ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Փափախի ու լայնեզր գլխարկի ճակատամարտ»

«Փափախի ու լայնեզր  գլխարկի ճակատամարտ»
28.06.2013 | 02:33

Հունիսի 14-ին ամբողջ Իրանը շունչը պահած հետևում էր նախագահի ընտրությունների ընթացքին և անհամբերությամբ արդյունքներին էր սպասում։ Իհարկե, այդ իրադարձությունն անուշադրության չէր մատնվել նաև ամբողջ աշխարհում։ Չէ՞ որ այդ երկրի հանդեպ ուշադրությունը վերջին տարիներին առանձնապես է մեծացել։ Եվ ոչ միայն մի լավ ձանձրացրած, սակայն որպես քաղաքական գործիք դեռևս օրախնդիր միջուկային ծրագրի պատճառով, այլև հատկապես Մերձավոր Արևելքի նոր վերաձևման, ինչպես նաև ծայրաստիճան վտանգավոր ու մի գլուխ բորբոքվող սուննի-շիական դիմակայության պայմաններում։

Քվեների վերջնական հաշվարկի 52,3 տոկոս արդյունքով և կողմնակիցների պատկառելի 18,6 միլիոն թվով հաղթանակ տարավ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին։ Ընդ որում, ինչպես ընդգծում են դիտորդները, նրա ընտրությունն ասես վրիժառություն լիներ ծայրահեղ պահպանողականներից, որոնց հաջողվեց իրենց կողմը գրավել փոքրաթիվ ընտրողների` 6,07 մլն քվե Հալիբաֆի օգտին, 3,17 մլն` Ջալալիի։ Բայց չէ՞ որ նրանք մինչև վերջին պահը համարվում էին առաջատարներ և բարձրագույն հոգևորականության հովանավորյալներ։ Նորընտիր նախագահ Ռուհանիի երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 3-ին և 5-ին։ Բանն այն է, որ արարողությունը տեղի է ունենում երկու փուլով և անցկացվում է տարբեր օրերի։ Առաջին փուլում գործող նախագահն իշխանությունը փոխանցում է նորընտիր նախագահին. դա, այսպես կոչված, պաշտոնակալության արարողությունն է։ Երկրորդում Իրանի նախագահի երդման արարողությունն է։ ՈՒ թեև մինչև նրա պաշտոնակալությունը դեռ շատ ժամանակ կա, Թեհրանի և մյուս քաղաքների փողոցներում ալիքվող ցնծությունը վկայում է, որ նրա հետ մեծ հույսեր են կապում։ Պերճախոս են համացանցի օգտատերերի մեկնաբանությունները. «ՈՒռա, Իրանում ազատության շունչ է զգացվում», «Վերջապես անարժան մարդիկ ձեռքները հեռու կքաշեն ժողովրդից», «Մղձավանջն ավարտվեց», «Իրանում ազատություն, ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն կլինի։ Շնորհակալ ենք, Տեր Աստված, այս հաղթանակի համար մենք արյուն ենք թափել, տառապանք ենք քաշել»։ Մարդիկ ընդգծում են, որ մասնակցել են ընտրություններին և իրենց քվեն տվել են Ռուհանիին միայն այն բանից հետո, երբ «բարեփոխումների պարագլուխները» կոչով դիմել են ժողովրդին։
Իհարկե, Իրանի, նախ և առաջ, Թեհրանի երիտասարդության համար, որն իր վրա զգում է իսլամական կոդեքսի ճնշումը և չի կարող մոռանալ, թե ինչ դաժանությամբ խեղդվեց 2009 թ. շարժումը, Ռուհանիի հաղթանակը թարմ օդի մի կենարար ումպ է։ Խիստ հատկանշական է, որ, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ընտրություններից անմիջապես հետո նորընտիր նախագահի կողմնակիցները «Սա ազատության գարուն է, Նեդա, մենք քեզ հետ ենք» կարգախոսով հարգանքի տուրք են մատուցել Նեդա Աղա-Սոլթանին (2009 թ. այդ մատղաշ աղջնակի զոհվելու տեսակադրերն ու ոգեշունչ խոսքը հասան աշխարհի բոլոր ծագերն ու դարձան «կանաչ շարժման» խորհրդանիշ)։ Սակայն բոլորը ոչ միայն քաղաքացիական ազատությունների ընդլայնման հույսեր են փայփայում, այլև նոր նախագահից մեծ բարեփոխումներ են սպասում տնտեսական ոլորտում։ Ծանրագույն պատժամիջոցների պայմաններում շատերն առաջին հերթին անհանգստանում են այն բանի համար, թե ինչպես առաջիկա ամիսներին և անգամ օրերին ծայրը ծայրին հասցնեն։ Գնողունակությունը երկրում կտրուկ ընկել է ինֆլյացիայի խորտակիչ հարվածներից, որը կազմում է ռեկորդային` 30-50 տոկոս։ Ավելին, պարենամթերքի գները, օրինակ` հավեղենինը, գրեթե եռապատկվել են։ Դառը հեգնանքով իրանական ոստիկանության ղեկավարությունը դիմել է ազգային հեռուստաընկերություններին, խնդրելով այնպիսի ֆիլմեր չցուցադրել, որտեղ հավ են ուտում։ Իսկ հիմա, ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո, հույսի առաջին նշանը դարձավ ռիալի փոխարժեքի 9 % աճը դոլարի նկատմամբ։
Եվ այսպես, ո՞վ է նախագահ Ռուհանին, որ հույս է ներշնչում իրանցիներին։ Վաթսունչորսամյա Հասան Ռուհանին աստվածաբան է, «Իսլամական իրավունքի» դոկտոր, ազգությամբ պարսիկ։ Ավարտել է մեդրեսեն (մահմեդական միջնակարգ կրոնական դպրոց), այնուհետև Թեհրանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1972 թ. և 1995 թ. դասեր է առել Գլազգոյի Քալեդոնյան համալսարանի (Մեծ Բրիտանիա) իրավաբանական ֆակուլտետում, 1999 թ. ստացել իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Երիտասարդ տարիներին Ռուհանին շիական հոգևորականության ակտիվ կողմնակից էր, հանդես էր գալիս ընդդեմ շահի, ինչի համար էլ բազմիցս ձերբակալվել է։ Կյանքին վտանգ զգալով, նա ժամանակավորապես հեռացավ Իրանից և արտասահմանում քարոզչական աշխատանք էր տանում իրանցի ուսանողների շրջանում։ Փարիզում նա միացել էր Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիին` իսլամական հեղափոխության ապագա առաջնորդին։ Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, 1977 թ. հենց նա առաջինն այաթոլլահ Խոմեյնիին «իմամ» անվանեց։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Ռուհանին վերադարձավ հայրենիք։ Նա իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ առաջատար պաշտոններ է զբաղեցրել Իրանի զինված ուժերի հրամկազմում, եղել է խորհրդարանի պատգամավոր և փոխխոսնակ, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ, Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ «վեցյակի» հետ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավարն էր, այնուհետև գլխավորել է Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, եղել բարձրագույն փորձագիտական և պետական կառույցների անդամ։
Հատկանշական է, որ նա նախագահի թեկնածու է առաջադրվել «Մարտնչող հոգևորականության ընկերություն» քաղաքական կրոնական կազմակերպության կողմից, որն ստեղծվել է 1979 թ. հեղափոխության նախօրեին և Իսլամական Հանրապետության ստեղծումից հետո երկու տասնամյակ կառավարման սանձն իր ձեռքում էր պահում։ Այդուամենայնիվ, չնայած կրոնական վառ երանգին, Իրանի քաղաքական աստիճանակարգում Ռուհանին պատկանում է «բարեփոխիչների» ճամբարին։ Մինչդեռ նա ոչ միայն մրցապայքարի առաջատար չէր համարվում, այլև առհասարակ թվում էր, թե ընդունակ չէ հաղթահարելու անգամ առաջին փուլը։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Խիստ հատկանշական է, որ, փորձագետների կարծիքով, բեկումնային եղավ «լռության օրվա» նախօրեին ընդդիմության առաջնորդ և երկրի քաղաքական հանրության նահապետ Ռաֆսանջանիի դիմումը ընտրողներին, որով նա կոչ էր անում քվեները տալ նրան։ Նշվում է, որ այդ ժամանակ «ակնթարթորեն» իրավիճակը փոխվեց. մասնակցությունը, որ կանխատեսվում էր 40-50 տոկոսի սահմաններում, կազմեց մոտ 80 տոկոս, և հենց այդ լրացուցիչ ռեսուրսը վճռեց քվեարկության ելքը։ Մնացած բոլոր թեկնածուները հավաքեցին ուղիղ այնքան, որքան կանխատեսվում էր, իսկ Ռուհանին վերցրեց մնացած բոլորը, և դա բավարարեց առաջին իսկ փուլում հաղթելու համար։ Բայց սենսացիան դրանով չավարտվեց։ Անգամ եթե ռահբար Խամենեին ցնցված էր «իր» թեկնածուի պարտությունից, այդուամենայնիվ, առանձնակի դժգոհություն չցուցաբերեց, արագորեն հրապարակեց արդյունքները և ճանաչեց դրանք։ Ճիշտ է, դրանից առաջ ամբողջ Իրանում անցկացվել էր հատուկ ծառայություններին հայտնի դիվերսիոն բջիջների կայծակնային «մաքրում», իսկ սահմաններն առնվել էին համատարած հսկողության տակ։ Եվ այդ կերպ ի չիք էր դարձվել ցանկացած անակնկալի հնարավորություն, որ կարող էր բխել ցանկացած դժգոհ մարդուց։ Ի՞նչ էր դա` համատեղ քաղտեխնոլոգիական գործողությո՞ւն, թե՞ ժողովրդի իրական կամարտահայտություն, իհարկե, անհնար է ասել։ «Բարեփոխիչների» հաղթանակը գուցե և նախատեսված էր երկրում բողոքի թեժությունը մեղմելու համար, ինչից դժվար կլիներ խուսափել պահպանողականների հաղթանակի դեպքում։ Բացի այդ, հնարավոր է նաև դա փորձ էր «թուլացնելու» դիմակայությունը Արևմուտքի հետ և երկրի համար այնքան անհրաժեշտ խուսանավման ժամանակ ստանալու։ Գուշակություններով կարելի է զբաղվել երկար, իսկ դա այն էր, ինչը միշտ բնորոշ է եղել հազարամյա պետականություն ու ռազմավարություն ունեցող այս երկրին. պատմության առավել բարդ պահերին, մի կողմ թողնելով տարաձայնությունները, համատեղ պաշտպանել պետության անկախությունն ու ինքնիշխանությունը։
Ինչևէ, թե՛ ընտրությունների արդյունքները, թե՛ իրապես կենտրոնամետ ու պրագմատիկ նախագահի իշխանության գալը, հատկապես աշխարհում էլ, երկրում էլ բոլորին տեղը տեղին ձանձրացրած նախկին վարչակազմի ծայրահեղական քաղաքականությունից հետո, բոլորին և լիովին ձեռնտու են։ Արևմուտքի քաղգործիչներն արդեն ողջունում են Հասան Ռուհանիի նախագահ ընտրվելը և շտապում են հույս հայտնել, որ դա տեղից կշարժի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների հարցը։ Լրատվամիջոցները հիշեցնում են, որ հենց նա էր, որ 2003 թ. կարողացավ համաձայնության գալ Արևմուտքի հետ և ապահովեց ուրանի հարստացման հարցում պայմանավորվածության ձեռքբերումը։ Մեկնաբանելով նրա հաղթանակը, ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Քարնին հայտարարել է. «ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ շփումներ ունենալու իրանական կառավարության հետ և այնպիսի դիվանագիտական լուծման հասնելու, որը լիովին կփարատի Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ միջազգային հանրության ունեցած անհանգստությունը»։ Հիշեցնենք` նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ Ռուհանին ևս հանդես եկավ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների օգտին և մտադիր է հասնելու Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացմանը։
Նկատենք` սովորաբար ընտրարշավների ժամանակ արտքաղաքական հարցերն անցնում են երկրորդ պլան, բայց ոչ այս անգամ` Իրանում։ Այստեղ հասկանում են, որ Թեհրանը չի կարողանա առանց արտքաղաքական կուրսի փոփոխման վերացնել տնտեսական դժվարություններն ու բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Հայտարարությունների համաձայն, Ռուհանիի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը կդառնա Արևմուտքի հետ առկա բարդ հարաբերությունների բարելավումն ու աշխարհի երկրների հետ առնչությունների ընդլայնումը։ Նա համոզված է, որ արդի աշխարհում անհնար է պարիսպ քաշել Իրանի շուրջ։ «Իրանի ժողովուրդը չի ընկրկի աշխարհի գերտերությունների առջև և առճակատման խնդիր չունի նրանց հետ, նա կշարունակի արդյունավետ կապերի ուղիներ որոնել»,- հայտարարել է Ռուհանին։ Նա կոչ է արել ամբողջ աշխարհում «կառուցողական գործակցություն» հաստատել, հենց այս կերպ է նա մտադիր լուծելու Իրանում առկա խնդիրներն ու զարգացում ապահովելու։ Ընդ որում, Արևմուտքի փորձագետները կարծում են, որ թեև երկրի արտաքին քաղաքականությունը հոգևոր առաջնորդն է որոշում, այդուամենայնիվ, նոր նախագահը հավատացնում է, որ այդ հարցում էլ ինքը, ի տարբերություն Ահմադինեժադի, կարող է լեզու գտնել բոլորի հետ` թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Ընդ որում, ոչ թե բախումների կգնա բարձրագույն ղեկավար Խամենեիի հետ, այլ ավելի զուսպ, ավելի նուրբ, բայց ավելի արդյունավետ քաղաքականություն կվարի։ Մինչդեռ իսրայելցի վերլուծաբաններն ասում են, թե Իրանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն իսկական շոկ եղան այաթոլլահների վարչակարգի համար, և Ռուհանիի ընտրությունը համարում են իրադարձությունների դրական զարգացում։ Սակայն նրանք կարծում են, որ դա, ամենայն հավանականությամբ, Իրանի արտաքին քաղաքականության արմատական փոփոխության չի հանգեցնի, համենայն դեպս, Իսրայելի առնչությամբ։
Իսկ ինչպիսի՞ն է Ռուսաստանի՛ արձագանքը։ Պաշտոնական շրջանակների շնորհավորանքների ֆոնին փորձագիտական գնահատականները, դեռ մինչև վերջնական տվյալների հրապարակումը, եթե խուճապային չէին, ապա խիստ մտահոգ էին. «Զարմանալիորեն, Ռուհանիի ոչ մի ծրագրային ելույթում, ոչ մի հարցազրույցում բառ անգամ չի արտասանվել Ռուսաստանի մասին», «Ռուսաստանի ղեկավարությունը պետք է Իրանի նախագահի հետ հարաբերություններ հաստատի զրոյից», «Իրանի մերձավորագույն հարևանի` Ռուսաստանի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, իհարկե, Արևմուտքին առիթ է տալիս Ռուհանիին լիովին համարելու «իր մարդը»։ Եվ ինչպես միշտ, անմիջապես էլ իրենց հատուկ ցինիկ պրագմատիզմով բացահայտ նշում են. «Ռուսաստանը կարող է շատ բան կորցնել, եթե Ռուհանիին հաջողվի համաձայնության գալ Արևմուտքի հետ։ Չէ՞ որ այդ դեպքում բացառված չէ, որ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները հանվեն, և այդ ժամանակ իրանական նավթը նորից կհոսի Արևմուտք։ Իսկ դա անխուսափելիորեն կիջեցնի ներկա համաշխարհային գները, որոնք առայժմ նպաստավոր են Ռուսաստանի համար»։ Շատ հետաքրքիր է, բայց ռուս փորձագետները նաև գրում են, որ Ռուհանիի արտքաղաքական ծրագրում պակաս նշանակություն չունի վերաբերմունքն Ադրբեջանի և նրա ղեկավարության քաղաքականության նկատմամբ։ Ռուհանիի բնորոշմամբ` Ադրբեջանը լուրջ մրցակից և երդվյալ թշնամի է Իրանի համար. «ԽՍՀՄ փլուզումից հետո Կասպից ծովի տարածաշրջանում ստեղծվեցին նոր պետություններ, այդ թվում` Ադրբեջանը։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ ներկայումս Ադրբեջանը սպառնալիք է դարձել Իրանի անվտանգության համար։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրվող որոշ քայլեր վտանգում են Իրանի տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, պատասխանատու պաշտոնյաները չպետք է անուշադրության մատնեն սպառնալիքները, և պարտավոր են ակտիվություն հանդես բերել դրանց հակահարված տալու հարցում, որ հետագայում ստիպված չլինենք զղջալու անգործության ու անտարբերության համար»։
Եվ վերջում ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր հանգամանքի։ 2005 թ. Իրանի նախագահական ընտրություններն անվանում էին «փափախի ու լայնեզր գլխարկի ճակատամարտ», նկատի ունենալով պայքարը նախկին նախագահ այաթոլլահ Ռաֆսանջանիի և այն ժամանակ, փաստորեն, անհայտ, Թեհրանի քաղաքագլուխ Ահմադինեժադի միջև, որը հոգևորականության մաս չէր կազմում։ Ելնելով բնորոշումից, կարելի է հեշտորեն հետևցնել, թե ում էին այն ժամանակ Արևմուտքում տալիս նախապատվությունը։ Եվ այն, որ առաջին անգամ ընտրություններում հաղթեց ոչ հոգևորականության ներկայացուցիչը, ընդունվեց որպես կղերական համակարգից ժողովրդի հրաժարում և գալիք փոփոխությունների նախանշան։ Այն ժամանակ, մեծ հաշվով, ոչ ոք չգիտեր, թե ինչ սպասելիքներ ուներ նոր նախագահից։ Այնպես, ինչպես, պետության նոր ղեկավարի «հուսադրող» կեցվածքով հանդերձ, չգիտի հիմա։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ