ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Աստված տա` սփյուռքի երիտասարդությունը շարունակի այս գործը»

«Աստված տա` սփյուռքի երիտասարդությունը շարունակի այս գործը»
26.05.2017 | 11:19

Աբու Դաբիի Ազգային վարչությունը, տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն, մեծ շուքով է տոնում Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին Հանրապետության օրը: Այս տարվա նախատոնական միջոցառմանը հրավիրված էին Արաբո և Աղասի Իսպիրյանները: Նրանք ելույթ ունեցան Արթուր Պետրոսյանի և նվագախմբի նվագակցությամբ: Արաբո Իսպիրյանը երկրորդ անգամ էր ելույթ ունենում Աբու Դաբիում, իսկ Աղասի Իսպիրյանի առաջին ելույթն էր: Նախորդ ելույթը հիշելով` կարող եմ վստահեցնել, որ հանդիսատեսը Արաբոյին սիրել է: Մինչ տոնական երեկոյի սկսվելը, զրուցեցի երգիչների հետ: Առաջին հարցս ուղղված էր Արաբոյին` ինչպիսի՞ն է Աբու Դաբիի հանդիսատեսը։ «Շատ ջերմ ընդունող, լավ տրամադրությամբ, ամենակարևորը` հայրենասեր, մեր ազգային երգերը քաջալերող համայնք է: Ապրելով Աբու Դաբիում` պահպանում են հայրենասիրությունը, ազգային երգերը և հայ ոգին»,- եղավ պատասխանը։ Աղասին էլ հույս հայտնեց, որ իրենց ելույթն իսկապես հայրենասիրական ոգին կբազմապատկի համայնքում: Հանդիսատեսների մեջ մեծ թվով երիտասարդներ կային: Չենք կարող միանշանակ ասել, որ համայնքի բոլոր երիտասարդներն են ապրում և շնչում միայն այդ երգերով: Նրանք չեն կարող անհաղորդ մնալ երաժշտական այլ ոճերին, չտարվել այլ մեղեդիներով: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրելու և ունկնդրելու իրեն հոգեհարազատ երաժշտություն: Այլ ընտրության դեպքում քարկոծելու փոխարեն ավելի լավ է նման երեկոներ շատ կազմակերպել, ազգային երգ ու երաժշտություն ունկնդրելու ավելի լայն հնարավորություն ընձեռել: Այս առիթով Արաբոն նշեց. «Միշտ, երբ մենք հյուրընկալվել ենք, նոր սերունդը եղել է: Ես դեռ այնպիսի երիտասարդ չեմ տեսել, որ ազգային և հայրենասիրական երգերի կողքով անտարբեր անցնի»: Իսկ Աղասին լրացրեց. «Ճիշտ է ասում Արաբոն, այլ երգերից ժամանակի ընթացքում երիտասարդները հետ են գալիս մեր ազգայինին: Ես կմաղթեմ մեր երիտասարդությանը, որ ինչ էլ լսեն, վերջում անցնեն ազգային երգին»:


Մինչ զրույցի շարունակությանն անցնելը հիշեցնեմ, թե ինչպիսի միջավայրում են ձևավորվել երգիչները: Ազգագրական երգերը նրանց ծանոթ են վաղ մանկությունից՝ Ներսիկ Իսպիրյանի և պապի՝ Աղասի Իսպիրյանի շնորհիվ: Մանկության ցանած սերմերը ծիլ են տվել և ուղղորդել նրանց երգարվեստում: Չնայած երիտասարդ տարիքին` Արաբոն և Աղասին հագեցած ուղի են անցել: Արաբոն հանդես է եկել տեսահոլովակներով, համերգներով՝ ելույթ ունենալով թե՛ միայնակ, թե՛ հայրիկի՝ Ներսիկ Իսպիրյանի, թե՛ հորեղբորորդու՝ Աղասի Իսպիրյանի հետ: Ի դեպ, հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Արաբոյի՝ Հայաստանում առաջին մենահամերգը, որին երգիչը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում: Ինչ վերաբերում է Աղասի Իսպիրյանին, պատանեկության տարիներին նա հանդես է եկել Սահակ Գալոյանի ղեկավարած «Անդրանիկ Զորավար» ազգագրական խմբում, որ ստեղծվել էր ազգային զարթոնքի տարիներին: Աղասի Իսպիրյանի կենսագրության վառ էջերից է երգիչներ Գոհար Հովհաննիսյանի և Ռուբեն Սասունցու հետ համագործակցությունը: Նրանց համատեղ գործունեության արդյունքում կայացել է «Սասնա էրգիր» խորագրով համերգը Լոս Անջելեսում: Աղասին նաև իրականացրել է իր ամենամեծ երազանքը՝ տեսահոլովակ է նկարահանել Արևմտյան Հայաստանում:


Աբու Դաբիում ելույթից առաջ մեր կարճատև զրույցի ընթացքում անդրադարձանք նաև այն մարդկանց, ովքեր որոշակի դեր են խաղացել նրանց ստեղծագործական կյանքում: Երբ խոսվում էր «Զորավար Անդրանիկ» խմբի և ղեկավար Սահակ Գալոյանի մասին, Աղասին ասաց. «Ես ուզում եմ ողորմի տանք նրան: Նա շատ մեծ գործ արեց: Ազգային ազատագրական երգով բեմ բարձրացած առաջին մանուկը «Անդրանիկ Զորավար» խմբից էր: Արաբոն էլ հետո միացավ մեզ: Սահակը շատ մեծ գործ արեց, նրա թողած ծիլերի աճը մենք այսօր տեսնում ենք»: Այս խմբում իրենց առաջին քայլերը կատարած երեխաներից ոմանք այսօր սիրված երգիչներ են դարձել, սակայն ցավով պետք է նշել, որ Սահակ Գալոյանի մահից հետո խումբը չի կարողացել շարունակել գործունեությունը: Մի առիթով այդ մասին պատմել է նրա դուստրը՝ երգչուհի Գաբի Գալոյանը:
Մեր զրույցի ընթացքում չէինք կարող չհիշել Ներսիկ Իսպիրյանին, որն իրենց ուղղորդել է, աջակցել: Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Ներսիկ Իսպիրյանն էլ է այցելել Աբու Դաբի և լավ ընդունելության արժանացել:


Արաբոն, որը մեծ հարգանքով էր խոսում ոչ միայն հայրիկի, այլև հորեղբորորդու մասին, նշեց, որ մեծ է եղել իր ստեղծագործական կյանքում Աղասու դերը: Նրանք չմոռացան նաև իրենց պապին՝ Աղասի Իսպիրյանին, ումից բազմաթիվ երգեր են սովորել. նախկին հարցազրույցներից մեկում Աղասին ընդգծել էր, որ իր կատարած երգերի 90 %-ը պապն է գրել:
Սիրված երգիչների հետ մեր զրույցն ավարտեցինք հանդիսատեսին ուղղված մաղթանքով: Աղասին ասաց. «Աստված տա` Սփյուռքի երիտասարդությունը շարունակի այս գործը, քանի որ հայապահպանման խնդիր է սա: Թող ազգագրական երգեր կատարողներին ավելի հաճախ հրավիրեն, այսօր մենք ենք, վաղն ուրիշները թող լինեն: Ամենակարևորը` ազգային-գաղափարական երեկոները չպակասեն սփյուռքում»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 15722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ