ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Պետք է հավատաս քո թիմի կարողություններին»

«Պետք է հավատաս քո թիմի կարողություններին»
03.03.2017 | 11:58

Աբու Դաբիի համայնքային առօրյայում առանձնահատուկ դեր է խաղում Տիկնանց հանձնախումբը: Այն վերակազմավորվող կառույց է, որը համալրվում է նոր անդամներով, համայնքի կանանց հնարավորություն է տրվում փորձելու իրենց կարողությունները հանրային աշխատանքում՝ ի նպաստ համայնքի զարգացման: Այս պահին Աբու Դաբիի Տիկնանց հանձնախումբը ղեկավարում է ԿԱՐՄԵՆ ԲԱԼՅԱՆԸ:

Նա ամուսնու հետ 1992-ին է տեղափոխվել այստեղ: Իր խոսքով՝ շուտով պետք է վերջնականապես մեկնեն ԱՄԷ-ից. «Հեռանում ենք շատ լավ հիշողություններով, իմ երեխաների դաստիարակությունը, համայնքում մեր պարտավորությունները՝ որպես ամուսնու և կնոջ, և հիանալի ընկերությունը, որ ձեռք ենք բերել այստեղ, ողջ կյանքում կուղեկցեն մեզ»: Անդրադառնալով Աբու Դաբիում ապրած տարիներին՝ նա ընդգծեց, որ այստեղ փոխվում է մտածողությունդ, սովորում ես հարգանքով վերաբերվել այլ կրոններին, հարգել մարդկանց՝ անկախ քաղաքական դիրքորոշումից. «Ամենից առաջ պետք է իմանալ Աբու Դաբիում հայ ընտանիքի մասնիկ լինելու իսկական իմաստը: Շատերս գալիս ենք այստեղ մեր ամուսինների հետ և ձևավորում մեր սեփական ընտանիքը՝ թողնելով մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին: Մենք սովորում ենք միմյանց համար լինել քույր, եղբայր, հայր, մայր և անվերապահորեն աջակցել միմյանց»:


Ինչ վերաբերում է ընտանիքի և հատկապես կողակցի աջակցությանը, տիկին Բալյանը գոհունակությամբ նշեց. «Օրհնված եմ, որ ունեմ աջակից ամուսին, որդի և դուստր, որոնք միշտ հավատում են ինձ և իմ կարողություններին»: Նա հավելեց, որ ցանկացած հանձնառություն կինը պետք է համաձայնեցնի ամուսնու հետ, քանի որ փոխադարձ համաձայնության դեպքում ընտանիքում թյուրիմացություններ չեն լինի:
Այս ուժն ունենալով իր թիկունքում՝ նա երկու տարի առաջ համաձայնել է ընդունել Ազգային վարչության՝ Տիկնանց հանձնախումբը ղեկավարելու առաջարկը: Մեր զրույցի ընթացքում տիկին Բալյանը կարևորեց Տիկնանց հանձնախմբում աշխատելու համար մի քանի հատկություն, այդ թվում՝ լայնախոհությունը և մեծ թվով կանանց հետ աշխատելու պատրաստակամությունը. «Պետք է համբերատար լինես և միշտ հավատաս քո թիմի կարողություններին»:

Նա նշեց, որ այս աշխատանքն իր համար ինչ-որ իմաստով մարտահրավեր էր, քանի որ ութ տարեկանից թողել է հայկական դպրոցը և կրթությունը շարունակել անգլիական դպրոցում: Սակայն պետք է նկատել, որ տիկին Բալյանը շատ լավ է հայերեն հաղորդակցվում: Գաղտնիք չէ, որ աշխատանքում բոլոր խնդիրները հաղթահարելի են, եթե կա աշխատանքային բարենպաստ միջավայր. «Բախտավոր եմ, որ աշխատում եմ Ազգային վարչության հիանալի թիմի հետ, որը ղեկավարում է Բագրատ Բալաբանյանը: Նրանք, ինչով կարող են, աջակցում են Տիկնանց հանձնախմբին: Առավել բախտավոր եմ, որ ունեմ դինամիկ, խանդավառ և աջակցող Տիկնանց հանձնախմբի անդամներ»: Այս կառույցում որոշումները համատեղ են կայացվում, լսում են միմյանց կարծիքները, առաջարկները: Նրանց հաջողվել է միասին դժվարություններ հաղթահարել, իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և համայնքին բազմաթիվ տոներ պարգևել: Ինչպես տիկին Բալյանը նշեց, եղել են ծրագրեր, որոնք ավելի մեծ ջանքեր են պահանջել, ինչպես, օրինակ, անցյալ տարվա Միջինքը, որին անձամբ են ավանդական կերակուրներ պատրաստել: Կան նաև երազանք մնացած ծրագրեր, ինչպես, օրինակ, հայկական կարաոկեի երեկոն:


Ի դեպ, բոլոր տարիների Աբու Դաբիի Տիկնանց հանձնախմբերի ղեկավարներին և անդամներին պետք է ըստ արժանվույն գնահատել իրենց նվիրվածության, նախանձախնդրության, համառության համար: Յուրաքանչյուրն իր լուման է ներդրել համայնքի զարգացման, համայնքային առօրյան գունեղ դարձնելու գործում: Ինչ վերաբերում է այսօրվա հանձնախմբին, այն հաճախ է տարբեր առիթներով Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցու հյուրընկալ հարկի տակ հյուրասիրություններ կազմակերպում, որոնք մտերմիկ տոնի են վերածվում. «Մենք օրհնված ենք, որ ունենք նվիրյալ և հյուրընկալ հայր սուրբ, քահանա: Որպես Տիկնանց հանձնախումբ՝ մեր խնդիրն է խրախուսել համայնքի անդամներին` ավելի հաճախ այցելելու եկեղեցի»:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ եթե հնարավորություն լիներ, նա կցանկանա՞ր շարունակել աշխատանքը Տիկնանց հանձնախմբում: Տիկին Բալյանը խոստովանեց, որ կցանկանար որպես կառույցի անդամ և ոչ թե ղեկավար շարունակել աշխատանքը. «Չնայած ես հիանալի թիմ ունեի, այնուամենայնիվ, բավական մեծ ծանրաբեռնվածություն է ղեկավարի համար, քանի որ նա պետք է ներկայացնի կառույցը: Ես հավատում եմ, որ մենք կիրթ, տաղանդավոր, խանդավառ շատ անդամներ ունենք հանձնախմբում, որոնք թարմ գաղափարներ ունեն: Պետք է ուրիշներին էլ հնարավորություն տրվի»: Ամփոփելով մեր զրույցը՝ նաև ցանկացա իմանալ՝ նրա կարծիքով տարիների ընթացքում փոխվե՞լ է Աբու Դաբիում ապրող հայ կնոջ դիմագիծը:

Տիկին Բալյանը սկզբում իր օրինակով ասաց, որ Աբու Դաբի տեղափոխվելու առաջին տարիներին աշխատել է, կոշիկի սեփական խանութ է ունեցել: Սակայն աշխատանքը դժվար է եղել համատեղել ընտանեկան պարտականությունների և մանկահասակ երեխաների խնամքի հետ, ուստի որոշել է հիմնական ժամանակը տանն անցկացնել. «Տարիների ընթացքում ավելի ու ավելի կիրթ են դառնում հայ կանայք: Մենք կրթությունը պետք է օգտագործենք հօգուտ մեզ, մեր ընտանիքի, մեր համայնքի: Եթե մենք հրաժարվենք օգնելուց միմյանց, ինչո՞ւ ենք մեզ կոչում հայեր: Մենք ապրում ենք մեր հայրենիքից՝ Հայաստանից դուրս: Որպեսզի կարողանանք մնալ և մեծացնել առողջ հայկական ընտանիք, պետք է հնարավորինս աջակցենք իրար»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 14959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ