ՄԻ ԳԵՐԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ
Հանդուգն փորձության ենք ենթարկվել՝ միանալու մեր այն մտավորականներին, ովքեր ջանում են հայոց ակադեմիական պատմագիտության մերժած հայոց հնագույն պատմությունը գիտական դաշտ վերադարձնել: Բայց քանի որ իշխանությունն ու իրավունքը գտնվում են այնպիսի մարդկանց ձեռքին, որոնք կարողանում են պատմական իրողությունները տեղափոխել հազարամյակից հազարամյակ կամ ապացուցում են, որ որդու մահից չորս հարյուր տարի հետո հայրը թագավորական նոր դինաստիայի հիմք է դնում, ամենուր հանդիպում ենք արգելապատնեշի: Եվ ահա, մեկը մյուսին հետևում են մեղադրանքներ, թե մեր աշխատանքն իբր «փորձ է կասկածի տակ առնելու հայ և օտարազգի մասնագետների՝ հայոց պատմության գիտական ուսումնասիրությունների հավաստիությունը»: Այդ առնչությամբ մեր հերթական ընդդիմախոսի՝ հնագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պ. Ավետիսյանի ծայրահեղ միտումնավորությունն ու դոկտորական ամբարտավանությունն այն աստիճան վրդովեցուցիչ էին, որ երկար ժամանակ չէինք կարողանում հաղթահարել մեր հիասթափությունն ու վրդովմունքը: Ժամանակ էր հարկավոր ուշքի գալու, հավասարակշռված հայացքով նրա լարախաղացություններին անդրադառնալու համար: Եվ ստացվեց ներկա պատասխանը:
Իր «Կարծիք»-ի առաջին իսկ պարբերությամբ Պ. Ավետիսյանը զրպարտում է մեզ, եթե մեզ է վերագրում մեղադրանքը, թե «վերջին տարիներին... երկրանունների, տեղանունների, առասպելների հերոսների, աստվածների անունների ստուգաբանությունները փոխարինելու են եկել պատմական սկզբնաղբյուրներին»: Բայց օդում կրակած այդ մեղադրանքն այն «զորավոր» միջոցն էր, որ պետք է տպավորություն ձևավորեր: Մինչդեռ մենք ընդամենը մեր ուժերի ներածի չափով ի մի ենք բերել վերջին տարիների պատմագիտական, լեզվագիտական, անհրաժեշտ չափով նաև հնագիտական ձեռքբերումները:
Առաջին հարցը, որ «զարմանալի հայտարարություն» է որակվում ընդդիմախոսի կողմից, մեր այն պնդումն է, թե Խորենացին հայ ժողովրդին ներկայացնում է տեղաբնիկներ և ոչ եկվորներ: Իրոք, եթե կառչենք Խորենացու այն արտահայտությունից, թե Հայկը «չվեց գնաց Արարադի երկիրը», այս անգամ էլ հայերի եկվորությունն արևելքից կստացվի: Բայց հաջորդ պարբերությամբ Խորենացին հստակեցնում է, թե ինչ երկիր է եկել Հայկը: «Գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այդ լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն՝ թե այստեղ բնակվողները հայրեր են Թորգոմի տան սերունդի» (Մ. Խորենացի, Հ. պ., էջ 86): Հայկը հենց Թորգոմի որդին է և վերադարձել է իր հայրական տունը:
Որ Հայկն իր հայրական՝ թորգոմյան տնից է գնացել ու մասնակցել աշտարակաշինությանը, երևում է նաև նրանից, որ նրա հակառակորդ Բելն էլ Եթովպիայից է եկել Բաբելոն` նույն նպատակով, աշտարակաշինությանը մասնակցելու նպատակով: «Եվ ժամանակագիրներից շատերը Նոբրովթի, որ Բելն է, եթովպացի եղած ասելով, համոզեցին մեզ, որ այդպես ստույգ է, Նեբրովթը, այսինքն՝ Բելը, եթովպացի է եղել» (Մ. Խորենացի, Հ. պ., էջ 77):
Միֆոլոգիական թանձր շղարշով պատած այս հաղորդումների հիմքում ընկած է պատմական իրականությունը: Սեմական ցեղերի կողմից Բաբելոնին ու նրա շրջականերին տիրելու պատմական իրողությունն իր միֆական մարմնավորումն է ստացել Նեբրովթ-Բելի կերպարում: (Բելը բռնանում ու տիրում է բոլորին+Հայկը չի հնազանդվում Բելին=սեմական ժողովրդի ու հայերի դարավոր հակամարտություն՝ մարմնավորված Հայկի ու Բելի կռվում):
ՈՒշագրավ է, որ Խորենացին, լինելով Աստվածաշնչի խիստ ազդեցության տակ, չի բավարարվել դրանով, որոնել-գտել է արտաքին հեղինակներ, ովքեր լրացնում են Աստվածաշնչի բաց թողումները, բայց ովքեր Աստվածաշնչին համարժեք միֆոլոգիական բացատրություն են տալիս աշխարհաստեղծման, ժողովուրդների ծագման ու տարածման և նման հարցերին: Եվ ահա, տարալեզու ժողովուրդների առաջացման առեղծվածը լուծվում է աշտարակաշինության խափանմամբ, որի հիմքում ընկած է Շամիրամին վերագրվող պաշտամունքային հսկա կառույցի փլուզման հուշը: Այդ առնչությամբ արտաքին աղբյուրները վկայում են, թե աշտարակաշինությանը մասնակցում էին տարբեր տեղերից հավաքված հսկաները, որոնց թվում` Նեբրովթ-Բելը՝ Եթովպիայից, Մեստրայիմ-Մեծրայիմը՝ Եգիպտոսից, նույն տրամաբանությամբ էլ՝ Հայկը՝ Արարադից: Այդ առնչությամբ Խորենացին վկայակոչում է նաև Աբյուդենոսին, որը Քամի ու Հաբեթի սերունդների տոհմաբանությունը վերջից սկիզբ բերելով՝ հասնում է Բելին ու Հայկին և արձանագրում. «Հայկի, որ դուրս եկավ Բելին հակառակորդ և միաժամանակ նրա կյանքին վերջ դնող» (Մ. Խորենացի, Հ. պ., էջ 77): Հետևապես, ոչ միայն հայոց բանավոր զրույցներում, այլև Աբյուդենոսի Պատմության մեջ արձանագրված Հայկի և Բելի հակամարտությունը պատմական իրողություն է և փաստում է Հայկի՝ Արարադի երկրից լինելը:
Կատարյալ խեղաթյուրում է ընդդիմախոսի այն պնդումը, թե «հետաքրքիր է, եթե մ.թ.ա. 5-րդ դարից շրջանառվում է հայերի վերաբնակիչ լինելու հարցը, ինչպե՞ս է այն ձևավորվել 19-րդ դարում», և մեզ դաս է տալիս. «Պարզապես պետք է ծանոթ լինել լեզվաբանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին»: Նախ՝ մի կողմ թողնենք, թե լեզվաբանությունն ինչ գործ ունի այդ կոնտեքստում, և հայտնենք, որ, այնուամենայնիվ, մենք որոշ չափով տեղյակ ենք «լեզվաբանության ոլորտում կատարված» ձեռքբերումներին, և այն արտացոլվել է մեր աշխատության առաջին գլխում, հիմնավորել մեր ժողովրդի՝ որպես ինքնուրույն էթնո-լեզվական հանրության պատմական ասպարեզ գալու ժամանակը: Ապա՝ չենք կարողանում որոշել, թե մեր ընդդիմախոսն իրականում չի՞ կարողանում առասպելն ու ենթադրությունը տարբերել պատմական փաստերից, չի՞ կարողանում առասպելների հիմքում ընկած պատմական իրականությունը տեսնել, թե՞ մեզ վարկաբեկելու համար միջոց չի գտել և մեզ դարձրել է Ստրաբոնի հետ հանիրավի բանավիճող:
Վատ չէր լինի, եթե պարոն դոկտորը իրեն նախորդող մեծերի գրածներն անգիր սերտելուց և փոխասաց մոնթի պես կրկնելուց բացի, թռուցիկ նայեր նաև բուն սկզբնաղբյուրին: Հերոդոտոսը բավարար չափով գիտեր Հայաստանի և հայերի տեղը: Հերոդոտոսը գիտեր, որ Եփրատ գետը սկիզբ է առնում Հայաստանից, Հայաստանում ուռենիների ճյուղերով նավեր էին պատրաստում և իրականացնում աշխույժ առևտուր Բաբելոնի հետ, որ «Կիլիկիայի և Արմենիայի սահմանը նավարկելի գետն է, անունը՝ Եփրատ» (Հերոդոտոս, էջ 307), որ «արմենները ևս, լինելով փռյուգիական վերաբնակիչներ, զինված էին փռյուգիների նման» (էջ 409), այսինքն՝ ճիշտ այնպիսի վերաբնակիչներ, ինչպիսիք հնդկահայերն էին, որոնք միանալով անգլիական գաղութարարների դեմ ծավալած հնդիկ ժողովրդի պայքարին, դարձան նաև այդ պայքարի ղեկավարներից: Նույն կերպ հայերն իրենց դրսևորեցին Լեհաստանում, Հունգարիայում և այլուր:
Չգիտենք, թե երբ պետք է մեր ակադեմիական մտածելակերպի կրողներին հասու դառնա, որ այն հեռավոր ժամանակներում Հունաստանը զբաղեցնում էր այնպիսի դիրք, ինչպիսին ժամանակակից ԱՄՆ-ն է. ամեն ինչ հարմարեցնում էին իրենց գաղութատիրական ծրագրերին, ամեն ինչի սկիզբն ու ելակետն իրենք էին, իրենց Զևսն ու հերոսները՝ առանց սանձելու սեփական երևակայությունը: Կա՞ր այն ժամանակ հայտնի մի ժողովուրդ, որ իրենց ստվերի տակով անցկացրած չլինեին: Նույնիսկ պատերազմներում աչքի ընկած սկյութները չէին կարող իրենց «ստեղծագործությունը» չլինել: Հեռավոր ցուրտ երկիր ընկած Հերակլեսը կորցրած ձիերը գտնում է մեկի մոտ, որի ազդրերից վերև կին է, ազդրերից ներքև՝ օձ: Եվ այդ արարածի հետ կենակցելով՝ լույս աշխարհ է հանում Սկյութեսին, որից էլ բազմանում է մի մեծաթիվ ռազմունակ ժողովուրդ: Զևսի ու Դանայայի որդի Պերսևսը հասնում է Պարսկաստան, այնտեղ երեխա ունենում, որը դառնում է պարսիկների անվանադիրը: Ստրաբոնի Արմենիոսի «կաթնեղբայրը» Զևսից ծնված Պերսևսն է: Մենք համոզված ենք, որ ոչ մի պարսիկ պատմաբան կշեռքի վրա չի դնի Հերոդոտոսի այդ վկայությունը: Մինչդեռ մեր պատմաբաններն ավելի քան մի հարյուրամյակ է, ինչ Ստրաբոնի այդ (բարեգործությունը) գրքից գիրք փոխանցելով՝ հասցրել են մերօրյա 6-րդ դասարանի դասագիրք: Ահա թե ինչու անտիկ աշխարհի սկզբնաղբյուրներից օգտվելու ժամանակ պետք է կարողանալ գտնել իրականն ու պատմականը և ոչ թե ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել:
Այս առնչությամբ չենք կարող շրջանցել մի իրողություն ևս: Երբ ազգային ինքնագովության առիթ է լինում, բերաններս բացում ենք մինչև ականջների տակը: Իսկ մեր ազգային մտածելակերպում խոր նստվածք ունեցող թերությունների մասին համեստորեն լռում ենք:
Նման հատկանիշներից է մեր անսահման օտարամոլությունը, ստրկական բարեխղճությամբ օտարներին մեզնից վեր դասելու, նրանց նմանակելու ձգտումը, որը հաճախ թողնում է անկանխատեսելի հետևանքներ: Դրա կենդանի վկայությունը չէ՞ այն իրողությունը, որ Մաշտոցի կրտսեր աշակերտները, Ալեքսանդրիայում ծանոթանալով հունական բարձր մշակույթին ու կանոնակարգված լեզվին, հունարեն լեզվի օրենքները փաթաթեցին մեր լեզվի վզին, որով այն դարձավ գրաբար: Ավելի քան 1500 տարի պահանջվեց նրանց մտցրած արհեստականությունից լեզուն ազատելու համար: Մի՞թե այդպես չենք նաև այսօր:
Թուրք ժողովուրդը գոնե մի բառով մասնակից է եղել մարդկային քաղաքակրթությանը: Երևույթն ամենայն ճշգրտությամբ բնորոշող այդ բառն առաջավոր Եվրոպան լղոզեց, «քաղաքակրթեց», դարձրեց միասեռական, այդ էլ քիչ համարելով՝ վերանվանեց սեռական փոքրամասնություն, մարդու իրավունքների խաբկանքով բարձրացրեց պետական քաղաքականության մակարդակի, իրականում մարդ արարածին դրեց շատ ավելի ցածր վիճակում, քան անասնատեսակներն են, որոնք «սեռական փոքրամասնություն» չեն ճանաչում: Իսկ ի՞նչ արեցինք մենք: Թռանք Եվրոպա, ստորագրեցինք «սեռական փոքրամասնության» պաշտպանության անարգական հռչակագրի տակ:
Մտածելակերպի ու հոգեբանության նույն նստվածքն է գործել նաև հայերի եկվորության կանխադրույթը ստեղծողների մոտ: Եվրոպայում կրթություն ստացած մեր բազմավաստակ մտավորականները, հնդեվրոպական հանրությունից հայ ժողովրդին դուրս չթողնելու մտահոգությամբ, ձեռքները մինչև ստրաբոնյան փրփուրին մեկնեցին՝ բանաձևելով. «Որտեղ հնդեվրոպական հանրության նախահայրենիքն է եղել, այնտեղից էլ հայ ժողովուրդն է եկել»: Ի հակադրություն հայոց ակադեմիական պատմագիտության, և հաշվի առնելով ու հիմք դարձնելով գիտության մեջ կատարված վերջին ճշգրտումները, մենք պնդել և պնդում ենք, որ հազարամյակների ընթացքում և մինչև մեր օրերը հայ ժողովրդի տեղաշարժերը եղել են բուն հայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից դեպի աշխարհի տարբեր ծագեր, հասել են, ասենք, Լատինական Ամերիկա, այնտեղ հիմնադրել Արմենիա քաղաք: Եվ ամենուր երևում են տեղաշարժվածների իրեղեն հետքերը՝ տեղանունների, եկեղեցիների, մշակութային այլ հաստատությունների տեսքով: Նույնիսկ հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը Հերակլից հետ գնեց մեր Լոռին, բայց չկարողացավ վերադառնալ հայրենիք՝ իր գնածին տեր դառնալու: Մեծ Եղեռնից հետո է միայն, որ մեր հայրենիքի ավերակված նահանգներից ներհոսք է կատարվել Արևելյան Հայաստանի միջնաշխարհը, մեկ էլ Հայրենական պատերազմից հետո՝ Ստալինի թողտվությամբ: Իսկ այսօր էլ հույսով սպասում ենք, որ ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված հայերի և վերջերս էլ մի կտոր հացի համար հայրենիքը լքածների ինչ-որ մասը կվերադառնա հայրենիք: Մենք 1828-1829 թթ. չենք հաշվում, որովհետև դրանք տեղափոխություններ են եղել:
Ամուր կանգնած մնալով հայերի եկվորության կանխադրույթի դիրքերում՝ ընդդիմախոսը քամահրանքով գրում է. «Արտառոցն այն է, որ հարյուրավոր գիտական հոդվածների, մենագրությունների առկայության դեպքում, որոնցում բազմիցս վկայված են ծովի ժողովուրդների անունները... հեղինակը նման խնդրին ծանոթ է օրաթերթերից»: Համեստորեն հայտնենք, որ փոքր-ինչ ծանոթ ենք եթե ոչ հոդվածներին, ապա մենագրություններին և գիտենք, թե ինչ տեսություններ են ստեղծել «ծովի ժողովուրդների» շահարկումներով, թե ինչպես «առաջին հազարամյակի հայերը հանդիսանում էին տեղական խեթական (գերազանցապես «հիերոգլիֆ խեթական») բնակչության և թրակա-փռյուգական «մուշկերի» ցեղերի խառնուրդ» (ՀԺՊ, հ.1, 235), թե ինչպես են եգիպտական տարբեր փարավոնների պատերազմների ժամանակ հիշատակված ցեղերի ու ժողովուրդների անունները կարկատել «ծովի ժողովուրդներին» և ներկայացրել ճշմարտության տեղ: Ահա թե ինչու ենք վկայակոչել Ռ. Իշխանյանի օրաթերթային հոդվածը, որտեղ հեղինակը պնդում է, թե անձամբ ստուգել է սկզբնաղբյուրը:
Էլ չենք խոսում այն մասին, որ շահարկելով մի թվական վրիպակ, նշում է. «Արդյունքում պարզում ենք, որ Արամի որդի Արան ապրել և գործել է հորից 200 տարի անց»:
Մեր ընդդիմախոսն «ընտիր» վերագրումների, քամահրանքի ու ծաղրի լայն դաշտ է բացում արդեն, երբ հասնում է Վանի Արարատյան թագավորությանը: «Այս շարադրանքն արդեն հումոր է հիշեցնում: Հեղինակն անգամ չգիտե, որ Վանի կառուցման պատիվը եկվորության հեղինակները «վերագրում են» Սարդուրիին և ոչ թե Մենուային»: Նախ, տեսնենք, ինչ է ասում «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակությունը: «ՈՒրարտական շինարարական արձանագրությունների մի զգալի մասը կապված է Մենուա թագավորի անվան հետ, որի օրոք պետության մայրաքաղաքը՝ Տուշպան (հայկական աղբյուրների Վան-Տոսպը), դառնում է մեծ ու բարեկարգ քաղաք և ջրանցքով խմելու ջուր է ստանում Մժնկերտի ժայռից» (ՀԺՊ, հ.1, էջ 351): Սարդուրիի համար էլ մեջ է բերվում նրա արձանագրությունը՝ առանց նրան վերագրելու քաղաքը կառուցելու պատիվը: «Այս քարերը Ալինուա քաղաքից ես բերեցի (և ) այս պարիսպը կառուցեցի» (ն. տ., 290): Այնուհետև ավելացվում է. «Ավանդությունն անիրավացի է գտնվել Մենուայի նկատմամբ... ՈՒրարտական շատ շինություններ, օրինակ՝ Տուշպա քաղաքը, ջրանցքն ու ամրոցները վերագրվել են Ասորեստանի Շամիրամ թագուհուն» (ն. տ., 353): Ինչպես տեսնում ենք, ակադեմիական հրատարակության հեղինակները գոնե այս հարցին այնքան զգաստ են վերաբերվել, որ քաղաքի կառուցումը չեն վերագրել որևէ մեկին: Որ բոլոր տիրակալները, անկախ ազգությունից և ժամանակից, շինարարական գործունեություն պետք է ծավալեին, անառարկելի իրողություն է, որ Վանի թագավորները ևս կատարել են նման ձեռնարկումներ, փաստված է: Բայց որ մի պարիսպ կառուցելու համար մեր ընդդիմախոսը Վանի կառուցումը վերագրում է Սարդուրիին, դա արդեն իր գործն է. մենք «հումորի» տրամադրություն չունենք և ամենայն «լրջությամբ» խորհուրդ ենք տալիս մեր դոկտորին, որ դիմի Ազգային ժողովին՝ Երևանի կառուցումն էլ Ռոբերտ Քոչարյանին վերագրելու պահանջով. չէ՞ որ նրա նախագահության օրոք ոչ թե մեկ, այլ անթիվ կառուցումներ են կատարվել. էլ չենք խոսում այն մասին, որ կատարված մեջբերման մեջ «օտարահպատակ» Տուշպան դառնում է «հայկական աղբյուրների Վան-Տոսպ», օտարվում հայկականությունից:
Դեռևս մ.թ.ա 5-րդ դարի պատմիչ Կտեսիաս Կնիդացին, նրանից օգտված Դիոդորոս Սիկիլիացին են արձանագրել, որ Նինոսի ստեղծած ասորական թագավորությունը գոյատևել է ավելի քան 1300 տարի, մինչև Սարդանապալը, որի օրոք մեդացիները կործանեցին այն: Նինոսին փոխարինած Շամիրամի մասին վկայում են, որ կառուցել է Բաբելոն քաղաքը և Բելին նվիրված այն հռչակավոր աշտարակը, որի փլուզվելու շուրջը ստեղծվել է աշտարակաշինության առասպելը: Խորենացին, իրեն հայտնի սկզբնաղբյուրներից օգտվելով, ներկայացրել է Շամիրամի կողմից Վանի կառուցումը: Բայց, անկախ այդ ամենից, միայն այն փաստը, որ ժողովուրդն ավելի քան 4 հազար տարի իր հիշողության մեջ ամրագրել է Շամիրամի կառուցած ջրանցքի հիշատակը և հասցրել 20-րդ դար, որ իրար դիմաց գտնվող երկու լեռնագագաթներ մինչև այսօր էլ կոչում է Արայի ու Շամիրամի անուններով, որ մեր միջնադարյան պատմիչներ Մխիթար Գոշը և Վարդան վարդապետն են նույնիսկ Արցախում արձանագրել Շամիրամաբերդ, Շամիրամաձոր տեղանուններ, խոսում է Շամիրամի պատմականության, մեր երկրի հետ ունեցած տևական առնչությունների, Խորենացու կողմից Վանի կառուցումը Շամիրամին վերագրելու ճշմարտացիության մասին, և դոկտորի հումորը հետադարձ ընթացքով վերափոխվում է ծաղրի սեփական գիտնականության նկատմամբ:
Անդրադառնալով շումերերեն-հայերեն բառային ընդհանրություններին և այն համարելով փոխառություն շումերերենից, որովհետև դրանք առաջին անգամ շումերական աղբյուրներում են արձանագրվել, միաժամանակ ենթադրել ենք, որ որոշ բառեր էլ կարող էին հայերենից փոխանցվել շումերերենին, և մատնանշել ենք «պատ» բառը, որը որպես հասկացություն պետք է ստեղծվեր լեռնային ցուրտ երկրում՝ դառնալով ցրտից պաշտպանվելու միջոց, մինչդեռ հարավային տաք երկրներում մինչև վերջերս էլ ապրում էին վրաններում: Այս առիթով արդեն ընդդիմախոսը չափ է գցում իր երևակայության ձին. «Բայց շումերական լեզվի պատմական ասպարեզ մտնելուց ավելի քան երկու հազարամյակ առաջ, Շումերի տարածքում մեծ քանակությամբ բնակավայրեր կային... գոյություն ունեին մի քանի տասնյակ հազար բնակիչով բազմաթիվ քաղաքներ, որոնց հնագույն շերտերը վերաբերում են մ.թ.ա 6-5-րդ հազարամյակներին»:
(շարունակելի)
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ