ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մռայլվո՞ւմ է ռուսաստանյան երկյակի ապագան

Մռայլվո՞ւմ է ռուսաստանյան երկյակի ապագան
29.04.2013 | 17:46

Վերջերս Ռուսաստանի լրատվամիջոցներում հաճախակի են դարձել հարձակումները վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վրա: Նույնիսկ կանխատեսումներ են արվում, թե երկրի կառավարող վերնախավում քաղաքական-տնտեսական չհուսադրող իրավիճակի հետ կապված սրվում է երկու քաղաքական ուժերի` Պուտինի և Մեդվեդևի կողմնակիցների հակամարտությունը: Այս խոսակցությունները հատկապես ուժեղացան օրերս Պետդումայում կառավարության տարեկան հաշվետվությամբ Մեդվեդևի ունեցած ելույթից հետո: Առավել ևս, երբ նախօրյակին տեղի ունեցած մի խորհրդակցությունում Պուտինը խոր դժգոհություն հայտնեց որոշ նախարարների ու նահանգապետների աշխատանքից: Կառավարության հաշվետվության նկատմամբ իրենց ելույթներում անողոք էին խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նույնիսկ հնչեց կառավարությանն անվստահություն հայտնելու սպառնալիք, եթե չնկատվեն դրական տեղաշարժեր էկոնոմիկայի զարգացման ասպարեզում: Մամուլում անգամ կարծիքներ հնչեցին, թե տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում Մեդվեդևը կարող է «քավության նոխազ» դառնալ Պուտինի համար:

Հաշվետվությունն իրոք նվազ էր հիշեցնում տնտեսական անկումային իրավիճակի համակարգային վերլուծություն: Այդպես էլ չհստակվեց, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում բեկելու վայրընթաց միտումները, փորձելով դրանք դարձնել արդյունավետ: ՈՒստի և օրինաչափ է դառնում, որ երկրում քաղաքացիական անբավականությունը առաջին հերթին խմորվում է հենց վարչապետի հանդեպ: Սա հետաքրքրական երևույթ է:
Անտարակույս, Մեդվեդևի հետնախագահական վարչապետական միամյա պաշտոնավարումը նրան հեղինակության իմաստով շահաբաժիններ չի բերում: Բանը հասել է նրան, որ, ըստ «Լևադա-ցենտրի» վերջերս անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների, Դմիտրի Մեդվեդևը ժողովրդականություն վայելող քաղաքագետների ցուցակում իր «ավանդական» երկրորդ տեղը զիջել էր ենթակային` պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին` 18 % և 17 %: Սա, իհարկե, մեծ մինուս է կառավարության ղեկավարի համար, եթե չասենք` բարոյական ապտակ:
Մեդվեդևի հանդեպ ուշադրության անկման մասին է վկայում նաև Ռուսաստանի հեռուստատեսության հաղորդումների տոնայնությունը: Երկրի առաջատար հեռուստաալիքները շատ սառն են մեկնաբանում Մեդվեդևի գործունեությունը: Բերենք միայն մեկ համեմատություն. եթե 2010 թվականի մարտին Մեդվեդևի գործունեությանը նվիրվել է 879 հեռուստահաղորդում, որից 16-ը` դրական, ապա այս տարվա մարտին նման հաղորդումների թիվը կազմել է սոսկ 150, որոնց մեջ ընդգծված դրական բնույթ չի կրել և ոչ մեկը:
Մեդվեդևին առավելագույնս հեղինակազրկող բնորոշումը, թե պիտակը այն է, որ նա երկրի գլխավոր լիբերալն է (որոշ անշնորհք լրագրողներ հաճախ են կրտում այդ բառը, այն դարձնելով… լիբերաստ: Հազար ներողություն): Իսկ այ, ռուսների կարծիքով, լիբերալ գաղափարախոսությունը խորթ է իրենց ազգային իրականությանը և լայն առումով քայքայիչ ու այլասերող ազդեցություն է ունենում նրա վրա: Եվ առհասարակ լիբերալ-դեմոկրատիան ոչ թե ժողովրդի իշխանություն է, այլ փողի իշխանություն: Մինչդեռ Ռուսաստանում պետական իշխանությունը կայուն ու ամուր կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրա գործունեության հիմքում դրվեն ռուսական գաղափարը, ռուս ժողովրդի արմատական շահերը: Այսինքն, եթե լավ լինի պետկազմավորիչ ազգի ինքնազգացողությունը, ինչը բացառվում է լիբերալ գաղափարախոսության պայմաններում, ապա ռուս ժողովուրդը կայսրապետական առողջ նկրտումներով իր շուրջը կհամախմբի բոլոր մյուս ազգերին ու կապահովի երկրի ներդաշնակ ու վերընթաց զարգացումը:
Եվ ովքե՞ր են ռուսներին խանգարում այդ ճանապարհին: ՈՒ այստեղ արժե մի կողմ դնել փորձագիտական ակադեմիական ձևակերպումները և «Իրատես de facto»-ի ընթերցողներին ներկայացնել ռուս նացիոնալիստական շրջանակներում տիրող էկզոտիկ, այլ բառ չես օգտագործի, մի մտայնություն: Եվ այսպես` ովքե՞ր: Դե, հայտնի բան է, իհարկե հրեաները, որոնք գերիշխանություն են հաստատել երկրի ներքաղաքական կյանքի կարևորագույն ոլորտներում և առավելագույնս խոչընդոտում են ռուս ազգային ինքնագիտակցության վերելքին: Եվ հենց նման տրամադրվածության ընդերքից էլ նորեն հառնում է Դմիտրի Մեդվեդևի «չարագուշակ» կերպարը:
Մեդվեդևի հրեական ծագման վերաբերյալ ռուս նացիոնալիստների վարկածները ավելի շուտ հավանական բնույթ են կրում: Հաճախ է հիշատակվում, նաև այս անգամ, իսրայելական «Հաարեց» թերթի մի նկատառում` առնչված Ռուսաստանի 2008 թվականի նախագահական ընտրություններին. «Իսրայելական հասարակությունն անհանգստացած է այն լուրերի կապակցությամբ, որ Մեդվեդևը հրեա է: Այո, Մեդվեդևը իդեալական է հրեաների համար: Այո, մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ հրեաներին վերադարձնենք եբրայական կրոնին: Սակայն կոնկրետ տվյալ պարագայում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հաջորդ նախագահին, հրեական համայնքի համար ավելի լավ կլինի, որ նա նրան բացահայտ հրեա չհամարի և դրանով իսկ չդառնա քննադատության առարկա»:
Գենետիկան` գենետիկա, սակայն ռուս նացիոնալիստների համար նույնքան կարևոր է, թե տվյալ անձն ինչպես է ընկալում ռուսական աշխարհը, ինչպես է տրամադրված նրա նկատմամբ: Եվ այստեղ չափազանց «շռայլ» են ազգայնականները, որ ինչ մեղքերի մեջ ասես չեն մեղադրում Մեդվեդևին` Ռուսաստանի գլխավոր ռուսատյաց, Արևմուտքի, Ամերիկայի կամակատար, հակապուտինական միտինգային թափթփուկների, ռուս եկեղեցին պղծողների պաշտպան, թելավիվյան սինեդրիոնի` ծերակույտի գլխավոր քաղաքական հենարան և այլն, և այլն:
Ահա և, ընդդիմադիրների համոզմամբ, ողջ հակառուսական, հակաուղղափառական, հակապետական ուժերը համախմբվում են վարչապետ Մեդվեդևի շուրջը: Լիբերալ «հանդուրժողականության» նրա քարոզչությունն ուղղված է ռուս ազգային-հայրենասիրական շարժումների դեմ: Նրա ագրեսիվ հակաստալինիզմի նպատակն է արգելք դառնալ ռուսական կայսրության վերականգնմանը: Հենց Մեդվեդևն է ռուս հայրենասերներին անվանում «ծայրահեղականներ»: Նրա թողտվությամբ Հոլոքոստը մտցվեց պետական պարտադիր դպրոցական ծրագրի մեջ: Չափազանցություններ են: Ով գիտե:
Ինչպես տեսնում եք, միայն Հայաստանում չեն դժգոհ ղեկավարներից, միայն Հայաստանում չի ստեղծվել «գաղջ» մթնոլորտ: ՈՒրիշ հարց է, որ այստեղ իրական են համարվում փոփոխությունների ակնկալիքները` բայց կապված միայն նախագահ Պուտինի գործունեության հետ: Համենայն դեպս, անհիմն չեն թվում կառավարության հրաժարականի, խորհրդարանի արձակման վերաբերյալ խոսակցությունները: Հատկապես հակակոռուպցիոն պայքարի հզոր ալիքի հենքի վրա:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ