Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մարդու օրորոցից մինչև դագաղ հարցեր են»

«Մարդու օրորոցից մինչև դագաղ հարցեր են»
16.01.2009 | 00:00

ՀԱՐՑԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱ՛ՆՍ
Աշխարհը` երկիր-երկիր, ժողովուրդ-ժողովուրդ, թաղված է հին դարերից եկող, մարդկության աչքում ամեն պահ ծագող-ծովացող, անգամ վաղվա օր-ապագայից եկող հարցերի հեղեղի մեջ: Եվ պիտի տխուր չլինենք, որ Հայաստանը, որպես անկախ պետություն, արթնանում է ինքնաբուխ, ազգավայել, նաև 21-րդ դարի ու աշխարհի հզորների թելադրած հաճախ անհաճո, կռվազան հարցերի տեղատարափից:

Այսօր մեր ուղեղում, լեզվի վրա ավելի շատ ծանրացած հարցեր կան` հավատավոր, պայծառ, հիվանդագին, կասկածելի, խորհրդավոր, քան մեր երկնքում` հույսի աստղեր: Մեր ուղեղները դարձել են հարցարան:
Այսօր հարցարան է ամեն մի մարդ. նա, ում համար թանկ է իր տունը, տեղը, ծննդավայրը, անունը, պատիվը, հայրենիքը, անկախության գաղափարը, նա, ով մտածում է իր զավակի, եկող սերունդների, ապագայի համար, նա, ով իր մտքում աղոթքի նման ասում է` Հայաստանը հայի՛ տունն է, հայերենը հայերիս լեզուն է:
Հարցերի հարցը, ոչ միայն ինձ համար, Ղարաբաղի ինքնորոշման հարցն է, հայի ճակատագրի հարցը, Հայաստան երկրի երեկվա, այսօրվա և վաղվա քարտեզի հարցը, հայապահպանության, հայի ճակատագրի հարցը:
Ես չեմ կարող ինձ-ձեզ ճնշող հարցականներից ազատագրել: Կազատվենք էն ժամանակ, երբ ազգովի սկսենք լուծել հարցերը: Ճիշտ պատասխաններ տրվեն հարցերին: Պատասխանողը թող լինի նաև ժողովուրդը:
F Դառը, լեղի ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանն իր նախորդից. ամենասարսափելին ժողովրդի ատելությունն է առ դեղնամաղձ թույն ՌՔ-ն: Սպիտակի երկրաշարժի նման պատուհասված մի արհավիրք էլ նրա տասը տարվա գահակալությունն էր` բարոյական, հոգեբանական, ֆիզիկական, մարդաբանական, ֆինանսական, երկիրը «դուրս է տվել, օտարացրել»: Եթե Սերժ Սարգսյանը նախապես համոզվեր, որ ժառանգորդն ինքն է լինելու, կնպաստե՞ր, արդյոք, երկրի չկայացմանը, քայքայմանը, ժողովրդի ունեզրկմանը, կլծվե՞ր ՌՔ-ի սայլին: Ինչո՞ւ ժամանակին նա չբռնեց իրեն վաղուց ծանոթ էդ գող ու արյունոտ, օտարահլու ձեռքերը:
F Օրեցօր ավելի տեսանելի ու համոզիչ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տասը տարվա ընթացքում կատարված հանցագործությունների (համաժողովրդական թալան, երկրի, պետության ունեցվածքի օտարում, չարանենգ սպանություններ, սպանդ) հանձնառուն, դերակատարը մնում է ՌՔ-ն: Նա մեր ժողովրդի համար արհավիրք է, անկախության գլխավոր թշնամին: Հայաստանում սովորական քաղաքացու շահը, իրավունքները կոտնահարվեն, այսուհետ նույնպես և ոչ մի հարց չի լուծվի, արդարացիորեն չեն լուծվի հենց ամենակենսատու` Արցախի, ոչ միայն Արցախի, այլև հենց hայության, Հայաստանի հիմնախնդիրները, մինչև պահպանիչ ուժերի փրկիչ ճիրաններից չանջատվի նա ու չարժանանա մեղադրյալի աթոռին նաև նրա ձևախեղած Հայաստանում: Ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի ուշանում է սպասված էդ պահը: Ինչո՞ւ:
F Մեզանում ով ասես, որ չզբաղվեց Ղարաբաղի հարցով: Ղարաբաղյան դասի ամենավատ, անգետ աշակերտները եղան նրանք, ովքեր այդ դասի գիտակը, բանիմացը, նրբազգացը պիտի լինեին: Զուր, շատ իզուր շատերս հույս կապեցինք ՌՔ-ի հետ: Նրա հետ հույս կապեցին նաև ԼՂՀ բարձրագույն իշխանությունները, այդ թվում նաև` նախագահները: Կարելի է ղարաբաղյան հիմնախնդրով փորձել «քընընել» ՌՔ-ին, զարմանալ և անգամ մոռանալ վատ նշանակել մեկին, որը տասը տարի բռնկված է եղել միայն շահամոլության բոցով, երկրի թանկ «մասերը» ինքն իրենով անելու և սրան-նրան վաճառելու տենդով: Այսօր հազար չլուծված խնդիրներ ունի հայ ժողովուրդը: Ամենամեծ խնդիրը մնում է Արցախը: Աշխարհի հզորների, գիշատիչների հետ պայքարում ի՞նչ ենք ակնկալում Հայաստանի և ԼՂՀ իշխանություններից: Այդ ծանր բեռը Սերժ Սարգսյանի ուսերին է: Նա քննություն է հանձնելու հայոց պատմության առջև, Հայաստանի առջև, բոլոր նահատակների, մարտիրոսների, զոհերի առջև, ներկայի և ապագայի առջև: Անգիտակցաբար կօգնե՞նք, թե՞ գիտակցաբար կվնասենք, չեմ կարող ասել: Գիտեմ, որ օրհնանքը և անեծքն իրարից հեռու չեն, և միայն իշխանավորները չեն, որ արժանանում են անեծքի: Նա` բազմազբաղը, ժամանակ ունի՞, արդյոք, նայելու, կարդալու ԼՂՀ քարտեզը: Եվ Հայաստանի քարտեզը: Եվ մեզ շրջափակող երկրների քարտեզը: Հիշելու, որ Արցախում ապրում է մեր ժողովրդի` հենց իրեն ծնող հատվածը: Ամբողջ տասը տարի Վարդան Օսկանյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչ է ասում-խոսում, բացի ՌՔ-ին անհաջող կամ ստացվող թութակելուց: Ի՞նչ ենք սպասում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, թե՞ մի «դամքաշ» էլ նա է դառնալու:

Մեր երկիրը, մեր իրավունքները, մեր փշուր հացը և մի կում ջուրը մեր ձեռքից խլողները հենց իշխանություններն են: Ի՞նչ է մտածում իր հոտի համար Վեհափառ Հայրապետը: Ի՞նչ է մտածում ՌՔ-ին տզի նման ժողովրդի վզին կպցրած Լևոն Տեր-Պետրոսյանը: Լեգիտիմ է, թե ոչ լեգիտիմ է (Աստված գիտի, ժողովուրդը և… ինքը)` ի՞նչ է մտածում «ժողովուրդ ջան, ձայնդ տուր ինձ, տես քեզ համար 2 տարի հետո ինչեր եմ անելու» աղերսող, շռայլ խոստումների տեր Սերժ Սարգսյանը:
F Մտածված հարված է հասցվում լեզվին, կրթությանը, գիտությանը, դպրոցին: Դրան նպաստում են նաև տարբեր հեռուստածրագրեր: Էս սևերես իշխանավորներից փրկվելու լավագույն ճանապարհը ազգի համար առաջինը դպրոց պահելը պիտի լինի: Էս ուսուցիչներով, սոված-ծարավ ընտանիքներով, անտարբերությամբ, ամեն հարցում ձեռնաքաշությամբ հնարավո՞ր է սերունդ կրթել, երկրի ներկա ու ապագա փրկել:
F Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում ամենահզորը համարվող (պոռոտախոսների համար Թուրքիան և Իրանը տարածաշրջանում չեն) հայոց բանակի վերնախավը կոռուպցիայի գծով գրավում է առաջին տեղը: Երազած ազգային բանակում խաղաղ պայմաններում շարունակվում են երկրապահ, ազգապահ զինվորների սպանությունները: Ո՞վ է վերջ տալու էս այլանդակություններին: Ո՞վ է նայելու խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերի աչքերին: Մի՞թե կարելի է փորձել մխիթարվել անտրամաբան խոսքով` ինչպես հասարակայնությունն է, այնպես էլ բանակն է:
F Ժողովրդին մի հայացքի բերելու երաշխավոր է դառնում ժամանակը: Բայց ժողովրդի հայացքը, իշխանավորների վարած ազգահալած քաղաքականության պատճառով, շաղված է: Բզկտված, հուսահատված, անօգնական ժողովրդին ո՞վ է շնչավորելու, ոգի հաղորդելու: Մարդը մարդու մեջ որոնում էր իր եղբորը, հարազատին, բայց կուսակցությունների, իշխանությունների «շնորհիվ» գտավ իր թշնամուն: Երանի թշնամու դեմ էնպես կռվեինք, ինչպես թշնամություն ենք անում իրար հետ, և օրինակը ցույց են տալիս իշխանավորները:
F Երկբևեռը բնության ստեղծագործություն է: Բնության և ոչ մի ստեղծագործություն վտանգավոր չէ: Բևեռվելը նույնպես ընդունելի է: Վտանգավորը բևեռացումն է, սևեռումը, ավելի վատթարագույնը` երկփեղկվելը: Սարսափելին այսօր էն է, որ ժողովուրդը յոթնափեղկվել է, տասնափեղկվել, ինքն իր ներսում դարձել կորուսյալ, թվում է` փորձում է ինքն իրեն գտնել, անգամ ճանաչել, բայց արթնանում է կուսակցական վրեժխնդրությամբ, իր «մարդուն» դարձնելով պաշտամունք, վերև` Աստված, ներքև` իրեն կերակրող, խոստումներ տվող «մարդը»: Մենք իրար մեջ այլևս չենք որոնում մեր եղբորը, հարազատին, նրան, ում կորցրել-մոռացել ենք ճանապարհին: Մեր երեկը, դժվար օրը հեշտ ենք կորցնում, որովհետև այսօրը երեկվա շարունակությունը չէ այլևս: Խավեր են առաջացել, գութ չկա, թվում է` հայ է, բայց մեջը հայի արյուն ու խիղճ չկա: Ագահից ագահ, անկուշտ, ծակաչք, աշխարհն իրենով անելու մոլուցք: Խեղճն էլի նույն խեղճն է մնում: Էս սպանությունները ատելության արդյունք են: Ոչ մի թշնամու դեմ էնպես չենք պայքարել, որքան մենք մեր դեմ: Ամենուր բաժանվում են երկու բանակի` մենք պիտի հաղթենք: Մի պահ մտածենք` հայը հային ո՞նց է հաղթում: Հաղթողը պիտի լինի արդար ուժը: «Հաղթում» ենք, է՜, որ էս օրն ենք ընկնում: Խաբվում ենք ամեն օր` առավոտ, իրիկուն, ամեն մի ընտրության ժամանակ: Միասնությունից էինք խոսում, ազգային գաղափարախոսությունից, իսկ հիմա խալխ դարձող ժողովրդի գլխին թշնամու գործ ենք անում: Ովքե՞ր, առաջինը` «մերոնք» կոչվածները:
F Հազարամյակների փորձությունների միջով անցած հայոց բարոյականությունը, բանականությունն այսօր բիրտ ուժ-իշխանավորների կողմից էրոզիայի են ենթարկվում, լայն տեղ է տրվում քծնանք-բամբասանք-շողոքորթությանը: Պարզ պիտի լինի, թե ով ում մարդն է, ում շահերին է ծառայում, ընտրությունների ժամանակ ում համար է աշխատել: Երկիրը, ժողովրդին էս օրը գցելու համար պիտի ամաչենք մեր պատմությունից, Թումանյանից, Նժդեհից, ինքներս մեզնից, եռաբլրվածներից: Մենք դեն նետելու մարդ չունենք, բայց Նժդեհի ասած տականքից պետք է ազատվել, նրանցից, ովքեր վնաս են տալիս ընտանիքին, դպրոցին, բանակին: Ե՞րբ է գալու իրար աչքերի մեջ նայելու, իրար ձեռք սեղմելու երանավետ ժամանակը:
F Ի՞նչ թշնամի ուժեր կան մեզանում, որ կարողանում են հալածել, ձերբակալել, ազատազրկել արցախյան ազատամարտի հերոսներին, անգամ սփյուռքահայերին, նրանց, ովքեր իրենց թանկ արյունը չեն խնայել հաղթանակի, անկախության ճանապարհին: Ժիրայր Սէֆիլյանը ողջ մնացած մեր Մոնթեն է, ինչպե՞ս ենք վարվում նրա և նրա նմանների հետ: Այո՛, այսօր ո՞վ է պատասխան տալու հերոս հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կրած տառապանքի, նրա ընտանիքին պատճառած բարոյական հարվածների համար, եթե ոչ մենք: Նույն սփյուռքահայությունը ինչպե՞ս չի թքում նրանց երեսին, ում պատճառով հողին են հավասարեցնում հայրենասեր մեր զավակների զարմանալի համեստ անունն ու զինվորական հաղթական փառքը: Սերունդներին մենք դաստիարակելու ենք Մոնթեի, Պարգև Սրբազանի, Թաթուլ Կրպեյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի, Լեոնիդ Ազգալդյանի, հրաշքով փրկվածների ու եռաբլրվածների օրինակով: Բայց ոչ երբեք այսօրվա ավարառուների, բաշիբոզուկների, գող-ավազակների, շլացուցիչ դիզվածքների տերերի, հարստահարողների, ոչ չտես օտարներին զարմացնողների օրինակով: Եվ բավական է ընդդիմության հանրահավաքների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա հավատարիմ արբանյակները քրեստոմատիական ճշմարտություններ հրապարակեն, թվեն նրանց արգահատելի անունները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի անխորտակ ախորժակով չափչփեցին երկրի ունեցվածքի տակն ու գլուխը, ամեն ինչ իրենցով արեցին, երկիրը դարձնելով իրենց պապի բոստանը… Ե՞րբ են օրենքով աշխատելու ՀՀ արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, սահմանադրական և մեր բոլոր «անկախ-կախյալ» դատարանները: Հոգնել ենք կեղծիքավորների դասակներից ու գումարտակներից: Կարո՞ղ ենք դառնալ օրենքի երկիր:
F Ինչո՞ւ են հզոր երկրները նաև մեր երկրում «մշակում» իրենց ձեռնտու մարդկանց, որ նրանցից ստանան նախագահ, վարչապետ, ձեռնասուն իշխանություն, անգամ մարզպետ ու գյուղապետ: Ե՞րբ ենք ինքներս ընտրելու մեր գյուղապետին, մեր քաղաքապետին, մեր նախագահին, մեր համայնքի առաջնորդին, մեր պատգամավորին, ե՞րբ ենք հասկանալու, որ խաբված ենք, որ ամեն մի սխալով հարվածի տակ ենք դնում հայ ազգի ապագան։
…Սերժ Սարգսյանն իր նախագահ լինել-չլինելուն հավատում է էնքանով, որքանով հավատում-չի հավատում Ռոբերտ Քոչարյանի` տասը տարով դրախտ ընկնելու հրաշքին: Մարդը տասը տարի իշխեց, սրտի ուզածն արեց: Եթե նրա զույգը կարողանա մաքրել ՌՔ-ական ավգյան ախոռները, ուրեմն՝ հավատանք, որ մի օր մեկը կասի` նպատակն արդարացնում է ամեն միջոց: ՈՒրիշ ի՞նչ աներ Սերժ Սարգսյանը, երկիրը ձեռից գնում էր, իսկ նա ցանկանում էր որպես ՀՀ նախագահ փրկել և… ընտրվեց, էլ փրկելը ո՞նց է լինում: Չփրկելու պես բան է… փրկելը: Զգացել ենք, որ Սերժ Ազատիչի ձեռից ամեն ինչ գալիս է: Օրինակ, ես ուզում եմ հավատալ, որ նա կարող է մարտի 1-2-ին կատարված սպանդի առիթով ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին նույն օր ու ժամին շարքի կանգնեցնել և ազատել, այո՛, բոլորին անխտիր, նրանց, նրանց ընտանիքների անդամների համար ստեղծել առողջությունը վերականգնելու ծախսատար պայմաններ, անազատության մեջ գտնված ամեն օրվա համար ամեն մի ազատված քաղբանտարկյալի վճարել 300 դոլար, եթե շատ եմ ասում, թող լինի հազար դոլար, կրկնում եմ` ամեն մեկին, անազատ ապրած ամեն օրվա համար, առանց պահումների` իբր նախագահ եղած ՌՔ-ի և վերջինիս կցված ընկերների (Աղվան Հովսեփյան և այլք) և մյուսների անձեռնմխելի ֆոնդից, պահուստային ֆոնդից, բանդիտ ընկերների փոխանցումներից: Նրանց ունեցած դղյակներից, էլիտար բնակարաններից, շքեղ մեքենաներից, ռեստորաններից, սիրուհիներից և այլ բաներից տրամադրել ազատամարտիկներին: Մտածելով, որ դրանք երբեք հարամ պատառներ չեն, ժողովրդի և հենց ազատամարտիկների քրտինքն ու արյունն են:
…Ազատ, անկախ Հայաստանը` իր Արցախով, իր Ջավախքով, իր սփյուռքով պետք է ապրի` երբեք զոհը չդառնալով իր անկիրթ, ագահ իշխանավորների, չդառնալով զոհն իր դավաճան, օտարահաճ, անառակ զավակների ու նրանց շողոմքոր տերերի գայթակղիչ թելադրությունների, խոստումների ու ազատ շարադրությունների: Տուն ու բերան չկա, որ առավոտ լուսո-մայրամուտ չխոսեն հայոց ջահել արյունով ազատագրված հայոց տարածքները թշնամուն հանձնելու մասին։ Եթե այդպես լինի, դրանով մենք խաչ կդնենք ոչ միայն եկող, այլև անցած մեր բոլոր հաղթանակների վրա։ «Միացում» ազգային նախաձեռնությունն ազդարարում է. «Զիջելով ազատագրված տարածքները՝ մենք նորից աքցանի մեջ ենք թողնելու Արցախն ու կորցնելու ենք այն, հաշված տարիներ անց։ Իսկ կորցնելով Արցախը՝ մենք կորցնելու ենք մեր ուժն ու ոգին, դիմադրությունն ու հավատը, ուստի կորցնելու ենք ողջ Հայաստանը»։
…Հարցերը շարունակվում են իմ մտքում. բանաստեղծ Գևորգ Էմինի ասածի` ես պատասխանն եմ ուզում: ՈՒզում եմ ինձնից, ձեզնից, բոլորից: Ես չեմ կարող ամաչելով ապրել իմ տանը, իմ հայրենիքում: Ժողովրդին տնահալած, հայրենահալած են դարձնում օտարահաճ իշխանավորները: Նրանք հայ մարդու և հայ հողի աստվածատուր շնորհից ընկածներն են: Ի՞նչ անել, ինչպե՞ս շարունակել կյանքը հարցերի երկիր Հայաստանում, որը, ասում-երգում են՝ դրախտավայր է կամ դրախտավայր է եղել:
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու անդամ, գրող

Դիտվել է՝ 4983

Մեկնաբանություններ