Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ինջիրլիքին» որոնվում է այլընտրանք

«Ինջիրլիքին» որոնվում է այլընտրանք
16.01.2009 | 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն արդեն ստացել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի որոշումը` նախնական կազմակերպչական միջոցառումների մշակման մասին, որը ենթադրում է Լիբանանում ռազմաօդային բազայի ստեղծում` ծովային ենթակառուցվածքի ներառումով։ ԱՄՆ-ի այդ ռազմաօդային բազան ենթադրվում է տեղակայել Լիբանանի ծովափնյա հատվածում, Ջաբել և Տրիպոլի քաղաքների միջև ընկած հատվածում։ Ենթադրվում է, որ կլայնացվի այդ շրջանում արդեն իսկ գոյություն ունեցող օդանավակայանի թռիչքուղին` 1400 մետրից հասցնելով 2400 մետրի, ինչը միանգամայն համապատասխանում է ռազմաճակատային ավիացիայի, ինչպես նաև առաջին և երկրորդ կարգի ամերիկյան ռազմական օդանավերի տեխնիկական շահագործման պահանջներին։ Ապագա ռազմաբազայի տարածքը գտնվում է Լիբանանի բացառապես քրիստոնյաներով բնակեցված հատվածում և, միաժամանակ, հարաբերական առումով բավական հեռու է սուննի և շիա մահմեդականների բնակության շրջաններից։ Հավանական է, որ այս բազան ներառելու է տարաբնույթ նշանակության բազմաթիվ ռազմական օբյեկտներ, այդ թվում` ռազմական հոսպիտալ, և, ըստ այդմ, չի բացառվում, որ ապագայում այստեղ կտեղակայվեն նաև ԱՄՆ-ի ցամաքային ուժերի կամ ծովային հետևակի ստորաբաժանումները։
Վերոնշյալ բազայի առաջնահերթ խնդիրն են համարվում Իրաքում ռազմական գործողությունների շարունակականության պայմաններում ռազմական տրանզիտի ապահովումը, ռազմական ինքնաթիռների վերալիցքավորումը, զինծառայողների բուժումն ու հանգիստը։ Սակայն բազայի գործառույթները հետագայում կարող են ընդլայնվել` նկատի ունենալով Սիրիայի, Իրանի և առանձին արաբական արմատական խմբավորումների դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները։ Վերոնշյալ բազայի ստեղծումը ենթադրում է լիբանանյան չափանիշներով զգալի տարածքի վարձակալում` նշանակալի ծավալներով անվտանգության գոտի ստեղծելու համար։ Միաժամանակ հավանական է, որ այդ բազան կարող է արդյունավետ գործել երկու այլ բրիտանական բազաների հետ համատեղ ռեժիմում, որոնք տեղակայված են Կիպրոսի հունական ու թուրքական հատվածներում։ «Լիբանանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի» փորձագետների կարծիքով, ժամանակակից պայմաններում Մերձավոր Արևելքում դժվար է լինելու ռազմաօդային այն բազաների օգտագործումն ամերիկացիների ու բրիտանացիների կողմից, որոնք տեղակայված են ծովափնյա շրջաններից հեռու։ Ժամանակակից պահանջներից ելնելով` ռազմաօդային բազաները պետք է գործեն ավիակիր նավերի վրա տեղակայված ռազմաօդային ուժի հետ համատեղ, պարտադիր է համարվում ծովային հետևակի և հատուկ նշանակության ուժերի անվերապահ ու արդյունավետ աջակցությունը։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ծրագրերը` ստեղծել Իրաքում 3-6 համապատասխան նշանակության բազաներ, բավական խոցելի են։ Մերձավոր Արևելքում երկու պետությունների ներկայությունն ամրապնդելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ծովափնյա շրջաններում հիմնական բազավորում։ Այդ կապակցությամբ էլ Լիբանանը, հատկապես նրա քրիստոնեական շրջանները, որոնք հարում են Միջերկրական ծովին, իդեալական հրապարակ են բազմաֆունկցիոնալ ռազմական բազաներ ստեղծելու համար։
Բացի տեխնիկական խնդիրներից, այս կապակցությամբ ԱՄՆ-ը ստիպված կլինի լուծել նաև քաղաքական հարցեր Լիբանանում։ Արաբական փորձագետների գնահատմամբ, թեկուզ և ներկայումս Լիբանանի ղեկավարությունը հնարավոր է համարում այնտեղ ամերիկյան ռազմաբազայի ստեղծումը, սակայն դա, այնուամենայնիվ, ենթադրում է լուրջ ընթացակարգ երկրի խորհրդարանում, լայն և բավականին ծանր հասարակական բանավեճ, այդ որոշման համաձայնեցում երկրի բոլոր կրոնական համայնքների հետ։ Բացի այդ, հիշյալ որոշումը պետք է համաձայնեցվի առաջատար արաբական պետությունների, ամենից առաջ` Սիրիայի ու Սաուդյան Արաբիայի հետ։ Այս կապակցությամբ անհրաժեշտ կլինի ապահովել Եգիպտոսի, Հորդանանի և այլ արաբական երկրների աջակցությունը։ Հնարավոր է նույնիսկ, որ Լիբանանում վերոնշյալ բազաների տեղակայման հարցը քննարկման առարկա դառնա Արաբական պետությունների լիգայում։ Թուրքիան ևս դժգոհություն կարտահայտի այս որոշման կապակցությամբ, քանի որ դրանով կորցնելու է տարածաշրջանում իր կարևոր դիրքերը, իսկ Ինջիրլիքի նշանավոր ավիաբազան, որտեղ բազավորված են հիսուն ամերիկյան ինքնաթիռներ, որոշակիորեն կկորցնի իր նշանակությունը, եթե անգամ Լիբանանում բազավորվի ռազմաճակատային ավիացիայի մինչև 25 ինքնաթիռ։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը վերջին երկու տարիներին ակտիվորեն ընդլայնում է Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում ու Բալկաններում իրեն անհրաժեշտ օդանավակայանների ցանցը, որոնք ուղղակիորեն կամ միջնորդավորված ձևով փոխարինելու են Թուրքիայում, մասնավորապես` Ինջիրլիքում, Կոնիայում և Դիարբեքիրում տեղակայված ավիաբազաներին։ Անկասկած է նաև, որ Իրանը մեծ ուշադրությամբ է հետևելու ԱՄՆ-ի այս մտադրությունների իրագործմանը, և իրանական կողմից սպասելի է իրական արձագանք դրան։
Ներկայումս Լիբանանում ռազմական բազայի ստեղծման հարցը պաշտոնապես չի մտել օրակարգ, որովհետև երկրի քաղաքական կուսակցություններն ու ԶԼՄ-ները տրամադրված չեն հրապարակավ քննարկելու այդ հարցը, որը կարող է դառնալ լուրջ բանավեճի ու լարվածության մեծացման առարկա երկրում։ Սակայն «Կատաիբ» կուսակցության առաջնորդ Քարիմ Պագրատունու խոստովանությամբ, ամերիկյան բազայի տեղակայման հարցն ավելի ու ավելի է դառնում ոչ հրապարակային քննարկումների առարկա։ Ըստ նրա` Լիբանանի քրիստոնեական կուսակցությունները բավական դրական են տրամադրված այս հարցում, թեկուզև խուսափում են այդ մասին բացեիբաց հայտարարելուց։ Օրինակ, «Լիբանանյան ուժերը» և գեներալ Միշել Աունի խմբավորումը դրական են գնահատում այդպիսի հեռանկարը, բայց մարոնիտներին ներկայացնող նույն «Կատաիբ» կուսակցությունը բացասական է տրամադրված այդ ծրագրերի նկատմամբ և կանխատեսում է, որ այդ պատճառով լիբանանյան հասարակության մեջ նոր խնդիրներ կառաջանան։
«Հզբոլլահ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նաջիվ էլ-Մուսավիի կարծիքով, իր կուսակցությունը թույլ չի տա ամերիկյան ռազմաբազայի տեղակայման ծրագրի իրագործումը Լիբանանում և առհասարակ, ամերիկյան ներկայության հաստատումը երկրում։ Նրա կարծիքով, այս հարցը նախագահ Էմիլ Լահուդն օգտագործում էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ բարդ երկխոսություն վարելու ժամանակ։ Լիբանանյան մի շարք փորձագետների կարծիքով, Լահուդը, լինելով զինվորական և ռազմատեխնիկական հարցերում քաջատեղյակ, փորձում է բարդ խաղ տանել, որը հաշվարկված է Սիրիայի դիրքերի և սիրիական կողմնորոշում ունեցող ուժերի ազդեցության առավելագույն պահպանմանը Լիբանանում, և այդ համատեքստում բազայի հարցը լուրջ փաստարկ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Մերձավոր Արևելքի պետությունների հետ քաղաքական առևտրում։ Շիաների համայնքի հայտնի գործիչ Մուհամմադ Բայուդի կարծիքով, Լիբանանի քաղաքական շրջանակներում քաջ հայտնի է, որ ամերիկյան բազայի տեղակայման հիմնական կողմնակիցներից էր հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրին։ Ներկայումս համանման դիրքորոշմամբ է հանդես գալիս նրա ստեղծած «Էլ-Մուստակբալ» կուսակցական-քաղաքական խմբավորումը։ Նկատի ունենալով, որ այս ուժն այսօր պարզ մեծամասնություն ունի երկրի խորհրդարանում և բարձր ժողովրդականություն, նրա դիրքորոշումը շատ կարևոր է ռազմաբազայի հարցը քննարկելու և որոշում ընդունելու առումով։ Բացի այդ, այս խմբավորումը զգալի չափով ներկայացնում է սուննի համայնքի շահերը, ինչը կարող է հանգեցնել Լիբանանի քաղաքական կյանքում երկու բևեռների բախման, որոնցից մեկում կլինեն «Լիբանանյան ուժերը», «Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը», իսկ մյուսում` «Կատաիբը», «Հզբոլլահը», «Ամալը» և հայկական քաղաքական կուսակցությունները։ Առայժմ ուժերի այդպիսի դասավորություն չկա, սակայն բազայի հարցի քննարկման դեպքում կարող է ստեղծվել հենց այսպիսի հարաբերակցություն։ Լիբանանի նոր նախագահ Սուլեյմանը համարում է, որ հիմա բացարձակապես պատեհ ժամանակ չէ այդ թեման քննարկելու համար։
Գիտակցելով այս որոշման ընդունման ողջ բարդությունը` ամերիկացիները համակարգված ու հետևողական աշխատանք են տարել գեներալ Միշել Աունի, «Լիբանանյան ուժերի» և մարոնիտներին ներկայացնող առանձին կազմակերպությունների ղեկավարների հետ և հատկապես «Էլ-Մուստակբալ» կուսակցության հետ։ Մարոնիտների կարդինալ Ն. Սֆեյրայի Վաշինգտոն կատարած վերջին երկու այցերի ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմը նրան իրազեկել է այս հարցի մասին։ Հետաքրքիր է և այն, որ 2001-ի իր առաջին այցի ժամանակ կարդինալը չարժանացավ Ջորջ Բուշի ընդունելությանը, սակայն 2005-ին ԱՄՆ-ի նախագահը նրան այդ պատիվը ցուցաբերեց։ Դրանով հանդերձ, կարդինալը դրական պատասխան չի տվել Վաշինգտոնին` Լիբանանում բազայի տեղադրման հետ կապված, և հենց այդ հարցն առիթ դարձավ, որպեսզի նա հայտարարի, թե արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի քրիստոնյաները չպետք է թույլ տան, որ իրենց վերածեն Արևմուտքի պատանդի։
Ամերիկյան դիվանագետները, այդ թվում` ռազմական, 2005-ի ապրիլ-մայիսից սկսեցին բազմափուլ շփումներ «Հզբոլլահ» կուսակցության և «Ամալ» կազմակերպության ղեկավարների հետ։ «Հզբոլլահի» հետ շփումների ընթացքում ամերիկացիները որդեգրեցին որոշակի մարտավարություն, ներառյալ «ճոճանակի» սկզբունքի կիրառումը` առավել կոշտ դիրքորոշումից անցնելով մեղմ տեսակետի։ ԱՄՆ-ի գլխավոր պահանջը շարունակում է մնալ «Հզբոլլահի» զինաթափումը։ Սակայն միաժամանակ փաստ է, որ նախկին նախագահ Էմիլ Լահուդին եղել է առաջարկ, որ ԱՄՆ-ը հանդուրժողությամբ կվերաբերվի «Հզբոլլահի» զինվածության փաստին, եթե նրա ջոկատները «ինստիտուցիոնալացվեն», փաստորեն վերածվեն միլիցիայի, որը կարող է Լիբանանի կյանքում ունենալ տարածաշրջանային նշանակություն, քանի որ շիա մահմեդականները բնակեցնում են հիմնականում երկրի հարավային շրջանները։ Առայժմ «Հզբոլլահի» ղեկավարությունը կտրականապես մերժում է այս առաջարկը, սակայն կուսակցության գլխավոր քարտուղար Հ. Նասրալլան հայտարարել է, որ «Հզբոլլահը» պետք է ապացուցի, որ երբևէ զենք չի գործադրելու ներքաղաքական հարցերի լուծման համար։ Սա կարելի է համարել ԱՄՆ-ին ընդառաջ կատարված քայլ, բայց միաժամանակ դժվար է պատկերացնել ամերիկյան ռազմաբազայի ստեղծում Լիբանանում տեսանելի հեռանկարում, այնպես որ դա ընդունելի լինի «Հզբոլլահի» և ոչ մեծ սուննի ուղղվածության կազմակերպությունների համար։ Համենայն դեպս, ամերիկացիները կփորձեն պայմանավորվել «Հզբոլլահի» հետ` նրանց զինված ջոկատների պահպանման վերաբերյալ, փոխարենն ակնկալելով վերջիններիս լոյալությունը բազայի հարցում։
Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը, լուրջ խանդով է վերաբերվում ամերիկյան ռազմական բազավորման ընդլայնմանը Կովկասում, Կասպից ծովի ավազանում, Բալկաններում ու Մերձավոր Արևելքում։ Այդ իսկ պատճառով էլ փորձում է այդ ուղղությամբ առաջարկներ ներկայացնել` իր համար ձեռնտու սխեմայով ու կանոնակարգով։ Երբ 2004-ին տապալվեց Կիպրոսի հարցի կարգավորման ՄԱԿ-ի ծրագիրը, Թուրքիան փորձեց որոշակի պայմանավորվածությունների հանգել Վաշինգտոնի հետ Կիպրոսի ճակատագրի հարցում` թուրք-ամերիկյան կամ գուցե թուրք-ամերիկա-բրիտանական համագործակցության ճանապարհով։ Տեղի ունեցան բանակցություններ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների միջև Հյուսիսային Կիպրոսի հետ կապված։ Թուրքիան առաջարկում է ԱՄՆ-ին համաձայնեցված քաղաքականություն վարել Կիպրոսի հարցում, սառեցնել այդ խնդրի կարգավորումը, քանի որ այն մտել է փակուղի, իսկ հետո ժամանակի ընթացքում ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը` ՄԱԿ-ում համապատասխան նախաձեռնություն առաջ քաշելով։ ԱՄՆ-ի վարչակազմը բավական մոտ էր այդ առաջարկների ընդունմանը, ընդգծելով, սակայն, որ դա պետք է համաձայնեցվի Հունաստանի և ԱՄՆ-ի Սենատում ու Կոնգրեսում հունական լոբբիի հետ։ Թուրքիայի այս առաջարկի երևան գալը շատ կողմերով պայմանավորված էր Մեծ Բրիտանիայի միջամտությամբ, որը շահագրգռված է Կիպրոսի բաժանումը խորացնելու մեջ, քանի որ կղզու երկու մասում էլ իր ռազմաբազաներն են։ Թոնի Բլերի 2004-ի Թուրքիա կատարած այցի ժամանակ այդ առաջարկները Լոնդոնի ու Անկարայի միջև վերջնականապես համաձայնեցվեցին։ Հետաքրքիր էր, որ հենց այդ շրջանում Հայաստանում Բրիտանիայի դեսպանը կասկածի տակ դրեց 1915-ի հայոց ցեղասպանության իրողությունը։ Այդ առաջարկների շրջանակում Թուրքիան ենթադրում էր Կիպրոսում իր զինուժի թվաքանակի ավելացում` ամրապնդելով այն ավիացիոն և զրահատանկային նոր խմբավորումներով։ Թուրքիան փորձում է այդ ռազմական խմբավորմանը էքսպեդիցիոն կորպուսի կարգավիճակ տալ։ Կան տվյալներ, որ Վաշինգտոնում նախապես համաձայնել էին այդ առաջարկներին, սակայն հետո խնդիր ծագեց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կառավարությունների հետ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու առումով։
Հարկ է նշել, որ Եվրոպայում ստեղծվել են Կիպրոսի թուրքական մասի անկախության ճանաչման բարենպաստ պայմաններ։ Վերոնշյալ առաջարկները, սակայն, համապատասխանում էին միայն Վաշինգտոնի ու Լոնդոնի շահերին, որոնք աշխատում են խորացնել Կիպրոսի միլիտարիզացիան` բրիտանական ռազմաբազաների ընդլայնումով և Հյուսիսային Կիպրոսում ռազմաճակատային ավիացիայի երկու նոր էսկադրիլիաների մշտական տեղակայումով։ Դա կարող է կապված լինել Ինջիրլիքի ավիաբազայի վերաբազավորման հետ։ Եթե վերոնշյալ առաջարկներն իրագործվեն, ամերիկացիները կարող են բավարարվել կղզու հունական ու թուրքական հատվածներում երկու բրիտանական ավիաբազաների միաժամանակյա օգտագործմամբ` մասամբ պատասխանատվություն ստանձնելով կղզու անվտանգության համար։ Ամերիկյան մասնագետների կարծիքով, հնարավոր է, որ Թուրքիան նպատակ ունի ռազմաքաղաքական շանտաժի ենթարկել Եվրամիությանը` նրա սահմանների մոտ խոշոր ուժեր տեղակայելով, մանավանդ Հյուսիսային Կիպրոսի` Եվրամիության անդամ դառնալու դեպքում։ Թուրքիայի այս քաղաքականությունը կոչված է որոշակիորեն կարգավորելու թուրք-ամերիկյան հարաբերությունները` ստեղծելով ճնշման նոր գործոն Միջերկրական ծովի արևելյան շրջանում։ Մանավանդ որ բրիտանական փորձագետներն էլ կարծում են, թե ՆԱՏՕ-ի թուլացման դեպքում Լոնդոնը պետք է պատրաստ լինի Միջերկրականում իր ռազմական ներկայության ուժեղացմանը։
Եվ, այնուհանդերձ, Վաշինգտոնում արդեն քչերն են հավատում, թե հնարավոր է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնում նախկին ռազմավարական մակարդակով։ Քանզի Թուրքիան միաժամանակ փորձում է ազատվել ամերիկյան բազաներից իր տարածքում և պահպանել որոշակի վերահսկողություն ամերիկյան ռազմական ներկայության նկատմամբ Կիպրոսում։ Եթե Վաշինգտոնն ու Լոնդոնը ողջունեն թուրքական ռազմական խմբավորման ուժեղացումը Կիպրոսում, ապա Հունաստանը ստիպված կլինի համաձայնել ամերիկյան ռազմական օդուժի մշտական բազավորմանը կղզում։ 2005-ի գարնանը թուրք-ամերիկյան բանակցությունները Կիպրոսի շուրջ ընթացել են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Անկարայում։ Կան տվյալներ, որ այդ բանակցությունները չեն հանգեցրել շոշափելի արդյունքների։ Բրիտանական փորձագետների կարծիքով, որոնք երկար տարիներ զբաղվել են Կիպրոսի խնդրով, ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Թուրքիան բանակցությունների որոշակի փուլում կորցրին հետաքրքրությունն այդ հարցի նկատմամբ։ Ռազմաքաղաքական ծրագրավորողներն ԱՄՆ-ում ու Թուրքիայում համամիտ են, որ Կիպրոսում ավիացիոն բազավորման վերաբերյալ արդարացված չի լինի ԱՄՆ-ի կողմից սկզբունքային որոշման կայացումը։ Դա չի համապատասխանում նաև Մեծ Բրիտանիայի շահերին, որը շահագրգռված է, որ Վաշինգտոնն օգտագործի իր բազաները։ Դա չի համապատասխանում նաև փոքր բազաների ձևավորման` ԱՄՆ-ում ընդունված կոնցեպցիային, միաժամանակ Վաշինգտոնում հասկանում են, որ Թուրքիայի նույնիսկ կոմպլեմենտար առաջարկները շատ կողմերով պայմանավորված են այդ երկրի անհուսալիությամբ։
ՈՒշադրության է արժանի այն, որ չնայած այն գաղափարին, թե Թուրքիան կարող է պրոպագանդվել իսլամական պետությունների համար իբրև աշխարհիկության (սեկուլյարիզմի) լավագույն օրինակ, ԱՄՆ-ը մտադիր է շատ որոշակիորեն անջատել Թուրքիան Մերձավոր Արևելքից` իբրև արաբական «առանցքից»։ Սակայն դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է իբրև միանգամայն եվրոպական պետություն, այլ ավելի շուտ մեկուսացված մի երկիր, որը չունի սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ ու պարտավորություններ ինչպես Եվրոպայում, այնպես էլ, առհասարակ, Եվրասիայում և Մերձավոր Արևելքում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է
Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է