ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արիադնայի կծիկը պահեք աջ գրպանում

Արիադնայի կծիկը  պահեք աջ գրպանում
13.07.2012 | 03:43

Չոր, պաշտոնական փաստեր, հայտարարություններ, հռչակագրեր, քաղաքների ու պետությունների ընդարձակվող աշխարհագրություն, հանդիպումների ու բանակցությունների ժամանակագրություն, լավագույն մտադրությունների արձանագրում` մի կողմից, և մյուս կողմից` իրական կյանք. ո՞րն է այս երկու հարթությունների ընդհանուրը, ո՞րը` անհամատեղելին: Իրականություն, որ կա իբրև պետություն և իրականություն, որ կա բանակցությունների տեսքով, որոնց հասարակությունը նույնիսկ չի իրազեկվում: Խաղի կանոններն են այդպիսին:

Մենք արդեն ընտելացել ենք, որ ինչ-որ տեղ վիրտուալ, հայրենաստեղծ, թե հայրենակործան մի տարածքում ապրում ու գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի համանախագահությամբ, որի պարբերաբար փոփոխվող համանախագահները հանձն են առել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը գտնելը: Մենք արդեն ընտելացել ենք, որ համանախագահները տարեկան մի քանի անգամ գալիս-գնում են տարածաշրջան, հանդիպում են նախագահներին ու արտգործնախարարներին, միջազգային քաղաքականության փոքր ու մեծ տրամաչափի սամմիթներում ընդունվում են հայտարարություններ, պարբերաբար ստորագրվում են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ամրագրում են հարցը լուծելու պատրաստակամությունը կամ մի քիչ ավելին: Մենք արդեն ընտելացել ենք, որ այս ամենը կրկնվում ու կրկնվում է, փոփոխությունը միայն հաճախականությանն է վերաբերում և հայտարարություններում պարբերությունների դասավորությանը: Մենք ընտելացել ենք նույնիսկ այն իրավիճակին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի, եռանախագահների, միջազգային այլ կառույցների հայտարարություններում, որպես կանոն, հավասարեցվում են կողմերի մտադրությունների ու գործողությունների գնահատականները: Մենք նույնիսկ ընտելացել ենք, որ Լեռնային Ղարաբաղը որպես բանակցող կողմ չի մասնակցում իր գոյությանը վերաբերող բանակցություններին: Մենք ընտելացել ենք ազատագրված տարածքների հանձնման պարբերաբար բարձրաձայնվող, հաստատվող ու հերքվող անհրաժեշտությանը: Մենք ընտելացել ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակին: Մենք ընտելացել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածության պատճառով Հայաստանը շրջանցվում է տարածաշրջանի նավթատարների-գազատարների-հաղորդուղիների ճանապարհից` հայտնի հետևանքներով: Մենք ընտելացել ենք, որ ստատուս քվոն հերքվում ու մերժվում, բայց միշտ վերադառնում է որպես գոյության ձև: Մենք շատ չե՞նք ընտելացել:
Սովորաբար ընտրություններից առաջ ու տրամաբանորեն ընտրություններից հետո այդ կարգի խնդիրներին առնչվող գործընթացներում դադար է վերցվում: Բայց ոչ այս տարի. 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում շարունակում էին միջազգային ատյաններում բանաձևեր ընդունվել, ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ տարածաշրջան են եկել համանախագահները: Տարածաշրջան և Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները պարտադրաբար բարձրաձայնում են հարցի լուծման անհրաժեշտությունը, նվազագույնը անընդունելի են համարում ստատուս քվոն, առավելագույնը նոր առաջարկներից են խոսում:

Արդեն որերորդ տարին Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական բյուջեն և օրը մի քանի անգամ հաստատում, որ պատրաստ է ռազմական լուծման: Սահմանային միջադեպերը շարունակվում են, հրադադարը խախտվում է պարբերաբար, դիպուկահարներն առաջին գծից հետ չեն քաշվում` նույնիսկ հոգևոր առաջնորդների հորդորներից հետո: Մեծ աշխարհի տարբեր մասերում ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա նոր պետություններ են ձևավորվում և մեծ աշխարհը ճանաչում է նրանց: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկրորդ տասնամյակն է բոլորել չճանաչվածի կարգավիճակով:
Փաստերի համադրումն ու հիշեցումը մի նպատակ ունեն. եթե իսկապես հարցի լուծումն արագացել է, եթե իսկապես ստատուս քվոն սպառել է գոյության ժամանակը, եթե իսկապես հասել է կորուստների ու ձեռքբերումների հաշվեկշռի պահը, պատրա՞ստ ենք որոշում ընդունելու: 1988 թվականի աշխարհը վաղուց չկա, մեր համազգային զարթոնքի ու խրոխտացման պահանջն էլ չկա, աշխարհում հիմա շատ ավելի բացահայտ ու մերկ հաշվարկների ու շահերի թելադրանքն է իշխում: Կայսրությունների կործանման ռոմանտիզմին վաղուց անտի փոխարինել է պետությունների կենսապահովման ու կենսական շահերի սպասարկման ռեալիզմը: 2012-ի ու հետագա ժամանակների աշխարհը սենտիմենտալ նոստալգիայի և ազգային-ազատագրական հովերի ժամանակ չունի: Նախ` ֆինանսատնտեսական, հետո աշխարհաքաղաքական, ու նորից` կենսապահովման իր ծրագրերում գերտերությունների համար այլ պետությունների սահմաններն ու շահերը կարևորվում են այնքանով, որքանով... Մենք մեր զիջման սահմանը գծե՞լ ենք փոխզիջման շրջագծում, թե՞ հույսներս վերստին ադրբեջանցիների անզիջում կեցվածքն է: Մենք ընտելացել ենք որոշակի անորոշության մեր կարգավիճակին, բայց դա՞ է հարցի լուծման հնարավորությունը: Իշխանությունն է, իհարկե, առաջադրված ու չառաջադրված բոլոր հարցերի պատասխանատուն, բայց այս դեպքում իշխանության որևէ վճռի հետևանքներն ու արդյունքները ընդհանրական օգտագործման են լինելու: Որևէ իշխանություն չի կարող միայնակ համաժողովրդական բովանդակության խնդիր լուծել: Այս մասին մտածո՞ւմ ենք, այս մասին մտածելու անհրաժեշտությունը պարբերաբար չե՞նք հետաձգում, հարցի լուծման ընթացքը չե՞նք դարձնում հարցի լուծման ձև` գիտակցելով, որ այդ ընթացքում կորուստները կարող են ավելին լինել արդյունքից: Համենայն դեպս, մեր սերնդի կյանքում: Այս հարցով չե՞նք արդարացնում չլուծված մյուս հարցերը: Արտագաղթի, տնտեսական վիճակի, սոցիալական դրության ու ժողովրդավարության: Շարքը երկար է, չշարունակեմ: Ինչքա՞ն կարող ենք հետաձգել ճշմարտության պահը ինքներս մեզ համար և աշխարհի առաջ: Ճշմարտության, որը հիվանդանում է, բայց, ինչպես պարզվեց, չի մեռնում: Թեպետ այդ ժամանակ նրա անունն արդարություն էր:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍԿԻԶԲ Է
Ի սկզբանե որոշել էի գրել Աբովյան-Երևան երթուղու ավտոբուսների վարորդների գործադուլի մասին, վերնագիրն էլ էի որոշել. «Ե՞րբ է բարեգործությունը վերածվում չարագործության»: Որոշել էի գտնել «բարեգործություն» բառի բացատրությունը տանը եղած (իսկ մեր տանը գրքերն ամեն ինչից շատ են) բառարաններում ու համեմատել բարեգործություն հասկացության ընկալումները: Որքանո՞վ է բարեգործություն մարդկանց հացից կտրելը: Եվ, ընդհանրապես, բարեգործության օգուտնե՞րն են շատ, թե՞ վնասները բարերարվածի համար: Նյութական ու բարոյական դաշտում: Բարերարի համար: Արդյո՞ք բարեգործության այլ ոլորտներ չկան: «Քինգ դե Լյուքս»-ի՞ դեմ է բարերարությունը, ովքե՞ր են այդ ցուցակում, թե՞ պատմությունն ավարտվելու է Արթուր Հարությունյանով: Անձնական հաշիվները որքա՞ն են դեռ հասարակության հաշվին լուծվելու` իբրև արդարության վերականգնում, բարերարություն, նվիրատվություն ու Աստված գիտի` էլ ինչ ներկայացվելու: Պայմանական չէ՞ «բարեգործություն» հասկացությունը նույնիսկ մինչընտրական ժամանակներում, պարտավորեցնող չէ՞ բարերարվածի համար, չի՞ սահմանակցում սովորական կաշառքին ու սովորական շանտաժին: Գործադուլը հարցի լուծման միջո՞ց է, թե՞ դա էլ «բարեգործության» շարքից է:
Ի՞նչ կապ ունի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այս կոնֆլիկտի հետ: Բացի նրանից, որ ԲՀԿ անդամ է: Իբրև ԱԺ հանձնաժողովի նախագա՞հ, թե՞ իբրև ԲՀԿ անդամ է հայտարարություն անում: Եթե իբրև ԲՀԿ անդամ, ԲՀԿ-ն ունի մամլո քարտուղար (համենայն դեպս, Տիգրան ՈՒրիխանյանին դեռ Խաչիկ Գալստյանի նվիրական ոտնահետքերն ուսումնասիրելու չեն ուղարկել), ով կարող էր ավելի հիմնավոր և ի պաշտոնե արդարացված հայտարարություն անել: Եթե իբրև ԱԺ հանձնաժողովի նախագահ, ում խնդիրը մարդու իրավունքները պաշտպանելն է, պաշտոնական դիրքի չարաշահումն ակնհայտ է, և ոչ միայն պաշտոնական դիրքի չարաշահումը, այլև փաստերի աղավաղումն ու որակումներ տալը, որոնց իրավունքը բոլորովին այլ ատյաններ ունեն: Էլինար Վարդանյանը փաստերի՞ հիման վրա է «կիսակրիմինալ գործարարներ» անվանում ԲՀԿ-ի հետ խնդիրներ ունեցողներին, թե՞ ԲՀԿ-ապաշտության, կամ ԲՀԿ-ապաշտպանության մղումից: Էլինար Վարդանյանն աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է բացել ԱԺ-ում, որ նրան են զանգահարում տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներն ու պատրաստակամություն հայտնում «ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել» 40 վարորդների: Եթե «խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել», տնտեսագիտական ի՞նչ հաշվարկներով են որոշվում լավ ու վատ գործարարները, ի՞նչ սկզբունքներով են սահմանվում անվճար երթուղիները: Եթե Գագիկ Ծառուկյանն ապրեր Ապարանում, Երևան եկող-գնացող ապարանցինե՞րն էին ձրի երթևեկելու, թե՞ այլ չափանիշներ էլ կան, Էլինար Վարդանյանն ա՞յդ երթուղում էր «կիսակրիմինալ գործարարներ» գտնելու: Ո՞Ւմ շահերն է իրականում կոչված պաշտպանելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը և ի՞նչ հիմունքներով: Գուցե ԱԺ հինընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը մինչև աշնանային նստաշրջանի սկիզբը ԱԺ հանձնաժողովների նորընտիր նախագահների համար ուսումնական դասընթացներ կազմակերպի` իբրև ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող: Համենայն դեպս: Մանավանդ ըստ հայտարարության` Գագիկ Ծառուկյանի բարեգործությանն ուղղվող գումարներն առաջիկայում կրկնապատկվելու են: Իսկ առաջիկայում նաև նախագահական ընտրություններն են... Եվ որովհետև առջևում նախագահական ընտրություններ են, քաղաքական բարեգործության սահմաններն էլ որոշակի չեն, որովհետև շատ ավելի վտանգավոր են Հայաստանին դրսից թելադրվող որոշումները, որոնք ներկայացվում են իբրև քաղաքական կուսակցությունների տեսակետներ ու քաղաքական գործիչների բարերարություն, մենք պետք է մտածենք մեր սահմանների մասին, ու այդ սահմանագծում` Լեռնային Ղարաբաղի: Որոշել էի գրել հրատապի մասին, բայց չկարողացա, որովհետև մեկ զինվորի կյանքն ավելին է, քան գործադուլները, հացադուլները, նստացույցերը, բարեգործությունները միասին, ու ամենահրատապը միշտ մարդու կյանքի պաշտպանությունը պիտի լինի: Ընթացիկ շահերի ու անանց արժեքների լաբիրինթոսում կողմնորոշվելու Արիադնայի կծիկը պահեք աջ գրպանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ