Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այսօր, այս վայրում ամեն ինչ ճիշտ է...»

«Այսօր, այս վայրում ամեն ինչ ճիշտ է...»
16.12.2008 | 00:00

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-100
«Երբ մեջս առաջին անգամ գրելու պահանջ զգացի, ուզեցի պարզել, թե ուսկի՞ց կուգամ, ո՞վ եմ, ի՞նչ կուզեմ ըսել... Գործածած բառերս անգլերեն են։ Միջավայրը, որու մասին կգրեմ, ամերիկյան է։ Ոգին, որ կստիպե ինձի գրել, սակայն, հայ է։ ՈՒրեմն` հայ գրող մըն եմ ես»։
Վիլյամ Սարոյան
20-րդ դարի համաշխարհային գրականության գանձարանում իր բարձրարվեստ մարդասիրական գրչի երախայրիքներով հաստատված մեր հայրենակցի 100-ամյա հոբելյանի պատշաճ նշանավորմանը միտված միջոցառումների շարքը եզրափակվեց հիշատակի նոր քարակերտ հավերժացմամբ։ Սարոյանական տարին պետական ներկայացուցչական հանդիսությամբ իր ավարտն ազդարարեց Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի խաչմերուկի մերձակա տարածքում կանգնեցված մեծահամբավ հայ արվեստագետների հուշակոթողներին ավելացնելով արժանավորներից ևս մեկինը։
Այս օրերին հաճախ շրջանառվող սարոյանական «ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է» արտահայտության նմանությամբ վերջնահանդեսի բացման խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մեկ անգամ ևս մեծանուն ամերիկահայ գրողի արժեքը կարևորելով, ի լուր ամենքի հպարտությամբ հայտարարեց.
-Կանգնեցնելով Վիլյամ Սարոյանի արձանը Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Քոչարի, Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների հարևանությամբ` մենք վստահաբար ապացուցում ենք, որ այսօր, այս վայրում, ամեն ինչ ճիշտ է։ Բիթլիսարմատ, ֆրեզնոյածին գրողն այսօրվանից` 2008-ի դեկտեմբերի 13-ից, դառնում է հավերժ երևանցի և վերջնականապես հաստատվում հայոց փառահեղ մեծերի շարքում։ Քաղաքամայր Երևանին հառած հայացքում, կարծում եմ, անցորդները կկարդան քարե կիսաշրջանին քանդակված նրա պատգամը` «Փնտրիր բարին ամենուրեք»։ Շատերը, գուցե, անտարբեր չմնան և մտահոգվեն կյանքում բարության նոր սերմեր ցանելով։
Ավաղ, անտարբերության նշան էր հավաքվածների փոքրաթիվ քանակությունը, որում մեծ էր թիկնապահների տեսակարար կշիռը։ Գրեթե չկային գրողներ, մտավորականներ... Ինչևէ։
Բժիշկ Ռաֆայել Հովհաննիսյանի հիմնադրած Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի (2004 թ.) նախաձեռնությամբ երեք երևանցիներ` ճարտարապետներ Լևոն Իգիթյանն ու Ռուբեն Հասրաթյանը, քանդակագործ Դավիթ Երևանցին իրենց երկամյա ստեղծագործական աշխատանքի արգասիքը հասարակության դատին ներկայացնելով` քննական օրինաչափ հուզմունքը չէին կարողանում թաքցնել։ Դավիթ Երևանցու երախտագիտության պաթետիկ պոռթկմամբ պոետիկ գնահատության են արժանանում նախագծի իրականացմանն աջակցած բոլոր ներկաները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, հավաքագրող հանգանակություն կազմակերպած Ռաֆայել Հովհաննիսյանը և, հատկապես, տիկին Պողոսյանը, ով հընթացս լուրջ հետաքրքրություն է հանդես բերել ոչ միայն ի պաշտոնե։ Ի վերջո, վայր է սահում ճերմակատլաս ծածկոցը։ Ձիթենու ճյուղը ձեռքին ասես Երևան է մտնում սիրտը Բիթլիսի լեռներում թողած աշխարհի քաղաքացին` իր Մեք-Գրեգորի շեփորի կանչով, հոլիվուդյան աստղերին գայթակղած երբեմնի հմայքով։
Երևանցիների համաստեղծագործության բարեհաճ ընդունելությունը սրում է ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչների հետաքրքրությունը։ Ինքնաբուխ խանդավառ զրույցների անմիջական տպավորությամբ` լավատեսորեն տրամադրում վաղվա օրվա նկատմամբ։
-Խաչատրյանի հոբելյանակատարության փորձը ցույց տվեց,- ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը,- որ դրանից հետո ամենահնչեղ անուններն անգամ սկսում են մոռացության մատնվել։ Աշխարհի 28 երկրներում առանձին գործունեություն ծավալող մեր մոտ 300 անդամների ջանքերի մեկտեղմամբ` մտադիր ենք մշտապես հնչեցնել հայոց մեծերի անուններն ի լուր համայն մարդկության։ Սարոյանի ծննդյան 101-րդ տարեդարձը պիտի նշենք լուրջ ֆիլմով, որի նկարահանման աշխատանքները, հուսով ենք, մինչև 2009-ի օգոստոսի 31-ը ավարտել։ Բոլոր հանիրավի անտեսվածները պիտի արժանիորեն մեծարվեն, գնահատվեն ու ճանաչվեն։ Սարոյանին հաջորդելու են Նանսենը, Զոհրապը։ Ազգանվեր նախաձեռնություններ շատ ունենք, բայց ավելի լավ կլինի կոնկրետ գործերով դրանք ներկայացնենք։
Եվ որպեսզի այսօրվանից, հենց այս վայրից ամեն ինչ մեր կյանքում ճիշտ լինի, Սարոյանի հումորաշաղախ կենսափիլիսոփայության վեհ մարդասիրությամբ անմնացորդ վարակվենք` փնտրելով ու տարածելով բարին յուրաքանչյուրս մեր տեղում։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6165

Մեկնաբանություններ