«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Փող

Փող
09.01.2024 | 22:42

Ահա ինչն է վերացնելու ԻՐ աշխարհում Աստված, երբ գա: Փողի տեղը ՍԵՐՆ Է լինելու: Բայց առայժմ՝ փող... Երբ այն չկա՝ ոչ ոք քեզ չի գթում: Իսկ ես երեկ Հոլիվուդ մի տեղ մասուրի թուփ տեսա, կարմիր շողացին, վա՜յ, ասի իմ աննմաններ, ես ձեր ցավիկները տանեմ, մատներս դիտմամբ փշերին կպցնելով՝ քաղեց: Գրպանումս իհարկե դեռ փող կար, ապրելու, խանութ մտնելու ռիսկեր դեռ ունեի:

Քաղեցի ու լացս սկսեց գալ:

Մասուր...

Հոլիվուդ և մասուր...

Հիշեցի ակամա Համո Սահյանի մի գրածը, ասում է`

Մասուրդ քաղող չկա:

Բա”յց...

Ես դեռ չեմ մեռել, բայց իմ բոլոր ընկերները հողի տակ են:

Իմ հայրը հողի տակ է, ինձ էս լուս աշխարհ բերած մայրս հողի տակ է, իմ սիրտը գիշերները քանդուքարափ անող մայրս...

Իմ բոլոր սիրածները հողի տակ են:

Մի մետր գետնի տակ բոլորը պառկած են:

Մի մետրը ձեռքս մեկնեմ՝ ոտքս գցեմ՝ կհասնեմ, բայց իրենք – հեռու՜, հեռու՜, հեռու՜...

Հոլիվուդ քամի է հիմա:

Պատուհանիս առաջ քամին օդում տերևներ է քշում տանում:

Դե արի ինձ էլ տար, Հոլիվուդի քամի, տար այն մեկ մետր հեռու աշխարհը, որտեղ իմ սրտի սիրածներն են պառկած, տար ինձ էլ Հոլիվուդի քամի, տար, կորցրու ինձ էս աշխարհից, մի գթա ինձ, մի ափսոսա ինձ, տար:

Ես էլ եմ ուզում Աստծուս ասածի պես հող ու փոշի դառնամ, գնամ կորչեմ հուր-հավիտյան, ինձանից ազատվեմ պրծնեմ, հանգիստ պառկեմ մի փոսում, մի տափաստանում, ո՛չ գերեզման, ո՛չ գիր, չեղածի պես լինեմ: Խեղճ գլուխս, խեղճ սիրտս մեռնի հանգստանա էս ամեն ինչից:

Էլ հարություն չառնեմ, էլ բան չիմանամ:

Թումանյանին ու Վահան Տերյանին չտեսնեմ, էլ Դրայզեր չկարդամ հորս համար, էլ Ջեկ Լոնդոնին չհանդիպեմ, Մաթևոսյան Հրանտի հետ Կավաբատայից ու Ֆոլկներից չխոսեմ, Վիլյամ Սարոյանին էլ չկարոտեմ, Հեմինգուեյի մասին էլ չմտածեմ, ով վերջը հրացանն իր վրա քաշեց, Վան Գոգին ու էն Թաիթի գնացածին, Մոդելյանիի գլուխն ուսի վրա թեք կանանց չտեսնեմ, ո՛չ մեկին էլ չտեսնեմ, Ֆրունզի ու Շերենցի հետ նկարիչների կաֆեում գինի չխմեմ, Հովհաննես Շիրազը գիշերվա կեսին հորս էլ զանգ չտա, Համո Սահյանի կողքը էլ չնստեմ որպես մի փոքրիկ տղա:

Քամի, ինձ տանելու փող ես չունեմ, Ինչ կլինի ՝ ինձ ձրի տար, ձրի ծնվել եմ:

Քամի ինձ ձրի տար, տար կորցրու էս աշխարհից, քամի, տար ինչպես պատուհանիս դեմից օդում այս տերևներն ես տանում: Տար, բայց ինձ մի՛ կորցրու, չէ որ ես տերև չեմ, ես Վարդան Խարազյան անունով մարդն եմ...

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 4850

Մեկնաբանություններ