ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԼևՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՍԻՄՎՈԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

«ԼևՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՍԻՄՎՈԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
22.12.2009 | 00:00

Զարմանալի է, թե օրինաչափ, բայց նախորդ դարի 60-ականներին, երբ մեր ազգի հավաքական հիշողության մեջ գլուխ բարձրացրեց Հայկական հարցի պահանջատիրության, մեր ինքնության շեշտադրման հրամայականը, Խորհրդային Հայաստանի` աշխարհի մեծ անցուդարձերից կտրված, լենինյան կոմերիտմիության օրենքներին անդավաճանորեն հավատարմագրված երիտասարդության օրրան Երևան մայրաքաղաքում գտնվեցին մի քանի ռոմանտիկ տղաներ, որոնք փորձեցին ճեղքել «Широка страна моя родная» հորջորջվող տարածքի` բոլորովին էլ ոչ լայնարձակ սահմանագծերը և երևանյան իրականություն ներմուծել բուրժուական «նեխած, փտած, ապադաստիարակչական» ջազ-արվեստի «ապականիչ» հովերը: Այդ ռոմանտիկների մեջ իր մարդկային և ստեղծագործական բացառիկ նկարագրով առանձնացել ու մինչ օրս առանձնանում է հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանը, ով արդեն հիսուն տարի, ասել է թե` մի քանի սերունդ, կրթում ու դաստիարակում է ջազի օրենքներով: Թերևս, երբեմն ծիծաղելի, բայց և բավականաչափ հուսադրող է այն հանգամանքը, որ այսօր ջազ լսելը և այն «երկրպագելը» խիստ մոդայիկ է դարձել մեր ռաբիսախեղդ երաժշտական իրականության պայմաններում` անկախ այն բանից, որ «ջազի սիրահարներից» ոչ բոլորի ականջն է բավականաչափ հղկված` տարբերելու համար մուղամը ջազային իմպրովիզներից: Ինչևէ, ջազ լսելն այսօր բարձրաշխարհիկ կենսակերպի գրեթե պարտադիր ատրիբուտ է: ՈՒ այս առիթով ուզում ենք ասել. «Բռա՛վո, մաեստրո, սա Ձեր և Ձեր երաժիշտ ընկերների մեծ ձեռքբերումն է` ի նպաստ ազգի ճաշակի ու բնավ ոչ ի վնաս ազգային նկարագրի ձևավորման»:
Արևմտյան մշակույթի ու հայկական էթնո երաժշտության ներդաշնակ համադրումը Լևոն Մալխասյանի ու նրա ղեկավարած ջազ-բենդի կատարումներում ունկնդրին հնարավորություն է տալիս որսալու աշխարհի առաջադեմ երկրներին հատուկ ջազային ռիթմերի թրթիռներն ու նաև գնահատելու այդ թրթիռների մեջ ինքնատիպորեն առանձնացող հայկականը: Երբ ստեղնաշարին հպվում են հատկապես մաեստրո Մալխասի մատները, ապա ամենայն օտար դառնում է չափազանց հարազատ, չափազանց մերը, եթե անգամ ունկնդրին հասու չեն վիրտուոզ կատարողի ու նրա գործիքի երկխոսության բոլոր նրբերանգները:
Դեռևս խորհրդային տարիներին քիչ չեն եղել համերգները, փառատոներն ու պարգևները մաեստրոյի կյանքում, անգամ կոմունիստական «Правда»-ն է տեղի տվել անկասելի երաժշտական հաղթարշավի առաջ ու 1985-ին Երևանում կազմակերպված ջազ-փառատոնի մասին հրապարակել իր էջերում: Իսկ հետխորհրդային ազատությունն արդեն այլ մոտեցումներ էր ենթադրում Լևոն Մալխասյանի անձին և արվեստին. նա դարձավ Հայաստանի ջազ-ակումբի նախագահ, վերջերս կազմակերպված «Հայկական ջազ-70»-ի կազմկոմիտեի նախագահ, բայց, ինչպես ինքն է խոստովանում, ջազմենն ազատ մարդ է, ու եթե անգամ իրեն ինչ-որ պաշտոններ են «կպցնում», ապա դրանք ընդամենը սիմվոլիկ բնույթ են կրում ու մնում զուտ բառ-ձևակերպումների դաշտում:
Այս տարին հոբելյանական էր Լևոն Մալխասյանի համար: Լրացան ծննդյան 65, ստեղծագործական կենսագրության 50-ամյակները: Թեև նա ամեն երեկո հանդիպում է իր ունկնդրի հետ «Malkhas jazz club»-ում, այնուամենայնիվ սպասում էինք, որ այդ հոբելյանները առիթ կդառնան` տեսնելու մաեստրոյին մեծ բեմում ու վայելելու նրա կատարումները մեր մայրաքաղաքի համերգային դահլիճներից որևէ մեկում: Բայց այս դեպքում ևս նա չդավաճանեց իր նկարագրին, չփոխեց հանդիպման վայրն ու ձևաչափը: «Օպերայում ինձ պիտի նստեցնեին բազկաթոռին, ես դրա մեջ վատ պիտի զգայի, դրա համար էլ որոշեցի ծնունդս նշել «Malkhas jazz club»-ում»,- պարզաբանում է մաեստրոն:
Մեր թերթի միջոցով իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքներն են հղում Լևոն Մալխասյանին նրա «հարյուր տարվա ընկերները»` Երվանդ Երզնկյանը և Մարտին Վարդազարյանը:
«Ես ու Լևոն Մալխասյանն արդեն հարյուր տարվա ընկերներ ենք` սկսած 60-ական թվականներից: Շատ բուռն ու ակտիվ կյանքով էինք ապրում. և՛ ջազ էինք նվագում, և՛ էստրադա` յուրաքանչյուրս երկու-երեք երաժշտախմբում: Բայց, իհարկե, մեր համագործակցության քվինտ-էսենցիան եղել է 70-ականներին, երբ ջազ-քառյակում նվագում էինք ես, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը և Ալեքսանդր Զաքարյանը: Եվ այդ կազմով 1970 թվին Կույբիշևում կայացած ջազ-փառատոնում արժանացանք «Գրան պրի» մրցանակի: Դրանից հետո մեր կյանքն սկսեց ընթանալ զուգահեռներով, բայց մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում ու միասին նվագում ենք տարբեր առիթներով, տարբեր միջոցառումների շրջանակում: Մեր ընկերությունը շարունակվում է մինչև այսօր, միասին նշում ենք տոներ, հոբելյաններ` իմ վաթսունամյակը, Լյովայինը... Միմյանց հետ շփվում ենք, փոխադարձաբար օգնում շատ հարցերում, բայց այսօրվա կարևոր ասելիքը ոչ թե դա է, այլ այն, որ Լևոն Մալխասյանը վառ անհատականություն է, բնիկ երևանցի, նրան բոլորը սիրում են ոչ թե այն պատճառով, որ գեղեցիկ է, այլ որովհետև Մարդ է, տաղանդավոր երաժիշտ: Նա մեր քաղաքի սիմվոլներից մեկն է: Ես նրան շնորհավորում եմ ու ցանկանում երկարատև ստեղծագործական կյանք, առողջություն, երջանկություն» (Երվանդ Երզնկյան):
«Մարդու ֆիզիկական ծննդյան օրը մեկն է, եզակի. այդ օրը մարդն աշխարհ է գալիս: Բայց դրանից բացի` իր կյանքի ճանապարհին նա ունենում է մի քանի ծննդյան օր` որպես շփման ընդունակ անձնավորություն, որպես ստեղծագործող, որպես կատարող կայանալու ընթացքում: Լյովա՛ ջան, եթե այս կերպ հաշվելու լինենք, կստացվի, որ դու ունես ոչ թե մեկ ծննդյան օր, որը նշված է քո անձնագրում, այլ բազմաթիվ ծննդյան օրեր: Ծննդյան օրեր են քո առաջին բեմելի օրը, քո զավակի ծննդյան օրը, քո առաջին ձայնասկավառակի թողարկման օրը, քո հիանալի «Malkhas jazz club»-ի բացման օրը, աշխարհի տարբեր կետերում ունեցած հաջողություններիդ օրերը... Ես շատ բան չեմ ցանկանում. ընդամենը, որ այդ ծննդյան օրերի գոնե կրկնապատիկը վերապրես քո գալիք կյանքում: Շփումը քեզ հետ միայն ու միայն հաճույք է պատճառում, միայն ու միայն հույս է ներշնչում, միայն ու միայն վստահությամբ է համակում: Քեզ նման անձնավորության վրա կարելի է հենվել և միշտ շարունակել մտերմությունը: Ծննդյան օրերդ շնորհավո՛ր, Լևո՛ն ջան» (Մարտին Վարդազարյան):
Թանկագին մաեստրո, «Իրավունքը de facto»-ն ևս սիրով շնորհավորում է Ձեր հոբելյանները` մաղթելով ամենայն լավագույնն ու գեղեցիկը, որ կարող են ենթադրվել ստեղծագործողի ու պարզապես հայ մարդու կյանքում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3286

Մեկնաբանություններ