Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Վախենամ մնանք չոր թոշակի հույսին»

«Վախենամ մնանք չոր թոշակի հույսին»
10.02.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄ
Անկախությունից ի վեր հայաստանյան տնտեսության վերելքն ու վայրէջքը պայմանավորված են այն իրողությամբ, թե որքան հայեր կմեկնեն Հայաստանից և ապրուստի ու գոյության միջոցներ կփնտրեն արտերկրում: Այս հանգամանքը փրկության օղակ դարձավ 1992-94 թվերին, երբ երկրի ներսում տնտեսությունը կաթվածահար էր, սակայն դրսում կարելի էր դրամ վաստակել` հոգալով նաև Հայաստանում մնացած հարազատների կարիքները: Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների աճին զուգընթաց աստիճանաբար բարելավվում էին կյանքի պայմանները, աշխուժանում էին առևտուրն ու սպասարկման ոլորտը, աշխատատեղեր էին բացվում: Սակայն այսօր, տնտեսական ճգնաժամի պայմաններում, հայաստանցիներին ծանր օրեր են սպասում, քանի որ հիմնական սնուցող օղակները` ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը, իրենք են ուղիներ փնտրում հաղթահարելու վերջին 60 տարիների ամենաբարդ տնտեսական ճգնաժամը։
Վերջերս Լոռվա մարզ այցելության ժամանակ, որտեղից արտերկիր ժամանակավոր աշխատանքի է մեկնում տղամարդկանց մեծ մասը, զրուցեցինք մի քանի «ստաժավոր խոպանչիների» հետ, որոնք դեռևս հույսը չէին կտրել, որ այս տարի ևս մեկնելու են Ռուսաստան: Այն հարցին, թե ինչ են մտադիր անել այս պայմաններում, նրանցից մեկը պատասխանեց. «Դե, գնալու ենք, որ չգնանք, լավ չի լինի: Էս երեխեքին ու հալիվորներին որ չօգնենք, գյուղի եղածով դժվար թե յոլա գնան: Թե չէ դուրս ա գալիս, որ գյուղացին մի գլուխ հողի վրա ծախս է անում, իսկ հողը համարյա բան չի վերադարձնում, անասուն էլ պետք է շատ ունենաս, որ մի բան հասկանաս: Չէ, ինչ էլ լինի, անպայման գնալու ենք»:
Իսկ արդյո՞ք չեն վախենում, որ գնալու պարագայում աշխատանք չեն գտնի։ «Ճիշտ է, դժվար է, բայց մեզ այնտեղ արդեն ճանաչում են որպես լավ գործ անողների,- ասաց մյուս զրուցակիցս:- Նույնիսկ ռուս գործատուն մեզ վստահում է, քանի որ գիտի` մենք որ գործը սկսեցինք, կիսատ չենք թողնի։ Թե չէ, մանավանդ շինարարությունում աշխատող ռուսը, հենց ռոճիկը ստանում է, մի քանի օր գործի չի գալիս, խմում է ու խմում: Մի դեպք պատմեմ: Մի անգամ հայերով ընդմիջման ժամին խմում էինք: Ռուս պրարաբը հարցրեց` բա որ խմում եք, ո՞նց եք գործ անելու: Սակայն, երբ տեսավ, որ ընդմիջումից հետո էլ նորմալ աշխատում ենք, էլ էդպիսի հարցեր չէր տալիս»։
Թեև այս մարդիկ այլ միջոց չեն տեսնում, քան կրկին Ռուսաստան մեկնելն ու այնտեղ աշխատելը, այնուամենայնիվ, արդեն իսկ դրսի տնտեսական ճգնաժամի արձագանքները հասել են Լոռվա ձորերը: Մասնավորապես, ալավերդցի 64-ամյա մի կին, ում տղան արդեն տասը տարի Ռուսաստանում է բնակվում, ասաց. «Մինչև վերջերս տղաս կանոնավոր ամիսը 300 դոլար էր ուղարկում ինձ, կնոջն ու երկու երեխաներին: Դե, ոչ ես եմ աշխատում, ոչ կինը, երեխաներն էլ ուսանող են: Դեկտեմբերին թե՛ ինքն էր գալիս, թե՛ գալուց էլ մի 1000 դոլար էր բերում։ Այս Նոր տարուն չեկավ, ուղարկած փողն էլ մի 300 դոլար էր: Հունվարին էլ 100 դոլար է ուղարկել, ասում է` գործերը շատ վատացել են, ու ինքն էլ չգիտի, թե ոնց է փող ուղարկելու: Այնպես որ` վախենամ մնանք իմ չոր թոշակի հույսին, որը եղած-չեղած մի հաշիվ է»:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6194

Մեկնաբանություններ