացի վերականգնումը հանդիպման մինիմում ծրագիրն էր, որ կատարվեց հաջողությամբ, ավելին, բանակցությունների հետագա ընթացքի համար անհրաժեշտ նյութեր պատրաստելու հրահանգ եղավ, նաև` առաջիկա ամիսներին հանդիպելու պայմանավորվածություն:

Արդյո՞ք միայն այդ ծրագրի համար էր հանդիպման նախորդ օրը երկու նախագահներին զանգահարում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին` «վերահաստատելու հիմնախնդրի խաղաղ լուծման գործընթացին ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը» և հիմնարար սկզբունքների հիման վրա փոխընդունելի լուծման մեխանիզմներ գտնելու անհրաժեշտությունը: Իսկ հանդիպումից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը գոհունակություն կհայտնի և կասի, որ անհամբերությամբ սպասում է մյուս քայլերին, որ լինելու են դեկտեմբերի սկզբին Կիևում` արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Ավելին, պետդեպարտամենտի խոսնակը հարկ կհամարի արձագանքել. «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին այս առաջին քայլի համար և քաջալերված ենք, որ նրանք համաձայնել են հետագա հանդիպման առաջիկա ամիսներին: Լինելով նրանց առաջին հանդիպումը մոտ երկու տարվա ընթացքում` սա երկխոսության վերսկսման ուղղությամբ կարևոր քայլ է և ցույց է տալիս առաջնորդների ընդհանուր հանձնառությունը` վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»: Արարողակարգային ընդհանրական հայտարարություննե՞ր են, թե՞ պետք է հասկանալ, որ եռանախագահների շրջանակում սկսվում է ամերիկյան փուլը` ռուսական փուլի գործնականում անփոփոխ իրավիճակ արձանագրող ավարտից հետո: Փուլ, որ պակաս կարևոր չէր իր ողջ անփոփոխությամբ հանդերձ: Այս փուլի գլխավոր հարցը` Հայաստանը տարիներ շարունակ համաձայնել է համանախագահների առաջարկներին, Ադրբեջանը` ոչ, Հայաստանը ստեղծել է կառուցողական բանակցողի իմիջ, Ադրբեջանը` ոչ: Երբ Ադրբեջանը ևս համաձայնի ներկայացվող առաջարկներին, ի՞նչ է անելու Հայաստանը: Սա բարդ հարց է, որովհետև առաջարկները եղել և մնում են մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Պատրա՞ստ ենք ազատագրված տարածքները հանձնելուն` գիտակցելով, որ այդ տարածքները պաշտպանական գոտի են: Այս անգամ ՀՀ նախագահը հարկադրվա՞ծ է լինելու կատարել այն, ինչ խոստացվել է դեռ իրենից առաջ դեռ: Իսկ ինքը չի հրաժարվել: Եթե այո` ե՞րբ: Դեկտեմբերին ինչ զարգացումներ էլ ստանան բանակցությունները, և՛ ԵԱՀԿ-ն, և՛ համանախագահները, և՛ համանախագահող երկրների նախագահները կարող են արձանագրել` 2013-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ու Ադրբեջանում վերսկսվել է հնգամյա փուլը, որից երեք տարին հաստատ կարելի է օգտագործել գործնականում, հաջորդ ընտրություններից մեկ տարի առաջ նորից կփակվի այն պատուհանը, որ մի եվրոպացի պատկերավոր անվանում էր «ոսկե հնարավորություն»:
Երկրորդ կարևոր զուգահեռը սկսեց Անկարան` ակտիվանալով թե՛ որպես թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման նախանձախնդիր, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության: Անկարային շոշափելի ձեռքբերում է պետք` 2014-ի նախագահական ընտրություններից առաջ, առավել ևս, որ սահմանադրական փոփոխություններով նախագահի իրավասությունները մեծանում են: Թուրքիան նորից Շվեյցարիային է դիմել հայ-թուրքական հարաբերություններում միջնորդական դերն աշխուժացնելու համար` քննարկման օրակարգ դարձնելով սահմանի հնարավոր բացումը: Ճիշտ է, հին նախապայմանով` «գրավյալ տարածքների» վերադարձ, մասնավորապես` յոթ շրջանից հինգի: Թուրքիան միաժամանակ և՛ Ղարաբաղի հարցում է միջնորդ դառնում, և՛ թուրք-հայկական հարաբերություններն է մեռյալ կետից շարժում: Չասենք, որ այս քայլը խիստ անհրաժեշտ է Անկարային 2015-ից առաջ: 2015-ից առաջ նման քայլերով Թուրքիան չի կարող խուսափել գլխավոր հարցից` 1915-ին կատարած ցեղասպանության և այդ ցեղասպանության 100-ամյա ժխտման պատասխանատվությունից: «Ֆուտբոլային բռնկումներից» հետո Հայաստան կարող է գալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ճիշտ է, ոչ աշխատանքային այցով` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Հարևան երկիր, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ: Իրատեսակա՞ն են Թուրքիայի հավակնությունները, նախապես ճշտված ու համաձայնեցված, թե՞ փորձնական տեղեկատվական հետախուզություն է, որի թուրքական պատճառներն ու հետևանքները տարբեր կարող են լինել մեր հայկական պատկերացումներից:
Երրորդ զուգահեռը, որ մի քիչ նման է առաջինին: Հայտնի չէ, թե ինչ կանի ՈՒկրաինան, ի վերջո, ի՞նչ կանի Մոլդովան, բայց հայտնի է, որ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները ասոցացման համաձայնագրերի ստորագրման մակարդակին չեն հասնի այլևս (Ռուսաստանի զգոն ներկայությամբ): Եվ այս կետում պարզ է դառնում, որ Արևմուտքը միայն Եվրոպան չէ, Արևմուտք հասկացության կարևոր բաղկացուցիչը ԱՄՆ-ն է: Համաշխարհային բանկը Հայաստանին առաջարկում է 872 միլիոն դոլարի ծրագիր, նպատակը` տնտեսական աճի խթանումն ու աշխատատեղերի ստեղծումը: Զարմանալի հակադրություն է, չէ՞, Հայաստանը հայաթափելու Ռուսաստանի հայտարարված ու չհայտարարված քաղաքականությանը, որ հնարավորինս քաջալերում է Հայաստանն իր իշխանության բոլոր մակարդակներում: Իսկ մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի մասնակցության հնարավորության վերաբերյալ, եթե կատարվեն նշված պահանջները: Արդյո՞ք ԱՄՆ-ը մտադիր է լրացնել այն «տարածքը», որտեղից հեռանալու է ԵՄ-ն, թեպետ փոխադարձաբար հավաստվելու է, որ Հայաստանը շարունակում է եվրաինտեգրումը, ԵՄ-ն էլ պատրաստ է հաշվի նստել Հայաստանի ընտրության հետ ու նոր հարաբերությունների ճանապարհներ որոնել: Եվ եթե մտադիր է, նույն քաղաքականությո՞ւնն է վարելու, ինչ ԵՄ-ն, թե՞ ավելի շահագրգիռ ու նպատակամետ է լինելու և ավելի գործնական` թե՛ առաջարկների, թե՛ պահանջների տեսակետից: Այդ առաջարկ-պահանջներն արտահայտելու է Բարաք Օբամա՞ն, թե՞ նա, ով Օբամայից հետո կմտնի Սպիտակ տուն` շարունակելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որ անփոփոխ է մնում թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կառավարման օրոք:
«Պատերազմ չի լինելու», հավաստում է ԱՄՆ-ը։ «Վախեցեք պատերազմից», հիշեցնում է Ռուսաստանը: Եվ որքան ԱՄՆ-ին ձեռնտու է խաղաղությունը Հայաստանում ու տարածաշրջանում, այնքան Ռուսաստանին պետք են հավիտենական տագնապներ` հիմնավորելու ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությունը Հայաստանում և Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքներից միակ պաշտպան ներկայանալու համար: «Ո՞վ է Հայաստանը պաշտպանելու Ռուսաստանից» հարցը պատասխան չունի, իսկ հարցը կարող է հրատապ դառնալ ցանկացած պահի: Դեկտեմբերի սկզբին Հայաստան գալով` ՌԴ նախագահը տարեմուտի անակնկալնե՞ր է բերելու, թե՞ Ռուսաստանին հոգնեցրել է Կովկասի համար Ձմեռ պապի լինելը: Իսկ մենք շարունակելո՞ւ ենք Ձյունանուշիկի դերը խաղալ, թե՞ երբ Ձմեռ պապ չկա, չի լինում և Ձյունանուշիկ: Նաև` տոնածառ, ուրեմն և` նվերներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ե՞րբ ենք ազատվելու մտածողության ու ընկալման կարծրատիպերից, որ խանգարում են աշխարհին վերաբերվել այնպես, ինչպես կա: Ամենամեծ սխալը` մենք մոդելավորում ենք մեր հարաբերությունները միմյանց ու աշխարհի հետ` հիմքում ունենալով պատասխան քայլի տարբերակները: Իսկ կարելի է մոդելավորել առաջին քայլն իր հետևանքներով, և թող նրանք, ում ուղղված է այդ քայլը, որոնեն պատասխանի տարբերակներ, իսկ մենք կընտրենք: Բայց առաջին քայլի համար պետք է անկախություն, նախ` մտածողության, հետո` գործունեության: Իսկ ընտրելու համար` վստահություն, որ զուգահեռները չեն հատվում:

Դիտվել է՝ 1740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ