Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ Ղարաբաղի շուրջ սողացող գործընթացները կրկին թափ են հավաքում: Առաջ ընկնելով էլ մեկընդմիշտ փաստենք` այս պահին խնդիրը տեղից շարժելն ուղղակի անհնար է:
Միակ «տեղաշարժը» կարող է համարվել Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպումը: Ընդամենը հանդիպումը: Ցույց տալու, որ գործընթացը ղեկավարվում է, ինքնահոսի չի թողնված, կանգ չկա, ինչի համար այս օրերին տարածաշրջան են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սակայն ինքնին հասկանալի է հետևյալը.
ա) Չի բացառվում, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը չկայանա, քանզի, ինչպես ասում են, Ալիևը «պոչ է խաղացնում»:
բ) Ալիևի այդ «պոչն» այս պահին շատ «դուրեկան» է Ռուսաստանին, որին ամենևին էլ ձեռնտու չէ, որ ամերիկյան համանախագահը ինքնուրույն «խաղեր տա» ղարաբաղյան «գետնին վրա», ոչ պարիտետային այցեր կատարի Ադրբեջան, հրովարտակի, որ ԱՄՆ-ն ունի խնդրի լուծման նոր տեսլական։
Այո, որքան էլ ցավալի է, կողմերի համար այս պահին կարևորվում է Ադրբեջանը, որին, մի կողմից, Ռուսաստանը փորձում է համոզել, որ մաս կազմի օրորոցում այլևս խեղված ու խեղդված Մաքսային միությանը… Այստեղ փոքր-ինչ պաուզան ձգենք, հիշեցնելու, որ այն, ինչ կատարվեց Մինսկում` Մաքսային միության «շուրջ», եթե չասենք ահավոր «խնդալու», ապա հաստատ` խի՜ստ անլուրջ էր, ուղղակի մանկապարտեզ. Նազարբաևը, ինչպես հետո պարզվեց, հանաք էր անում Թուրքիայի պահով, թե գալու է Էրդողանն ու մտնի «համաշխարհային մաքսային սովնարկոմ», հին սուլթան Էրդողանը թուրքերեն հռհռաց ու ասաց` «համա շուլուխչի ես, Նուրսուլթան»: Դե, Պուտինն էլ եթե կարծում է, որ «միջուկային» Հնդկաստանը կվերցնի ու կմտնի ՄՄ, ապա կրեմլյան փորձագետներին էլ կարող է երազախաբորեն թվալ, թե Չինաստանն ու Մոնղոլիան գիշերները չեն քնում, որ առավոտյան մտնեն ՄՄ:
Ֆիքսենք մեկընդմիշտ. Պուտինի Սովետմիության ռեինկառնացիոն իդեա-ֆիքսի միակ շոշափելի ձեռքբերումը խիստ եզակի է. դա ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հայտարարությունն է, որն էլ, ինչպես հստակորեն տեսնում ենք Ռուսաստանի անհանգստություններից, քաղաքավարության համար արված ժեստ է, և չի բացառվում, որ Հայաստանը բավականին «հետաքրքիր» թուղթ ստորագրի նույն Վիլնյուսում, որի գագաթնաժողովից Ռուսաստանը «մրսում» է մի այլ կերպ և, զոռ տված երևակայությանը, ՄՄ-ի համար թեկնածուներ է մուրում:
Նա մուրում է նաև Ադրբեջանից: Ընդ որում, պատրաստ լինելով շատ բանի, այդ թվում` ազատագրված տարածքները հարբեցող Ալիևին տալու: Նույնիսկ Ղարաբաղի ու Հայաստանի դիմաց Ռուսաստանը դա կանի` մեզ հետ զրույցում նկատեց ղարաբաղյան փորձագետներից մեկը:
Ահա, հասանք կիսատ թողնված մտքին: Համանախագահների այցը, նախագահների սպասվելիք հանդիպումը մեկընդմիշտ ֆիքսում են, որ դա անել Ռուսաստանին թույլ չեն տա մնացած խաղացողները, որքան էլ «գոսպոդին» Ռուզինսկին աշխարհին, Ադրբեջանին մեսիջ հղի, թե պատերազմի դեպքում «հո չե՜նք խառնվի, հո չե՜նք խառնվի»: Որպես ՀԱՊԿ:
Նկատենք` բոլորը միաբերան պնդում են, որ ղարաբաղյան «ֆրոնտում» այս և հետագա «պահերին» միայն Ռուսաստանին է ձեռնտու բլիցկրիգը, այլ կերպ ասած` պատերազմը: Ո՛չ Ադրբեջանին:
Իսկ հիմա հարցնենք` որպես ո՞վ են «խառնվելու» Ղարաբաղի «գործերին»: Ասել են, որպես ՀԱՊԿ: Ներեցեք` Ղարաբաղը ՀԱՊԿ անդա՞մ է: Ղարաբաղը Մաքսայինի անդա՞մ է: Հրավիրե՞լ Ղարաբաղին ՄՄ:
Չէ, ՀԱՊԿ անդամ չէ, ՄՄ չեն հրավիրել, ինքը չճանաչված միավոր է: Բա ո՞նց եք խառնվելու:
Շատ պարզ. ի տարբերություն իննսունականների, այս անգամ Ադրբեջանը` Ռուսաստանի դեմքով, հարձակվելու է ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի՞ վրա:
Հա՞, որ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ