Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայաստանի քաղաքական համակարգի վիճակն ավելի բարվոք չէ, քան Վրաստանինը

Հայաստանի քաղաքական համակարգի վիճակն ավելի բարվոք չէ, քան Վրաստանինը
15.08.2008 | 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ԴԱՍԵՐ
Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները կարևոր էին Հայաստանի համար ոչ միայն արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանում ուժերի իրական հարաբերակցության ճշտման, Ռուսաստանի և Վրաստանի հետ մեր հետագա փոխհարաբերությունների կառուցման առումով. դրանք առավել քան ուսանելի են հարևան երկրի ծանր փորձը Հայաստանում չկրկնելու տեսանկյունից, և խոսքը տվյալ դեպքում վերաբերում է պետության քաղաքական համակարգի կառուցվածքին։
Գաղտնիք չէ, որ հետխորհրդային հանրապետությունները, այսպես ասած, նույն անդաստանից դուրս եկած լինելով, միմյանց շատ նման են ինչպես տնտեսական կացության, այնպես էլ քաղաքական համակարգի կառուցվածքի առումով, որը, ինչպես ապացուցում է փորձը, շատ կողմերով հանդիսանում է արհեստական և այդ պատճառով էլ՝ անկայուն։ Իրական ժողովրդավարություն կառուցելու ձգտում հետխորհրդային երկրներից դրսևորել են միայն բալթյան պետությունները։ Ճիշտ է, նրանց պարագայում առկա էր հստակ վերաբերմունք Եվրամիության կողմից, որը Վիլնյուսին, Ռիգային և Տալլինին տվեց եվրոպական ընտանիքի մաս կազմելու իրական շանս՝ առաջարկելով որոշակի կոնկրետ ժամկետներում ազատվել խորհրդային համակարգի բացասական արժեհամակարգային ժառանգությունից։ Բայց, հանուն արդարության, պետք է նշենք, որ բալթյան երեք պետությունների քաղաքական էլիտաներն ու հասարակություններն էլ միասնական էին այդ ձգտման մեջ ու այդ պատճառով էլ ընդամենը 13 տարում կարողացան հասնել ցանկալի արդյունքի՝ դառնալով եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։
Հետխորհրդային այն պետությունները, որոնք հայտնվեցին ԱՊՀ կազմում, անցած 17 տարիներին գնացին այլ ճանապարհով։ Ժողովրդավարական բարեփոխումներն այս երկրներում ընթացան անհամեմատ բարդ ու խճողված, որոշ երկրներում էլ առհասարակ չիրագործվեցին։ Այսպիսով, ԱՊՀ-ն բաժանվեց երկու խումբ պետությունների, որոնցից առաջին խումբն Արևմուտքում այսօր բնորոշվում է իբրև կիսաժողովրդավարական (Ռուսաստան, ՈՒկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Տաջիկստան), որոնք կազմում են ԱՊՀ-ի կեսը։ Մյուս վեց պետությունները, այդ թվում և` նախկինում կիսաժողովրդավարական համարվող Ադրբեջանն ու Բելառուսը, այսօր Ղազախստանի, Ղրղզստանի, ՈՒզբեկստանի և Թուրքմենստանի հետ միասին, արևմտյան գնահատականներով` բացահայտ բռնապետություններ են, որտեղ ժողովրդավարությունը նահանջել է քաղաքական կյանքի հետնաբակերը։ Բայց նույնիսկ կիսաժողովրդավարական համարվող երկրները հեռու են բարգավաճման և կայունության կղզիներ լինելուց, քանզի այս երկրների քաղաքական համակարգերը շատ խոցելի են։
Դրա լավագույն ապացույցը հանդիսացան վրացական վերջին իրադարձությունները, երբ երկրի քաղաքական համակարգն այնքան էր միանշանակ կողմնորոշված դեպի Արևմուտք, որ Ռուսաստանի հետ ռազմական բախման պայմաններում Վրաստանում չգտնվեց գոնե մեկ ռուսամետ ուժ կամ կուսակցություն, որը փորձեր Մոսկվայի հետ երկխոսության մեջ մտնելով մեղմել երկրի նախագահի բացարձակապես չհաշվարկված քաղաքականության ծանր հետևանքները։ Ինչպես ռուսական հեռուստատեսությամբ հայտարարեց ավանդաբար Կրեմլի կարծիքը հանրությանն իր հաղորդման միջոցով փոխանցող մոսկովյան հայտնի վերլուծաբաններից մեկը, «մեզ համար միևնույնն են Սաակաշվիլին, Բուրջանաձեն կամ Գաչեչիլաձեն։ Բոլորն էլ երդում են տվել Արևմուտքին, և այդ մարդկանց հետ խոսելը կամ պայմանավորվելը բացարձակապես անիմաստ է»։ Այսինքն, Վրաստանի իշխանություններն այնպես են «մաքրել» քաղաքական դաշտը, որ նույնիսկ չեն մտածել գոնե արհեստական ռուսամետ ընդդիմություն ստեղծելու մասին, որն այսօր իր ազգային շահերի պաշտպանության հարցում որոշակի դիվանագիտական գործառույթներ կստանձներ։
Հայաստանի քաղաքական համակարգի վիճակն ավելի բարվոք չէ, քան Վրաստանինը։ Ճիշտ է, մեզանում կան ինչպես երդվյալ ռուսամետներ, այնպես էլ համոզված արևմտամետներ, բայց այդ կողմնորոշվածությունը, որպես կանոն, ուղղված է ոչ թե Հայաստանի ազգային շահերի պաշտպանությանը, այլ տվյալ աշխարհաքաղաքական բևեռի ներգործության ապահովմանը Հայաստանի ներքին կյանքում։ Այսպես, օրինակ, Ռուսաստանի նախագահի՝ Բաքու կատարած այցից հետո մեր ռուսամետները ոչ թե աշխատում էին Մոսկվային բացատրել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործակցության հուշագրի ստորագրման վնասակարությունը հայ-ռուսական հարաբերություններում, այլ բերանները փրփուր առած ձգտում էին ամեն կերպ հայ հասարակությանը համոզել, որ այդ փաստաթուղթը ոչնչով չի սպառնում Հայաստանի և Արցախի շահերին։ Ճիշտ նույն կերպ է վարվում մեր արևմտամետների մեծ մասը, երբ, ասենք, Հայաստանի նկատմամբ տարբեր շարժառիթներով Արևմուտքից ճնշում է լինում, ոչ ոք առանձնապես չի աշխատում այդ ճնշումը մեղմելու ուղղությամբ։ Իսկ եթե արևմտամետ ուժը նաև ընդդիմադիր է, ամեն ինչ անում է այդ ճնշումը խստացնելու համար։ Մինչդեռ Վրաստանի նախագահի անձնական փորձը ցույց տվեց, որ որևէ արտաքին ուժի մինչև վերջ նվիրված լինելն ավելի խոցելի է դարձնում և՛ երկիրը, և՛ քաղաքական գործչին, որովհետև այդ արտաքին ուժը միշտ էլ մեկ այլ հզոր արտաքին ուժի հետ պայմանավորվելու հնարավորություններ ունի, և այդ պայմանավորվածության գինը դառնում են տվյալ գործիչն ու նրա երկիրը։ Այսպիսով, Սաակաշվիլու փորձը պետք է որ զգուշացման ազդակ հանդիսանա Հայաստանի քաղաքական համակարգի համար, որպեսզի երկրի քաղաքական էլիտան աշխատի բացառապես մեր շահերի շրջանակում։
Վրացական իրադարձությունների հաջորդ դասը գաղափարական քաղաքական դաշտ ձևավորելու անհրաժեշտությունն է։ Եթե մենք ուզում ենք արտաքին դաշտում հարևանների դառը փորձը չկրկնել, պետք է ունենանք իսկապես գաղափարական կուսակցություններ, որոնք օր ու մեջ չփոխեն իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումն ու սոցիալ-տնտեսական ծրագրերը, որպեսզի կարողանան կանոնավոր և երկարաժամկետ գործընկեր հանդիսանալ արտաքին դաշտի համապատասխան ուժերի հետ։ Համաձայնենք, որ եթե մի կուսակցություն մի տարի ազգայնական է, երկրորդ տարին՝ լիբերալ, երրորդ տարին՝ սոցիալիստ, ոչ մի արտաքին ուժ լուրջ երկխոսություն չի վարի այդ քաղաքական կազմակերպության հետ։ Առավելագույնը՝ կձգտի այդ կուսակցությանը պարզապես օգտագործել իր կարճաժամկետ շահերի բավարարման համար, քաջ գիտակցելով, որ օր ու մեջ կողմնորոշում փոխող ուժը չի կարող կայուն գործընկեր լինել։
Եվ վերջին, թերևս, ամենակարևոր սկզբունքը քաղաքական կուրսի ամենօրյա հետևողականությունն է, որին մեր քաղաքական այրերն ու ուժերը հավատարիմ լինելու այնքան էլ ձգտում չունեն։ Լավագույն և թարմ օրինակը Արտաշատի թիվ 17 մեծամասնական ընտրատարածքում ստեղծված իրավիճակն է։ Հայտնի է, որ ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի դեմ առաջադրված միակ ընդդիմադիր գործիչը՝ Գրիշա Վիրաբյանը, նախօրեին պաշտոնապես հանեց իր թեկնածությունը, և նախագահի աշխատակազմի ղեկավարն արդեն շատ հանգիստ կարող է քվեարկվել հպարտ մենության մեջ. պատգամավորական մանդատը ընտրություններից առաջ նրա գրպանում է։ Բայց ինչի՞ց ստեղծվեց այս իրավիճակը։ Այն ցավալի իրողությունից, որ մեր արմատական ընդդիմությունը մինչև վերջ էլ չկարողացավ կողմնորոշվել՝ պաշտպանո՞ւմ է Գրիշա Վիրաբյանին այդ ընտրատարածքում, թե՞ չի պաշտպանում։ Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն աննախադեպ թեթևությամբ օրեր առաջ հայտարարեց, թե դա ընդդիմադիր կոնգրեսի շրջանակներում ամենակենսական հարցը չէ։ Բա էլ ո՞րն է ամենակենսականը։ Կոնգրեսի հիմնադրման ժամանակ Տեր-Պետրոսյանն ինքն էր հայտարարում, որ այդ քաղաքական ուժն ակտիվ պետք է մասնակցի բոլոր մակարդակների ընտրություններին։ Մինչդեռ այսօր նույնիսկ Երևանի համայնքներում ընդդիմությունը չունի միասնական թեկնածուներ։ Քանաքեռ-Զեյթունում Էմանուել Գասպարյանը, իսկ Արաբկիրում՝ «Ժառանգության» թեկնածուն առաջադրվել են գրեթե սեփական ուժերով. միասնական ընդդիմությունը նրանց պաշտպանելու որոշում չի ընդունել և կարծես չի էլ պատրաստվում դա անել։ Եվ հետո զարմանում են, թե ինչու «Ժառանգությունը» չի ընդգրկվում ընդդիմադիր կոնգրեսի կազմում։
Վերոնշյալն ընդամենը մի օրինակ է, բայց, ցավոք, քաղաքական կուրսի հետևողականության բացակայությունը կամ պատեհապաշտությունն է Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական բնորոշիչներից մեկը։ Տեսնում ենք, թե նույն խնդիրն ունեցող Վրաստանն ինչ գին վճարեց դրա համար։ Եվ եթե այս անգամ աղետը մեր կողքով անցավ, բոլորովին չի նշանակում, թե մուժիկը պիտի խաչակնքվի միայն այն ժամանակ, երբ կայծակն արդեն խփել է։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5994

Մեկնաբանություններ