Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մարդիկ դատվում են այլ կերպ մտածելու համար, բայց միայն դա բավակա՞ն է, որ դատվեն»

«Մարդիկ դատվում են այլ կերպ մտածելու համար, բայց միայն դա բավակա՞ն է, որ դատվեն»
06.02.2009 | 00:00

«ԵԽԽՎ-Ն ՄԵԶ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՇՏԿԵԼՈՒ ՄԵՐ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»
ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ առավել ճանաչված է որպես մանկագիր, սակայն նրա գրականությունը հասցեագրված է ոչ միայն մանուկներին: Հաջորդ տարի սպասվող հոբելյանը բարեպատեհ առիթ կդառնա՝ ծանոթանալու գրողի ստեղծագործության ընտրանուն և «հայտնաբերելու» նաև ավագ ընթերցողին մերձենալու ճանապարհը:
«Ի ՎԵՐՋՈ, ՀՈԳՆԵՑԻՆ ՈՉ ԹԵ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ, ԱՅԼ ՋԱՐԴՈՂՆԵՐԸ»

-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են բարձիթողի վիճակում Երևանի բակերն ու փողոցները. ամռանը՝ փոշի ու աղբ, ձմռանը՝ սառույց: Իսկապե՞ս քաղաքապետարանն ու թաղապետարանները բավարար տեխնիկա և աշխատուժ չունեն, ինչպես իրենք են հավատացնում, թե՞ ընդամենն իրենց ուղղակի պարտականությունները կատարելու հավես չունեն:
-Ոչ թե միջոցներ կամ աշխատուժ չունեն, այլ մարդիկ գլխառադ են անում, լիովին չեն տրվում իրենց գործին, իրենց պարտականությունները մինչև վերջ չեն կատարում: Ցանկացած տուն մտնելիս տեսնում ես գեղեցիկ, փայլուն մանրահատակ, կարգուկանոն, խնամված վիճակ, բայց հենց դուրս ես գալիս այն տարածքը, որն իրենց սեփականը չէ, արդեն այլ պատկեր է: Դրան մարդիկ նայում են ոչ տանտիրոջ հայացքով: Այնինչ պետք է կարողանային ընդհանուրին իրենց մասնավորի նման վերաբերվել, իրենց տեր զգալ ամբողջ քաղաքին: Այդ ժամանակ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը մեր բակերում ու փողոցներում կլիներ այն բարվոք վիճակը, որը բնորոշ է մեր տներին:
-Գլխառադ անելու գործելաոճը, որպես ժառանգական ախտանիշ, կարո՞ղ է փոխանցվել ապագա քաղաքապետին: Ի դեպ, ի՞նչ հորդոր կհղեիք նրան:
-Իհարկե, քաղաքապետից շատ բան է կախված: Ավագ սերունդը գիտի, թե ինչպիսի քաղաքապետ է եղել Գրիգոր Հասրաթյանը: Ժողովրդի հավաքական հիշողությունը չի մոռանում լավին: Իսկապես մի մարդուց, մի անձնավորությունից շատ բան է կախված, բայց և քաղաքը կարգին վիճակում պահելն այնպիսի մշակույթ է, որ մեկ հոգով չի կարող շտկվել: Այնուամենայնիվ, քաղաքապետը, գործի գլխին կանգնած պաշտոնյան շատ բան կարող է անել այս հարցում: Եվ քաղաքապետից բարձր կանգնածից էլ է շատ բան կախված, թե կուզեք իմանալ: Ժամանակին Սայաթ-Նովա և Աբովյան փողոցներում՝ մայթեզրերին, կային ծառուղիներ, որոնց մեջ վարդի թփեր էին տնկած, իսկ դրանց տակ լամպեր էին վառվում: Առաջին շրջանում և՛ թփերը, և՛ լամպերը տանում էին, ջարդում: Բայց այդ գեղեցիկ գործը նախաձեռնողները նորից էին դնում թփեր ու լամպեր, այնքան ժամանակ, մինչև ջարդողներն ու ավերողները հոգնեցին ու իրենց ջարդված տրամաբանությամբ հասկացան, որ դա չէ ճիշտ ճանապարհը: Ի վերջո, հոգնեցին ոչ թե վերականգնողները, այլ ջարդողները: Սրանք հաշտվեցին այդ գեղեցկության գոյության հետ:
-Նման մի պատմություն էլ ես եմ լսել մեծերից՝ կապված, կարծեմ, Անտոն Քոչինյանի հետ: Երբ քաղաքի կանաչապատմամբ զբաղվող ծառայողները տրտնջացել են, թե ամեն գիշեր հրապարակում տնկած վարդի թփերը գողանում են, նա ասել է. «Ես ձեզ համար չեմ կարող Փարիզից հասարակություն բերել, մեր հասարակությունը սա է: Տնկե՛ք այնքան ժամանակ, մինչև վարժվեն դրանց գոյությանը և այլևս չգողանան»:
-Հենց դրա համար էլ ասում եմ, որ ոչ միայն քաղաքապետը, այլև նրանից վերև կանգնածը պետք է տեր կանգնի քաղաքին: Մի լավ քաղաքապետի սպասումով ապրենք ու մաղթենք, որ տիրոջ գիտակցումը դառնա համընդհանուր, որ հասկանանք, թե մեր շեմից այն կողմ գտնվող հողակտորն էլ մերն է, մեր երեխաներինն է:
«ԱՐԺԱՆԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՓԱՌԱԲԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՉԻՆՉ ՉԱՐԱԾ ՄԱՐԴԻԿ»
-Ո՞վ է «մեր ժամանակների հերոսը», ո՞ւմ օրինակով պետք է դաստիարակել հայ պատանուն, երիտասարդին:
-Ամեն ժամանակ ունենում է իր հերոսը: Դժվար է կոնկրետ մեկին մատնացույց անել: Բայց ամենից ավելի ընդօրինակության արժանի է իր գործի, իր երկրի հանդեպ սրտացավ մարդը, այն մարդը, որ վտանգի ժամին կարող է իր ուժը, իր կարողությունը կամավոր նվիրաբերել երկրին, ժողովրդին, հայրենիքի նահատակը դառնալ, իսկ անվտանգ ժամանակ իր արհեստի, իր մասնագիտության նվիրյալը լինել: Այդպիսի մարդիկ շատ կան մեր շրջապատում, որ, ցավոք, ստվերում են մնում հաճախ ու կուրծք չեն ծեծում նկատվելու, գնահատվելու համար: Դա էլ իր բացասական հետևանքն է ունենում. նրանք չեն ձգտում փառաբանվել, բայց ձգտողները շատ են: ՈՒ արժանիների փոխարեն փառաբանվում են ոչինչ չարած մարդիկ: Հեռուստացույցն էլ այս գործում մեծ դեր ունի: Կարող է ոչինչ չարած մարդուն այնքան պրոպագանդել, որ նա ձեռք բերի համաժողովրդական ճանաչում ու դառնա ընդօրինակելի: Բոլորս էլ ուզում ենք տեղեկացված լինել: ՈՒ հաճախ տեսնում ենք, որ տարբեր հարցերի շուրջ անվերջ խոսում են միևնույն մարդիկ, ներկայացնում իրենց տեսակետները, այն դեպքում, երբ կան շատ ավելի տեղյակ ու գիտակ մարդիկ, որոնք մնում են ստվերում: Միշտ էլ դժվար է եղել ու հիմա էլ դժվար է փնտրել-գտնել ստվերում եղած այն մարդկանց, որոնք իսկապես հերոսներ են ու ընդօրինակվելու արժանի:
«ՅԻՐԻԿՅԱՆՆ Է ՀԵՐՈՍԸ, ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՐԴ»
-Ռալֆ Յիրիկյանը «Թեքեյան» մշակութային ֆոնդի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ հանրօգուտ աշխատանքի համար սահմանված մրցանակի: Սա կարո՞ղ է բարի նախանձի մթնոլորտ ձևավորել հայ գործարարների շրջանում, թե՞ նրանք հավատարիմ կմնան սեփական եկամուտները բացառապես սեփական գրպաններում, իմա՝ խաղատներում, հյուրանոցներում, բենզալցակայաններում և այլուր պարտակելու ավանդույթին:
-Այս համակրելի, երիտասարդ մարդու՝ Յիրիկյանի հետ անձամբ չեմ շփվել, բայց անվերջ տեսնում եմ նրա գործը: Մե՛կ ջրագիծ է անցկացնում, մե՛կ մանկապարտեզ է ջեռուցում, մե՛կ անտուններին բնակարաններ է նվիրում: ՈՒ մշտապես խոսում է այն մասին, որ պետք է ձեռքը երկարել և օգնել կարիքավորին: Ճիշտ է, նա ունի միջոցներ, բայց ուրիշներն էլ ունեն, չէ՞: Այս մարդու խոսքը լսելիս հավատում ես նրան: Հարցնում էիք մեր ժամանակի հերոսի մասին: Ա՛յ սա է նաև հերոսը, ընդօրինակման արժանի մարդը: Կուզենայի հավատալ, որ Յիրիկյանի օրինակը վարակիչ կլինի մյուսների համար` նույնիսկ հակառակ իրենց ցանկության: Յիրիկյանի գործը ճանապարհ է բացում: Ես շատ ուրախ եմ, որ հասարակ մարդն օրհնում է այս երիտասարդին, ցանկանում, որ մեր ազգի մեջ շատ լինի այդ տեսակը, որ մեզ ոչ թե հարստահարեն, այլ օգնեն մարդավայել ապրել: Յիրիկյանի կարողությունը հո անսահման չէ՞: Բայց նա իր հնարավորության չափով օգնեց Գյումրու անօթևաններին ու ինչքա՜ն ուրախացավ, երբ իրեն ընդօրինակողներ եղան «Գյումրի» գարեջրի գործարանից: Կարծում եմ, որ «Թեքեյան» մշակութային միության մրցանակը շատ տեղին է, բայց նա ավելիին է արժանի՝ կառավարական բարձր պարգևների:
«ԵՎՐՈՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՈՌՈՎ ՉԻ ԱՆԴԱՄԱԳՐԵԼ, ՈՐ ԴԱՐՁՆԻ ԻՐ ԳԵՐԻՆ»
-ԵԽԽՎ-ն Հայաստանին չզրկեց ձայնի իրավունքից: Սա փափուկ բա՞րձ է՝ իշխանությունների գլխի տակ, մեծահոգության ժե՞ստ՝ զարգացող փոքր երկրի նկատմամբ, թե՞ մեզանում առկա ժողովրդավարության իրական գնահատական:
-Այս հարցի վերաբերյալ զանազան խոսակցություններ էի լսում: Ոմանք քամահրանքով հայտարարում էին, թե, միևնույն է, կզրկվենք ձայնի իրավունքից, թե ոչ, որ մենք Եվրոպայի գերին չենք… Զարմանում ես: Եվրոպան Հայաստանին զոռով չի անդամագրել, որ դարձնի իր գերին: Այդ կառույցը կա և ունի իր սկզբունքները: Մենք ենք դիմել՝ թե ձեր սկզբունքները հարազատ են նաև մեզ, մենք ուզում ենք ձեր անդամը լինել: Եվ եթե միացել ենք նրանց, պիտի բարի լինենք չշեղվելու նրանց սկզբունքներից: Իսկ եթե շեղվել ենք, նրանք աչք չեն փակելու և անցնելու: Պարզապես ԵԽԽՎ-ն մեզ հնարավորություն է տալիս շտկելու մեր բացթողումները և բավարարելու իր պահանջները՝ հանուն մեզ, հանուն բոլորիս:
«ՄԵՆՔ ԱՅՆՊԻՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՎ ԵՆՔ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ, ՈՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԶ ԱՊԱՀՈՎ ԶԳԱԼ ԱՌԱՆՑ ԲԱՆԱԿԻ»
-Ի՞նչ կմաղթեք օրեր առաջ 17 տարին բոլորած Հայկական բանակին:
-Մեր բանակին կմաղթեմ այն, ինչ ամեն մի օջախի, ընտանիքի գլխավորը մաղթում է իր զավակին: Կմաղթեմ, որ դառնա առավել ամրակուռ, ավելի հաստատուն, լինի բոլորիս աչքի լույսը: Մենք այնպիսի երկրներով ենք շրջապատված, որ չենք կարող մեզ ապահով զգալ առանց բանակի: Գուցե ոմանք ասեն, թե մենք փոքր երկիր ենք ու որքան էլ ուժեղ բանակ ունենանք, մեծերի կողքին կմնանք աննշան: Բայց այդպես չէ: Մի օրինակ բերեմ. ոզնին, թվում է, փոքր մի բան է, բայց իրենից մեծ շատ կենդանիներ կան, որ ավելի խոցելի են: Ոզնուն նույնիսկ առյուծը չի կարողանում բռնել-հոշոտել, որովհետև նա փշեր ունի: Մենք էլ պետք է չմոռանանք փշեր ունենալու մասին ու դրանք միշտ զգոն պահենք, սուր պահենք, քանի դեռ ապրում ենք այսպիսի շրջապատում:
«ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԾԱՐՄԱՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
-Ինչպե՞ս եք գնահատում արցախյան պատերազմի հերոսների՝ բանտում գտնվելու փաստը:
-Ձեր տված հարցերը տրամաբանորեն շաղկապված են: Պետք է գա-հասնի այն պահը, որ բանտերից ազատ արձակվեն իրենց երկրի համար արյուն թափած ու, բարեբախտաբար, ողջ մնացած մարդիկ: Այդ մարդիկ դատվում են այլ կերպ մտածելու համար, բայց միայն դա բավակա՞ն է, որ դատվեն: Եթե ժողովրդավարությունից ենք խոսում, մարդու իրավունքներից ենք խոսում, պիտի ընդունենք, որ մարդը կարող է նաև այլ կերպ մտածել, իր կարծիքն ունենալ: Մուշեղ Գալշոյանի «Մեղապարտը» խորիմաստ պատմվածքի հերոսը՝ հայ գաղթական Տիգրանը, Ռուսաստանի ծայրամասային աքսորավայրերից մեկում հիշում է Թալինի շրջանի Քարագլուխ գյուղի իր ծեր հայրենակիցների ամենօրյա խոսակցություններն իրենց ապրած եղեռնի, գաղթի մասին ու մտածում, որ այդ անվերջանալի պատմությունները պետք էր ընդհատել ու պահանջել, որ «ինչպեսները» թողնեին ու մտածեին «ինչուի» մասին: Ահա, մեր բանտարկված ազատամարտիկներն էլ «ինչուի» պատասխանն են փորձել գտնել: Նրանք մեծարման արժանի մարդիկ են: Տարբեր հանձնաժողովներ են ստեղծել, բազմաթիվ «ինչպեսների» պատասխաններ են ուզում գտնել, բայց «ինչուն» է կարևորը, պետք է «ինչուն» պարզել, «ինչուին» հասնել: «Ինչուի» մասին մտածելով՝ ես էլ, ի վերջո, կարծում եմ, որ բանտարկված ազատամարտիկները պետք է ազատ արձակվեն: Վստահ եմ, որ շատ շատերն այս կարծիքին են:
«ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳՐՈՒՄ ԵՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
-Խնդրում եմ` պատմեք օրերս լույս տեսած Ձեր գրքի՝ «Ձոն ծաղկանցի» մասին և, առհասարակ` այն մասին, թե ինչ և ում համար եք գրում վերջին շրջանում:
-Վերջին շրջանում ավելի շատ լույս էին տեսնում մանուկների համար գրված գրքերս: Ես հպարտանում եմ, որ գրում եմ մանուկների համար՝ նրանց հոգեբանությունն ըմբռնելով, նրանց չխաբելով, նրանց բան ասել կարողանալով՝ այն էլ ընթերցանության համար այս դժվարին ժամանակաշրջանում: Բայց ես գրում եմ ոչ միայն մանուկների համար: ՈՒ արդեն ժամանակն է մտածելու գրածներս հավաքելու, համակարգելու մասին: ՈՒրախությամբ պիտի ասեմ, որ «Էդիթ պրինտ» հրատարակչությունը (տնօրեն՝ Մկրտիչ Կարապետյան) նոր տարվա հետ ինձ մի մեծ նվեր մատուցեց. տաղանդավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի) համագործակցությամբ՝ լույս ընծայեց «Ձոն ծաղկանց» մեր գիրք-ալբոմը, որը, թույլ տվեք ասել, աշխարհի հրաշալիքներից մեկին՝ ծաղկին, բառերով ու գույներով ձոնված սեր ու հիացում է՝ աշխարհ եկած նույնպիսի բնականությամբ, ինչպես ծաղիկն է լույս աշխարհ գալիս: Ժողովածուն մանկական չէ: Լույս է ընծայվել ո՛չ պետական պատվերով և ո՛չ էլ որևէ հովանավորի կամ իմ (ո՜ւր էր, թե…) ֆինանսական միջոցներով, այլ հիշյալ հրատարակչության մեծ կամեցողությամբ, որ կուզենայի՝ փոխհատուցվեր:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6004

Մեկնաբանություններ