ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դիվանագիտության ջենթլմենները. Անգլիա

Դիվանագիտության ջենթլմենները. Անգլիա
10.06.2013 | 14:41

Երկու կարծիք լինել չի կարող, որ միջպետական հարաբերություններում առաջնությունը պատկանում է դիվանագիտությանը, մնացյալն ածանցյալ է, այդ թվում՝ միջազգային առևտուրը: Սակայն ժամանակին եղել է հակառակը. նախ պետություններն սկսել են առևտուր անել և հետո միայն զարգացրել քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կարգի համագործակցությունը:

Մեծ Բրիտանիան առաջինն էր, որ իր բազմաթիվ գաղութների հետ առևտրական կապերը դրեց դիվանագիտական շրջանակների մեջ և 1303 թվականին ընդունեց Առևտրական խարտիա, որն էլ համարվում է այդ երկրի դիվանագիտական գործունեության սկիզբը:
Միջազգային առևտրական կապերն իրենց ողջ կարևորությամբ հանդերձ ներկայացնում էին Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության բազմաթիվ ուղղություններից մեկը: Գաղութային համակարգի բոլոր ոլորտներին տիրապետելու դեպքում միայն անգլիական դիվանագիտությունը կարող էր կառավարել երկրագնդի կեսից ավելին, որի վրա արևը երբեք մայր չէր մտնում:
Հավանաբար կայսրության ահռելի մասշտաբներն են անգլիացիների մեջ արմատավորել այն կարծիքը, թե իրենք երկրագնդի պորտն են, ազգերի գոյակցության կենտրոնը: Մի՞թե զրոյական միջօրեականը հենց այնպես է անցնում Գրինվիչի վրայով:
Միջօրեկանը` միջօրեականով, սակայն Ազգերի համագործակցության հսկայական մեքենան աշխատեցնելու համար հարկ էր ունենալ արտաքին գերատեսչության համապատասխան կառույց: Այն կոչելով Ֆորին օֆիս (Foreign office)՝ անգլիացիները մեկընդմիշտ որդեգրեցին արտաքին քաղաքականության գերագույն առաքելությունը, այն է` երկրի և հպատակների շահերի ու հետաքրքրությունների ապահովումը աշխարհի որ կետում էլ լինի: Ի դեպ, իր հպատակների նկատմամբ վերաբերմունքն Անգլիան փոխ է առել Հռոմեական կայսրությունից: (ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսությունները կարող էին ընդօրինակել անգլիացիների այս գործելակերպը):

Ինչպես դիվանագիտական հին պատմության շրջանում, այնպես էլ ներկայումս անգլիական դիվանագիտության նպատակն ուղղված է այն բանին, որպեսզի թույլ չտա որևէ պետության՝ Եվրոպայում գրավել տիրապետող դիրքեր, ինչը գրեթե անհնար է դառնում Գերմանիայի վերամիավորման և բոլոր վեկտորներով նրա անկասելի վերելքից հետո:
Ի պատիվ իրենց՝ անգլիացիները կարողացան ստեղծել պատմության մեջ լավագույն դիվանագիտական ծառայություններից մեկը, որ դասական օրինակ դարձավ շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար: Ջորջթաունի համալսարանի ապագա դիվանագետները մինչև հիմա օգտվում են անգլիական դիվանագետների և գիտնականների գրականությունից:
Անգլիացի դիվանագետները համարվում են արտակարգ տեղեկացված, զարգացած, միջազգային իրադրությանը, իրենց հետաքրքրող երկրների ներքին ու արտաքին քաղաքականությանը տիրապետող մարդիկ:
Աշխարհով մեկ ցրված Ազգերի համագործակցության 50-ից ավելի պետություններ նրանց սիրահոժար ընձեռում էին այդ հնարավորությունը: Դրան ավելացրեք այն, որ քաղաքական և ռազմական հետախուզությունները մշտապես եղել են անգլիական դիվանագիտության կողքին՝ որպես անփոխարինելի օգնականներ: Թերևս աշխարհի ոչ մի երկրում այդ երկու ծառայություններն այդպես սերտորեն և համերաշխորեն չեն գործակցում, ինչպես Անգլիայում է:

Բրիտանական դիվանագիտական ծառայությունն ունի մի առանձնահատկություն, որին կնախանձեն շատ երկրների համապատասխան գերատեսչությունները:
Ինչպես 100 տարի առաջ, այժմ էլ Ֆորին օֆիսն առանցքային դեր է խաղում կառավարության արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունների որոշման մեջ`պահելով իր հարաբերական անկախությունն ու ինքնուրույնությունը: Ճիշտ է, Եվրամիություն մտնելուց հետո պառլամենտի ազդեցությունը Ֆորին օֆիսի վրա որոշ չափով ուժեղացել է, սակայն դիվանագիտական ծառայությունն ավելի կապված է թագավորության, քան գործադիր օրգանների հետ:
Այս հարցում որոշիչ է անգլիական դիվանագիտական ծառայության պահպանողական լինելու հանգամանքը: Ֆորին օֆիսն ունի խիստ հիերարխիական կառուցվածք և կազմված է միայն ու միայն պրոֆեսիոնալներից: Անգլիական դիվանագիտության համար պրոֆեսիոնալիզմը և դիլետանտիզմն անհամատեղելի կատեգորիաներ են: (Այս ոսկե օրենքը, դժբախտաբար, չի գործում հայկական նորաստեղծ դիվանագիտության ոլորտում):
Անգլիական դիվանագիտական ծառայությանը հատուկ է գաղտնապահությունը և գերգաղտնապահությունը, ինչը խաչաձևում է դեմոկրատիայի և թափանցիկության բոլոր կանոնների հետ` առաջացնելով երկրի հասարակական և քաղաքական որոշ շրջանների դժգոհությունը:
Երկրի դիվանագիտական կորպուսն ի վիճակի է իր գործառույթն անթերի կատարել, երբ այն համալրված է ուժեղ կադրերով: Սա այբբենական ճշմարտություն է: Կադրերն են որոշում ամեն ինչ: Իսկ ասել` անգլիացի դիվանագետներն լավագույներից են, նշանակում է ոչինչ չասել:
Նրանք, ամենից առաջ, բարձրակարգ մասնագետներ են, որոնք տիրապետում են սերունդների ջանքերով և տաղանդով կատարելության աստիճան հղկված դիվանագիտական արվեստի նրբություններին:
Եթե դիվանագիտական գրականության մեջ գոյություն ունենար կադրերին բնորոշող դրական հատկանիշների ցուցակ, ապա անգլիացի դիվանագետներից շատերին, հավանաբար, կարելի կլիներ մտցնել այդ ցուցակի մեջ:


Թվարկենք անգլիացի դիվանագետների որոշ բարոյակամային հատկանիշները. զսպվածություն, սառնասրտություն, ինքնատիրապետում, հավասարակշռվածություն, նրբազգացություն, հումորի զգացում (ֆրանսիացիները համաձայն չեն սրա հետ):
Իսկ անգլիացիների բանակցային դիվանագիտությունն ունի իր հատուկ ‹‹ձեռագիրը››: Նրանք գնում են բանակցության դիմացինի պրոֆեսիոնալ և անձնական հատկություններն ուսումնասիրելուց և բանակցային թեմային ամբողջովին տիրապետելուց հետո միայն: Անգլիացիներն, ի տարբերություն ամերիկացիների, ձեռնպահ են մնում գլոբալ պլաններ կազմելուց և նախընտրում են գործ ունենալ այսօրվա կամ վաղվա կոնկրետ խնդիրների հետ: Անգլիացիները չեն սիրում կտրուկ շրջադարձեր, սակայն անհրաժեշտության դեպքում ճկուն մոտեցում են ցուցաբերում միջազգային իրադրության փոփոխության նկատմամբ: Նրանք խուսափում են նույնատիպ միջպետական հարաբերություններ կառուցելուց և ‹‹բոլոր ձևերը նույն զամբյուղում›› տեղավորելուց: Շնորհիվ իրենց մտածելակերպի առանձնահատկության, անգլիացիները կարողանում են հարցերը միաժամանակ տեսնել և ընկալել ամբողջության մեջ: Վերջապես անգլիացիները փայլուն բանակցողներ են: Եվ մենք նրանցից սովորելու շատ բան ունենք:

Անգլիացիները լավ են տիրապետում լսելու, լռելու, պաուզա պահելու արվեստին և բանակցային դիվանագիտության շատ ուրիշ գաղտնիքներին, հատկապես՝ ‹‹այո››-ի և ‹‹ոչ››-ի արտաբերման տեղին ու ժամանակին: Հավանաբար անգլիացիների համար է ասված. ‹‹Երբ դիվանագետն ասում է ‹‹այո››, կնշանակի` ‹‹հնարավոր է››, եթե ասում է ‹‹հնարավոր է›› կնշանակի ‹‹ոչ››, իսկ եթե ասում է ‹‹ոչ››, ուրեմն նա դիվանագետ չէ:
Անգլիացիների ընդդիմախոսները կարծում են, որ նրանք վերին աստիճանի չոր, երեսպաշտ, սառը և գոռոզ մարդիկ են: Մինչդեռ անգլիացու, մասնավորապես անգլիացի դիվանագետի հոգեբանությունը և վարվելակերպը հասկանալու համար պետք է հաշվի առնել, որ նրա ծագումնաբանական կոդում մեծ տեղ ունի ջենտլմենի սինդրոմը: Ջենտլմենը ձևավորվում է երեք սերունդների կյանքի ընթացքում: Նրա հավատամքն անձնական կյանքն է (privacy): Նրա համար տնավարությունը խորթ է և անընդունելի, քանի որ ծնում է արհամարանք: (Familiarity breeds contempt). Ջենտլմենն արժանապատվության և զսպվածության կերպար է: Զգացմունքների ցուցադրումն ամոթալի և հակացուցված է նրա համար: Շնորհիվ այդ հատկանիշների՝ նա կախման մեջ չէ որևէ մեկից: Ջենտլմենն արի մարդ է, որը կարող է վտանգի ենթարկել կյանքը, բայց արժանապատվությունը` երբեք:
Այս բոլորով հանդերձ՝ ես հեռու եմ անգլիացիներին աստվածացնելուց: Անսխալականը միայն Բարձրյալն է:
Հենց նույն բանակցային գործընթացներում նրանք կարող են ‹‹մոռանալ›› գաղտնապահության իրեց սկզբունքները և անցնել ‹‹մեգաֆոնային›› դիվանագիտության, այսինքն՝ հրապարակել այն, ինչի շուրջ լռելու համաձայնություն է ձեռք բերված: 1989 թվականին Մարգրետ Թետչերը Մոսկվա այցելելուց հետո Լոնդոնում արեց հայտարարություններ, որոնք խախտում էին դիվանագիտական էթիկան:
Լոնդոնը դիվանագիտական ‹‹երկակի հաշվապահություն›› է ցուցադրում, երբ սպառնում է հաշվի չառնել անձեռնմխելիության սկզբունքն Էկվադորի դեսպանատանն ապաստանած Վիկիլիքսի կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ ու ձերբակալել նրան, իսկ մյուս կողմից՝ քաղաքական նկատառումներով ապաստան է տալիս իր երկրում տարբեր ահաբեկիչների և հանցագործների` ապահովելով նրանց անվտագությունն ու անձեռնմխելիություն:
Սա, իհարկե, չի արժեզրկում անգլիական դարավոր դիվանագիտական դպրոցը և չի նսեմացնում նրա նշանակությունն այլ դիվանագիտական ծառայությունների, այդ թվում՝ մեզ համար:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ