ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այբ-ից բեն դարերով չանցած մեր ճանապարհի հերթական զիգզագը

Այբ-ից բեն դարերով չանցած մեր  ճանապարհի հերթական զիգզագը
07.09.2012 | 13:14

Օգոստոսը անցավ, ինչպես անցնում է ամառն ընդհանրապես` տաք ու արագ: Եվ այնուհանդերձ, անգամ օգոստոսյան անձրևները չմաքրեցին հետքերը օգոստոսի: Երբ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ թուրք սպան գիշերը սպանում էր քնած հայ սպային և հերոսանում Բաքվում, արդեն այն ժամանակ ակնհայտ էր. այն օրը, երբ Ռամիլ Սաֆարովը ոտք դնի հայրենիք, հավասարվելու է իր ցեղի բոլոր մարդասպան հերոսներին ու, բնականաբար ազատ է արձակվելու` ինչ պատիժ էլ սահմանված լինի: Ակնհայտ էր բոլորին, ովքեր գիտեն` ինչ է նշանակել և ինչ է նշանակում թուրք: Նաև նրանց, ովքեր չգիտեն, որովհետև երբ մի ժողովուրդ հերոսացնում է մարդասպանին, ուրեմն խրվել-մնացել է ազգային ինքնագիտակցության այն աստիճանին, որը մյուս ժողովուրդները մոռացել են, թե երբ են հաղթահարել: Իսկ երբ իշխանությունն է պետական քաղաքականության աստիճանի բարձրացնում մարդասպանությունը, ապարդյուն են այսօր Եվրոպան, ԱՄՆ-ը, որևէ երկիր ու պետական գործիչ զարմանում, որ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի, ԵԽ-ի ու չգիտեմ էլ որ կառույցի չգիտեմ որ կոնվենցիան: Զարմանալ պետք էր, եթե չխախտեր:
Եվ ընդհանրապես` քաղաքական կատեգորիա չէ զարմանքը:
Ոչ էլ անհանգստությունը, մտահոգությունը, տագնապը, նույնիսկ բացատրություն պահանջելը:
2004 թվականից առայսօր մարդասպանին հայրենիք վերադարձնելու առաջին փորձը չէր, որ Բաքուն ձեռնարկում էր, նախկինում էլ եղել են փորձեր, բայց Բուդապեշտը մերժել է: Ի՞նչ եղավ, որ հիմա համաձայնեց:
Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, «ցմահ»-ը նրա դեպքում տևեց 8 տարի: Եվ այս փաստը ակնհայտ է դարձնում, թե արդարադատության պատկերացումները ինչքան տարբեր են Հունգարիայում ու Ադրբեջանում: Բայց այս փաստը պետք է ակնհայտ դարձնի ոչ միայն այդ տարբերությունը, այլև այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի եղել ու չի կարող լինել պետություն, որի որևէ մակարդակով հնչեցրած խոսքը կարող է հավատ ներշնչել: Որի քաղաքական, իրավական, բարոյական նորմերը ադեկվատ են միջազգայնորեն ընդունված նորմերին: Որի նկատառումներն ու նպատակները կարող են համարժեք լինել միջազգային նորմերի ակնկալիքներին: Սա այբուբեն է, որը առայսօր որևէ երկիր չի յուրացրել Ա-ից այն կողմ:
Ամռան վերջին տեղի ունեցած իրադարձությանն ամբողջ շաբաթ անդրադարձել են հայկական ու արտասահմանյան պարբերականները, բայց այլալեզու որևէ անդրադարձ չի վկայել, որ այդ այբուբենը գիտակցվում է: Որևէ անդրադարձ չի վկայել, որ այդ այբուբենը գիտակցում են քաղաքական գործիչները պետականից մինչև անձնական տեսակետներ բարձրաձայնելիս:
Այս օրերին տարատեսակ մեղադրանքներ են հնչել ու հնչում հայ դիվանագիտության հասցեին: Հիմնականը` ինչո՞ւ չկանխվեց Սաֆարովի էքստրադիցիան, թեև տեղեկություններ կային: Ավելին` հայ դիվանագիտության պարտություն է որակվում իրավիճակը: Եթե հայ դիվանագիտությունը պարտվել է, պարտվել է ոչ այս կոնկրետ իրավիճակում, պարտվել է վաղուց և պարտվելու է միշտ, որովհետև հայ դիվանագիտությունը, ինչպես անկախ Հայաստանի քաղաքականությունը պետության կենսապահովման բոլոր ոլորտներում, եղել ու մնում է պատասխանի քաղաքականություն:

Մենք սպասում ենք որևէ իրադարձության, միջադեպի, իրավիճակի, որպեսզի հետո հնարավորն ու անհնարը իրար խառնած` փորձենք վերադառնալ ելման դրություն: Մենք երբեք ու ոչ մի իրավիճակում չենք խիզախում առաջին քայլն անել, մեր խիզախությունը հերիքում է ընդամենը պատասխանի, որը, բնականաբար, չի կարող համարժեք արդյունք ունենալ ու հաջողություն բերել: Իսկ ընդհանրապես միշտ չէ, որ դիվանագիտությունը կարող է ամեն ինչ անել, ամենաարդյունավետ դիվանագիտությունն այն ժամանակ է, երբ բանակցության սեղանին թղթապանակի տակից ատրճանակ է երևում:
Չգիտես ինչու` հայ հանրությանը հուզող համարյա կենտրոնական հարցը դարձել էր Ռուսաստանի Դաշնության լռությունը: Ակնկալվում էր, որ Մոսկվան հաջորդ օրը պատերազմ է հայտարարելու Բուդապեշտի՞ն, թե՞ նվազագույնը կասեցնելու է դիվանագիտական հարաբերությունները հանուն ռազմավարական դաշնակցի: Հեքիաթ: Ռուսները միշտ էլ ուշանում են: Նրանք Սումգայիթում էլ ուշացան: Ճիշտ է` մի քանի ժամ, բայց բավարար ժամանակ, որ ադրբեջանցիները հասցնեն 20-րդ դարավերջին ապացուցել, որ 20-րդ դարասկզբից իրենց կյանքում ոչինչ չի փոխվել: Ռուսները 1918 թվականին էլ ուշացան, երբ հեղափոխական թուրք ասկյարի առաջ Վանի դռներն էին բացում: Կարսը, Արդահանը, Սարիղամիշն էին շտապում թուրքերին հանձնել: ՈՒ հետո էլի կամ շտապում էին, կամ ուշանում: Որովհետև ունեն ու լուծում են իրենց խնդիրները: Եվ դա ճիշտ է, բայց այդ ճշմարտության այբուբենը մի քանի հարյուր տարում Հայաստանում Այբ-ից այն կողմ չեն հասկանում:
Եվրոպա՞ն` իր միջազգային կառույցներով: Եվրոպան իր միջազգային կառույցներով առաջնորդվում է ճիշտ նույն սկզբունքներով, ինչ դիվանագետները բանակցությունների սեղանի շուրջ: Բայց Հին աշխարհը քաղաքակրթվել է այնքան, որ սովորել է գեղեցիկ ու գրավիչ փաթեթավորել իր քաղաքականությունը: Ցուցափեղկերի մակարդակով Եվրոպան սքանչելի է ու ճշմարիտ, օրինակելի ու օրինապահ: Ցուցափեղկերի մակարդակում Եվրոպան իրավացի ու անկեղծ զարմանում է` ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը այդպես խախտել համաձայնություններն ու կոնվենցիաները: Իսկ ցուցափեղկերից ներս` իրական Եվրոպան հիանալի հաշվել գիտի: Ոչ միայն իր շահի շահավետության աստիճանը, այլև դոլար-եվրոները: Եվ այս երկփեղկ Եվրոպան սովորել է նաև շատ արագ ու շատ ճիշտ բացուփակել իր փեղկերը` ըստ պատեհության: Հունգարիան հենց դա ապացուցեց:
Հայաստանը միանգամայն իրավացի կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Կասեցրեց: ՈՒ սկսվեց ամենա... ծիծաղելին: Եթե այս իրավիճակում ծիծաղն ընդհանրապես տեղին է: Արդեն Հունգարիայի համարժեք կառույցների հետ իրենց հարաբերությունները դադարեցնելու մասին հայտարարել են գիտնականները, հոգևորականները, ոստիկանները, սարսափ` Ազգային ժողովը: Հավանաբար, հույժ հայրենասիրական գործընթացին կմիանան բուհերը, դպրոցները, թատրոնները, մանկապարտեզները, համայնքատիրությունները, շուկաները, խանութները... ՈՒ այդ ամբողջ ընթացքում կայրեն Հունգարիայի դրոշը: Եվ որտեղի՞ց այդքան հունգարական դրոշ Հայաստանում: Աբսուրդ: Կտավն ի՞նչ մեղք ունի: Խորհրդանշական, թե մեղադրական այդ քայլով ոչինչ ոչ մեկին այլևս չես ասի, բացի այն, որ ընդունում ես, որ ուրիշ ոչնչի ընդունակ չես: Համենայն դեպս` ութ տարի ընդունակ չես եղել:
ՈՒ մեկ էլ` պահանջը, որ իբրև փոխհատուցում Հունգարիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ինչ արդարամիտ ենք հայերս, ինչ ազնիվ ու ինչ հետևողական մեր արդարամտության ու ազնվության մեջ: Մենք պահանջեցինք, ու «մեղավոր» Հունգարիան հաջորդ օրը ճանաչեց: Պե՞տք է մտնել լաբիրինթոս` մոլորվելու համար, թե՞ գոնե մեկ անգամ կարելի է ճանապարհ գնալ ու չմոլորվել:
Աբսուրդ է գուցե, բայց իրականում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Իլհամ Ալիևի որոշումը ոչ մի կապ չունի Ռամիլ Սաֆարովի ճակատագրի հետ: Իլհամ Ալիևը պարզապես դուրս է գալիս բանակցություններից, բայց դրդում է հայերիս բանակցություններից դուրս գալու որոշում ընդունել: Համարյա անխուսափելի: Համարյա կանխորոշված: Իլհամ Ալիևը հաշվարկել է շագանակները ուրիշի ձեռքով կրակից հանելու գործողությունների հաջորդականությունը: Որովհետև իրականում տևական ժամանակ բանակցությունները պարզապես չեն բանակցվում: ՈՒ ստատուս քվոն նրա համար սայլի հինգերորդ անիվ է դարձել: Բայց նա չի կարող պատերազմի իր սպառնալիքը իրագործել: Ոչ մի պարագայում: Բացի մեկից: Երբ Հայաստանը դուրս գա բանակցություններից: Երբ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: (Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները այս օրերին ակտիվորեն մեղադրում են Հայաստանին, որ ամբողջ աշխարհից ու անգամ Ռուսաստանից ակնկալում է մի քայլ, որ ինքը չի անում): Ի՞նչ Ռամիլ Սաֆարով. Ալիևը իր խնդրի լուծման համար պատրաստ է ավելին անելու և կանի, երբ կարողանա: Բայց` Հայաստանի հաշվին: Որովհետև, իր շահերից ելնելով, միջազգային հանրությունը իր երկու ցուցափեղկերով էլ այս տարածաշրջանում պատերազմ չի ուզում: Թերևս միայն Ռուսաստանը խաղաղության պարտադրման հերթական գործընթացը նախաձեռնելու ցանկություն ունենա, որովհետև քաղաքական, տնտեսական, ռազմական տեսակետից շատ գայթակղիչ է միայն ու միայն ռուս խաղաղարարներ ունենալ հենց այդ տարածքում: Եթե... ԱՄՆ-ը, Եվրոպան, Իրանը, Թուրքիան թույլ տան: Եվ հանգամանքները բարենպաստ լինեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Գուրգեն Մարգարյան, լույս իջնի հոգուդ, եթե կարող ես, ներիր մեզ բոլորիս քո չապրած օրերի համար ու քո ճակատագրի այնքան դաժանության, որ մահիցդ ութ տարի անց էլ աշխարհը խոսում է քո մասին ու քո մասին չի մտածում: Քեզ էլ բարի աշուն:

Դիտվել է՝ 6308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ