ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տավար

Տավար
13.07.2012 | 02:02

Այս զրույցում կներկայացնենք կենդանիների խումբ նշանակող բառ՝ տավար: Տեսնենք, թե ինչ է նշանակում «տավար» բառը, արդյոք բնիկ հայերե՞ն բառ է։ Չէ՞ որ շատ ու շատ լեզուներում կա այդ բառը, ո՞վ է ումից վերցրել:
Այսօր «տավար»-ը խոշոր եղջերավոր ընտանի կենդանիների (կով, եզ, գոմեշ, երինջ, մոզի, հորթ, արջառ) ընդհանուր անվանումն է: Բառի գրաբարյան գրելաձևն է տուար և նշանակել է «արջառ»: Ծագել է հնդեվրոպական նախալեզվի «արջառ» բառից: Այն սկզբնապես դիտվել է որպես «զոհի անասուն» և շատ լեզուներում հենց այդ իմաստով էլ կա մինչև օրս:
Այս բառը տարածված է Միջին Ասիայից մինչև Հյուսիսային և Արևելյան Եվրոպա: Թուրքերեն տավար նշանակում է «արջառ, նախիր», թաթարերեն՝ «գույք, ինչք», մոնղոլերեն՝ «ինչք, հարստություն», քրդերեն, լազերեն՝ «արջառ», գնչուերեն՝ «ձի, անասուն», ասորերեն՝ «կով», կովկասյան լեզուներում՝ «արջառ, կով, նախիր»: Սլավոնական լեզուներում. հին սլավոներեն՝ «ապրանք, բեռ, ինչք», ուկրաիներեն՝ «տավար, ինչք, ապրանք», ռուսերեն՝ «ապրանք»։
«Տավար» բառը նույն հնչողությամբ և նույն իմաստով գործածում են նաև սերբերը, հորվաթները, ռումինները և այլ ազգեր: Բառը տարածված է նաև ուգրո-ֆիննական լեզուներում՝ ֆիններենում, հունգարերենում և այլն:
Անվանի սլավոնագետները վերոհիշյալ բառերը համարում են թուրքերենից փոխառյալ: Իսկ ի՞նչ կապ ունի մեր տավար-ը այս ամենի հետ: Բանն այն է, որ թուրքերենն էլ, իր հերթին, «տավար» բառը փոխառել է հայերենից: Դա առաջին անգամ ցույց է տվել դանիացի անվանի լեզվաբան Հոլգեր Պեդերսենը: Այդ փաստը հետագայում ընդունել են բոլոր նշանավոր լեզվաբանները:
Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մենք ժամանակին շատ հասկացությունների ու առարկաների ենք անուններ տվել, և մեր ստեղծածն ուրիշները տարածել են աշխարհով մեկ: Իսկ սրանից էլ հետևում է, որ չպետք է մոռանանք մեր ստեղծածը, պետք է տեր կանգնենք մեր լեզվին, մեր հեռուստահաղորդումների անուններն օտար լեզվով ու օտար բառերով չկնքենք, մեր քաղաքը «չզարդարենք» օտար ցուցանակներով, ի վերջո, մեր հոգին չպղտորենք օտար արժեքներով՝ մոռանալով մերը: Նման մարդկանց բնութագրելու համար մեր լեզուն ունի համապատասխան արտահայտություններ «տավար» բառով. տավարի հրեշտակ, այսինքն՝ «անբան, ապուշ մարդ», տավարի ցավ՝ «անպիտան, վատ մարդ»: Ով ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6559

Մեկնաբանություններ