ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՈՔԱ ԱՆԳԱՄ ԱՄԱՉՈՒՄ ՔՈ ԱՃՅՈՒՆԻՑ...»

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՈՔԱ ԱՆԳԱՄ ԱՄԱՉՈՒՄ ՔՈ ԱՃՅՈՒՆԻՑ...»
22.12.2009 | 00:00

Վերնագիրը Չարենցի տողն է, հասցեատիրոջն ինքներդ ընտրեք։ Իսկ այս շարադրանքը պայմանավորված է դեկտեմբերի 1-ին օրաթերթերից մեկում տպագրված հոդվածով, որի վերնագիրը՝ «Չարենցի գերեզմանը և աճյունը գտնված չեն», անտեղյակ ընթերցողին կարող է ոչ միայն մոլորեցնել, այլև հանել ափերից։ «Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ սրբապղծություն, ինչպե՞ս կարելի է նման բան անել»,- կբացականչեն ոմանք։ Այդ «ոմանք»-ից երկուսի ձայնն արդեն լսեցինք։ Առաջինը Չարենցի թոռն է՝ Արմեն Չարենցը, ում անձամբ չեմ ճանաչում ու չգիտեմ, թե, ժառանգաբար նրան փոխանցված ազգանունից բացի, վերջինս ուրիշ ի՞նչ ընդհանրություններ ունի մեծ բանաստեղծի հետ։ Փոխարենը գիտեմ երկրորդին՝ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանին, ում մինչ այս պահը համարել եմ իր գործի գիտակ և սեփական խոսքի կշիռն արժևորող մարդ։ Բայց, ավաղ, պարզվեց, որ խոսքի փոխարժեքն էլ այս դեպքում խիստ անկայուն ու տատանվող է՝ պայմանավորված այն բանով, թե քամին որ կողմից կփչի։
Իսկ այժմ դատենք փաստերով։
Մարդիկ հայտնվել են ցայտնոտի մեջ՝ իմանալով, որ մի խումբ չարենցասերներ բանաստեղծի մահվան օրը գնացել են նրա թաղման վայրը՝ հարգելու հանճարի հիշատակը։ Նրանց համար այդօրինակ քայլն ուրիշ անուն չունի, քան էժան սենսացիա։ Այնինչ էժանագին սենսացիայի իրական սիրահարներին պիտի հիասթափեցնեմ՝ ասելով, որ Չարենցի թաղման վայրը գտնվել է ոչ երեկ, ոչ երեկ չէ առաջին օրը, այլ... 20 տարի առաջ՝ 1989 թվին, և հերքողներն էլ այդ մասին հրաշալի գիտեն։ Բայց հո չե՞ն խոստովանի, որ եղածը վաղուցվա պատմություն է։ Այդ դեպքում ստիպված պիտի լինեին պատասխան գտնել մի այնպիսի պարզագույն հարցի, ինչպիսին սա է՝ 20 տարեկան սենսացիա է լինո՞ւմ։ Իհարկե` ոչ։ Սակայն փոխարենը կարող է լինել 20-ամյա կուրություն ու խլություն, քանի որ այդ երկու տասնամյակների ընթացքում բազում անգամ գրվել ու ասվել է դրա մասին և ուրեմն կարիք չկա այսօր անմեղ ու անտեղյակ գառնուկ ձևանալով՝ կոտրատվել, թե իբր մենք հենց նոր իմացանք։ Շատ հեռուն չգնանք։ Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Հանրային հեռուստատեսությամբ մի ընդարձակ հաղորդում եթեր հեռարձակվեց՝ նվիրված հատկապես Չարենցի թաղման վայրին։ Վստահ եմ, որ ընդդիմախոսներս դիտել են այդ հաղորդումը, բայց ձայն ու ծպտուն չհանեցին։ Հո չէի՞ն կարող դեմ գնալ Հ1-ին։ Իսկ հիմա պահը շատ հարմար է։ Հիմա նախաձեռնողներից վնաս չկա։ Բայց վերադառնանք փաստերին և նախապատմությանը։ Թաղման վայրը, որի մասին տեղեկությունն օդից չէր ընկել, այլ հիմնավորվում էր տարբեր ականատեսների վկայություններով, վերջին հաշվով ճշմարիտ դուրս եկավ։ Արդեն 1990-ին չարենցագետ Դավիթ Գասպարյանն իր գրքում գրում էր. «...Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի մինիստրության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ: Դեռ ապրում է այդ օրերի ականատես վկան...» (Դավիթ Գասպարյան` «Ողբերգական Չարենցը», Երևան, 1990 թ., էջ 99):
Սրան հաջորդեցին բազմաթիվ այլ հրապարակումներ, նոր փաստարկումներ, որոնց միայն թվարկումը թերթի մի քանի էջ կլցներ։ Բայց մենք կխնայենք ընթերցողի ջղերն ու առաջ կանցնենք, որպեսզի մոտենանք մեր պատմության ամենահետաքրքիր հատվածին։
Երբ հուղարկավորման վայրում ի վերջո գտնվեցին Չարենցի մասունքները, ի՞նչ եք կարծում, ո՞վ էր, որն առաջինն ի լուր ամենքի հայտարարեց այդ մասին։ Այո, դուք չեք սխալվում, հենց նույն Լիլիթ Հակոբյանը, հենց նա, ով այսօր ասում է, թե այդ ամենը կեղծիք է։ Մամուլում տեղ գտած առաջնեկ հրապարակումն էլ Հակոբյանի քիմքին հարիր վերնագիր ուներ. «Եվ տնօրենն ասաց. «Ճշտված է Չարենցի գերեզմանի տեղը»։ Ահա այսպես։ Թղթակցի ձայնագրիչի ներկայությունից ոգևորված ավետաբերը հայտարարում էր. «Մի քանի չարենցապաշտների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հաջողվել է ճշգրիտ որոշել Չարենցի թաղման վայրը: Փորել ենք և գտել մի քանի ոսկորներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Չարենցինն են» (Արամ Մարգարյան, «Եվ տնօրենն ասաց…», «Հայք», 10.1.1996 թ.):
«Դրանք Չարենցինն են»։ Այս խոսքերի հեղինակը հետագայում ևս մի քանի առիթներով կրկնեց նույն միտքը, և դա կարող էր երկար շարունակվել, եթե... Հենց այս «եթե»-ն էլ բացեց տարաձայնության խորխորատը։ Քաղաքականության մեջ նման շրջադարձի մասին ասում են՝ «իրավիճակի փոփոխության պատճառով»։ Իսկ ի՞նչ անուն ունի սույնը գրականության պարագայում։ Լիլիթ Հակոբյանն ինքը ակամա բացում է փակագծերը։ «Ժառանգները գերեզման փորելուն և գերեզման գտնելուն դեմ են»,- ասում է նա։ Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, ահա թե որտեղից է գալիս չարության հասնող անհանդուրժողականությունը։ Մարդիկ դեմ են և վերջ։ Նրանց համար կարևոր չէ՝ դա Չարե՞նցն է, թե՞ մեկ ուրիշը։ Նրանք որոնումների ու գերեզմանի կարիքը չունեն։ Իսկ եթե որևէ մեկն այլ կարծիքի է, ապա կարելի է նրան թեթև ձեռքով որակել արկածախնդիր ու սրբություն անվանարկող։
Հիմա վերադառնանք պարոն Արմեն Չարենցին, ով պաշտոնական (հետաքրքիր է, ո՞ր պաշտոնի դիրքերից) հայտարարություն է անում, թե «արկածախնդրություն և անազնվություն է այդպիսի լուրեր տարածելը»։ Մինչ վերը ասվածի համատեքստում կկռահենք, թե ո՞ւմ է ուղղված նրա մեղադրանքը՝ չարենցագետների՞ն, թանգարանի տնօրենի՞ն, թե՞ իր մյուս հարազատներին, նկատենք մի աննշան շեղում, որ վրիպել է զայրացած ժառանգորդի աչքից։ Բանն այն է, որ թոռը հանդես է գալիս բանաստեղծի ժառանգների անունից և մոռանում է, որ կա նաև թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը, ով այնքան էլ համամիտ չէ այդ կարծրացած տեսակետին։ Իր հարցազրույցներից մեկում (10 մայիսի, 2008 թ., «Հրապարակ») նա մասնավորապես հետևյալն է ասում. «... Ես ասացի. «Խնդրեմ, տվեք (ոսկորները- Հ. Չ.), տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ անցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ՝ փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչ կդնենք»։ Բայց ինձ չտվեցին...»։
Չտվեցին, քանի որ դա ոչ մեկին չի մտահոգում։ Իսկ այսօր իրենց անգործությունը մարդիկ փորձում են քողարկել մեկ ուրիշին փնովելով։ Այդպես ավելի հեշտ է ու անծախսատար։ Ասենք, գենետիկ հետազոտության մասին թանգարանի տնօրենը հազիվ թե հստակ պատկերացում ունի, այլապես չէր արտաբերի այնպիսի մի դարակազմիկ միտք, ինչպիսին սա է. «... Պիտի գանգոսկրը գտնվի, որպեսզի ժառանգական կապը հաստատվի»։
Գանգոսկրին սպասելով` պահն օգտագործենք ու տիկնոջ համար մի կարճ մեջբերում կատարենք տրամաբանության դասագրքից առ այն, որ առարկությունը նույնպես պիտի իր փաստարկված հիմնավորումն ունենա։ Եվ երբ ասում են՝ «ոչ», այդ «ոչ»-ը ևս պիտի պաշտպանված լինի ծանրակշիռ փաստերով։ Իսկ փաստեր չկան։ Փոխարենը կան անհարկի աղմուկ-աղաղակից բխող մեր եզրահանգումներն այն մասին, որ Չարենցի հիշատակը մասնավոր սեփականություն չէ։ Նաև այն մասին, որ չի կարելի մշակութային լուրջ խնդիրներ լուծել տնայնագործական եղանակով։
Սրանց հետ մեկտեղ կան նաև մութ հարցեր, որոնցից ընդամենը երեքը կտանք այս պահին։
Այդ ի՞նչ պատահեց, որ երեկվա «այո»-ն այսօր դարձավ «ոչ»։ Չարենցի հարազատներն ի՞նչ պատճառով լսել չեն ուզում գերեզմանի մասին։ Եվ մի վերջին հարց. իսկ որտե՞ղ են ոսկորները, որոնք հանձնվել էին թանգարանին։ Դրանք տուն-թանգարանում չեն, ակադեմիայում չեն, և որքան մեզ հաջողվեց ճշտել, գտնվում են մի մասնավոր անձի ձեռքում։
Ահա և ձեզ նախանձախնդրություն, լրջության աստիճան ու սրտացավություն։ Վայելեք։
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ